hetq.am -Երանուհի Սողոյան
Անթերի վարկային պատմություն ունենալը ներկայում գյուղացու համար ավելի է կարևորվում, քան սեփական կենսագրությունը: Հումորով շաղախված այս ճշմարտությունը բարձրաձայնում են Շիրակի մարզի Ջրառատ համայնքում: «Սեւ ցուցակում» հայտնվելու վախը նրանց ստիպում է օգտվել բանկային «կարուսելից»՝ մեկից վերցնելով փակել մյուսի պարտքն ու շատ դեպքերում մնալ ձեռնունայն: Սա եւս այն պարզ ճշմարտություններից մեկն է, որը հանրայնացնելուց գյուղացին այլեւս չի խուսափում: «Սաղ գիտեն, կառավարությունն էլ գիտե, բանկերն էլ գիտեն, օր էդ ձեւով ենք վարկերը փակում»,-անկեղծանում է Ջրառատի բնակիչ Մկրտիչ Մանուկյանը:
Նորաստեծ Հայ գյուղացիական փոխօգնության բանկի (այժմ՝ ԱԿԲԱ)` Ջրառատում 1996-ին ձեւավորված միավորման առաջին անդամներից է Մկրտիչ Մանուկյանը: Պատմում է, որ «փոխօգնություն» անվան տակ հանդես եկող կառույցն առաջին 4 տարիներին իրականում արդարացրել է գյուղացիների հույսերը: Ճիշտ է, բավական բարդ գործընթաց էին անցնում՝ երաշխավորներ, գրավադրման համար պիտանի տուն, տրանսպորտային միջոցի կամ գյուղտեխնիկայի ապահովում, ստացած գումարն էլ չէր գերազանցում 1000 ԱՄՆ դոլարը, սակայն նպատակային էր ծախսվում:
«Էն վախտ 600 դոլար կուտային, ամենաշատը՝ 1000 դոլար, բայց էդ տվածն էլ լրիվ կդնեինք գործի մեջ,-ասում է Մ. Մանուկյանը,-սաղն էլ գիտեն, օր գյուղատնտեսությունը ռիսկային է: Մարդիկ չիդեն, թե էդ տարին իրանց գլխին ինչ գուկա: Կարծեմ 1999 թիվն էր, ԱԿԲԱ-ից վարկը վերցրինք, անասուն առանք, ու մսի գինն ընկավ մինչեւ 600 դրամ: Մինչեւ էդ տարվա վարկը փակվանք, հոգիներս դուրս եկավ»:
Գյուղապետարանի մոտ հավաքված տղամարդկանցից զրույցին միանում է Միշա Գալոյանը: Նա էլ, ինչպես Մկրտիչը, Ջրառատի ամենահին վարկառուներից է: Ներկայում վարկային պարտավորություն ունի 4 բանկում: Վերցրել է թե գյուղատնտեսական նշանակության, թե սպառողական վարկ: Չի համակերպվում հատկապես «Սեֆ» վարկային կազմակերպության գործունեության հետ:
«Եթե «Սեֆ»-ից անհատական վարկ ես ուզում, ուրեմն բդի անպայման երեք հոգի երաշխավոր տանիս՝ իրանց տան սեփականաշնորհման վկայականներով հանդերձ: Ու եթե հանկարծ ստացվի, օր ես չկրնանամ վարկը փակել, կրակը բդի ընգնին էդ երեքը, մեկ էլ տեսար մարդկանց տներն էլ ձեռքերից առան,-նեղսրտում է Միշա Գալոյանը,-ըդուր համար էլ լավ կեղներ, եթե գյուղատնտեսությունը ապահովագրեին: Ես, օրինակ, պատրաստ եմ տալու էդ ապահովագրության գումարը: Թե չէ ինչ էր մեր վիճակը էս ամառ: Կարկուտը սաղ բերքը տարավ, մնացինք շվարած, թե ինչ եկամուտով բդի փակենք բանկից վերցարծ փողը»:
Հուլիսյան կարկտահարությունից շվարած գյուղացիների գլխին սառը ջուր մաղեց նաեւ Ռուսաստանում թափ առած ռուբլու ինֆլյացիան: Ջրառատ գյուղից ամեն տարի 350-ից 400 տղամարդ մեկնում է արտագնա աշխատանքի: Դրսից ուղարկվող գումարները հիմնականում ուղղվում են վարկերի մարմանը: Այս աշուն գյուղ վերադարձածների 90 տոկոսը որպես աշխատավարձ ստացած ռուբլին դրամով փոխանակելու փոխարեն վարկ է վերցրել բանկերից:
Հայկանուշ Գալստյանի ամուսինն ու երկու տղան ամեն տարի մեկնում են Մոսկվա՝ արտագնա աշխատանքի: Անցյալ տարի տղաներից մեկին արտաքսել էին՝ զրկելով առաջիկա 5 տարին ՌԴ տարածք մուտքի արտոնությունից: «Խոպան» մեկնած մյուս տղան եւ ամուսինն էլ վերադառնալուն պես վարկ են վերցրել բանկից՝ խուսափելով բերած ռուբլին դրամով փոխելու մտքից:
«Ախր 1000 ռուբլու մեջ 4 հազար դրամ կտուժինք,-բացատրում է Հայկանուշը,-հմի օր կփոխեն՝ 8 հազար դրամ կուտան, իսկ առաջ 12 հազար դրամ կկազմեր հազար ռուբլին: Երկու հարսիս ու իմ ոսկեղենն արդեն 4-5 տարի է` բանկերն է գրավադրած, մեկ մլն դրամի վարկ ունենք վերցրած, մենակ կհասցնենք տոկոսները մարենք, օր հանկարծ ոսկիները չկորին: Բացի դրանից` 1,5 մլն դրամ էլ «Պրոկրեդիտից» ենք վերցրել, օր կրնանանք գործ էնենք, ապրինք, մինչեւ գարունը բացվի, տան տղամարդիկ էրթան խոպան»:
Նույն կերպ են վարվել նաեւ Գեւորգյանների ընտանիքում: Սիլվարդ Գեւորգյանը թվարկում է բոլոր 5 բանկերը, որտեղից իրենք վարկ ունեն վերցրած: Չի ժխտում, որ այդ վարկերի մի մասն է գյուղատնտեսական նշանակության, ունեն նաեւ սպառողական վարկեր: Ասում է. «Տարին կլոր աշխատում ենք էդ վարկերը փակելու վրա, ուրիշ ճար չկա ապրելու, չվերցնենք, հետո ի՞նչ ձեւով ապրինք»: Այս ընտանիքի տղամարդիկ եւս «խոպանից» վերադառնալուց հետո չեն համարձակվում բերած ռուբլին փոխանակել դրամով՝ մտածում են գուցե հետագայում ռուբլի-դրամ հարաբերությունը կարգավորվի, եւ իրենք հնարավորինս քիչ տուժեն: Որպես միակ լուծում ծագած խնդրի՝ վարկ են վերցրել բանկից:
«Իսկ եթե ինֆլյացիան շարունակվի՞»,- հարցնում եմ հավաքվածներին: Տղամարդիկ հուսահատ թափահարում են ձեռքերը. «Դե եղավ, օր կրկնակի բդի տուժվինք կամ հավիտյանս դառնանք բանկերի գերին,- ասում է Մկրտիչ Մանուկյանը,-ես մե բանըմ ըսեմ. նախքան էդ որ բանկերը չկային, մեր ժողովուրդն ավելի լավ կապրեր, քան որ բանկերը հայտնվան: Բանկերն ի հայտ էկան, մարդկանց գրպանները դարդկվան: Հըմի էլ առանց իրանց չենք կրնա յոլա էրթանք»:
Դարբինյան Գոհարը Ջրառատի միջնակարգ դպրոցում մանկավարժ է աշխատում: Դարբինյանները վարկ ունեն 5 բանկից: «Տասը տարի է` վարկ ենք վերցնում բանկերից՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար, իհարկե` նաեւ սպառողական,-ասում է Գոհար Դարբինյանը,-ես ստացածս 57 հազար դրամ աշխատավարձը տուն չեմ բերում, ստանում եմ ու անմիջապես գնում եմ բանկերի տոկոսները մարելու»:
297 տնտեսություն ունեցող Ջրառատում 100-ից ավելի վարկառու կա: Ախուրյանի տարածաշրջանի լեռնային այս բնակավայրը 1996-ին երկրորդ համայնքն էր, որտեղ ԱԿԲԱ-ն ստեղծեց գյուղացիական փոխօգնության միավորում: Ինչու՞, ո՞ր արժանիքների համար էր առաջիններից մեկն ընտրվել գյուղատնտեսության առումով հատկապես բարձր ռիսկայնություն ունեցող այս համայնքը:
«Հենց դրա համար էլ ընտրվել էինք, որ ռիսկային էինք ու աղքատ, -ասում է Ջրառատի համայնքապետը,-մենք գյուղական վարկերից օգտված առաջին համայնքներից մեկն ենք: Հարուստ գյուղերը շատ ուշ միացան, հիմա համատարած բոլորն էլ բանկերի դռանն են: Երբ առաջարկն եղավ «Հայգյուղփոխբանկից», մենք շատ արագ արձագանքեցինք, նախ որովհետեւ նորություն էր, էն ժամանակ ո՞վ էր գյուղացուն փող տվողը, եւ հետո խոստումներ հնչեցին, թե տարիների ընթացքում տոկոսադրույքները կիջնեն: Իհարկե, առաջին 4 տարվա մեջ իջավ մինչեւ 16 տոկոս, հետո մարդիկ ընկան պարտքերի մեջ, չկարողացան գումարները ժամանակին փակել, խնդիրներ եղան ու էդպես էլ իրանց խոստացած շատ ցածր տոկոսադրույքները չեղան»:
Ծովի մակերեւույթից մոտ 2000 մետր բարձրության վրա գտնվող լեռնային այս գյուղում բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ, որ սերտորեն փոխկապված են: Եթե հողը չմշակեն, եթե անհրաժեշտ անասնակեր չկարողանան ապահովել, ապա իմաստ չի ունենա նաեւ անասնապահությամբ զբաղվելը: Գյուղի 1400 հա վարելահողերն անջրդի են: Ոռոգման համակարգ այս գյուղում չկա՝ հույսը բնության ուղարկած անձրեւն է:
Ջրառատում տարածված մի խոսք կա, թե կարկուտը սով չի բերում, երաշտն է սով գցում ժողովրդի մեջ: Սակայն այս տարվա հուլիս ամսին տեղացած կարկուտը հակառակն ապացուցեց: «6 հազար հա տարածք ունենք, էդքանի վրա էլ կարկուտն եկավ: Գյուղացին ընդհանրապես չկարողացավ ոչ ցորենի բերք հավաքել, ոչ էլ նորմալ անասնակեր: Մի հատ խոսք կա չէ՞, ասում են` կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Ուրեմն կարկուտն եկավ էն ժամանակ, երբ բանկերում գյուղացին պիտի մարում անի մայր գումարից տոկոսներով: Դե հիմի պատկերացրեք ջրառատցու վիճակը»,-նկատում է համայնքապետ Ահարոն Ոսկանյանը:
Գյուղատնտեսական նշանակության վարկեր Ջրառատում վերցրել էր 45 հոգի՝ ընդհանուր առմամբ 50 մլն դրամի եւ 15 հազար ԱՄՆ դոլարի պարտավորություն: Գումարի առյուծի բաժինը պատկանում էր ԱԿԲԱ-ին: Հույսը, թե կառավարությունը կհորդորի բանկերին ժամանակավորապես սառեցնել գումարները՝ չարդարացան: Դրա փոխարեն բանկային կառույցներից առաջարկ հնչեց արագ կարգով մարել՝ «սեւ ցուցակ»-ում չհայտնվելու համար:
«Մեզ խոստացան բանկից, որ եթե մենք հավաքենք ու գումարը փակենք, իրենք էլ երկու օրվա մեջ այդ գումարները նորից մեզ կվերադարձնեն,-պատմում է Ջրառատի համայնքապետը,-գյուղովի հավաքեցինք՝ ում տանը ինչքան գումար կար, տարանք մուծեցինք, իրանք էլ ապրեն, իրանց խոսքի տերն եղան, երկու-երեք օր հետո էդ գումարը վարկի ձեւով հետ տվեցին: Մարդիկ բերին, պարտքերը հետ տվեցին ու էլի դատարկ նստեցին: Էսօր բանկից գումար վերցնելն էլ է կրակ, չվերցնելն էլ: Օր չկա, որ գյուղապետարանում բանկերին ուղղված 3-4 հոգու համար դիմում չգրվի»:
Ահարոն Ոսկանյանի համոզմամբ` բարձր տոկոսներով մեծ գումարներ վերցնելն է պատճառը, որ գյուղացին տուժող է դուրս գալիս վարկառու-բանկ հակամարտությունից: Վերցրած գումարը ոչ բոլորն են նպատակային օգտագործում, պակաս դերակատարություն չունեն նաեւ բնության տհաճ անակնկալները:
«Նախկինում, երբ գումարները սահմանափակ էին, գյուղացին էլ գիտեր որ կողքից ուրիշ ծախսեր չպիտի անի: Հիմի մեծ գումար են վերցնում՝ հույսը դնում խոպանի վրա, որովհետեւ իրականում գյուղատնտեսությունն էլ իրեն չի արդարացնում: Վարկը վերցնում են, որ ինքնաթիռի տոմս առնեն, մի քիչ ծախսի փող թողնեն, որոշ գումար էլ գյուղատնտեսական սկզբնական աշխատանքների համար ու գնում են խոպան, որ աշխատեն էդ նույն վարկը փակեն: Սա է իրականությունն էսօր գյուղերում»,-զրույցը եզրափակում է Ահարոն Ոսկանյանը:
Իսկ ջրառատցի Մկրտիչ Մանուկյանն ի լուր բոլորի երդվում է. «Մի հատ բանկի վարկ է մնացել, էդ էլ փակվիմ ու կերդվիմ, օր էլ բանկերի հետ գործ չբդի բռնեմ»: