«Այլևս լռելը հանցագործություն է»

Բաց նամակ Հայաստանի հանրապետության նախագահ՝ Պարոն Սերժ Սարգսյանին

Մեծարգո Պարոն Նախագահ,

Այդ երեք տարի առաջ էր, դուք Ձեր մի հարցազրույցում, անդրադառնալով մամուլում հայտնված հայկական բանակին վերաբերող որոշ լուրերին, ասում եք՝ «ես հպարտանում եմ մեր բանակով»:

Ինչ խոսք, կյանքը Ձեր նկակտմամբ ավելի բարյացակամ է գտնվել և դուք Ձեր այլևայլ շնորհքների, կարողությունների պատճառով, դարձել եք Հայաստանի Հանրապետության նախագահ, նաև ի-պաշտոնե, հայկական բանակի գլխավոր հրամանատար և շատ ավելի լավ պետք է իրազեկ լինեք, թե ի՞նչ  է կատարվում հայկական բանակում, թե որքա՞ն են իրականին համապատասխանում նման ասեկոսները, որոնցից, Ձեր ասելով, դուք զզվում եք: Դուք իրավունք ունեք, ոչ միայն դուք, այլև յուրաքանչյուր հայ պետք է հպարտանա հայկական բանակով, ավելի շուտ այն անձնազոհության պատրաստ մարդկանցով, որոնցից մեկն էլ դուք էիք, որ ստեղծեցին այդ բանակը և դեռ լրիվ չկազմակերպված, Արցախում նման փայլուն հաղթանակ տարան: Ու նաև ամեն մի հայ պետք է նաև զզվի չարակամ մարդկանցից և բանակի հեղինակությունը վնասող, ստահոգ լուրեր տարածողներից: Այստեղ ոչ ոք Ձեզ առարկել չի կարող, բայց յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում, հասարակությունը իրավունքն և պահանջն ունի, ճշմարտությունը լսել, իրավունքն ունի իր պատգամավորների միջոցով, հարցումներ ուղղել պետական համպատասխան կառույցներին և ազնիվ, ճշմարիտ պատասխան ստանալ: Միայն այդ պարագայում է, որ կլռեին չարակամները, կվերանային ասեկոսները, այնինչը Հայաստանում հնարավոր չէ անէլ և չի արվում:

Ի՞նչ կասեք դրան, սա հո բամբասանք չէ, սա հո չարակամ մարդու  ասեկոսներ չեն:

-Իրականում դուք նման պայմանների բացակայությունից պետք է զզվեիք:

-Պետք է զզվեիք այն մթնոլորտի առկայությունից՝

-ուր, առողջ, շինիչ, ազատ քննադատական խոսքը տորբետահարվում է.

-ուր, միայն զոռբաները՝ ասելու, ապրելու, կառուցելու, երկրի հարստություններին տիրանալու իրավունք ու հնարավորություն ունեն.

-ուր, այնպիսի աղաղակող սոցիլական ճնշում ու կարիք գոյություն ունի, որ հայ կանայք այլ ելք չեն տեսնում, բացի լքել ամեն ինչ, ամենին՝ հայրենիք, ազգ, երեխա, ընտանիք, պատիվ և Թուրքիա ու այլ երկրներ մարմնավաճառության գնալ:

Դուք պետք է զզվեիք՝ երկրում ազատ խոսքի բացակայության, իշխանությունների ոչ թափանցիկ  քաղաքականության և իհարկե նաև ոչ անկախ դատարանի և ի-վերջո ոչ անկախ գործադիր մարմինների առկայության պատճառով: Որպեսզի աշխատավորների, խեղճերի, թույլերի, անօգնակաների, կարիքավոր երեխաների, մայրերի և ծերունիների աղաղակները և օգնության կանչերը մինչև երկինք չհասնեին: Որպեսզի երկիրը չդատարկվեր, որպեսզի գյուղացիները մասսայաբար չլքեին այն հողը, ուր նրանց նախնիները, նույնիսկ օսմանյան և պարսկական դաժան ճնշման պայմաններում, մշակել են կարողացել: Սրանք հո չարակամի բամբասանքներ չեն, այլ աղաղակող իրականություն, հապա ինչո՞ւ չեք անդրադառնում դրանց և Ձեր զզվանքը չեք հայտնում դրանցից: Երբևէ մտածել ե՞ք, հարցրե՞լ եք՝ ինքներդ Ձեզանից, Ձեր խորհրդատուներից, թե այդ ի՞նչ է կատարվում Հայաստանում, դեպի ո՞ւր է առաջնորդվում երկիրը, եթե, ոչ դեպի անկում: Դուք փորձում եք ելք գտնել և բանակում տիրող բացասական երևույթները կապում եք հասարակության հետ, ասելով՝ «Բանակը հասարակության հայելին է», շատ ճիշտ եք: Ուրեմն բանակում էլ են տիրում այն բոլոր բացասական երևույթները, որ թվարկվեց վերը, ուրեմն բանակում էլ է տիրություն անում կաշառքը, զոռբաների մահակը և թույլերի, խեղճերի, անօգնականների ճիչը երկինք հասնում: Դուք՝ չանդրադառնալով, ակամայից, այդ Ձեր մի նախադասությամբ, շատ բան եք խոստվանում և արդեն ընթերցողին հայտնի է դառնում, թե իրոք, ինչ իրավիճակ է տիրում բանակում:

Այո մեծարգո պարոն նախագահ, դուք իրականում պետք է անհանգստանայիք և զզվեիք այդ ամենից, ինչպես ամեն մի քաղաքացի և ամեն մի հայ, ով հետաքրքրված է հայության և Հայաստանի ապագայով: Եվ քանի որ դուք եք զբաղեցնում երկրի ամենաբարձր իշխանական աթոռը և օժտված եք ամենալայն իրավունքներով, ապա նա սպասում է, որ դուք այն գործադրեիք և գործադրեք նրա բարօրության համար, հոգ տանեիք, որ Հայաստանը դառնար մի երկիր, որտեղ ապրել կցանկանային, ոչ միայն հայերը, այլ, նաև օտարերկրացիներ, և եթե Ձեզ խանգարողներ լինեին, ապա պետք է որ Ձեր հենարանը լիներ ժողովուրդը և ձեր թիկունքում ունենայիք նրան և շահեիք նրա աջակցությունը:

Դուք, երբեմն ցանկանալով Հայաստանի իշխանություններին արդարացնել, ասել եք, որ երկիրը փոքր է, աղքատ և պետությունը միջոցներ չունի: Սա հեշտ փախուստ է, իրականությունը չխոստվանելու համար: Հապա ինչպե՞ս է լինում, որ այդ աղքատ երկրներում, որոշները մի քանի տարում՝ միլիարդատեր ու միլիոնատեր են դառնում, իսկ մյուսները օրվա հացի կարոտ:

Ոչ ոք չի կարող Հայաստանի իշխանություններից պահանջել, որպեսզի նրանք անսխալ աշխատեն, բայց յուրաքանչյուր հայ սպասում է և իրավունքն ունի պահանջել, որ նրանք ճշմարիտ լինեն, թե բանիվ և թե գործիվ, ինչպես նաև ազնիվ լինեն, իրենց կատարած աշխատանքների ընթացքում:

Այս տարի, երբ համայն աշխարհի հայությունը պատրաստվում է նշել եղեռնի 100- ամյակը, ապա հրամայական պարտավորություն է դրվում բոլորիս, նաև Ձեր վրա, անդրադառնալ նաև այն եղեռնագործությանը, որը անկախությունից հետո, Հայաստանի իշխանությունների և նրանց հովանու տակ անցած, որոշ անձնավորությունների կողմից իրագործվել և իրագործվում է երկրի բնակչության, ընդերքի ու էկոլոգիայի նկատմամբ…

Թե ինչո՞ւ եմ այս ամենը Ձեզ գրում, վստահ գիտենալով, որ այն Ձեր ձեռքը չի հասնելու, ապա եթե այո, դուք այն չեք կարդալու, և եթե կարդաք էլ, ապա բարկանալով համարձակությանս պատճառով, այն աղբաման եք նետելու, դեռևս նաև՝ թեթև ժպտալու եք միամտությանս համար: Այնուամենայնիվ, ես լռել և չգրել չէի կարող, որովհետև այսօր Հայաստանում այնպիսի կործանիչ և հայությանը դեպի անդունդ տանող պայմաններ են տիրում, որ այլևս լռելը հանցագործություն է, մեղսակցություն է և ամեն մի հայի հայրենասիրական պարտքն է, ելք որոնելու հույսով, իր ձայնը բարձրացնել…

Հարգանքներով՝

Սամվել Հովասափյան

Բեռլին, հունվար 2015

 

 

социални бутони

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net