1918-ի մայիսի վերջին օրերին թուրքական բանակը տարբեր կողմերից ներխուժել էր հայկական արեւելյան տարածքներ եւ մոտեցել հայոց հոգեւոր կենտրոն Սուրբ Էջմիածնին եւ մայրաքաղաք Երեւանին։ Ժամն օրհասական էր, դրված էր հայության լինել-չլինելու հարցը։ Թվում էր, թե այլեւս ոչ մի ուժ ի վիճակի չէ փոխել արյունոտ իրադարձություների ընթացքը: Հայության հաղթանակը հրաշքի համազոր էր: Եւ Սարդարապատի դաշտի վրա գործվեց հրաշքը, որովհետեւ ոտքի ելավ ողջ հայ ժողովուրդը` հոգեւորական ու աշխարհական, կուսակցական ու անկուսակցական, ծեր ու երիտասարդ, այր ու կին, հարուստ ու աղքատ: Սարդարապատում հաղթեց հայության ապրելու կամքը:

Այդ հաղթանակը մեծապես օգնեց մեզ` ազատվել զոհի ու սպանվածի, թույլի ու տկարի, խեղճ ու անճարակի բարդույթից: Առանց Սարդարապատի, նաեւ Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի (ներկայիս` Վանաձոր) հաղթանակների անհնար կլիներ, հռչակել անկախություն եւ հաստատել Հայաստանի Ա Հանրապետությունը։ Կիլիկիայի հայոց թագավորության անկումից ավելի քան 450 տարի հետո, 1918-ի մայիսին, մենք դարձանք անկախ պետություն ունեցող ազգ ու ժողովուրդ։

Կարճ կյանք ունեցավ Հայաստանի Ա Հանրապետությունը։ Բայց եթե չունենայինք այն, հավանաբար չէինք ունենա նաեւ Խորհրդային Հայաստանի կամ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն։ Չլիներ Խորհրդային Հայաստանը, չէր լինի նաեւ ներկա անկախ Հայաստանի Հանրապետությունը։

Ցավալի է, որ մենք անկախության շուրջ 35 տարիների ընթացքում չկարողացանք իմաստնությամբ փայփայել ու զարգացնել այդ պայքարների ու հաղթանակների արդյունքում վերընձյուղված Հայաստանի Հանրապետությունը եւ ամրապնդել ու հզորացնել մեր պետականությունը։ Մեր կարճատեսությամբ, անհավատարմությամբ, պետության հաշվին արագորեն հարստանալու մարմաջով, անձնական-ընտանեկան շահը պետական ու հավաքական շահից բարձր դասելով, ոչ իրական, այլ կեղծ ու շինծու հայրենասիրությամբ մսխեցինք անկախությունը, հզորանալու փոխարեն թուլացանք, հայրենիքում բազմանալու տեղը նվազեցինք, ներգաղթի տեղը արտագաղթեցինք, պետական ժողովուրդը դառնալու փոխարեն էլ ավելի բաժան-բաժան եղանք, միմյանց արժանապատվությունը հարգելու փոխարեն բզկտեցինք իրար, երկրին ու պետությանը տալու փոխարեն խլեցինք նրանից ինչ կարողացանք։ Եւ դեռ կարելի է անվերջ շարունակել մեր հոռի բարքերի թվարկումը։

Եւ այսօր ազգովի դարձյալ հայտնվել ենք ծանր ու մտահոգիչ մի իրադրության առջեւ։ Արցախը կորցրել ենք (հուսամ` ոչ ընդմիշտ), իսկ Հայաստանի եւ մեր պետականության գլխին էլ սեւ ամպեր են կուտակվում։ Հաղթանակած վիճակից մենք կրկին ընկել ենք խեղճ պարտվածի, խաղաղություն մուրացողի վիճակի մեջ, ուրախանում ենք, որ թշնամին լայաղ է անում մեզ հետ իր համար նպաստավոր պայմաններով սեղան նստել եւ «սահմանագծվել», զիջում ենք առանց ստանալու, տալիս ենք առանց առնելու։

Ճնշիչ ու ցավեցնող է այս իրականությունը, որից դուրս գալու համար մեզ անհրաժեշտ է Սարդարապատի հրաշքը կրկին գործելու վճռակամություն, որով միայն կկարողանանք դուրս գալ ներկա թմբիրից եւ կերտել նոր արշալույս։

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert