hetq.am – Արմեն Առաքելյան
Ադրբեջանի զինուժի կողմից ոչնչացված ուղղաթիռի հայ օդաչուների կամ նրանց մարմինների վերադարձման հարցը ռազմական օպերացիայի միջոցով չլուծելու միակ տրամաբանական բացատրությունը կարող է լինել այն, որ հայկական կողմը դեռևս սպառված չի համարում դիվանագիտական ճանապարհով այդ հարցի լուծման հնարավորությունները:
Սակայն եթե այդպես է, ապա առնվազն առաջին պլանում պետք է հիմա լիներ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը` իր ունեցած ռեսուրսներով: Դա ոչ թե նրա իրավունքն է, այլ պարտականությունը, որը պետք է իրացներ միջազգային կազմակերպությունների հետ երկկողմ ու բազմակողմ, կուլիսային ու հրապարակային բանակցությունների, դիվանագիտական աշխատանքի միջոցով:
Այլ մեխանիզմ, կարծես թե չկա, հաշվի առնելով, որ Ադրբեջանը, իր ներկայիս բացարձակ անադեկվատ, անտրամաբանական ու հակամարդկային վարքագծով պարզապես ունակ և պատրաստ չէ երկկողմ հարաբերությունների մակարդակով այդ հարցը լուծելուն: Սակայն Հայաստանի արտգործնախարարության ոչ ձայնն է լսելի, ոչ էլ գործողությունները` տեսանելի կամ գոնե զգալի:
Հայաստանի արտգործնախարարությունն այս ամբողջ ողբերգական ու նյարդային սպասողականության մեջ պարզապես չկա: Հետևանքը ստեղծված իրավիճակի նկատմամբ միջազգային հանրության բացարձակ անտարբերությունն է:
Անգամ Մինսկի խումբը գործնականում ոչինչ չի անում Ադրբեջանին ուշքի բերելու, օդաչուներին հասնելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ: Եվ սա մի պարագայում, երբ այդ ցավալի միջադեպից անմիջապես հետո անխտիր բոլոր ուժային կենտրոնններն անմիջապես արձագանքեցին` հրաշալի հասկանալով, որ հայկական կողմի համարժեք պատասխանը կարող է պատերազմի վերսկսման պատճառ դառնալ:
Այսինքն` տվյալ պահին և նույնիսկ առ այսօր միջազգային հանրություն կոչվածը հայկական կողմի պատասխան գործողություններից ոչ պակաս զգուշանալու խնդիր ունի, քան Ադրբեջանի կատարած աննախադեպ սադրանքից: Ու թվում էր, որ այս հանգամանքը հայկական դիվանագիտական կորպուսի համար ստեղծում է անհրաժեշտ աշխատանքային միջավայրը` դրդելու, ստիպելու միջազգային հանրությանը ճնշումներ գործադրելու Ադրբեջանի վրա:
Բայց դիվանագիտական կորպուսը, այն ղեկավարող նախարարության և նախարարի հետ միասին, անցել է ընդհատակ և այդ բացահայտ կամ երևացող անգործությունը նույն միջազգային հանրության մոտ ձևավորել է այն մտայնությունը, թե հայկական կողմը ևս խուսափում է իրավիճակը լարելուց ու հավանաբար կտրուկ գործողությունների գնալու մտադրություն չունի: Եթե լիներ հակառակը, ապա Երևանից, ըստ ամենապարզ տրամաբանության, պետք է որ սպառնալիքներ հնչեին և պետք է որ դրանով Հայաստանը փորձեր ճնշում գործադրել իրենց վրա: Այս անգործությունը ահա, բերել է նրան, որ անգամ խաղաղության համար միջնորդ հանդիսացող կազմակերպություններն ու երկրները, Մինսկի խումբը բացարձակապես չեն զգում իրենց պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի և դրա խաղաղ հանգուցալուծման համար, ինչն էլ իր հերթին ջուր է լցնում ադրբեջանական լկտիության ջրաղացին:
Այդ հանգստությունն ու անպատասխանատվությունը, հայկական կողմի վախվորած դիվանագիտության արդյունքում, հասել է նույնիսկ աբսուրդի. այն դեպքում երբ ադրբեջանական զինուժը ոչնչացված ուղղաթիռի անկման վայրը պահում է շարունակական գնդակոծման տակ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանգիստ դիտարկում է անցկացնում Ասկերանի ուղղությամբ շփման գծի ինչ-որ հատվածում ու նույն հանգստությամբ հայտարարում, թե հրադադարի ռեժիմը չի խախտվում: Որևէ երկրի դիվանագիտության համար ավելի խայտառակ իրողություն, քան այս ամենը կախած ականջներով լսելը, ուղղակի չի կարող լինել:
Եվ ահա այս պայմաններում արտգործնախարարության ֆունկցիաները իր վրա է վերցնում պաշտպանության նախարարությունը` թեկուզ և Ադրբեջանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելով, մամուլի քարտուղարի միջոցով Բաքվի պատասխան սպառնալիքներին պատասխանելով, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ աշխատանքներ ծավալելով, Կասպրշիկի հետ հանդիպելով ու օդաչուների վերադարձման հարցը բարձրացնելով և այլն: Եթե, միևնույնն է, արտգործնախարարությունը որպես այդպիսին, այս պրոցեսներում չկա, ի՞նչ իմաստ ունի առհասարակ նման կառույց պահելը: Բյուջետային խնայողությունների համար թերևս արժե լուծարել այդ մարմինը և պարտականությունները դնել ՊՆ-ի համապատասխան ստորաբաժանումների վրա: Միևնույնն է` երկրի համար ամենազգայուն, ամենավտանգավոր իրավիճակներում արտգործնախարարությունը բովանդակային իմաստով դադարում է գոյություն ունենալուց կամ լավագույն դեպքում թաքնվում է` գլուխը ավազների մեջ խոթելով:
Ի դեպ, սա առաջին նման դրսևորումը կամ դեպքը չէ: Այս տարվա օգոստոսին, երբ հայ-ադրբեջանական շփման գծի գրեթե ողջ երկայնքով բախումներ էին տեղի ունենում, արտգործնախարարությունն իր նախարարով հանդերձ փախել էր իրեն հատկացված «ճակատից», և ՊՆ-ն այդ ժամանակ ևս աշխատում էր երկու` ռազմական և դիվանագիտական ֆրոնտով: Այն ժամանակ արտգործնախարարը նման վարքագծի համար որևէ բացատրություն չտվեց և գրեթե կասկած չկա` չի տալու նաև այս անգամ: Փոխարենը, երբ ամեն ինչ Աստծո հաջողությամբ հանդարտվի, սովորության համաձայն խրոխտ կեցվածքով Նալբանդյանը կհայտարարի, թե միջազգային հանրության կարծիքի հետ որքան համահունչ են հայկական կողմի դիրքորոշումներն ու ակնկալիքները: Հավանաբար կարծում են, թե այսպիսի գործելաոճի պայմաններում, իրենց ինչ-որ մեկը, դրսում թե ներսում, լուրջ է վերաբերվում: