PressIdent.am-ի հետ զրույցում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100 ամյակը առանց ռեժիմի» շարժման մասնակից Ժիրայր Սէֆիլյանը, ամփոփելով անցնող քաղաքական տարին, նշեց, որ հայ ժողովուրդը համատարած քաղաքական ամոթի մեջ է: Որո՞նք են երկրի ձեռքբերումներն ու կորուստները՝ ըստ Սէֆիլյանի, և ինչպե՞ս է նա պատրաստվում դիմավորել Ամանորը, կարդա ստորև:
– Ըստ Ձեզ՝ ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ Հայաստանը անցնող քաղաքական տարում:
– Հիմնական ձեռքբերումը ժողովրդի քաղաքական գիտակցության էական դրական տեղաշարժն էր դեպի Հայաստանի վիճակի իրական պատկերը, ինչը բնութագրվում է հետևյալ նկարագրով. առաջին՝ շատերն արդեն գիտակցում են, որ մեր երկիրը դե յուրե անկախություն ձեռք բերելուց ու խորհրդային գաղութատիրությունից ազատվելուց հետո հայտնվել է նոր գաղութային կախյալության մեջ և այդպես էլ դե ֆակտո անկախություն ձեռք չի բերել, իսկ վերջին շրջանում, ԵՏՄ-ին անդամակցելով, նորից հայտնվել է դասական գաղութի վերածվելու վտանգին դեմ հանդիման:
Երկրորդ՝ մեծ մասի համար պարզ է դարձել, որ ՀՀ պետական կառավարման համակարգը վերածվել է օտարին ծառայող գաղութային վարչակազմի, իսկ քաղաքական կուսակցություններն այդպես էլ չեն կայացել և ընդամենը իրենց կուսակցապետերի ձեռքին գործիք են՝ գաղութարար օտարին ծառայելու, և դրա դիմաց այդ կուսակցապետերի անձնական ու կլանային շահերն իրացնելու համար:
Երրորդ՝ հետզհետե ակնհայտ է դառնում, որ Հայաստանի պետական կառույցներից գործունակ է միայն բանակը, այդ պատճառով նրան դրսից ու ներսից հարվածներ են հասցնում, քանի որ նա պայքարող ժողովրդի հետ երկրի գոյության և անկախության միակ երաշխավորն է:
Չորրորդ՝ շատերի համար արդեն պարզ է, որ Հայաստանի ինքնիշխանության հետ վտանգ է սպառնում նաև Արցախին: ԵՏՄ անդամակցությամբ մաքսակետ է դրվում ՀՀ-ի և Արցախի միջև, և Արցախը սկզբում տնտեսապես, հետո նաև՝ իրավաքաղաքական առումով և, որպես հետևանք՝ նաև ֆիզիկապես տարանջատվելու է ՀՀ-ից և հայտնվելու է օտար ուժի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի հայեցողության տակ: Իսկ Ռուսաստանն Արցախը մանրադրամի նման կօգտագործի Ադրբեջանին ԵՏՄ անդամ դարձնելու նպատակով: Ըստ այդմ՝ ուրվագծվեց Նոր Հայաստան, այսինքն՝ նոր պետություն, ստեղծելու գաղափարը: Թեև այդ գաղափարը դեռևս շատերի ներսում ավելի շատ հարցեր, քան պատասխաններ է առաջացնում: Գրեթե բոլորն արդեն համոզված են, որ արմատական փոփոխությունների հասնելու համար հարկավոր է առնվազն հեռացնել ռեժիմին:
Հինգերրորդ՝ մարդկանց մեծ մասն արդեն գիտակցում է, որ ընդդիմադիր կոչվող կուսակցություններն իրականում սպիտակ ցեղասպանություն իրականացնող ռեժիմի վերահսկողության տակ են, և դրանց միակ նպատակը քաղաքական առևտուրն է, ուստի նրանց հետ պետք չէ հույսեր կապել: Շատերն արդեն հասկանում են, որ օտարին ծառայող ներկայիս պետական կառավարման համակարգի պայմաններում, անգամ եթե ռեժիմը հեռանա, բայց գոյություն ունեցող կուսակցությունների ղեկավար կազմերը մնան, մեզ և մեր պետությանը օդ ու ջրի նման անհրաժեշտ արդար ընտրություններ և արմատական փոփոխություններ չեն կարող լինել:
– Ըստ Ձեզ՝ որո՞նք են Հայաստանի կորուստները անցնող քաղաքական տարում:
– Կորուստները պայմանավորված են երկրի գաղութացման գործընթացի խորացմամբ և արագացմամբ: Կորուստների թվում հարկ է առանձնացնել աղետալի չափերով շարունակվող արտագաղթը և սահմանամերձ գոտու դատարկումը, ԵՏՄ-ին անդամակցելու հետևանքով ինքնիշխանության և Արցախի, ինչպես նաև՝ մեր բանակի կառավարման որոշ գործառույթներ օտարին հանձնելու գործողությունները, աղքատության, սոցիալական բևեռացման և անարդարության շարունակական աճումը և, զուգահեռաբար՝ գիտության, կրթության և մշակույթի անկումը, ընդերքի գիշատիչ թալանի ծավալների և տեմպերի մեծացումը, ինչի հետևանքով երկիրը հայտնվել է անապատացման վտանգի առջև, երկրի տնտեսության այն աստիճան քայքայումը, որի պատճառով ամեն օր կարող է տեղի ունենալ տնտեսական փլուզում, որը դարձյալ պայմանավորված է ԵՏՄ-ին անդամակցությամբ:
– Մենք համատարած քաղաքական ամոթի մեջ ենք և այդ վիճակում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ չենք հաստատել ժողովրդի կամքն ու իշխանությունը և պետության ինքնիշխանությունը:
– Ի՞նչ սպասելիքներ ունեք հաջորդ՝ Այծի տարուց:
– Գալիք տարվա ընթացքում հեռացնելու ենք ռեժիմին և իրականացնելու ենք անցումային փուլի համար նախատեսված քայլերը: Դրանցից առաջնայիններն են լինելու գործակալական և տնտեսական լյուստրացիաները (գաղտնազերծումները), ռեժիմի՝ հանցագործություններ կատարած ներկայացուցիչներին քրեական պատասխանատվության ենթարկումը, կուսակցությունների վերագրանցումը, ապօրինաբար ձեռք բերված հարստության պետականացումը, բանկերի վաշխառուական գործառույթների վերացումը, ինչպես նաև՝ օտարին հանձնված ռազմավարական օբյեկտների ազգայնացումը և մեր ազգային շահերին հակասող միջազգային պայմանագրերի վերանայումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև չեղյալ հայտարարումը։
– Պարոն Սէֆիլյան, ինչպե՞ս եք դիմավորելու Ամանորը, որտե՞ղ, ո՞ւմ հետ և ի՞նչ կմաղթեք հայերիս գալիք տարում:
– Ամանորն ինձ համար աշխատանքային օր է լինելու: Հասկանալի է, որ աշխատանքի ռիթմը որոշ առումով այլ կլինի, սակայն պետք է հաշվի առնենք, որ մենք արտակարգ իրավիճակում ենք և իրավունք չունենք ժամանակ կորցնելու: Մեր ժողովրդին մաղթում եմ, որ նա վերագտնի իրեն բնորոշ հավատը, ուժը, կորովը, իմաստնությունն ու կամքը, ինչպես նաև՝ համախմբվի ազգային-ազատագրական պայքարի դրոշի ներքո: Մեզ դժվարին, բայց հաղթական ու արգասաբեր տարիներ են սպասում:
Քրիստինե Պողոսյան