Մեր ժողովրդի հարստությունն ինչո՞ւ է  գաղտնի պահվում ժողովրդից«Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն է» (ՀՀ Սահմանադրություն, հոդված 1)։
«Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն»։ «Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը» (հոդված 6)։
«Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը» (հոդված 10)։
«Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով անկախ պետական սահմաններից» (հոդված 27)։
«Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար» (հոդված 33.2)։
«Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներն են՝
9) նպաստել գիտության և մշակույթի զարգացմանը,
10) իրականացնել ներկա և ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականություն» (հոդված 48)։
Այժմ տեսնենք, թե ինչպես են պահպանվում ՀՀ Սահմանադրության վերը նշված պահանջները ՀՀ լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում։
Հայաստանի Հանրապետությունում դեռևս շատ վաղ ժամանակներից, այնուհետև ԽՍՀՄ տարիներին և ՀՀ անցած 20-23 տարիներին շահագործվել և ժամանակավորապես պահարկվել են 6, շահագործման են պատրաստվում 8 և այժմ շահագործվում են 10 մետաղական (պղնձամոլիբդենային, պղինձ-հրաքարային, ոսկի-բազմամետաղային, ոսկի-սուլֆիդային և այլ) հանքավայրեր։ Չունենալով մետալուրգիական գործարաններ Հայաստանի Հանրապետությունը միջազգային շուկա է մտնում կիսաարտադրանքներով՝ մետաղների խտանյութերով, որոնց վաճառքի ժամանակ գնահատվում են միայն հիմնական օգտակար տարրերը և այն էլ համարյա կես գնով։
Խտանյութերի ստացման ժամանակ կիրառվող հանքահարստացման տեխնոլոգիաները չեն ապահովում հիմնական և դրանց հետ հարակից տարածված շատ թանկարժեք հազվագյուտ տարրերի բարձր տոկոսներով՝ համաշխարհային չափանիշների մակարդակի (94-95 %-ով) կորզումները, ինչի պատճառով էլ բնական միջավայր՝ պոչամբարներ է թափվում հիմնական և հարակից օգտակար տարրերի 20-30, երբեմն էլ դրանից ավելի տոկոսը (պոչամբար թափվող օգտակար տարրերի մեծ մասը ծանր մետաղներ ու թունավոր տարրեր են, որոնք խիստ վտանգավոր են կենդանական աշխարհի համար։ Դրանք, անցնելով մարդկանց օրգանիզմ, առաջացնում են թունավորումներ և ծանր հիվանդություններ, շատ ու շատ դեպքերում բերելով մահացության)։
ՀՀ ԱԺ-ն ընդունել և հաստատել է ՀՀ ընդերքի մասին 3 օրենսգիրք, որոնց մեջ կան հոդվածներ, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրության պահանջներին։ Այսպես, օրինակ (անդրադառնանք 28.08.2011 թ. ընդունված օրենսգրքին).
Հոդված 12-ի, կետ 1-ում գրված է «Ընդերքի երկրաբանական կառուցվածքի, ընդերքում պարունակվող օգտակար հանածոների, հանքավայրերի երկրաբանական տվյալների, պաշարների չափի, վերամշակման պայմանների… վերաբերյալ տեղեկությունները, որոնք պարունակվում են երկրաբանական հաշվետվություններում, քարտեզներում, երկրաբանական փաստագրման և այլ նյութերում, հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունն անկախ դրանց ստացման ֆինանսավորման աղբյուրներից», իսկ հոդված 13-ի 2-րդ կետը՝ «Ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում ընդերքօգտագործողի ստացած երկրաբանական տեղեկությունը չի կարող բացահայտվել առանց ընդերքօգտագործողի համաձայնության։ Լիազոր մարմինը պարտավոր է ապահովել երրորդ անձանցից երկրաբանական տեղեկության գաղտնիությունը դրա կուտակման, արձանագրման, պահպանության, փոխանցման և օգտագործման ընթացքում»։ Ի՞նչ գաղտնիության մասին է խոսքը։
Չակերտներում գրվածը (հոդված 13-ի 2-րդ կետի բովանդակությունը) բնական պաշարների և էներգետիկայի նախարարության աշխատակիցներից յուրաքանչյուրը յուրովի է հասկանում և յուրովի էլ մեկնաբանում է, արգելելով ստանալ մեզ անհրաժեշտ տեղեկությունը (այսպես, օրինակ. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար պարոն Կ. Ղահրամանյանի ստորագրությամբ մեզ ուղարկված պատասխանում «գաղտնիության» սահմանափակման տակ է առնվել՝
-թողարկված խտանյութերի քանակներն ըստ օգտակար տարրերի,
-խտանյութերում օգտակար տարրերի քանակները, պարունակությունները և կորզումները,
-օգտակար տարրերի սկզբնական պարունակությունները մշակված հանքաքարերում)։
Ի՞նչ է սա, եթե ոչ անհեթեթություն (օգտակար տարրերի սկզբնական պարունակությունները կան երկրաբանական բոլոր հաշվետվություններում։ Գիտե՞ արդյոք այս մասին պատասխան պատրաստողը)։
Հենց միայն այս՝ հոդված 13-ի, անհեթեթ պահանջներից ելնելով էլ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցներին չեն տրամադրվում շահագործվող հանքավայրերի տարեկան հաշվետվությունները։ Ինձ անձամբ հետաքրքրում է, թե ինչպես են շահագործվում մեր ժողովրդին պատկանող բնական հարստությունները, որքա՞ն հանքաքար է արդյունահանվում մեր ամբողջ ժողովրդին պատկանող հանքավայրերից, ինչպե՞ս են կորզվում օգտակար տարրերը, որոնք պոչամբարներում դառնում են թունավոր ու խիստ վտանգավոր մեր ժողովրդի համար։ Ո՞ր իրավունքով են զրկում մեր ժողովրդին տեր կանգնելուց իր հարստությանը։ Ինչո՞ւ են խախտվում իմ սահմանադրական իրավունքները «տեղեկություններ ստանալու» ինձ և ինձ նման ավելի քան 2,8 մլն քաղաքացիներին պատկանող օգտակար հանածոների հանքավայրերի հետ կամայականորեն վարվելու մասին։ ԽՍՀՄ տարիներին, հաշվետու տարվա ավարտից հետո, շահագործվող բոլոր հանքավայրերից Հայաստանի գունավոր մետալուրգիայի վարչություն էին ուղարկվում 5չՐ ձևի հաշվետվություններ, որտեղ կային շահագործման հետ կապված բոլոր տեղեկությունները՝ արդյունահանված և մշակված հանքաքարերի քանակների, օգտակար տարրերի պարունակությունների, ստացված խտանյութերի քանակների և դրանցում օգտակար տարրերի պարունակությունների և վերջիններիս կորզումների, հանքավայրերի շահագործման սկզբից մինչև տվյալ տարին արդյունահանված հանքաքարերի ընդհանուր քանակի, հանքավայրում մնացած պաշարների և դրանցում օգտակար տարրերի պարունակությունների վերաբերյալ։ Գունավոր մետալուրգիայի վարչությունը վերահսկում էր հանքավայրերի արդյունավետ և ճիշտ շահագործումը, չնայած կային և որոշակի շեղումներ։ Այժմ չկա ոչ մի վերահսկում։ Ով ինչպես կամենում է, այնպես էլ շահագործում է։ 5չՐ ձևի հաշվետվությունները կարող են համարվել միայն ծաղրի առարկա։ Հանքավայրերի ընդերքից ով որքան ցանկանում է, այնքան էլ արդյունահանում է։ Հանքավայրեր, որոնք ԽՍՀՄ տարիներին նախատեսված և տեխնիկատնտեսական հաշվարկներով հիմնավորված էին շահագործել 50-100 տարի, այժմ շահագործվում են արագացված թափով (հաշվարկ է ընդունված 5-10, բացառիկ դեպքերում՝ 15-20 տարի)։ Անտեսվել են ապագա սերունդների իրավունքները։ Ո՞Ւր մնացին ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի պահանջները։ Բերենք մի քանի օրինակ. ԽՍՀՄ-ի վերջին տարիներին կազմված տեխնիկատնտեսական հիմնավորման համաձայն` Քաջարանի հանքավայրի ընդերքից նախագծված էր տարեկան արդյունահանել և մշակել 9 մլն տ հանքաքար, որի պարագայում հանքավայրը կարող էր շահագործվել ավելի քան 200 տարի (հիշենք, որ այդ հանքավայրի հումքային հենքի վրա է կառուցվել Քաջարան քաղաքը, որի ավելի քան 20 հազար բնակչությունը այլ զբաղմունք և ապրուստի միջոց ունենալ չի կարող, եթե չլինի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը)։ Այժմ, Զանգեզուրի կոմբինատի ապապետականացման հետ կապված, այդ հանքավայրի ընդերքից տարեկան արդյունահանվում և մշակվում է 20 մլն տ հանքաքար (դա էլ 2,22 անգամ կրճատում է ձեռնարկության կյանքի տևողությունը)։ Կանցնի մի քանի տարի, և այդ հանքավայրի ընդերքից կարդյունահանվի 45-50 մլն տ հանքաքար (ինչպես ծրագրել էր պարոն Կարեն Ճշմարիտյանը), և այդ պարագայում 40 տարի հետո Քաջարան քաղաքի բնակչությունը, չունենալով ապրուստի միջոց, կարող է լքել հայրենի տարածքը՝ ո՞ւր։
Հայաստանի կառավարությունն ինչո՞ւ է թույլատրում նման կամայականություն։
Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքից նախագծված էր տարեկան արդյունահանել 300 հազար տ հանքաքար և հանքավայրի շահագործումն էլ կատարել ստորգետնյա քիչ վտանգավոր եղանակով։ Այժմ այդ հանքավայրի շահագործման իրավունքը ստացած ընկերությունը պատրաստվում է հանքավայրը շահագործելու բաց հանքի եղանակով և, թքած ունենալով Կապան քաղաքի բնակչության առողջական վիճակի վրա, այդ հանքավայրի ընդերքից տարեկան արդյունահանել մեկ մլն տոննա հանքաքար։ Այդ պարագայում Շահումյանի հանքավայրը կշահագործվի 10-11 տարի, և օտարները տեսնելով Կապան քաղաքի բնակչության վիճակը, կգոչեն. «Այստեղով թուրքն է անցել»։
Նույն վիճակում է Սոթքի ոսկու հանքավայրը, նույն վիճակում էլ կլինեն Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը և մյուսները, որոնք պատրաստվում են շահագործման։
Գիտե՞ն արդյոք Հայաստանի կառավարող այրերը, թե որտեղ են կուտակվելու մակաբացման ապարներն ու հանքահարստացման պոչանքները նշված հանքավայրերի նշված չափերով շահագործման պատճառով, և ի՞նչ է լինելու Հայաստանի բնակչության վիճակը 20-30 տարի հետո։ Ո՞Ւր մնացին ՀՀ Սահմանադրության 10-րդ և 48-րդ հոդվածների պահանջները։
Անհրաժեշտ եմ համարում նշել, որ մեր բարի և բերրի բնությունը օգտակար հանածոները մասնիկ առ մասնիկ հավաքել ու կուտակել է մեր բնաշխարհի տարբեր մասերում միլիոնավոր տարիների ընթացքում, իսկ մենք ցանկանում ու գործում ենք այն մղումով, որ բնության կողմից մեր ժողովրդին անվճար պարգևած հարստությունները բարբարոսաբար ու թալանչիական եղանակներով շահագործելով և դրա մեծ մասն էլ «քամուն տալով» 20-30, բացառիկ դեպքերում դրանցից քիչ ավելի տարիների ընթացքում «չորացնենք» մեր հայրենիքի ընդերքը և ապագա սերունդներին թողնենք ծանր մետաղներով ու թունավոր տարրերով լեցուն պոչամբարներ ու լցակույտեր։ Ինչո՞ւ է այդպես, ինչպե՞ս են ապրելու մեր սերունդներն այս հայրենիք կոչված տարածքում։ Ո՞վ կարող է պատասխանել իմ հարցերին։
Հանքավայրեր շահագործող ձեռնարկություններից չպահանջելով 5չՐ ձևի հաշվետվության ամբողջական տրամադրումը և դրանք մեր ժողովրդին, հատկապես բանիմաց մասնագետներին միտումնավոր չտրամադրումը մեզ բերում է այն համոզմունքին, որ «պաշտոնատար անձինք», խախտելով ՀՀ Սահմանադրության թիվ 33.2 հոդվածի պահանջները, մեր ժողովրդից թաքցնում են ժողովրդին սպառնացող վտանգները՝ պոչամբարներ թափվող «թույնի» քանակն ու որակը։
Անհրաժեշտ է անհապաղ «Ընդերքի մասին օրենսգրքից» հեռացնել (հանել) թիվ 13 հոդվածի 2-րդ անհեթեթ կետը։
Օգտակար հանածոների հանքավայրերը պետական բացառիկ սեփականության առարկա են, հետևապես, համաժողովրդական սեփականության առարկա և այդ պարագայում մեր ժողովրդից ոչինչ և ոչ մի տեսակի գաղտնիք լինել չի կարող։
Հայցում եմ Ձեր միջամտությունն ու օգնությունը, որպեսզի բնական պաշարների և էներգետիկայի նախարարության համապատասխան աշխատակիցներն ինձ տրամադրեն պահանջվող բոլոր նյութերը և չխոչընդոտեն իմ կողմից կատարվող աշխատանքներին։

Հրաչյա ԱՎԱԳՅԱՆ
Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր

www.irates.am

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert