ՍՈՎԵՏԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Հարգելի ընկերներ, բարեկամներ և համակիրներ, 2022 թվականի դեկտեմբերի 30-ին Սովետական Միության կազմավորման օրն է։ 1922 թվականի ընթացքում Սովետական Ռուսաստանի,Սովետական Ուկրաինայի, Սովետական Բելառուսիայի, Անդրկովկասի դաշնության մեջ մտնող Սովետական Հայաստանի, Սովետական Վրաստանի, Սովետական Ադրբեջանի, ինչպես նաև Միջին Ասիայի սովետական հանրապետությունների սովետների համագումարները երկարատև քննարկումներից հետո որոշեցին միավորվել մեկ ընդհանուր միության մեջ։ Դա տեղի ունեցավ 1922 թվականի դեկտեմբերի 30-ին։ Այսպես կազմավորվեց Սովետական Միությունը, որն իր գոյությունն ավարտեց 1991 թվականի դեկտեմբերին։

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱԶԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Աշխարհի շատ ժողովուրդների ստեղծած էպոսներում, առասպելներում, ինչպես նաև հեքիաթներում արտահայտվել է մարդկության երազանքը՝ հավասարության, արդարության սկզբունքների վրա հիմնված կյանքի մասին։

1780-ական թվականներին Ֆրանսիայում տեղի ունեցած բուրժուական հեղափոխությունը հռչակեց հավասարության, արդարության և եղբայրության սկզբունքների հաստատելու մասին։

Սակայն, այդ սկզբունքները չիրականացվեցին։

19-րդ դարի կեսերին հանդես եկած Կ․Մարքսը և Ֆ․Էնգելսը գրեցին «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»-ը, որտեղ շարադրվել է կապիտալիզմից կոմունիզմին անցնելու ծրագիրը։

ԱՌԱՋԻՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՐԿԻՐ

1922 թվականի դեկտեմբերի 30-ին կազմավորված Սովետական Միությունը աշխարհում առաջին պետություններ, որը, հիմնվելով կապիտալիզմից կոմունիզմին անցնելու ծրագրի վրա, դարձավ պատմության մեջ առաջին սոցիալիստական պետությունը։

Սովետական Միությունում վերացվեց արտադրական միջոցների մասնավոր սեփականությունը և դրա վրա հիմնված մարդու շահագործումը մարդու կողմից։

Ստեղծվեց մի պետություն, որն իր գլխավոր նպատակն էր համարում հաստատել մարդկության երազած գաղափարները՝ հավասարության, արդարության և եղբայրության սկզբունքները։

Սովետական Միության ընտրած ճանապարհը լի էր անհայտ դժվարություններով և այդ պատճառով թույլ էին տրվում սխալներ, շեղումներ,որոնց վերացումը պահանջում էր հսկայական ջանքեր։ Այդ սխալների վերացումն ուղեկցվում էր Սովետական Միության հետագա ուժեղացմամբ և որդեգրած սկզբունքների ամրապնդմամբ։

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ

32 տարի է, ինչ գոյություն չունի Սովետական Միությունը։

Այսօր, երբ լրանում է Սովետական Միության կազմավորման 100- ամյակը, կամենում եմ միայն ստորև շատ համառոտ անդրադառնալ նրա պատմության մասին արտահայտված բացասական գնահատականներին, կեղծիքին։

1․Սովետական պետության պատմության կեղծարարները Սովետական Միությունը համարել են ամբողջատիրական, մեկ կուսկացության կողմից ղեկավարվող երկիր։

Այս հանգամանքը նկատի ունենալով՝ կեղծարարները պնդում են, թե Սովետական Միության կազմում ընդգրկված ժողովուրդները զարգանալու հնարավորություն չեն ունեցել։

Սովետական պետությունը ստեղծել էր կոմունիստական կուսակցությունը,որը պատասխանատու էր իր որդեգրած նպատակների ու գաղափարների իրագործման համար։

Դրա արդյունքով Սովետական Միությունը դարձավ ոչ միայն համատարած գրագիտության երկիր, այլև նրա կազմի մեջ գտնվող 200-ից ավելի ժողովուրդներ հնարավորություն ստացան ոչ միայն զարգացնել իրենց տնտեսությունը, այլև հասնել հսկայական հաջողությունների՝ մշակույթի, գիտության և լուսավորության ասպարեզում։

Ցույց տվեք մի կապիտալիստական պետություն, որը մտահոգված լինի իր կազմի մեջ գտնվող ժողովուրդների համար ստեղծել գիր ու գրականություն, մինչդեռ Սովետական Միության կազմի մեջ մտնող այն ժողովուրդները, անկախ նրանց թվաքանակից, առաջին անգամ իրենց գոյության ընթացքում ստեղծել են գիր ու գրականություն և ձեռք են բերել համաշխարհային քաղաքակրթության հետ առնչվելու լայն պայմաններ։

2․ Կեղծարարները սովետական պետությունը նմանեցրել են զինվորական զորանոցի, որտեղ մարդը և ժողովուրդները զրկված են ազատ շնչելու, ազատ տեղաշարժի իրավունքից, ինչպես նաև շուկայական հարաբերությունների բացակայության պատճառով ստեղծված համատարած նմանությունից։

Սովետական Միության կազմի մեջ մտնող բոլոր հանրապետությունների պատմությունը վկայում է հակառակը։

Սովետական Միությունը արևմտյան սահմանից մինչև արևելյան սահման ունեցել է 11 հազար կմ-ից ավելի երկարություն, իսկ Հյուսիսային բևեռի սահմանից մինչև հարավային սահման՝ 5000 կմ-ից ավելի լայնություն և զբաղեցրել է երկրագնդի մեկ վեցերորդ մասը։

Այդ հսկայական տարածքի վրա սովետական երկրի քաղաքացին կարող էր մեկնել առանց որևէ արգելքի ցանկացած վայր։

Իհարկե, չպետք է մոռանալ, որ տևական ժամանակ մի շարք հանգամանքների պատճառով սահմանափակված է արտասահմանյան երկիր ուղևորվորվելու հնարավորությունը։

Այդ հնարավորությունը ստեղծվել է միայն 1960-ական թվականներից։

Ճիշտ է, Սովետական Միությունում շուկայական հարաբերություններ չկային։ Սովետական պետությունը վարում էր միասնական գնի քաղաքականություն։ Օրինակ՝ Սովետական Միության ցանկացած բնակավայրում սննդի բոլոր տեսակները՝ հացը, միսը, շաքարը, ձավարեղենը․ ձկնեղենը, սև ու կարմիր խավիարը և այլն, և այլն, ինչպես նաև հագուստը, կենցաղային իրերը, կահույքը, ավտոմեքենաները, մոտոցիկլետները, երաժշտական գործիքները և այլն, և այլն վաճառվում էին միասնական գնով։ Բացառություն էին կազմում միայն արտասահմանից ներմուցված հագուստի, կահույքի, երաժշտական գործիքների և այլնի, որոնք վաճառվում էին համեմատաբար բարձր գնով։

Ամբողջ Սովետական Միության տարածքում գյուղական բնակչությունը մեկ կիլովատի համար վճարում էր մեկ կոպեկ, իսկ քաղաքային բնակչությունը՝ երկու կոպեկ։

Բոլոր քաղաքներում հասարակական տրանսպորտը՝տրամվայը, տրոլեյբուսը,ավտոբուսը և մետրոն ունեին նույն գինը՝ 3,4 և 5 կոպեկ։ Երկրի բոլոր ռեստորաններում, ճաշարաններում, սրճարաններում մատուցվող ճաշատեսակները ունեին նույն գինը՝ այնն էլ շատ էժան։ Բոլոր բնակավայրերում ֆիքսված հեռախոսների համար կար միասնական գին՝ ամիսը 2 ռուբլի 50 կոպեկ։ Րոպեավճարը սահմանված էր միայն միջքաղաքային հեռախոսազանգերի համար՝1 րոպեն 5 կոպեկ։ Բոլոր բնակավայրերում տաքսի ավտոմեքենաների վարձը հավասար էր 20 կոպեկի։ Ամփոփոխ էին օդանավերով և գնացքներով ուղևորվելու տոմսերի արժեքը և շատ շատ մատչելի։ Իսկ դրանցով ուղևորվող աշակերտներից, ուսանողներից, ինչպես նաև ասպիրատներից գանձվում էր արժեքի 50 տոկոսը։

Բոլոր քաղաքներում կոմունալ ծախսերի համար (ջուր, ջեռուցում, գազ և այլն) գանձվող վճարը կազմում էր աշխատավարձի 3-ից 4 տոկոսը։

3․Սովետական պետության քննադատները դժգոհում են, թե սովետական օրենքները քաղաքացիններին զրկել են իրենց բնակարանները վաճառելու կամ ուրիշին տրամադրելու իրավունքից։

Մինչդեռ իրականությունն այլ է։ Սովետական պետությանն ՍՍՀՄ սահմանադրության հիման վրա ստանձնել էր քաղաքացիներին բնակարանով ապահովելու պարտականությունը։ Քաղաքացին օգտվում էր անվճար բնակարան ստանալու իրավունքից։

Սովետական պետությունը յուրաքանչյուր ընտանիքին անվճար հատկացնում էր ըստ ընտանիքի անդամների քանակի համապատասխան բնակարան։ Քաղաքացիները այդ բնակարանը օգտագործում էին սերնդեսերունդ և բնականաբար վաճառելու իրավունք չունեին։

Սովետական Միության փլուզումից հետո, երբ հաստատվեցին շուկայական հարաբերություններ, բնակարանները սեփականաշնորհվեցին և քաղաքացին հնարավորություն ստացավ վաճառել իր բնակարանը։ Բայց, դրա հետ միասին նոր ստեղծված պետությունները վերացրին անվճար բնակարան ստանալու քաղաքացու իրավունքը։

Դրա արդյունքով պայմաններ են ստեղծվել, որպեսզի մի քաղաքացի ունենա տասնյակ սեփական բնակարան, իսկ միլիոնավոր քաղաքացիներ այսօր զրկվել են բնակարան ունենալու իրավունքից։

4․Սովետական Միության պատմության կեղծարարները,անդրադառնալով մատաղ սերնդի դաստիարակությանը, ծաղրում են սովետական տարիներին ստեղծված դպրոցը, իսկ պիոներական ճամբարները համարում են երեխաների համար << концлагер >> (համակենտրոնացված ճամբար)։

Սովետական Միությունում ստեղծվել էր միասնական դպրոցական համակարգ, որը տասնամյակների ընթացքում կատարելագործվել էր և իր արդյունքերով դարձել էր անգերազանցելի։

Սովետական դպրոցը մատաղ սերնդին դաստիարակում էր հայրենասիրությամբ, նրան տալիս էր կրթություն և զինում էր ապագա կյանքում երկրին օգտակար լինելու գաղափարով։Այս ասպարեզում անգնահատելի դեր ուներ ուսուցիչը և վայելում պետության ու հասարակության հարգանքը։

Առհասարակ, դպրոցը իր բնույթով պահպանողական է․ վերակառուցման որևէ փորձ պետք է կատարվի մեծ զգուշությամբ և պատասխանատվությամբ։

Միայն պետք է ընդգծել, որ կատարված վերափոխումների նպատակն է վերացնել սովետական դպրոցական համակարգը։

Այս ամենի հետևանքով աշակերտը դարձել է շահառու, իսկ ուսուցիչը՝ միայն ծառայություն մատուցող՝ զրվելով համընդհանուր հարգանքից ու հեղինակությունից։

Գրեթե նույն վիճակում է բարձրագույն կրթության համակարգը։

Սովետական տարիներին բարձրագույն կրթություն ստանալը ոչ միայն անվճար էր, այլև ուսանողին տրվում էր արժանավայել թոշակ, ապահովվում էր անվճար հանրակացարաններով, կոմունալ ծախսերով, էժան և որակյալ սննդով։ Ավելորդ է ասել, որ իրեն չի արդարացնում արևմտյան երկրներից ընդօրինակած ինչպես դպրոցի բաժանումը հիմնական և ավագ դպրոցի և ուսումնական հաստատությունների բաժանումը բակալավրիատի ու մագիստրատուրայի։

Ավելացնենք նաև, որ բարձրագույն կրթություն ստանալը դարձել է վճարովի, որի պատճառով երիտասարդների զգալի մասը զրկված են բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից։ Միաժամանակ,ուսանողներին չեն ապահովում թոշակով և հանրակացարանով։

Ավելորդ է խոսել առոջապահության ներկա վիճակի մասին, երբ վերացվել է Սովետական տարիներին հաստատաված անվճար բժշկությունն։ Դրա փոխարեն բժշկությունը դարձել է վճարովի, որի հետևանքով բնակչության մեծ մասը զրկվել է բուժվելու հնարավորությունից։

«ԵՐԿԱԹԵ ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ՄԱՍԻՆ»

Սովետական Միության քննադատները մեղադրում են, թե երկիրը ղեկավարող կոմունիստական կուսակցությունը երկաթե վարագույրով փակել է աշխարհի առաջավոր ու դեմոկրատական երկրների հետ շփումը։

Իրականությունն այն է, որ այսպես կոչված առաջադեմ և դեմոկրատական իրենց համարող կապիտալիստական երկրներն էին Սովետական Միության առջև դրել երկաթե վարագույր, որպեսզի աշխարհի երկրների աշխատավորները պատկերացում չունենան Սովետական Միության մասին։

Չնայած կապիտալիստական երկրների ստեղծած երկաթե վարագույրին՝ հարկ է նշել, որ Սովետական Միությունն իր միջազգային հեղինակությամբ հսկայական դեր է խաղացել իմպերիալիստական տերություններից գաղութային կախում ունեցող ժողովուրդների մղած պայքարի հաղթանակի մեջ։

Սովետական Միությունը մի պետություն էր, որը ստեղծվել էր մարդու ապահով կյանքի և բարեկեցիկ պայմաններ ստեղծելու համար։

Իմ կյանքի մեծ մասն ապրել եմ Սովետական Միության պայմաններում և հպարտ եմ, որ եղել եմ այդ հզոր երկրի քաղաքացին։

Ուստի, ես լավ գիտեմ Սովետական Միության դրական և բացասական կողմերի մասին:

Եվ կարող եմ հստակորեն ընդգծել, որ Սովետական Միության դրական կողմերն այնքան շատ են, որ նսեմացնում են եղած բացասական երևույթները։

ՈՉ ՄԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՉԻ ԵՂԵԼ

Մարդկության պատմության մեջ եղել են շատ կայսրություններ, որոնք գոյություն են ունեցել դարեր շարունակ և հետո անհետացել են՝ պատմության մեջ թողնելով իրենց հետքը։

Այդպիսին է եղել՝ Հռոմի կայսրությունը, Բյուզանդական կայսրությունը, Օսմանյան կայսրությունը, Ռուսական կայսրությունը և այլն։

Այդ կայսրություններից ոչ մեկը չի վերականգնվել, բայց նրանց փոխարեն ստեղծվել են նոր պետություններ։ Սովետական Միությունը գոյություն է ունեցել 70 տարի։ Նրա փլզումից հետո առաջացել են նոր պետություններ։ Սովետական Միությունն էլ մյուսների նման նույնպես չի վերականգնվելու, բայց նրա պատմությունը կմնա որպես օրինակ իր ստեղծած հոգևոր և նյութական արժեքներով։

ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ

Քանի որ Սովետական Հայաստանը եղել է Սովետական Միության հիմնադիր և իրավահավասար հանրապետություններից մեկը, հարկ եմ համարում շատ համառոտ անդրադառնալ նաև Սովետական Հայաստանի պատմությունը կեղծելու փաստերին։

Վերափոխելով հայտնի խոսքերը՝ պետք է ասել, որ Հայաստանում շրջում է մի ուրվական և այդ ուրվականը միութենական պետության գաղափարն է։

Այդ ուրվականի գաղափարի դեմ հանդես են գալիս 1990 թ․-ից ի վեր հայ ժողովրդի պատմության մեջ կատարված եզակի և ամոթալի երևույթի հեղինակները: Նրանք, անկախությունը հռչակելով որպես նպատակ,առանց ափսոսանքի, վարվեցին օտար զավթիչների նման ու թալանեցին, ավիրեցին տասնյակ սերունդերի նվիրական աշխատանքով ստեղծված Հայաստանի հզոր տնտեսությունը։

Նրանց են միացել այդ թալանողների շահերը ներկայացնող իրենց քաղաքագետ,քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, ինչպես նաև պատմական գիտությամբ զբաղվողներ, լրագրողներ և այլ կեղծարարներ:

Այդ կեղծարարներն անկախությունը և պետականությունն ամրապնդելու քողի տակ ձգտում են Հայաստանում արմատավորել արևմտյան արժեքներ, արևմտյան ապրելակերպ,արևմտյան բարքեր և վտանգի տակ են դնում մեր ազգային արժեքները՝ ընտանիքը,ազգային բնավորությունն,ավանդույթները և հայկական քաղաքակրթությունը։

Այդ կեղծարարներն նաև իրենց բուն նպատակը կոծկում են Հայաստանի անկախ պետականությունը պաշտպանելու մասին դատողություններով։

Եվ պնդում են, թե մտնելով միութենական պետության մեջ՝ Հայաստանը նորից կկորցնի իր անկախությունը, ինչպես եղել է Սովետական Միության կազմում։

Հայ ժողովրդի ճակատագրում ունեցած փրկարար ու անգնահատելի դերի համար խոր երախտագիտությամբ հիշենք Սովետական Միության ունեցած մեծ դերը։

Առայժմ բավարավենք ասվածով և ասեմ, որ մոտ ապագայում կանդրադառնամ միութենական պետության մասին տեղի ունեցած քննարկումների ընթացքում հնչած հիմնահարցերին։

Ե՞ՐԲ Է ԵՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆԿԱԽ

Ըստ վերոհիշյալ կեղծարարների՝ 1918-1920 թթ․ գոյություն ունեցած Հայաստանի Հանրապետությունը կորցրել է իր անկախությունը՝ Սովետական կարգեր հաստատելու և Սովետական Միության կազմի մեջ մտնելու պատճառով։

Մինչդեռ իրականությունն այն է, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը միայն անունով է եղել անկախ։ Հայաստանի Առաջին Հանրապետությունը իր գոյության սկզբում կախված է եղել երիտթուրքական իշխանությունից։

1918 թվականի վերջերին պատերազմում պարտված Թուրքիայից հետո Հայաստանը հայտնվել է Անգլիայից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից կախման մեջ։ Եվ երբեք արտաքին և ներքին ինքնուրույն քաղաքականություն չի վարել ու ենթարկվել է Անտանտի տերությունների կամքին։

Հենց Անտանտի տերությունների պահանջով էլ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը 1920թ․ դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում Թուրքիայի հետ կնքել է ամոթալի և խայտառակ պայմանագիրը։

1921 թվականի հոկտեմբերին Կարսում Թուրքիայի հետ կնքված պայմանագրով վերացվել է դեկտեմբերի 2-ի պայմանագիրը։

Չնայած դրան՝ Թուրքիան հաճախակի խախտում էր սահմանը և բարդ իրավիճակ ստեղծում Սովետական Հայաստանի համար։

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

1922 թվականին՝ Սովետական Միության կազմի մեջ մտնելուց հետո Սովետական Հայաստանի արևմտյան սահմանների պաշտպանությունը իրականացրել են սովետական զորքերը և կանխել են թուրքական հարձակման վտանգը։

Ահա, թե ինչու է հայ մեծ բանաստեղծ ու փիլիսոփա Ավետիք Իսահակյանը գրել հետևյալը. «Մի ռուս կարմիր զինվորի ներկայությունը Հայաստանի հողերի սահմանի վրա արժե հազար Ազգերի լիգա, հազար Մակդոնալդ, և Էրրիո, հազար Լլոյդ Ջորջ և Վիլսոն։ Սա կատարյալ ճշմարտություն է»։ Այսօր էլ Հայաստանի սահմաններին կանգնած ռուս զինվորը նույն դերն ունի։

ՊԱՏՄԱԿԱՆ ՓՈՐՁԸ ՎԿԱՅՈՒՄ Է

Հայաստանն իր տարածքով փոքր երկիր է և գտնվում է աշխարհաքաղաքական բարդ ու վտանգավոր պայմանների մեջ։Այդ պայմանները մշտապես թելադրել են գտնել հզոր դաշնակից ու հովանավոր։ Ճակատագրի բերումով հայ ժողովրդը իր գոյության ապահովումը և զարգացման հնարավորությունը գտել է՝ ռուսական կայսրության և հետո Սովետական Միության մեջ մտնելով։ Սովետական իշխանության վերացումից հետո՝ 30 տարիների ընթացքում, Հայաստանը հարկադրված է եղել 3 անգամ պատերազմ մղել օտար զավթիչների դեմ՝ կրելով անդառնալի կորուստներ։Ստեղծված պայմաններում Հայաստանի առջև դարձյալ, ճակատագրի բերումով կանգնել է նույն խնդիրը՝ իր անվտանգությունն ու խաղաղ զարգացման պայմանները ո՞ր երկրի հետ կապել։

Մեր պատմական փորձը վկայում է, որ հայ ժողովրդին իրական օգնությունն ու պաշտպանությունը ցույց է տվել ոչ թե Արևմուտքը, այլ Ռուսաստանը՝ցարական թե սովետական։

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ այժմ ոչ թե պետք է մտածել կուտակած հարստությունը պաշտպանելու համար, ինչով զբաղվում են վերոհիշյալ անձինք ու նրանց գաղափարախոսները, այլև մտածել Ռուսաստանի հետ նոր միություն ձևավորելու հնարավորության մասին։

ԱՐԵՎՄՏՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ

Կեղծարարները պնդում են, թե Հայաստանը, գտնվելով ՍՍՀՄ-ի կազմում, անկախ չի եղել, ամբողջովին ենթարկվել է Մոսկվային և ղեկավարվել է նրա ցուցումներով, իսկ դրանից հետո ստեղծված Հայաստանի Հանրապետությունը համարում են լիարժեք անկախ երկիր։

30 տարվա ընթացքում անկախություն ստացած Հայաստանում որևէ շատ թե քիչ նշանակություն ունեցող օրինագիծ չի ընդունվել առանց Վենետիկյան հանձնաժողովի համաձայնության։

Սովետական դպրոցի լավագույն ավանդույթները վերացվեցին Բուլոնյան ծրագիրը ընդունելուց հետո։

Հայաստանում շատ հարցեր համաձայնեցվում են Եվրոխորհրդի կամ Եվրոմիության հետ։

Ըստ եղած տվյալների՝ 30 տարվա ընթացքում Հայաստանը միջազգային վայլուտային ֆոնդից տոկոսով վերցրել է 9 միլիարդ ԱՄՆ Դոլարի վարկ։

Եվ ոչ մի անգամ չի հրապարակվել, թե այդ ֆոնդը ստուգել է կամ հետաքրքրվել է, թե Հայաստանում այդ հսկայական գումարի վարկն ինչպես է օգտագործվել և ինչի վրա է ծախսվել։

Իմիջայլոց, միջազգային վայլուտային ֆոնդը այդպես է վարվել նաև Հարավային Ամերիկայի շատ երկների հետ, քանի որ նախապես վարկից վերցրել են իրենց բաժինը, իսկ այդ երկների կառավարություններն էլ իրենց հերթին յուրացրել են վարկի մի մասը։

ԻՆՉ Է ՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻՑ

Պատմության կեղծարարները պնդում են, թե Սովետական Հայաստանը ինքնուրույն ոչինչ չի իրականացրել առանց Մոսկվայի գիտության ու համաձայնության։

Որպես օրինակ հիշեցնեմ հետևյալ փաստերը․

1939 թվականին լրանում էր «Սասնա Ծռեռ» ժողովրդական էպոսի 1000-ամյակը։ Այդ նշանավոր իրադարձությունը Սովետական Հայաստանի կառավարությունը կարող էր նշել միայն Հայաստանում՝ մեկ-երկու միջոցառում կազմակերպելով։

Բայց հարկավոր էր ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Մեծ ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդն ապրում է և նշում է իր էպոսի 1000-ամյակը։

Այդ ամենը նկատի ունենալով՝ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը դիմել է Սովետական Միության ղեկավար Ստալինին՝խնդրելով նրա համաձայնությունը։

Դրա հիման վրա ընդունվել է Կենտկոմի Քաղբյուրոյի և սովետական կառավարության որոշումը՝ Էպոսի 1000-ամյակը Սովետական Միությունում լայնորեն նշելու մասին։

Ինչպես Մոսկվայում, այնպես էլ միութենական բոլոր հանրապետություններում կազմակերպվել են ցուցահանդեսներ, գիտաժողովներ, հրատարակվել են աշխատություններ։ Կենտրոնական և միութենական հանրապետությունների մամուլը հրապարակեցին բազմաթիվ հոդվածներ՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը և էպոսի 1000-ամյակին։

Էպոսը թարգմանվել է 80 լեզվով։

Երևանում կանգնեցվել է նշանավոր քանդակագործ Երևանդ Քոչարի կերտած Սասունցի Դավթի հոյակապ հուշարձանը։

Այս ամենի շնորհիվ էպոսի հազարամյակին անդրադարձել են աշխարհի ազդեցիկ լրագրերը։

Սովետական Հայաստանի պետությունը իր հիմնադրման առաջին տարվանից սկսած իր առջև խնդիր էր դրել՝ երկիրը դուրս բերել սովի, աղքատության, անգրագիտության, հետամնացության վիճակից և ստեղծել՝ համատարած գրագիտության, մշակույթի, գիտության, զարգացած արդյունաբերության, գյուղատնտեսության երկիր։

Երկրի վերաշինությանն ուղղված ծրագիրը պահանջում էր՝ հսկայական, ֆինանասական և նյութական միջոցներ, որոնք Հայաստանը չուներ։

Սկսած 1922 թվականից, երբ Հայաստանը մտավ Սովետական Միության կազմի մեջ, հնարավորություն ստեղծվեց օգտվել Սովետական Միության պետական բյուջեից,որը շարունակվել է մինչև Սովետական Միության փլզումը։

Սովետական Միությունից ստացած ֆինանսական և նյութական միջոցների օգտագործմամբ հիմնադրվել է օրինակ Լենինականի տեքստիլ կոմբինատը, Երևանի հիդրոէլեկտրակայանը, կառուցվել է Շիրակի ջրանցքը։

Հետագա տարիներ Սովետական Միության կողմից հատկացված ֆինանսական և նյութական միջոցներով Սովետական Հայաստանում կառուցվել են՝ Սևան-Հրազդան կասկադը, ատոմակայանը, Արփա-Սևան ստորգետնյա ջրանցքը և բազմաթիվ արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ։

100․000 ռուբլուց ավելի ծախս պահանջող մշակութային և սպորտային օբյեկտների շինարարությունը հարկավոր էր ստանալ սովետական կառավարության համաձայնությամբ, քանի որ դրանց ֆինանսավորումը կատարվում էր Սովետական Միության պետական բյուջեի հաշվին։

Ահա, թե ինչու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և վերածննդի հուշարձանը, Մարզահամերգային համալիրը, Հրազդան մարզադաշտը , Երևանի Մետրոպոլիտենը, Ֆիզիկայի ինսիտուտի խոշոր արագացուցիչը, Բյուրականի աստղադիտարանը և այլն կառուցվեցին Սովետական Միության բյուջեի հաշվին։

Իսկ բնակարանային շինարարության, առողջապահական, կրթության հիմնարկությունների կառուցման համար Սովետական Միության պետական բյուջեով հատկացվում էին հսկայական, ֆինանսական միջոցներ։

Յուրաքանչյուր տարվա վերջին Մոսկվայից Հայաստան էր գալիս մի մեծ հանձնաժողով։ Այդ հանձնաժողովը ստուգում էր վերոհիշյալ նպատակի համար հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման և սահմանված քանակությամբ շինարարության պլանների կատարումը։

Որքան հիշում եմ, մեկ թե երկու անգամ Սովետական Հայաստանի կառավարության և Երևան քաղաքի ղեկավարները, վերոհիշյալ հանձնաժողովի ստուգումների արդյունքով, արժանացել են խիստ քննադատության՝ բնակարանային, դպրոցական և առողջապահական օբյեկտների շինարարության պլանը նույնիսկ 5 տոկոս թերակատարելու համար։

Ահա, թե ինչ էր նշանակում Հայաստանի կախվածությունը Սովետական Միությունից։

ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՍԱԿԵՏԸ

Սովետական Հայաստանի պատմության կեղծարարները պնդում են, թե ՍՍՀՄ-ի պայմաններում հայ պատմագիտությունը և պատմագրությունը գտնվել են գաղափարախոսական կաղապարների մեջ և զրկված են եղել հայ ժողովրդի պատմությունը ուսումնասիրելու հնարավորությունից։

Իհարկե, սա բացահայտ կեղծիք է։ Յուրաքանչյուր ուսումնասիրող կարող է Մյասնիկյանի անվան ազգային գրադարանի քարտադարանում ծանոթանալ Սովետական Հայաստանի տարիներին հրատարակված ամբողջ պատմագիտական գրքերի, աշխատությունների, փաստաթղթերի ժողովածուների և այլնի ցանկին։

Սակայն,Սովետական Հայաստանի պատմության կեղծարարները չեն «նկատում» հետևյալ կարևոր իրականությունը․

Դաշնակցությունը շատ հստակորեն իր ծրագրում և իր գործունեության մեջ կարևորել է Հայաստանի ազատագրելը սովետական իշխանությունից ու Սովետական Միությունից։

Այդ ընթացքում դաշնակցությունը չի խորշել իր նպատակին հասնելու համար դիմել զանազան ազգադավ ու խարդախ միջոցների՝ «դեմոկրատական» Թուրքիային գովաբանելուց, հիտլերյան ֆաշիզմի հետ համագործակցելուց մինչև Սովետական Հայաստանի դեմ օտարերկրյա գաղտնի ծառայությունների հանձնարարութամբ թշնամական գործողություններ իրականացնելը։

Դրա հետ միասին դաշնակցության մամուլը, հրապարակախոսները ծավալել են գաղափարախոսական անզիջում պայքար Սովետական Հայաստանի դեմ։

Սովետական Հայաստանի ղեկավարները, ինչպես նաև սովետական կարգերն ընդունած մտավորականները հարկադրված էին ոչ միայն պայքարել դաշնակցության հակասովետական գաղափարախոսության դեմ, այլև վճռական միջոցներ էին ձեռնարկում Հայաստանում այդ գաղափարախոսությունը թափանցելու դեմ։

Այստեղից էլ սովետական իշխանության հակառակորդների կողմից հնարած գաղափարախոսական կաղապարների մասին տեսակետը։

ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է

1990 թվականից ի վեր Հայաստանում պաշտոնական պատմագիտությունը զբաղվում է երեք ուղղությամբ․

Գովաբանել և մեծարել երիտթուրքերի պահանջով անկախություն հռչակած Հայաստանի Հանրապետության պատմությունը։

Հիմնավորել և վառ գույներով ներկայացնել 1990 թվականից հետո Հայաստանում հաստատված իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը։

Կեղծել, վարկաբեկել,ծաղրել, իսկ եթե հնարավոր է մոռացության մատնել Սովետական Հայաստանի պատմությունը։

Նկատենք, որ վերջին ուղղության արդյունքով արգելված է հիշել Հայաստանում Սովետական իշխանության մասին։

Բազմաթիվ օրինակներից բերենք մի քանիսը։

Այս օրերին նշվում է Սունդուկյանի անվան Ակադեմիական թատրոնի 100-ամյակը։ Հեռուստատեսությամբ հանդես եկած թատրոնի դերասանները, լրագրողները և այլոք խուսափեցին հիշել, որ Սովետական Հայաստանի կառավարության ղեկավար Ալեքսանդր Մյասնիկյանի նախաձեռնությամբ 1922 թվականին ստեղծվել է առաջին պետական հայ թատրոնը։

Նույն կերպ են վարվել 1942 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմի օրերին ստեղծված Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի 80-ամյակը Հայաստանում հեռուստատեսության ստեղծման 60-ամյակը նշելու ժամանակ։

Վերոհիշյալ ուղղությունները հայտնվել են գաղափարախոսական կաղապարների մեջ և իրենց բովանդակությամբ պատմագիտությունը մցրել են խոր ճգնաժամի փակուղի։

ԻՆՉՈՒ ԵՆ ՎԱՐԿԱԲԵԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Սովետական Հայաստանի պատմության կեղծարարները ոչ միայն ժխտում են Հայաստանում սովետական պետության գոյությունը, այլև Հայաստանի սովետական պետությունը համարում են ոչ ազգային, հետևապես ժողովրդի համար անընդունելի։

2018 թվականի հունիսի 22-ին «Կենտրոն» հեռուստատեսության ընկերության հաղորդման ժամանակ իրեն հեղափոխական համարող երիտասարդներից մեկը կրկնել է կեղծարարների գաղափարախոսության ձախողված կրողների ատելախառն հերյուրանքը Սովետական Հայաստանի հասցեին՝ հայտարարելով, թե սովետական պետությունը հայ ժողովրդի համար օտար էր, թե սովետը մեր ազգային պետությունը չէր և այդ պատճառով մարդիկ գողանում էին այդ պետությունից:

Բերված փաստը վկայում է այն մասին,որ 2018 թվականին սկսված շարժումից հետո շարունակվում է հրահրել պատժիչ էքսպեդիցիա Սովետական Հայաստանի պատմության նկատմամբ՝ նորից ասպարեզ բերելով ատելությունն ու ամեն ինչը ժխտելու և վարկաբեկելու մոլուցքը:

Վերոհիշյալ կեղծարարներին և նրանց հետևորդներին պատասխանելու համար կամենում եմ ասել հետևյալը.

Կա՞րող էր ստեղծված պետությունն իրենը չհամարող և գողություն կատարող մարդը այդ պետությունը վերածեր համատարած գրագիտության երկիր:

Կա՞րող էր ստեղծված պետությունն իրենը չհամարող և գողություն կատարող մարդն այդ պետությունը դարձնել հզոր արդյունաբերության երկիր, վերացնել գործազրկությունը:

Կա՞րող էր ստեղծված պետությունն իրենը չհամարող և գողություն կատարող մարդը յուրացնել և մշակովի դարձնել հազարավոր հեկտարի հողատարածքներ, Արարատյան դաշտի աղակալված հողերը վերածել ծաղկուն այգինների, կառուցել հարյուրավոր կիլոմետրերի հասնող ոռոգման ջրանցքներ, որոնց շնորհիվ Հայաստանում անմշակ հող չէր մնացել:

Կա՞րող էր ստեղծված պետությունն իրենը չհամարող և գողություն կատարող մարդը կառուցել խոշոր հիդրոկայաններ, ատոմակայան, երկիրն ամբողջությամբ էլեկտրիֆիկացնել, Հայաստանի զարդ Սևանը փրկելու համար կառուցել Արփա-Սևան եզակի ժայռակոփ ջրատարը:

Կա՞րող էր ստեղծված պետությունն իրենը չհամարող և գողություն կատարող մարդը ստեղծել Գիտությունների Ակադեմիան, կառուցել Երևանի օպերայի ու բալետի թատրոնը, Մետրոպոլիտենը, բնակելի թաղամասերը՝ Երևանը դարձնելով աշխարհի գեղեցիկ ու հրապուրիչ քաղաքներից մեկը, ինչպես նաև երկրի մյուս բնակավայրերում կառուցել դպրոցներ, մշակույթի օջախներ, առողջապահական հիմնարկներ:

Կարելի է անվերջ թվարկել այն ամենը, ինչ ստեղծվել էր Սովետական Հայաստանում բազմաթիվ սերունդների հայրենանվեր աշխատանքով:

Ասպարեզ իջած նոր սերունդը պատմության կեղծարարներին հետևելու փոխարեն, Սովետական Հայաստանի ձեռք բերած նվաճումների համեմատությամբ թող ստեղծի նոր բարձր արժեքներ, նոր գործարաններ կառուցեն, գործազրկությունը վերացնեն, ժողովրդի բարեկեցությունը լավացնեն,երկրի պաշտպանունակությունը ամրապնդեն, մատաղ սերնդին տալ ռազմահայրենասիրական դաստիարակություն և այլն, և այլն։

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԵՑԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԲՆՈՒՅԹ

Միաժամանակ, հարկ եմ համարում ընդգծել, որ հարկավոր է մեկընդմիշտ մերժել պատմության կեղծարարների այն պնդումը, թե Սովետական Հայաստանի պետությունը ազգային պետություն չի եղել:

Ավելորդ չեմ համարում վերոհիշյալ գաղափարախոսության կրողներին հարցնել, թե ի՞նչ հիմքերով են ազգային պետություն համարում 1918-1920թթ. գոյություն ունեցած Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որը ստեղծվել էր երիտասարդ թուրքերի հանցագործ կառավարության պարագլուխներ Թալեաթի ու Էնվերի կամքով։

Ի պատասխան վերոհիշյալ կեղծարարների, պետք է ընդգծել, որ հայ ժողովրդի ամբողջ պատմության ընթացքում ի դեմս Սովետական Հայաստանի, վերջապես հայ մարդը տեսել է իր հոգսերը հոգացող, իր համար արժանավայել կյանք ապահովող միակ պետությանը։

Սովետական Հայաստանի կեղծարարները շարունակում են չհանդուրժել հայ-ռուսական բարեկամությունը և ձգտում են բոլոր միջոցներով Հայաստանին հեռացնել Ռուսաստանից։

Այդ կեղծարարների արտահայտած տեսակետներին անդրադարձ կլինի մոտ ապագայում։

Միայն այստեղ նրանց ուզում եմ հիշեցնել Հովհաննես Թումանյանի սթափեցնող կոչը․ «Ով ելել է Ռուսաստանի հաջողության դեմ, նա ելել է հայկական հարցի հաջողության դեմ»։

Շնորհավորում եմ բոլորիդ Նոր Տարին,ցանկանում եմ առողջություն,երկար տարիների կյանք և հաջողություններ։

Հարգանքներով՝Վլադիմիր Պետրոսյան / 30․12․2022

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert