Ես դեռ չէի ծնվել, իսկ դուք արդեն իմ գիշերներն էիք աճուրդի հանել
և որբ մարմնիցս գինի էիք քամում,
սրտիս թելերը լարել էիք թաքուն և երգ հորինել,
իմ կույր աչքերը դարձրել հոգետուն,
աճյունիս առջև գինի էիք խմում,
կենաց էիք ասում, իսկ ինձ չէիք հիշում։
Անարդար կյանքի ոտնահետքերն էի զգում երեսիս,
մոմի շիթերով ծխում էր հոգիս,
երկնային աչքը կարոտ էր լալիս
և իջնում, փարվում սառը կոպերիս։
Ես դեռ չէի ծնվել, իսկ դուք արդեն ձեզնով էիք արել օրերս բոլոր,
գրոշի դիմաց հոգիս վաճառել,
գերի էիք դարձրել սատանա կյանքին,
ծեր ժամանակի ճաքճքած ու չոր համբույրներն էի զգում մերկ մարմնիս վրա,
փորձում էի փախչել արգանդից այդ պիղծ,
որտեղ չծնված ինձ խաչն էին հանել։
Փորձում էի հասնել այլ երկինքների
և ինքնավիժել,
և ես վիժեցի
և ես մահացա,
մահացա ձեր երազներում ,
այն երկնքի տակ,
որտեղ Աստված լքեց իր որդուն:
Դուք խլեցիք ինձնից գիշերները իմ,
նվիրելով ինձ հավե՜րժական քուն,
դուք ինձնից տարաք գիշերները իմ, որ դեռ չէի ապրել
և նվիրեցիք առավոտներ, որ դեռ պիտ ապրեմ,
իմ վաղվա օրը դեռ նոր է գալու,
Ես դեռ չեմ ծնվել…
Անի Հերունի Սաջյան