Դրամի արժեզրկման վերաբերյալ Կենտրոնական բանկի՝ արդեն երկրորդ հայտարարությունը ցույց է տալիս, որ խուճապային տրամադրությունները՝ կապված Հայաստանում ռուսական ընկերությունների վնասակար գործունեության հետ, լուրջ հիմքեր ունեն։

Այսպես, Հայաստանում գործող ռուսական խոշոր ընկերություններն իրենց եկամուտները ստանում են դրամով։ Այդ ընկերությունների մայր ընկերությունները, միաժամանակ, ծանր վիճակում են հայտնվել՝ ռուբլու արժեզրկման ու իրենց բաժնետոմսերի գների նվազման պատճառով։ Արդյունքում ռուսական խոշոր ընկերությունները դոլարի խիստ կարիք ունեն։ Այստեղ օգնության է գալիս Հայաստանի խեղճ ու կրակ, փոքրիկ շուկան։ Քանի որ դրամը ռուբլու համեմատ քիչ է դեռ արժեզրկվել, Հայաստանում դրամով եկամուտներ հավաքող ռուսական ընկերությունները սկսել են արագ փոխել այդ դրամը դոլարի ու հանել երկրից։ Սա դեռ քիչ է, խնդիրը կարող է խորանալ այն բանից, որ ռուբլու պաշտոնական կուրսը (մոտ 50 ռուբլի՝ 1 դոլարի դիմաց) չի արտացոլում դրա շուկայական արժեքը (պետք է լիներ, ասենք, 55 կամ 60 ռուբլի՝ 1 դոլարի դիմաց) և Ռուսաստանում հնարավոր չէ ցանկալի ծավալի փոխարկումներ անել (սահմանափակումներ են դրվել)։ Ուստի եթե անգամ Հայաստանում տվյալ ռուսական ընկերությունը մասնաճյուղ չունի, կարող է ռուսական ռուբլին բերել Հայաստան, պաշտոնական կուրսով վերածել դրամի ու դոլարի, հետո դարձյալ տանել երկրից։

Եթե Հայաստանի Կենտրոնական բանկն ու իշխանությունը չկարողանան խոչընդոտել այս գործընթացին, դրամը կարժեզրկվի ճիշտ այնքան, որքան ռուբլին արժեզրկվեց, ընդ որում՝ ոչ թե արժեզրկման պաշտոնական թվի չափ (ավելի քան 40 տոկոս), այլ ոչ պաշտոնականի չափ։

Կենտրոնական բանկի խուճապը, սակայն, միայն սրանով չէ, որ պայմանավորված է։ Իրականում նրա պահուստները բավականին քիչ են, ինչքան էլ որ պաշտոնապես հակառակի մասին հայտարարվի։ Այսպես, մեր ԿԲ համախառն միջազգային պահուստները հոկտեմբերի վերջի դրությամբ մոտ 1.67 միլիարդ դոլար էին, որից մոտ 1.2 միլիարդ դոլարին ԿԲ-ն չի կարող ձեռք տալ, քանի որ այդքանը պետք է Հայաստանի ներմուծման 3 ամսվա ծածկույթն ապահովելու համար։ Եթե անգամ մեր ԿԲ-ն փորձի կպնել այդ 1.2 միլիարդին, Արժույթի Միջազգային Հիմնադրամը պարզապես կկանխի դա։ Հետևաբար մնում է 470 միլիոն դոլար (1.67-1.2=0.47)։ Եկող տարվա ընթացքում նախատեսվում է, որ մեր ԿԲ-ն կհամալրի իր պահուստները մոտ 80 միլիոն դոլարով և մոտ 40 միլիոն դոլար կծախսի սպասարկման համար։ Դառնում է 510 միլիոն դոլար։ Դրանից մոտ 91 միլիոն դոլարը ԿԲ-ն կորցրեց միայն վերջին 1 ամսում։ Անցած շաբաթ ԿԲ-ն ավելի քան 33 միլիոն դոլար վաճառեց արտարժույթի շուկայում, ինչը, ի դեպ, աննախադեպ մեծ գումար է 2010 թվականից ի վեր։ Դրան նախորդող 3 շաբաթների ընթացքում ԿԲ-ն վաճառել էր 58 միլիոն դոլար։ Այսպիսով՝ ԿԲ-ի տրամադրության տակ, իրականում, կա ընդամենը մոտ 420 միլիոն դոլար։ Եթե ԿԲ-ն շարունակի նույն տեմպերով իր պահուստներից վատնել դրամի արժեզրկման չափի դեմն առնելու համար, մի քանի ամսից պարզապես կսպառի իր ամբողջ պահուստները ու կկանգնի կոտրած տաշտակի առաջ։ Հենց այս քիչ ծավալն էլ ԿԲ-ի խուճապի մյուս պատճառն է։

Հրայր Մանուկյան

newsline.am

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert