«Մի քիչ էլ համբերիր ու կպրծնես»

Դէկտեմբեր 7, 1988 թ.

 

Լևոն Խեչոյան

Նարինջը

Մենք կրակի մոտ էինք նստել, մարդիկ ու առնետներ էին գնում գալիս: Մարդիկ ցեխոտ, պատառոտված հագուստներով էին, սավանների ու կարպետների մեջ փաթաթած մեռելներ էին տանում: Մենք` Սարգիսը, տղայի հայրն ու ես, արդեն երեք օր է` փոխնեփոխ, լինգով երկաթբետոնե սալերին էինք խփում, և սպասում մեզ օգնության դուրս եկած վերամբարձիչներին: Արդեն երրորդ օրն էր` աքլորն ու տղան անընդմեջ բղավում էին, որ իրենց սալերի տակից հանենք:

Կրակի կարմիր բոցը լուսավորում էր հեռվում ընկած կոշիկը, որը թավալվում` դիրքը փոխում էր մեր գնալգալուց: Մենք, փոխնեփոխ հանգստանալով, լինգով, ոտքով, խփում, թփթփացնում էինք սալերին` համոզելու համար տղային, որ մեզ ամբողջ քաղաքն է օգնության հասել, մի քիչ էլ դիմանա: Տղան մեզ չէր հավատում, տղան հորը գոռաց. «Բա ինչո՞ւ իմ վրայի ծանրությունը չի թեթևանում, քանի գնում` շունչս կտրվում է»: Կրակի բոցի կարմիրը վրան կոշիկը դարձյալ դիրքը փոխել, բարձրացել էր ամանեղենի վրա` մտել շերեփի մեջ: Հայրն ասաց. «Դիմանալ է պետք, շնչահեղձությունը գլխիցդ հանիր, դու երկաթի նման առողջություն ունես, պարզապես դա անհամբերությունից է»: Տղան երկար չխոսեց, Սարգիսը, ավերակների վրա ընկնել ելնելով, հասավ հորը: Բոցի կարմիր գույնր վրան կոշիկը դարձյալ դիրքը փոխել, կանգնել էր ուղիղ իմ դիմաց, երեքօրյա անընդմեջ աշխատանքից ու անքնությունից ողնաշարիս մեջ շամփրում էր ցավը: Սարգիսն ու հայրը գոռացին. «Խոսիր, ինչո՞ւ չես խոսում»: Հայրը ձեռքի լինգը գցեց, շտապով նորից վերցրեց, ասաց. «Խոսիր, տղա, ինչո՞ւ ես լռում»: Տղան գոռաց. «Մթից վախենում եմ, ինչ-որ բան է շարժվում, վրաս հող է թափվում»: Մենք արդեն երեքով էինք ավերակների վրա, ուրախացել էինք, ասինք»: Խոսել է պետք, մեզ հետ խոսիր, ինչ­որ մեկն այդտեղ ինչ գործ ունի»: Հարակից եկեղեցու փլատակների տակից աքլորը կրկին կանչեց: Տղան ասաց. «Քաղաքը չկա… ձեզ ո՞վ է օգնելու: Զգում եմ` նա այստեղ է, նայում է աչքերիս, պտտվում է շուրջս»: «Դու հիմար ես,– ասաց հայրը,– ինչպես թե չկա քաղաքը, այդ ինչեր ես մտցրել գլուխդ, չե՞ս լսում, որ մեր շենքի բոլոր բնակիչները աշխատում են»: Մենք լինգով ու երկաթե ձողերով խփում ու աղմկում էինք: «Եվ ով պիտի պտտվի քո շուրջը, մութ է, ու քո երևակայությունը որևէ բան է ստեղծում: Դու գիտե՞ս, որ հիմա մեր քաղաքը դրախտավայր է, չգիտես: Աստվածներն ու հրեշտակները իջել են երկրի վրա` պարում, թռչկոտում են: Մարդկանց այլևս տներ պետք չեն, մենք ապրելու ենք երկնքում ու երկրի վրա, մեր շուրջը բազմագույն շատրվաններ են գցում: Ափսոս, որ այդ օրը դպրոց չէիր գնացել, մնացել էիր տանը: Հրեշտակները քեզ համար շատ են ցավում: Եվ ամենահաճելին, գիտե՞ս, մարդկանց թիկունքին սկսել են թևեր աճել: Քեզ դիմանալ է պետք, ուժերդ հավաքիր ու դիմացիր, այդտեղից որ դուրս եկար, ամեն ինչ ինքդ քո աչքով կտեսնես…»:

Ուրվագծերի ու մթան միջից դուրս եկած մարդը մոտեցավ կրակին, ասաց. «Հետաքրքիր բան եք մտածել, նվագել, էն էլ էս օրերին, ո՞ւմ մտքով կանցներ: Արդեն երրորդ օրն է, չէ, վախենամ` ուսուցչի տղան էլ չդիմանա, էս շենքից պրծնող եղե՞լ է: Ասում են` դագաղներ են բերել, գնամ…»: Հետո ետ եկավ, շշուկով ասաց. «Ինչ-որ բանից պիտի սկսել ապրելը, չգիտե՞ք, գեղեցկուհի Մարիամի դիակը գտե՞լ են»: Ասաց. «Լավ կլինի` ձյունը չկտրվի, ասում են` երկրաշարժից հետո համաճարակ է սկսվում, գնամ տեսնեմ` բերածները ինչ չափերի են»: Ասինք. «Մարիամին գտել են եկեղեցու փլատակներից` աքլորի ձայնը չի կտրվում»: Ասաց. «Հաստատ լսե՞լ եք: Թե չէ էս օրերին ամեն մարդու ներսից մի որևէ կանչ կլսվի»: Ասաց. «Դե, որ վստահ եք, թող կանչի, կանչի կենա, երևի մատաղացու էր, զոհ…»: Նա գնաց, ձյան թացությունը ուսերին, կիլոմետրերով ձգվող խավարի մեջ ու բոցի կարմիր գույնը վրան կոշիկը եկավ փալասների մեջ, բարձրացավ կրծկալի վրա, ու ես նրան չտեսնելու էի տալիս: Հայրը տղային գոռաց. «Չէ, դու մի ասա, լսո՞ւմ ես նվագի ձայնը, պարզապես ուզում եմ իմանալ, լսո՞ւմ ես, թե՞ ոչ»: Սարգիսն ավերակների մեջ շուռ եկած կիսաքանդ դաշնամուրն էր եռանդով տնկտնկացնում: Ասաց. «Լսում եմ, բա ինչո՞ւ հրեշտակները միայն նվագում են ու ձեզ չեն օգնում, շունչս արդեն կտրվում է»: Հայրն ասաց. «Նրանց թաթիկները նուրբ են, թևերը նոր են աճել, կվնասվեն»: Ասաց.«Ձեր չորորդ «Բ» դասարանը երկնքում է, մի տեսնես` ոնց են երամներով թռչկոտում»: Կարմիրը վրան պտտվող կոշիկը դարձյալ դիրքը փոխել էր, մտել կողին ընկած մանկական սայլակի մեջ, մենք դեմ հանդիման էինք, ու ողնաշարիս ցավը շամփրում էր մինչև ծոծրակս: Տղան ասաց. «Հայրիկ, առնետը ծոծրակիս է նայում…»: «Սուտ է, տղա, դու մթան մեջ այդպիսի բան չես կարող տեսնել, պարզապես շփոթում ես, քո կողքին նստածը փոքրիկ հրեշտակ է: Նա իմացել է, որ դու այտեղ միայնակ ես ու վախկոտի մեկն ես, նստել է ու աչքերիդ է նայում, որ չվախենաս… »:

Ավերակների, կիսաքանդ շենքերի, մթան ու պաղ դեղնավուն ցեխերի միջից կարմրած, բորբոքված աչքերով տղամարդիկ ու պատանիներ էին գալիս կրակի մոտ, մեզանից իմանալու` հարևան ավերակներից հանե՞լ են գեղեցկուհի Մարիամի դիակը: Հետո նրանցից այն մեկը, որ շրջված` սրթսրթալով միզում էր մթան մեջ, հարցրեց. «Էսքան ժամանակ այստեղ եք նստած, նրա օծանելիքի բուրմունքը չե՞ք առել…»: Կոշիկը դարձյալ դիրքը փոխել, մտել էր ֆիրմայի փայլփլուն պիտակը դեռ վրան գիշերանոցի մեջ, ես ուզում էի բարձրանալ ու գցել կրակը: Սարգիսն ասաց. «Գործ չունես, նա մեզ բոլորովին էլ չի խանգարում…»: Ասի. «Նրա ներկայությամբ առարկաները չեմ ճանաչում…»: Հարակից փլվածքների տակից լսվում էր աքլորի խուլ կանչը: Տղան գոռաց. «Նարինջ եմ գտել: Սալերի արան-քից թափվող հողի հետ նարինջ ընկավ, բուրում է, հայրիկ»: Մենք ուրախացել էինք, հայրն ասաց. «Տեսար, որ ասում էի կողքիդ նստածը հրեշտակ է: Այդ նա քեզ համար բերեց: Չէ՞ որ դու ասում էիր, որ անչափ ծարավ ես: Հիմա լսիր, տղա, ատամով մի փոքր ծակիր ու հյութը խմիր, հարկավոր է քիչ-քիչ, որ հետո մի քանի օր էլ ունենաս… չդնես, լսո՞ւմ ես, միշտ պահիր ափիդ մեջ: Միամիտ տղա, դու չգիտես` հրեշտակը քեզ համար ինչ նվեր է բերել»:

Կրակի բոցի կարմիրը վրան կոշիկը դարձյալ դիրքափոխվեց, գնաց ճղված բարձերից թափված փետուրների վրա, հետո թավալգլոր հասավ գրքերին և ուղիղ ներբանով կանգնեց հակաբեղմնավորման ապահովիչների ցրիվ տարածքի վրա ու երեսով ուղիղ մեր դիմաց: Ես չէի ուզում նրան նայել, Սարգիսն ասաց. «Հոգնել ես, նրա հետ գործ չունես, փորձիր աչքերդ մի քիչ փակել»: Փակ կոպերիս տակ զգում էի, որ նա հիմա շարժվում է մեկ ուրիշ տեղ, տեղիցս ցատկեցի, Սարգիսն ասաց. «Այդպիսի բան չանես, այնպիսի հոտ կարձակի, որ հետո էլ դրանից պրծում չենք ունենա»:

Տղան ասաց. «Ոտքերս սառել են, չեն շարժվում, հոգնել եմ, քնել եմ ուզում…»: Ասինք` չքնես: Հայրն ասաց. «Քնելը սխալ է, պիտի փորձես շարժվել, փորձիր մեջքիդ շրջվել: Պիտի փորձես մատներով մի քիչ փորել ու շրջվել, դա այնքան էլ դժվար չէ»: Ասաց. «Որ դուրս գաս, քեզ էլ թևեր կաճեն ու ձեր դասարանի տղաների նման կթռչես երկնքում: Հիշո՞ւմ ես, ուզում էիր եկեղեցու զանգակատան վրայով թռչել…»: Ասաց. «Ես երբեք էլ չեմ ուզեցել զանգակատան վրայով թռչել: Ինձ հանեք, շունչս կտրվում է, հանեք ինձ..»¦: Հայրն ասաց. «Զանգակատան չէ, բայց դու հո լավ հիշում ես, որ ուզում էիր մեր ձորի ու կորնգանի դաշտերի վրայով թռչել»: Տղան ասաց. «Ես խեղդվում եմ, մայրիկին կանչեք, հանեք ինձ»: Մենք ամբողջ թափով խփում էինք լինգը սալերին: Ձեռներիս բշտիկները պայթել էին, ու լինգը այրում էր, լաթերով փաթաթեցինք ու էլի ու էլի խփում էինք պատերին, քարերին, աքլորը կանչում էր փլատակների տակից: Հայրն ասաց. «Լսո՞ւմ ես գործիքների ձայնը, ամբողջ քաղաքն է աշխատում… Մայրիկն ու քույրիկն էլ թևեր ունեն, թռչում են, ուր որ է կգան: Մի քիչ էլ համբերիր ու կպրծնես, շատ քիչ է մնացել»: Տղան ասաց. «Ես փորձեցի հրեշտակին, նա իմ նարինջը ամբողջովին կերավ: Լսում էի, թե ինչպես էր քստքստացնում: Նա փոքրիկ հրեշտակ չէ, նրանից բորբոսի հոտ է գալիս…»: Հայրը ծխախոտ վառեց. «Իզուր, տղա,– ասաց,– դու պիտի չփորձեիր»: «Նրանք շատ են»,– ասաց տղան,– բոլոր անցքերից հոսելով գալիս են, նստել ու նայում են աչքերիս»: Հայրն ասաց. «Դու կամքից ուժեղ ես, դու դիմացիր, հիշո՞ւմ ես` գարնան մի տոթ օր մուտքում հանդիպել էիր գեղեցկուհի Մարիամին ու շրջազգեստն էիր բարձրացրել: Դու խիզախ ես, ամբողջ քաղաքում դա միայն քեզ է հաջողվել` տեսնել գեղեցկուհի Մարիամի սպիտակ հետույքը: Դրա համար քեզ գոտիով պատժեցի ու չէիր լացում: Հիմա քեզ ի՞նչ է պատահել: Ասենք` առնետ է, թող առնետ լինի: Դու նրանց հաղթիր, նրանք սպասում են, դու էլ սպասիր… հասկանո՞ւմ ես, շատ կարևոր է` նրանք չզգան, որ դու հոգնել ես: Նրանք քո ապրելու ցանկությունից կվախենան, երկար չեն սպասի, նրանք էլ հոգնել գիտեն… Առնետն ի՞նչ է, որ չես կարողանում խաբել: Հողը որ պաղավ, կթողնեն, կգնան… Համ էլ ո՞վ է քո գլուխը մտցրել, թե առնետները մահացածների աչքերին են մոտենում… Ինչո՞ւ չես մտածում, որ նրանք էլ միայնակ են, վախեցած` եկել են քեզ մոտ… թե չէ վախկոտի տրամաբանությամբ ինչեր ասես, որ չի կարելի հնարել… Փորձիր շարժել ձեռներդ, ոտներդ, մարմինդ, թեկուզ շատ քիչ, թող տեսնեն, որ քո մեջ ուժ կա, դրանից հետո կմիզեն ու կթողնեն, կգնան: Ես գիտեմ` այդպես է առնետի սովորությունը…»:

Տղան չէր խոսում: Լինգով խփում, թփթփացնում, դաշնամուրն էինք տնկտնկացնում, նա այլևս չէր խոսում, մենք երկար սպասեցինք, հայրը լինգը գցեց, ասաց. «Գնամ օղի բերեմ»: Ասինք. «Խանութներին չմոտենաս, զինվորները հսկում են` կկրակեն»: Ասաց. «Ոչինչ»: Չէի կարողանում քունս զսպել, հետո թևաբախության ձայն լսվեց, փլատակների տակից դուրս էր եկել վառ, կարմիր

կատարով աքլորը ու թռչում էր մեր ու քաղաքի վրայով, նա հեռանում էր մեզանից…

 

 

Կենսագրության նկարԼևոն Խեչոյան (ծնված. դեկտեմբերի 8, 1955, Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղ (մահ. հունվարի 8, 2014, Երևան), հայ արձակագիր։ 2000 թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական «Ոսկե եղեգն» մրցանակի։ Մասնակցել է Արցախյան պատերազմին։

Գրքերը

  • «Խնկի ծառեր», Երևան, 1991
  • «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի», Երևան, 1995
  • «Սև գիրք, ծանր բզեզ», Երևան, 1999
  • «Оливковая ветвь», Ուկրաինա, 2000
  • «Տան պահապան հրեշտակը», Երևան, 2002
  • «Հողի դողը»,Բեյրութ, 2003
  • «Երրորդ որդին: Արշակ արքա, Դրաստամատ ներքինի», Երևան, 2002
  • «Знойный день» Մոսկվա,2004
  • «Հունիսի հինգը և վեցը», Երևան, 2005
  • «Ձայներ և տեսիլքներ», Երևան, 2007
  • «Black Book, Weighty Bug», Լոնդոն, 2008
  • «Փուշը, Հայր, Փուշը», Երևան, 2011
  • «Ладанові дерева», Ուկրաինա, 2012, (Անուշավան Մեսրոպյանի թարգ.)
  • «Պատմվածքներ» (Կազմ. Ս. Մկրտչյան), Երևան, 2013։ [1]
  • «Արշակ Արքա, Դրաստամատ ներքինի», Երևան, 2013
  • «Մհերի դռան գիրքը», Երևան, 2014

hy.wikipedia.org

 

 

споделяне във facebook

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net