1323979447_v-mireԼսե՞լ եք, թե ինչ է տեղի ունեցել Իսլանդիայում2012թ. հոկտեմբերի 20-ին: Հավանաբար՝ ոչ: Իսկ,գիտե՞ք՝ ինչու չեք լսել… Պատճառն այն է, որ հոկտեմբերի 20-ին Իսլանդիայում կատարվել է հեղափոխություն` միանգամայն խաղաղ հեղափոխություն, բայց ոչ պակաս «հեղափոխական», քան մյուսները… Այն միաժամանակ ցույց տվեց, թե ինչ «վտանգավոր» է, երբ «ժողովրդավարական գործընթացները», որոնց մասին այնքան սիրում են խոսել լիբերալները, վերահսկվում են մեծամասնության, այլ ոչ թե փոքրամասնության կողմից` ինչպես սովորաբար դա լինում է…

Այդ պատճառով էլ Իսլանդիայի հատկանշական օրինակի մասին համաշխարհային ԶԼՄ-ները լռում են: Այն տառացիորեն թաքցվում է, որովհետև աշխարհի տիրակալները չեն ցանկանում, որ Իսլանդիայի օրինակը կրկնվի մյուս երկրներում: Սակայն ամեն ինչ ներկայացնենք հերթականությամբ:

2012 թվականի հոկտեմբերի 20-ին Իսլանդիայում անցկացվեց հանրաքվե և ընդունվեց նոր Սահմանադրություն: Այդ հանրաքվեն վերջնական ավարտն էր այն պայքարի, որը տանում էր Իսլանդիան 2008 թվականից, երբ իսլանդացիներն անսպասելիորեն տեղեկացան, որ ֆինանսական ճգնաժամի արդյունքում իրենց երկիրը բառի բուն իմաստով սնանկացել է:

Այդ ամենն անսպասելի էր այն պատճառով, որ տեղի էր ունեցել 5 տարվա բարգավաճումից հետո, ինչը հնարավոր էր դարձել «ամենաարդյունավետ» նեոլիբերալ տնտեսության շնորհիվ: Վերջինը հիմնված էր այն բանի վրա, որ 2003 թվականին բոլոր բանկերը սեփականաշնորհված էին, և միջազգային ներդրողներին գրավելու նպատակով օգտագործվում էր առցանց բանկինգ, ինչը նվազագույն ծախսերով ապահովում էր համեմատաբար մեծ եկամտաբերություն:

Եվ, իսկապես, իսլանդական բանկերը գրավեցին շատ բրիտանական և հոլանդական մանր ներդրողների, և ամեն ինչ առավել քան հաջող էր ընթանում. տնտեսությունը (նեոլիբերալիզմի տեսանկյունից) մեծ աճ էր գրանցում: Բայց կար մի նրբություն. ինչքան շատ էին ներդրումները, այնքան աճում էր բանկերի ներքին պարտքը: 2003 թ. Իսլանդիայի պարտքը հասնում է ՀՆԱ-ի 200%-ին, իսկ 2007-ին`արդեն 900%-ի: 2008 թ.-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը Իսլանդիայի «բարգավաճող» տնտեսության համար դարձավ մահացու հարված: Երեք գլխավոր բանկեր՝ Landbanki, Kapthing и Glitnir, պայթեցին և ազգայնացվեցին, իսկ ազգային դրամը՝ կրոնը, եվրոյի նկատմամբ արժեզրկվեց 85%-ով: Տարեվերջին Իսլանդիան հայտարարեց սնանկացման մասին:

Եկավ ժամանակը հիշելու, որ Իսլանդիան ժողովրդավար պետություն է: Բայց սկզբից իսլանդացիները որոշեցին հենվել «սովորական», ներկայացուցչական ժողովրդավարության վրա: Բանկերի սնանկացումից մի քանի ամիս անց իսլանդացիները դուրս եկան փողոց`բողոքելու ճգնաժամի պատճառ դարձած բանկիրների և վերջիններիս զարգացումը թույլ տված ապաշնորհ իշխանությունների դեմ: Բողոքներն ու անկարգություններն, ի վերջո, ստիպեցին կառավարությանը հրաժարական տալ:

Ընտրությունները տեղի ունեցան 2009 թ. ապրիլին, և իշխանության եկավ ձախ կոալիցիան, որը մի կողմից դատապարտեց նեոլիբերալ տնտեսական համակարգը, մյուս կողմից տեղի տվեց Համաշխարհային բանկի և Եվրամիության երկրների պահանջներին`մարելու իսլանդական բանկերի պարտքը, որը կազմում էր 3,5 միլիարդ եվրո: Դա նշանակում էր, որ յուրաքանչյուր իսլանդացի 15 տարի շարունակ ամսական պետք է վճարեր 100 եվրո`մարելու համար մի մասնավոր անձի պարտքերը (տվյալ դեպքում բանկիրների) մյուս մասնավոր անձի նկատմամբ:

Իսլանդացիների համբերության բաժակը լցվեց: Այդ ամենը հանգեցրեց դեպքերի արտառոց զարգացումների: Այն միտքը, որ սովորական մարդիկ պետք է վճարեն մասնավոր ֆինանսիստների սխալների համար, որ մասնավոր պարտքերը փակելու համար ամբողջ երկիրը պետք է կքի հարկերի տակ, նոր ժողովրդական ալեկոծումների առիթ տվեց, որոնք ստիպեցին իսլանդական իշխանություններին անցնելու ժողովրդի մեծամասնության կողմը: Արդյունքում` նախագահ Օլաֆուր Ռագնար Գրիմսոնը հրաժարվեց վավերացնել խորհրդարանով արդեն իսկ ընդունված որոշումը, որը Իսլադիայի քաղաքացիներին պարտավորեցնում էր մարել իսլանդական բանկիրների պարտքերը, և համաձայնեց հանրաքվե անցկացնել:

Հաջորդեց «ազատ աշխարհին» շատ բնորոշ «միջազգային հանրության» հակազդեցությունը` Իսլանդիան աննախադեպ ճնշումների հանդիպեց: Մեծ Բրիտանիան և Հոլանդիան սպառնում էին, որ Իսլանդիայի քաղաքացիների կողմից իսլանդական բանկերի պարտքերի մարումը մերժելու դեպքում տնտեսական դաժան սանկցիաներ կկիրառվեն, ընդհուպ մինչև Իսլանդիայի լիակատար մեկուսացում: Արժույթի միջազգային հիմնադրամը սպառնում էր երկրին որևէ օգնություն չցուցաբերել: Բրիտանական կառավարությունը սպառնում էր սառեցնել իսլանդացիների խնայողություններն ու բանկային հաշիվները: Բայց իսլանդացիները չընկրկեցին, իսկ նախագահ Գրիմսոնն ասաց. «Մեզ ասել են, որ եթե մենք չկատարենք միջազգային հանրության պահանջները, կդառնանք Հյուսիսային Կուբա: Սակայն եթե մենք համաձայնվեինք, կվերածվեինք Հյուսիսային Հայիթի»:

Հանրաքվեն տեղի ունեցավ 2010 թ.մարտին: Իսլանդացիները որոշեցին միջոցները չվերադարձնել օտարերկրյա պարտատերերին՝ Մեծ Բրիտանիային և Նիդեռլանդներին. նրանց 93 տոկոսը բանկային պարտքերը մարելուն դեմ քվեարկեց: Արժույթի միջազգային հիմնադրամը միանգամից սառեցրեց վարկավորումը: Բայց իսլանդացիներին արդեն կանգնեցնել հնարավոր չէր: Ունենալով քաղաքացիների աջակցությունը՝ կառավարությունը քաղաքացիական ու քրեական հետապնդմներ սկսեց մի շարք անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու էին ֆինանսական ճգնաժամի համար: Ինտերպոլը միջազգային հետախուզում հայտարարեց Kaupthing բանկի նախկին նախագահ Սիգուրդուրա Էյնարսոնի նկատմամբ, իսկ տնտեսության տապալման գործի մեջ ներգրավված այլ բանկիներ սկսեցին լքել երկիրը:

Եվ սա դեռ ամենը չէ: Կառավարությունը որոշեց նոր Սահմանադրություն ընդունել, որը կազատեր երկիրը միջազգային ֆինանսական կախվածությունից և վիրտուալ փողերից: Ընդ որում՝ իսլանդացիներն իրենք ցանկություն հայտնեցին գրել Սահմանադրությունը: Եվ դա հաջողվեց: 2010թ.-ին երկրի մայր օրենքի նախագիծը գրեցին Ազգային ասամբլեայի անդամների կողմից վիճակախաղի միջոցով ընտրված 950 շարքային իսլանդացիներ:

