Լույս է տեսել Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ)-ի 40 ամյակին ու գործունեության վերաբերյալ գիրք

asala bookՎերջերս լույս է տեսել Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) վավերագրություն զինյալ և հրատարակչական գործունեության վերաբերյալ գիրքը:

Գրքի հեղինակն է Սագօ Օգնայեանը (Լիբանան , Բեյրութ) գիրքը հրատարակվել է Լիբանանի “Սփյուռք ”պարբերաթերթի հրատարակչությամբ:
Այն 150 էջանոց գիրք է` բաղկացած 3 հիմնական բաժիններից .

Այս առիթով կայացած հարցազրույցը գրքի հեղինակ Սագօ Օգնայեանի հետ սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողին:

Վերջերս լույս է տեսել Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) ՞Վավերագրություն զինյալ և հրատարակչական գործունեություն՞ գիրքը (Հրատարա կչություն Լիբանանի ՞Սփյուռք՞ պարբերաթերթի), մի քանի խոսքով կներկայացնենք այն մեր ընթերցողին

-«Գիրքին խորագիրն է Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ (ԱՍԱԼԱ) – Վաւերագրութիւն Զինեալ Եւ Հրատարակչական Գործունէութեան» եւ կը բաղկանայ երեք մասերէ, որոնց ենթախորագիրներն են:

Ա) Ռազմական Գործողութիւններ, (256 թիրախ, 45 մահ), որոնք ստանցնած են Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը եւ իրեն ենթակայ խմբաւորումները:

Բ) Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի Գրահրատարակչութիւնը.
ա. Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի պաշտօնաթերթ՝ «Հայաստան»-ի մասին, որի մէջ լոյս տեսած են հայերէն, արաբերէն, անգլերէն, ֆրանսերէն, յունարէն, թրքերէն, պարսկերէն եւ ռուսերէն լեզուներով յօդուածներ:
բ. Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի հրատարակած գիրքերն ու գրքոյկները հայերէն, արաբերէն, անգլերէն եւ ֆրանսերէն լեզուներով: Այդ 40 գիրքերի եւ գրքոյկների մասին, տրուած են տեղեկութիւններ, տպագրելով անոնց կողքի պատկերները:
գ. Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի կողմէ հրապարակուած 52 որմազդների մասին բացատրութիւններ:
Գ) Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի 39 նահատակների մասին հակիրճ տեղեկութիւն, որոնց դամբանաքարերը զետեղուած են Եռաբլուրի Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի նահատակներու տարածքին մէջ:
Գիրքին Ա. եւ Բ. գլուխները թէեւ նախապէս լոյս տեսած են Լիբանանի մէջ հրատարակուող Սփիւռք պարբերաթերթի համարներուն մէջ, սակայն որպէս գիրք առաջին անգամ լոյս կը տեսնէ եւ կարգ մը փոքր յաւելումներով կը նկատուի գրեթէ ամբողջական, որմէ կրնան օգտուիլ ուսումնասիրողներն ու լայն հասարակութիւնը: Աղբիւրները հարազատ են, հիմնականապէս օգտուելով Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի արխիւներէն, նաեւ զանոնք բաղդատելով ուրիշ հայ եւ օտար աղբիւրներու հետ, ըլլան անոնք մամուլ թէ գիրքեր:

– Հարցում: 2015 թ.-ի հունվարի 20-ին լրանում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի 40 ամյակն: Ի՞նչ կասեիք Հայկական Հարցի արդարացի լուծման համար տարվող պայքարի ձեռքբերումների ու բացթողումների մասին:

– 2015 տարեթիւը ոչ միայն կը յատկանշուի Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի ծննդեան 40-ամեակով, այլ նաեւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցով: Վերջինով մենք կորսնցուցինք մեր պատմական հողերուն մեծամասնութիւնը, իսկ առաջինը ծնունդ առաւ այդ պատմական հողերու ազատագրութեան նպատակով: Շատեր կը խեղաթիւրեն Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի հիմնական այս նպատակը, շփոթելով զայն ուրիշ հայկական կազմակերպութիւններու նպատակներուն հետ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ին անունը յստակօրէն կը բացատրէ իր նպատակը, որն է ազատագրել հայկական պատմական հողերը թուրք բռնագրաւիչներէն: Անոր նպատակը բնաւ չէ եղած Եղեռնի նահատակներուն վրէժը լուծել, քանի որ այդ ժամանակահատուածը կը նկատուի 1920-ականները, ուր «Նեմեսիս» խումբը ծրագրեց եւ իրագործեց սպաննելով թուրք ոճրագործներուն մէկ մասը, այսպիսով վրէժը լուծելով հայ նահատակներուն: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի հիմնական նպատակը նաեւ բնաւ չէ եղած զինուորական գործողութիւններ կատարելով քարոզչական աշխատանք տանիլ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը Հայկական Դատ կամ Հայկական Հարց ըսելով կը հասկնայ միայն զինեալ գործողութիւններով ազատագրել հայկական հողերը, իսկ մնացեալները` գրահրատարակչութիւնը, քարոզչութիւնը, եւ այլն կու գան ամբողջացնելու զայն:
Ոմանք հավանաբար ազդուած արեւմտեան քարոզչութենէն Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կը նկատեն ահաբեկչական կազմակերպութիւն, մինչ ան եղած է յեղափոխական միակ կազմակերպութիւնը Սփիւռքի տարածքին:
Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը ժամանակաւորապէս սառեցուց իր գործողութիւնները Հայաստանի Հանրապետութեան անկախացումէն եւ Արցախի ազատագրութենէն յետոյ: Այս վերջինին մէջ նկատելով իր նպատակներէն մէկ փոքր մասի` հայկական հողերու արեւելեան կողմի ամբողջական ազատագրումը: Իսկ հողերու արեւմտեան մասի ազատագրումը տակաւին կը մնայ հիմնական նպատակակէտը այս կազմակերպութեան: Ուստի Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը չի լուծարուիր մինչեւ որ չհասնի իր հիմնական նպատակին, որն է ազատագրել Թուրքիոյ բռնակցուած հայկական հողերը:

-Հարցում: 2015 թ.-ի՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ձեր խոսքը՝ հայ ժողովրդին:
Հայ ազգի մէկուկէս միլիոնի եղեռական բնաջնջումին եւ հողերու կորուստն ու հայ մնացորդացի ցիրուցան տարածուիլը տարբեր երկիրներու մէջ կը նկատուին մեր պատմութեան մէջ եզակի իրողութիւն մը, որ չէ պատահած նախապէս: Սփիւռքը վերջաւորութեան ուծացումի պիտի երթայ եւ տկարանայ: Հայը միայն կը յաւերժանայ իր հողին վրայ: Ուստի, ամէն մարզի մէջ (տնտեսապէս, ռազմականօրէն, բազմածնութեամբ, արտագաղթի դէմ պայքարելով,…) զօրացնենք այժմու Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները, որպէսզի յետագային զայն խարիսխ ծառայելով ազատագրենք մնացած հողերը:

-Հարցում: Արդյո՞ք Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին նվիրված ձեր վավերագրական աշխատությունը հետագայում կընդլայնվի հանրության ավելի եւս ծանոթացնելու Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի 40-ամյա գործունեության մասին:

– Բնական է որ 40 տարուայ գործունէութիւնը չի կրնար ամփոփուիլ մէկ կամ քանի մը գիրքերու մէջ: Մանաւանդ իր ծնունդէն մինչեւ 1986 թուական Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը հսկայ պատմութիւն թողած է, որ պէտք է պրպտենք եւ բոլորին ներկայացնենք: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի 39 նահատակները, որոնք հերոսներ են զոհուած Հայկական Դատի վեհ նպատակին համար, իւրաքանչիւրը ունեցած է իր իւրայատուկ գործունէութիւնը եւ ազատագրութեան ճամբուն վրայ իրենց երիտասարդ կեանքը նուիրած են ազգին: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը ունեցաւ իր մեծ դերը Հայկական Հարցի նկատմամբ, որ չէր պատահած նախապէս Սփիւռքի ամբողջ պատմութեան ընթացքին:

Գարիկ Ավետիսյան

«ՕՐԵՐ»

бутони към социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net