Լավ է մի մոմ վառել, քան բողոքել խավարիցՀարություն Առաքելյանի «խոհերի» առիթով

Անկեղծ ասած, մեծ եղավ տարակուսանքս, երբ լսեցի, թե Պրահայում Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (?) խնդրանքով Չեխիայի ոչ պետական դիվանագիտական ակադեմիաներից մեկը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված ինչ-որ ժողով է գումարել, ու այդ ժողովին մասնակցել են Չեխիայի հայ համայնքի անդամները։ Տարակուսանքս զարմանքի վերածվեց, երբ իմացա, որ այդ «սիմպոզիումին» չի հրավիրվել Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Չեխիայի հայ համայնքը ներկայացրել են երկու մարդ՝ նկարիչ Տիգրան Աբրահամյանն ու Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ քահանա Փիլավչյանը։ Սլովակիայից եղել է նաեւ շատ հարգարժան Ֆրանտիշեկ Միկլոշկոն՝ նախկին պատգամավորը, ով 2004թ. առաջարկել էր Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման օրինագիծը:

Չեխական կողմից ներկա են եղել սենատոր Պետր Բրատսկին եւ մեկ պատգամավոր՝ Մարեկ Բենդան, երկուսն էլ նույն քաղաքացիական դեմոկրատական ուժից, որը Չեխիայում մեծ ազդեցություն չունի, թեեւ երկուսի հետ էլ աշխատանք է տարվում համայնքի ու դեսպանության կողմից։ «Կոնֆերանսի» համակազմակերպիչը՝ 2002-2006թթ. ԱԳ նախարար Ցիրիլ Սվոբոդան է, ով հայտնի է իր խիստ ադրբեջանամետ պահվածքով, փառաբանել է Ալիեւի ընտրությունները եւ ռեժիմը։ Չեխական մամուլը նրան մերկացրել է ուղիղ մեկ տարի առաջ ու հոդված է տպվել այդ մասին։ Ահա «սիմպոզիումի» մասնակիցների ողջ փաղանգը։ Ինչ էր Սվոբոդայի մտքինը, երբ Հայաստանի դեսպանին անտեսել է այս միջոցառմանը՝ դժվար է ասել, երեւի համահայկական ֆորումի «ղեկավարությունը» կիմանա, միասին են «աշխատել»։ Եթե այդ ֆորումը ունի ազնիվ նպատակներ, ինչու է արդեն 20 տարի Եվրոպայում հայկական դիվանագիտական առաքելություններին քարկոծում, վարկաբեկում, աջուձախ ցեխ շպրտում երկրի ու մեր արժանապատվության վրա։ Այս անգամ էլ Ցեղասպանության անվան տակ, այն էլ՝ ադրբեջանամետ քաղաքական գործիչների հետ, այն էլ Չեխիայում, ուր կա պինդ ու ազնիվ համայնք, ուր կա պետության ներկայություն։ Ինչո՞ւ համայնքի լայն ներկայություն չի եղել։ Այդ գրության հեղինակը երբեւէ որեւէ աջակցություն չի ցուցաբերել չեխահայության որեւէ քաղաքական ու մշակութային ձեռնարկի, 20 տարի Չեխիայում եմ բնակվում՝ ֆորումի ղեկավարությանը ես չեմ տեսել Պրահայում։ Փոխարենը՝ այս երեք տարվա մեջ անընդհատ համայնքի ու դեսպանության թիկունքին սուր են խրում։ Բավ է, ամոթ է։ Ցեղասպանության ճանաչումը բարդ ու տեւական պրոցես է, դեսպանատան երեք տարիների գոյությունը նույնիսկ կազմակերպչական խնդիրներին չի բավականացնի։ Չեխիան էլ իր քաղաքական ու տնտեսական հին ու սերտ կապերով ավելի կապված է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, քան ընդամենը 20 տարի առաջ անջատված Սլովակիան, անգամ մարդկային տեսակով սլովակներն ավելի հեշտ ու հասկանալի ժողովուրդ են, շատ հարցեր նրանց հետ ավելի հեշտ է լուծել, քան չեխերի։ Եվ Հայաստանի դիվանագիտական առաքելությունն այստեղ շատ դժվար ու նրբորեն է աշխատում։ Մանրամասների մեջ չխորանանք, դա ուղղակի ոսկերչական աշխատանք է, այն էլ՝ մեր դատարկ գրպանի պայմաններում։ Հեշտ չէ դիմակայել նավթային դիվանագիտությանը։ Եվ փրկություն է ուղղակի, որ չեխահայ համայնքն ու դեսպանատունը Հայաստանի ռազմավարական տարբեր խնդիրներն առաջ տանելու հարցում միասնական են։ Դա հաջողվել է մեզ։ Ինչու չէ, հազարումի տարաձայնություններ, վեճեր ու անհամաձայնություններ են լինում, շատ հարցերում լրիվ տարբեր դիրքորոշում ունենք։ Բայց հարկավոր պահին դրանք մի կողմ են դրվում ու առաջ են մղվում երկրի շահերը։ Համայնքի ու դեսպանատան համատեղ միջոցառումների մասին ես բազմիցս անդրադարձել եմ հենց «Առավոտ» թերթի էջերում։ Դեսպանության աշխատանքների մասին մանրամասն ներկայացված է դեսպան Տիգրան Սեյրանյանի հետ «Առավոտի» աշխատակցի հարցազրույցում։ Երեք տարվա համար լուրջ առաջընթաց կա, եւ քննադատելու, դեսպանության ու համայնքի միջեւ սեպ խրելու փոխարեն, եթե ֆորումը իրապես մտահոգ է Հայաստանի խնդիրներով, համագործակցության կոչ ենք անում՝ եկեք միացեք, ո՞վ է ձեզ խանգարում։

Երեւի վիճակն ավելի արագ կփոխվի՝ հօգուտ մեզ։ Բայց դե, հայ ենք, չէ՞, դրսում էլ պիտի իրար ուտենք ու ոչնչացնենք։ Ես չեմ անդրադառնա «հոդվածագրի» տարբեր մեղանչումներին։ Ավելորդ եմ համարում, քանի որ ոչ մի կոնկրետ անուն ու փաստ չկա։ Միայն ծիծաղելի թվաց այս արտահայտությունը. «…խղճիս առաջ չմեղանչելու համար հարկ եմ համարում շնորհակալություն հայտնել դեռ գրանցում չստացած չեխահայ համայնքի հայրենասեր ներկայացուցիչներին… որոնք սեփական նախաձեռնություններով կազմակերպում են կիրակնօրյա դպրոց, հայրենասիրական-մշակութային միջոցառումներ Պրահայում եւ այլ քաղաքներում…»։ Ախր դու ով ես, որ շնորհակալություն հայտնես կամ ոչ։ Մենք մեր խղճի ու երկրի առաջ ենք պատասխանատու, ինչը փորձում եք տրորել։ Որքան գիտեմ, Հարություն Առաքելյանը ապրում է Բրատիսլավայում, ուզում եմ հարցնել. Պրահայի շաբաթօրյա հայկական դպրոցը, ապա «Օրեր» հանդեսը ստեղծվել են դեսպանության բացումից շատ տարիներ առաջ, իսկ Սլովակիայում կա՞ գեթ մեկ դպրոց կամ թերթ։ Իսկ եթե ոչ՝ ինչո՞ւ։

Չեխիայի հայ համայնքը դեսպանության ստեղծման առաջին իսկ օրից միմյանց հետ համագործակցել են, բոլոր մշակութային, քաղաքական ու ազգային ծրագրերը պլանավորել ու անցկացրել են համատեղ։ Ու չսպասեք, որ այսօրինակ ստահոդ շարադրանքները կարող են սեպ խրել համայնքի ու մեր Հայրենիքի դիվանագիտական առաքելության կամ նրա այսօրվա ղեկավարի միջեւ։ Չի հաջողվի, քանի որ արտերկրում ես իմ երկրի շահը գերադասում եմ իմ շահից։ Եվ մեր ներքին տարաձայնությունները ներքին կարգով էլ կարող են լուծվել, եթե կամք ունենանք ու պետականության զգացողություն։ Ոչ թե օտար պետության պաշտոնյաների հետ այդպես վարկաբեկենք մեր երկիրն ու նրա ներկայացուցչին։ Գոնե ինձ դժվար կլինի մեղադրել իշխանամետության մեջ՝ դատելով իմ բազմաթիվ հրապարակումներից, քանի որ ես հստակ տարանջատում եմ պետությունը եւ իշխանությունը։ Ուրեմն՝ Լավ է մի մոմ վառել, քան բողոքել խավարից։
Որ ցրվի խավարը ձեր հոգում։

Ու լուսավորվի հայության ճանապարհը այս օտարության դաժան քառուղիներում։

ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
ՊՐԱՀԱ

«Առավոտ» օրաթերթ 5.12.2014

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert