hetq.am – Էդիկ Բաղդասարյան

Կենտրոնական բանկը պապանձվել է, պապանձվել է նաեւ կառավարությունը: Գիտե՞ք ինչու, որովհետեւ նրանք մեր երկրի հետ կապ չունեն: Այնտեղ բիզնեսմեններ են նստած, որոնք իրենց բիզնեսը հաջող կայացնելու համար պաշտոններ են զբաղեցրել: Եւ այս պահին նրանք ավելի շատ մտածում են իրենց փողերի մասին: Երկիրը միանգամից չէ, որ հասավ այս օրին, դանդաղ գործընթացը  բոլորիս աչքի առջեւ էր: Այդքան գովերգված բանկային համակարգի հետ ի՞նչ պատահեց, ինչու՞ չեք ասում, որ բանկերը իրականում լոմբարդներ են, որ նրանք տնտեսության հետ կապ չունեն, նրանք տնտեսությունը զարգացնելու համար չէին ստեղծվել: Նրանք ստեղծվել էին Հայաստանի քաղաքացիներին թալանելու համար:

Ընկերս ասում է՝ հենց հիմա թալան է գնում, մեկ դոլարը 560 դրամով է գնել: Բանկերը չեն վաճառում դոլար,  բայց  սեւ շուկայում վաճառողներ կան: Կես ժամ զրուցելով սուրճ ենք խմում, այդ ընթացքում ընկերոջս զանգում-ասում են, որ սեւ շուկայում դոլարը դարձավ 600 դրամ:

Մի ոչ հրապարակային հանդիպման ժամանակ բանկերից մեկի սեփականատերերից մեկը, ով հասարակության մեջ դրական իմիջ ունի, ինձ ասաց, որ բանկերը լոմբարդներ են իրականում: Ինքը նախ իր բանկի մասին էր ասում: Ես աչքերս չռած լսում էի նրան՝ այդ ինտելեկտուալին եւ կարկամած ասում՝ չէ՞ որ բանկերը բիզնես ծրագրեր պիտի իրականացնեն,  գործարարների ներկայացրած բիզնես ծրագրերը նկատի ունեի: Նա ասաց` դու արդարության տեսանկյունից ես մոտենում հարցին: Ես հասկացա, որ հետ եմ մնացել մարդկային այդ տեսակների հետ շփումից, իմ շրջապատում լոմբարդային մտածողությամբ մարդիկ չկան, գուցե դժբախտաբար:

Իշխող Հանրապետական կուսակցությունը հիմա Հայաստանի քաղաքացիներին զբաղեցնում է իր գաղափարական թեւի առաջնորդներով` Շմայսով, Թոխմախի Մհերով կամ ականջ կտրող գեներալով:

Հետո՞, հետո՞ ինչ են անելու: Հայաստանի քաղաքացիների հետ ինչ-որ մեկը խոսելո՞ւ է, ինչ-որ մեկն ասելու՞ է, թե ինչ է կատարվում բանկերում, ազգային արժույթի հետ: Թե՞ հենց այսպես էլ պիտի թողնեք հոսի պատմությունը: Սերժ Սարգսյանն ասելիք չունի՞ իր կառավարությանը, Կենտրոնական բանկին, Հայաստանի քաղաքացիներին, թե՞ ամեն ինչ ավարտվում է Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի ամենշաբաթյա նիստերում: Ի՞նչ կապ ունեն այդ նիստերը Հայաստանի քաղաքացիների հետ․Հայաստանը ուրիշ տեղ է, գուցե հիմա իջնեք այդ երկիր։

Հ.Գ. Հենց այս պահին հաղորդագրություն ստացա «Իմպերիալ պալաս» չորսաստղանի հյուրանոցի ռեստորանից` Ամանորն իրենց մոտ դիմավորելու ընդամենը 20 հազար դրամով: Այս հյուրանոցը հաստատ ինչ-որ պաշտոնյայի է պատկանում, այդքան էլ կարեւոր չէ` ում, ահա սրանով են զբաղված մեր պաշտոնյաները` իրենց սեփական բիզնեսով:

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert