Կողմերը ձեռք են բերել կոնկրետ պայմանավորվածություններ, իսկ ՀՅԴ-ն, ըստ նախագահականին մոտ կանգնած աղբյուրների` ստացել կոնկրետ հանձնարարականներ: Մասնավորապես, մոտ ապագայում ՀՅԴ-ն մաս է կազմելու կառավարությանը և այդ կառավարությանը որոշել են տալ ոչ թե կոալիցիոն, այլ ուրիշ՝ ավելի պաթետիկ անվանում:
Դրա դիմաց՝ ՀՅԴ պարտավորվել է ակտիվ հակաքարոզչություն վարել ոչ իշխանական ուժերի, մասնավորապես ԲՀԿ ի և ՀԱԿ ի դեմ:
ՀՅԴ մտահոգությունները կարևոր են նաև այլ համատեքստում: 2015 թվականի սկզբներին տեղի է ունենալու ՀՅԴ Գերագույն Ժողովը, որի ընթացքում շատ մեծ է Հրանտ Մարգարյանի պաշտոնանկության հավանականությունը: ՀՅԴ շարքերը և ՀՅԴ արտերկրի կառույցների ազդեցիկ ղեկավարները չափազանց դժգոհ են Հրանտ Մարգարյանի սերժամետ կեցվածքից և կուսակցությունը ընդամենը 3-4 անձերի համար իշխանություններին ծառայեցնելու որոշումից:
Հրանտ Մարգարյանն իր ծառայություններն անվերապահ առաջարկելով Սերժ Սարգսյանին՝ փորձում է նրանից աջակցություն ստանալ սեփական կուսակցությունում: Դրսից մարդ բերելու այս գործելաոճը առաջին անգամ չէ, որ ընկեր Հրանտը կիրառում է: Իշխանությունները ճնշման տարբեր եղանակներով մշտապես ազդել են ՀՅԴ որոշ անդամների վրա:
Հավաստի տվյալների համաձայն, միակ հարցը, որը հնարավոր չի եղել պայմանավորվել՝ վեաբերում էր Սահմանադրական փոփոխություններին և խորհրդարանական կառավարմանն անցնելուն: ՀՅԴ-ն ասել է, որ եթե Սերժ Սարգսյանը մարտ ամսին հրաժարվի այդ գաղափարից, ապա դաշնակցության վերնախավը պարզապես խայտառակ կլինի ու նրանց կքշեն կուսակցությունից: Սերժ Սարգսյանը, սակայն, որևէ երաշխիք չի տվել՝ պատճառաբանելով, որ եթե համաժողովրդական շարժման հանրահավաքները վերսկսեն փետրվար-մարտին, և դրանք մեծ թափ ունենան, ապա ինքը չի կարող ռիսկի դիմել և ստիպված է լինելու հրաժարվել սահմանադրական փոփոխություններից:
Կողմերը պայմանավորվել էին, որ հանդիպման փաստը պետք է մնա հույժ գաղտնի և որևէ արտահոսք չպետքէ լինի: Բայց ինչպես գիտենք, երկու կողմներն էլ աչքի չեն ընկնում պայմանավորվածությունների պահպանման սկզբունքայնությամբ: