Վերջին օրերին հերթական անգամ տագնապահար է եղել հայությունը՝ վկան լինելով ռուս-թուրքական բանակցություններին։ Անցյալում այնպես է եղել, երբ Թուրքիա-Ռուսաստան պատերազմել են, ապա Արևմտյան Հայաստանի որոշ նահանգներ ժամանակավոր ստացել են ազատագրվելու հույս ու հեռանկար, սակայն եկել են ժամանակներ, երբ արևմտյան պետությունները Ռուսաստանին պարտադրել են խաղաղություն, ապա այդ նահանգները կրկին անցել են Թուրքիային ու հայաթափվել, այնպես է ստացվել, որ այդ պարտադրված խաղաղության գինը միշտ էլ վճարել է հայությունը։ Այս օրերին, երբ ԴՌ-ը արևմուտքի պարտադրանքով ստիպված է փնտրել Թուրքիայի բարեկամությունը, ապա մեծ վախ կա, որ այդ խաղաղության գինը դարձյալ վճարելու է հայ ժողովուրդը։ Առերևույթ պատմությունը կրկնվում է, ու այս անգամ 1920-ականների նման, անկախ Հայաստանն է այդ գինը վճարելու, որովհետև նա պարտվել է պատերազմում, որովհետև նա պառակտված է ու թույլ։ Այդ այդպես է ստացվել, որովհետև Հայաստանի վերնախավը 1994 տարիներից սկսած երեք տասնյակ երկիրն ու բանակը կառուցելու փոխարեն՝ թալանել է այն, այդ մասին շատ է խոսվել, հարկ չկա կրկին վերհիշել դրանք։ Յուրաքանչյուր ողջամիտ հայ, այսօր կարող է պատկերացնել, թե այդ տարիներին ինչպիսի՛ թանկագին ժամանակ ու հնարավորություններ են մսխվել Հայաստանի վերնախավի կողմից։ Այո, վերնախավի, որովհետև միայն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չէին կարող իրենց ազգակործան գործունեությունը առաջ տանել, եթե Հայաստանում նրանք չունենային իրենց ամուր հենարանն ու չառաջնորդվեին այն համընդհանուր մտածելակերպից, որը ցավոք դարձել է, թող ինձ ներվի ասել՝ «Հայաստանի բնակչության ապրելակերպի որոշ յուրահատկություն»․

            „Ճարպիկ ու շնորհքով“ լինել, „բաշարել լավ ապրել“, „ընտանիք պահել“, „հարստանալ“, հոգ չէ, թե ինչպես ու ինչ միջոցներով։ Եվ հենց այդ մտայնությունն էլ պատճառ դարձավ պատերազմում պարտության։ Եվ հենց այդ պատճառով էլ, բանակի հրամանատարությունը, որը ներկա իշխանությունների որդեգրած քաղաքականության շնորհիվ զրկվել էր այդ հնարավորությունից, չցանկացավ պատերազմել․․․ Սա հնչում է չափազանց ծանր մեղադրանք, բայց ցավոք դա այդպես է ու կլինեն հակաճառողներ, սակայն իրականությունը չուզենալ ընդունել, այնպես որ կա, նշանակում է փախուստ ու ետքայլ։ Բայց հայ ժողովուրդը այլևս փախուստի տեղ չունի, ետքայլ անել չի կարող։ Պետք է եռապատկի իր ջանքերը, ներկա մարտահրավերները լավագույնս անվտանգ դիմակայելու համար․․․

            Այո, ներկա ռուս-թուրքական մերձեցումը մեզ հիշեցնում է 1920 թվականների ճակատագրական տարիները, սակայն մի մեծ ու հայ ժողովրդի համար համեմատաբար բարենպաստ ժամանակաշրջանում։ Այո, այդ մերձեցումը մեզ հիշեցնում է անցյալը, միայն այդքանը։ Բարեբախտաբար այսօր Հայաստանում աճել ու աճում է մի գիտակից սերունդ, ով ցանկանում է հիմնովին բեկանել եղած սովորություններն ու արմատապես խզել իր հարաբերություններն անցյալի ու հին սերնդի հետ։ Պարզապես՝ նա այլևս պատրաստ չէ ապրել հների ոճով, այն է՝ չարաշահել իր պետական պաշտոնը ու պետական բյուջեի հաշվին անհաշիվ հարստություն դիզել, պետական ապարատը գործադրելով իրենց օգտին՝ կեղծել ընտրությունները և այլն․․․

            Փորձել ապրել նոր ձևով, նորերի մոտ մի ամուր հավատ է նկատվում․ հարգել իրեն ու ժողովրդին։ Եթե որևէ պաշտոնյա իրեն չի հարգում ու իր պարտականությունը կատարելու համար կաշառք է վերցնում, ապա նա չի կարող հարգել նաև ժողովրդին։ Դա է էականը․․․

            Համեմատած 1920 թվականների հետ, այսօր Հայաստանի իշխանությունները շահել են աշխարհի մեծամաս երկրների ու պետությունների համակրանքը, բացի այդ և որ ամենակարևորն է, նաև մեծամաս սփյուռքահայության զանգվածներինը։ Իսկ այսօր համեմատած 1920 թվականի եղեռնից մազապուրծ փրկված սփյուռքահայության, որը մղձավանջից դեռ դուրս չեկած փորձում էր այստեղ-այնտեղ բնակություն հաստատել, ապա ներկայիս սփյուռքահայության մտավոր ու տնտեսական կարողությունը մեծ է, քան երբեք ու անգնահատելի, մանավանդ ԱՄՆ-ում ու ԴՌ-ում բնակվող Հայությանը, որոնք իրենցից ներկայացնում են երկու կարևոր, թե՛ տնտեսապես և թե՛ քաղաքականապես որոշիչ ու կարևոր գործոններ․․․

            Հարկ է մեկընդմիշտ գրանցել, որ ցեղասպանության ճանաչումի պահանջի հետ մեկտեղ, −դեռևս դրանից ավելի կարևոր, որ հայության ու հայ դատը հետապնդողների համար չկա, չի կարող լինել ավելի մեծ ու կարևոր մարտահրավեր, քան բոլոր կարողություններով, իրենց միջազգային բոլոր լծակներն ու կապերը գործի դնելով, փորձել արևմուտքի բարեկամ երկրների օգնությամբ, սատար կանգնել Հայաստանին ու չեզոքացնել Ռուս-թուրքական մերձեցման հնարավոր՝ բացասական եզրերը Հայաստանի համար, անկախ նրանից, թե Հայաստանում ինչպիսի՛ գործադիր է իշխանություն բանեցնում․․․

            Մի բան հստակ է ու խիստ կարևոր, որ Հայաստանը երբեք չի կարող միանալ ներկայիս արևմուտքի հակառուսական դաշինքին ու գովելի է, որ երկրի իշխանությունները առաջնորդվում են, ցավոք երբեմն խարխափելով, հենց այդպիսի քաղաքականություն հետապնդելով, որը նրանք պետք է հասկանալի դարձնեն իրենց արևմտյան գործընկերներին․․․

Բեռլին, օգոստոս 2022, Սամվել Հովասափյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert