Երկինք անձրևիր,
Դու մաքրիր փոշին մայթերից մռայլ,
Քո լուսնաբույրով,
Օծիր շուրթերը ծեր սիրահարի,
Ափերիդ մեջ առ երազը նրա
և մի բուռ ժպիտ նրա անցյալից
Կարիր օձիքին իր հին շապիկի՝
Վկային միակ այն խենթ գիշերվա։
Երկի՛նք նկարիր,
Նկարիր արև մերկ պատուհանին
և ասեղնագործիր ծիածանաթել
Վարսերը նրա՜,
Մեղմիկ շոյելով ճերմակ քաղաքի
Մերկացած մարմնին,
Դու լուռ տարածվիր
Մատների վրա՜։
Դու երգիր երկինք,
Դու լուռ շշնջա՜
Ականջին այս խուլ,
Որբ կայարանի,
Կարոտներ հյուսիր,
Պատմիր երազներ սպասումի մասին
և վերադարձի,
Հպվիր քար կրծքին
ու մեղմ համբուրիր
Ճերմակը նրա՜.
Եվ աստղաթափվիր
Դու մի ողջ գիշեր,
որ երազները իրական դառնան,
Դարձիր դու այսօր
Ժպիտիս վկան,
Անձրևիր,այրվիր,
Աշխարհին այսօր
Դու պատմիր հեքիաթ,
Մի սիրո՜ւն հեքիաթ
Խենթ սիրո մասին
և ինձ հետ գոռա՜,
Որքան ուժ ունես
Բարձր բղավիր՝
Սիրահարվե՜լ եմ։

Անի Հերունի Սաջյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert