Սեպտեմբերի 21-ը ՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրը շնորհավոր.
Եվրոպայի հայերի համագումար
Հայաստանի Հանրապետության անկախությունը, պետականությունը եւ ինքնիշխանությունը բացարձակ արժեքներ են եւ յուրաքանչյուր հայի հոգու, սրտի եւ ուղեղի մեջ պիտի որ դաջված լինի:
Մեր ամբողջ ուժով եւ միասնական կամքով լծվենք հայրենիքի պաշտպանության, անվտանգության եւ զարգացման սրբազան գործին, չկա ավելի մեծ արժեք եւ սրբություն քան հայրենիքը՝ հատկապես երբ նրա գոյությունը վտանգի տակ է: Նենգ թշնամին այսօր եւս կանգնած է մեր դարպասների առջեւ եւ ոտք է ձգել մեր սրբազան հողին:
Դառնանք մեկ բռունցք, մեկ կազմակերպված ազգ՝ հաղթելու նենգ թշնամուն եւ պաշտպանելու մեր գոյության իրավունքը: Փառք մեր հողի ու հայրենիքի հավերժության համար զոհված անմահ հերոսներին: Նրանք չընկան, նրանք հավերժացան:
Թո’ղ չքվեն հուսահատությունն ու անտարբերությունը, ապագայի նկատմամբ տատանումներն ու անկումային տրամադրությունները: Թո’ղ մեր միջից վերանան ներքին թշնամիներն ու մեր զինվորներին ու բանակին մեջքից հարվածողները: Համախմբվենք մեր պետության ու պետականության շուրջ եւ ի չիք դարձնենք բոլոր տեսակի ներքին ու արտաքին պետականակործան ուժերի դավադիր երազներն ու մտադրությունները:
Չորս կողմից փչող ժամանակի բոլոր մարտահրավերներին դիմակայելով վստահ ու հաստատուն քայլենք դեպի ապագան:
Սեպտեմբերի 21–ը, վերածենք գալիք հաղթանակների տոնի եւ դիմավորենք անկոտրում կամքով, վստահելով մեր սեփական ուժին ու բազկին, մեր ժողովրդի իմաստնությանը եւ անսասան կամքին:
Ամեն ինչ անկախության եւ պետականության համար:
Կեցցե անկախությունը:
Կեցցե հայ ժողովուրդը:
Եվրոպայի հայերի համագումար
21 սեպտեմբեր 2022