Նոր Սահմանադրությունը վերջնական տեսքի բերելու համար իսլանդացիները, արդեն ընտրության միջոցով, ընտրեցին 25 քաղաքացիներից բաղկացած Սահմանադրական խորհուրդ: 522 հոգուց ընտրվեցին սովորական մարդիկ՝ ձկնորսներ, ֆերմերներ, բժիշկներ, տնային տնտեսուհիներ, ովքեր չէին պատկանում որևէ կուսակցության և որոնցից յուրաքանչյուրի համար երաշխավորել էր առնվազն 30 քաղաքացի:

«Ամեն խոհարարուհի կարող է գրել Սահմանադրություն» բնութագրական վերնագիրն ունեցող հոդվածում ռուս «ժողովրդավարական» լրագրող Պավել Պրյանիկովը գրում է. «Հատկանշական է, որ Իսլանդիայում ոչ ոք չվրդովվեց, թե հնարավոր չէ կարդալ 522 մարդու կենսագրականները և նրանց քաղաքական ծրագրերը, ինչպես նաև գլուխ հանել ընտրական հարցաթերթիկներից, որտեղ գրանցված էին հսկայական թվով մարդկանց անուն-ազգանունները»:

Սրան հաջորդեց Սահմանադրության տեքստի և սահմանադրական օրենքների մշակումը: Նույն Պ. Պրյանիկովի խոսքերով. «Այնուհետ Խորհուրդն օգտագործում է քրաուդսորսինգի (croudsourcing) համակարգը, ինչը նշանակում է բոլորին հնարավորություն տալ՝ մասնակցելու իր աշխատանքներին: Քաղաքացիների առաջարկները հավաքագրվում էին Ֆեյսբուքի, Թվիթերի, նույնիսկ Յութուբի միջոցով»: Շարքային իսլանդացիներից ստացվեց 3600 մեկնաբանություն՝ կապված Խորհրդի աշխատանքների հետ, և 370 ուղղում՝ Սահմանադրության համար: Ամեն շաբաթ Խորհուրդը համացանցում հրապարակում էր նոր հոդվածներ, որոնք դրվում էին հանրային քննարկման: Երկու-երեք շաբաթ անց՝ հանրությունից և փորձագետներից ստացված առաջարկները դիտարկելուց հետո, Խորհուրդը հրապարակում էր հոդվածների վերջնական տարբերակները, որոնք կրկին դրվում էին քննարկման: Ավելին, Խորհրդի անդամները շաբաթական մեկ անգամ իրենց աշխատանքները լուսաբանող նյութ էին պատրաստում և տեղադրում Յութուբում, իսկ նրանց նիստերին կարելի էր հետևել համացանցի միջոցով՝ ուղիղ հեռարձակմամբ: Աշխատանքի ավարտին 25 անդամներից բաղկացած Խորհուրդը քվեարկում էր Մայր օրենքի մշակման աշխատանքներն ավարտելու համար: «Մենք՝ իսլանդացիներս, ցանկանում ենք ստեղծել արդար հասարակություն, որտեղ մեզնից յուրաքանչյուրը սեղանի շուրջ կունենա հավասար տեղ»,- ահա այս խոսքերով է սկսվում Սահմանադրությունը»:

Սահմանադրական խորհրդի անդամներն իրենց մեկնաբանություններում խոստովանում են, որ Սահմանադրության առաջին նախադասությունը թարգմանաբար մի փոքր անհարթ է հնչում, սակայն, իրենց կարծիքով, այն հասկանալի է յուրաքանչյուր իսլանադացու և լավագույնս է արտացոլում բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծելու նրանց ձգտումը: Համաձայն Սահմանադրության նախագծի՝ կղզու բնական ռեսուրսները բացառապես հանրային սեփականություն են: Առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում «Բաց տեղեկատվություն և ճշմարտացիություն» հոդվածը, որը պարտավորեցնում է կառավարությանը հասանելի դարձնել բոլոր աշխատանքային փաստաթղթերը, եթե նրանք պետական գաղտնիք չեն պարունակում: Ավելին, Սահմանադրությունը պարտավորեցնում է իշխանություններին աշխատել ոչ միայն հանուն մարդու, այլև Երկրի և բիոսֆերայի: Առանձին հոդված նվիրված է նաև կենդանիների իրավունքներին:

Նորարարական փաստաթղթում տեղ գտավ նաև բավական արխայիկ համարվող հոդված, որը բացակայում է եվրոպական սահմանադրություններից մեծամասնությունում. Իսլանդիայի ավետարանչական-լյութերական եկեղեցին պահպանում է պետական կարգավիճակը:

Այսպիսով, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոնների համատեղության արդյունքում մեծամասնությունը անսպասելիորեն դարձավ դրության տերը` հայտնվելով և´ Սահմանադրական խորհրդում, և´ մայր օրենքը մշակողների շարքերում, և´ հանրաքվեի մասնակիցների մեջ: Արդյունքը «գերազանցեց սպասումներն» այն աստիճան, որ մեկ ամսից ավել է, ինչ համաշխարհային ԶԼՄ-ները խոսուն կերպով լռում են հոկտեմբերի 20-ի իսլանդական համաժողովրդական հանրաքվեի արդյունքների մասին, որտեղ Սահմադրության նախագիծը հավանության արժանացրին երկրի բնակչության մոտ 80 տոկոսը, իսկ հանրաքվեին մասնակցությունը կազմեց 66 տոկոս:

Այսպիսով, այն պահին, երբ մեծամասնությանը թույլատրվեց մասնակցել Սահմադրության մշակմանը, ստացվեց այնպես, որ սեփականաշնորհման փոխարեն, որը ներկայացվում էր՝ որպես տնտեսության բոլոր չարիքների դարման, ռեսուրսներն ազգայնացվեցին, պետական գաղտնիքների փոխարեն եղավ բացախոսություն, խիստ ներկայացուցչական ժողովրդավարության փոխարեն հաստատվեցին ուղիղ ժողովրդավարության տարրեր:

Աստված մի արասցե (ամբողջ աշխարհի նեոլիբերալ կառավարությունների տեսանկյունից), որ Իսլադիայի օրինակին հետևեն մյուս պետությունները: Չէ՞ որ 2 տարի առաջ Իսլանդիային առաջարկվում էին այն նույն որոշումները, ինչ այսօր առաջարկվում են մյուս պետություններին: Հունաստանի ժողովրդին ասում են, որ պետական սեկտորի սեփականաշնորհումը միակ ելքն է: Նույնը ասում են նաև իտալացիներին, իսպանացիներին, պորտուգալացիներին:

Ի՞նչ կլինի, եթե նրանք հետևեն իսլանդացիների օրինակին: Սարսափելի է անգամ մտածելը…

Մինչդեռ ամեն ինչ հենց դրան էլ տանում է: Բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնց «խանգարում են» ինչպես հարկն է հանգստանալ անընդհատ ըմբոստացող եվրոպական «խոզերը»`PIGS (Եվրոմիության չորս պետությունների սկզբնատառերն են, որոնք գտնվում են սնանկացման եզրին`Պորտուգալիա (P), Իտալիա (I), Հունաստան (G), Իսպանիա (S)), ականատես են լինում, որ շատ ցուցապաստառների վրա չգիտես ինչու հիշատակվում է Իսլանդիան: Բայց այսպիսի «մանրուքների» մասին ԶԼՄ-ները լռում են. նրանց այլ բան է հետաքրքրում, թե ինչ պայմաններում այդ «խոզերը» կհամաձայնեն վերցնել գթասրտորեն առաջարկվող վարկերը`մարելու համար սնանկացած մասնավոր բանկերի պարտքերը:

Հենց այդ պատճառով է, որ դուք ոչինչ չգիտեք իսլանդական հանրաքվեի մասին, համաշխարհային ԶԼՄ-ները ձևացնում են, թե ոչինչ տեղի չի ունեցել: Չէ՞ որ ԶԼՄ-երը, ինչպես և կառավարությունները, խորհրդարանները ներկայացնում են իշխող դասակարգի շահերը, որոնց ձեռնտու չէ մեծամասնության մասնակցությանը կառավարման գործընթացին:

Բայց և այնպես, նրանց համար, ում հարազատ են մեծամասնության շահերը, և նրանց, ովքեր անտարբեր չեն իսկական ժողովրդավարության նկատմամբ, իսլանդական օրինակը լավ դաս է, կազմակերպված հանրության, ճշմարիտ ժողովրդավարության, մեծամասնության իրավունքների իրացման, համաժողովրդական օրինաստեղծման և ինքնակառավարման դաս: Այսինքն այն ամենի, առանց որի իրական ժողովրդավարության գոյությունը սկզբունքորեն անհնար է:

Աղբյուրը՝ http://kramtp.info/news/13/full/id=26953

Թարգմանեցին Սոնա Մարգարյանը և Աննա Աղլամազյանը

www.armecofront.net

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert