Գիտեք ինչումն է մեր խեղճությունը…
Ոչ նրանում, որ մենք Աստծու կողմից մոռացված ազգ ենք, որ մեզ մի օր սպանեցին, որ մի քանիսս ապրեցինք դրանից հետո, թեև հողը զգաց մեր անարժեք ծանրությունը, որ դրանով իս կ մենք փետուրի նման թեթև ենք ծանր քաղաքակրթության փոթորիկների դեմ, որ մենք ինքներս մեր մասին մի ջնջվող հիշողություն ենք փայփայում, որ մեզ չեն ընդունում այն պատվավոր տեսակով, որով կանք, որ աջ ու ձախ հարստահարում, թալանում, ջախջախում են մեր էությունը, տեսակը, որ սպանում են մեզ և հոգով և մարմնով, ոչ նրանում, որ մենք այլևս աշխարհին մշակութային, գիտական, տնտեսական եւ քաղաքական ոչ մի ծանրակշիռ ասելիք չունենք, այլ նրանում, որ ստորաքարշ գոյությունը երկարաձգելուց բարձր կանգնած ոչ մի մղում ճունենք. Չկա մի բան, հանուն որի ապրելն ու մեռնելը նույն հարթության վրա կլիներ, մի բան որ ավելի վեր լիներ կյանքից: 16, 17 տարեկանում զգացողություն կար թե արժեքները չեն բեկվում, գոյությունն է հյուսվում դրանց շուրջ, 23 տարեկանում հանկարծ բացահայտում ես, արժեքներն են հարմարեցվում գոյությանը… զազրելի է: Մեկը լիներ, մի հոգի, որ գենիս բոլոր արժեքները կրեր ու չխեղաթյուրվեր ժամանակի մեջ. Լիներ այն ՄԵԿ ամուր հենակետը, որով աշխարհը շրջեինք… ինչ թշվառ ենք մենք, որ ապավինելու առաջնորդ չունենք… մի հավերժական բանադրանք կծանրանա առաջնորդի աթոռը առած ու կոչումը առհամարած բոլոր ազգակործանների հոգուն… չէ որ թե ֆիզիկապես թե բարոյապես ազգը ոչնչացնելը նույնն է, միայն թե երկրորդը սեփական լծակներով դրա իրագործումն է, որն ավելի սրորացուցիչ է:
Իսկ մենք դեռ «Զարթնի’ր, Լաո» ենք երգում, այն էլ անարձագանք…
***
ԱՄԵՆՕՐՅԱ ԵՂԵՌՆ և ԱՄԵՆՏԵՂՅԱ
Ծայրածավալ մահվան ու արյունի հորդ գետերն են հոսում կրկնակ,
և ստտրդում մոլորակը այս գեհենի` շարավ թքում աջ ու ահյակ…
և լափում են կրկին իրար` նոր մի թափով նեռահմա,
կղկղում են ամեն արար, և դա անում անվամբ ՆՐԱ,
ՈՒՄ բազմացրել` բյուրապատկել, կոչել ՆՐԱՆ, ով ոնց ուզի,
ՆՐԱ նշած ուղղուց քակվե`լ կարիք չունեն ցայգալույսի,
և խավարում կենցաղածին, թափառում են չղջիկի պես,
խժռում իրար, և ամենուր, արյան ծես է` մահի հանդես,
և անզոր է նրանց առաջ անգամ Նեռը բազմաչարիք,
որ նվվում է խոլ նախանձից` և զգում է պղծման կարիք,
զի այն ինչ որ մարդն է անում, զի եղզումը այս մարդկային,
հեգնանքով է նայում արդեն Իր գործերին ժանտ` դիվային…
Իսկ բարձրյալը ունկը փակում, ծունկը ծեծում ու ցավագին
անիծում է արարը իր, երբ նայում է այս աշխարհին…
***
ՄԵՂՔ
Օ՜, նյու’թ սրբազան, օ՜ ոսկի’,օ՜ փո’ղ,
որ հա՛ղթ ես ամենա, և հուժկու՛ և վե՛ս.
դառնահեծ, մոլորյալ ու քաղցած, և ո՛րբ սրտերին`
տալիս ես դու ցնորք, հաճույքի բերկրանք մի, և դող,
խոնարհում ժայռավես սրտերը կանանց իգագույն,
և կույսեր, օ՜, հրե, և լուսեղ և խարտյաշ, հոլանի և այրող`
թավալվում են, գայթում ոտքերից քո հզոր,
աղոթք են բարբառում առ քեզ և լույսդ սրբազան`
ոնց բագինի հնամենի մի և եկեղեցու սրբազան մի նոր,
ոնց Աստծո հեթանոս, կամ Բուդդա, և կամ Զևս,
կամ Մահմեդ, կամ թե Է`
տրվում են` հաղորդյալ քո ուժին և փառքին քո միակ` իրական…
և այրեր հաղթադեմ ու խռիվ, և ցրիվ` հաղթական գործերով,
և հաղթ` անկռիվ, անավեր, անարյուն ու մահ`
խոնարհվում քո փառքին ժանտաահ
և ծնկում ինքնակամ քո առաջ,
և զենքերը ոգու` երբեմնի անխոնարհ ու զնգուն,
բայց հիմա` փառքիդ դեմ այնքա՜ն գաղջ`
դնում են ոտքիդ տակ ու առաջ,
և անգամ Աստվածներն հին ու նոր` գերհզոր և կարող,
ոնց մի միֆ, և թզուկ, և կաղոտ, և անկյալ,
և թերի` ոգեկոչդ են անում միակամ, և հավաք,
և բերրի խոստումներն իրենց նախնական,
և կարգերը բարու և չարի,
և դժողքն ստեղծյալ և դրախտը նանիր`
ոնց ծածկոց մի ստի, և կամ թե ծիրանի`
երգաձայն պարերով գցում են բարձրյալիդ ուսերին…
և միայն պոետն է, որ ըմբոստ, և լքյալ և սովյալ` տառապյալ,
դալկադեմ ու ժանտախտ,
երբեմն և կարոտ չոր հացի պատառին,
և ջրին կարոտյալ մի կում`
չի’ անսում Բարձրյալիդ կամքին ու կանչին ահասաստ,
չի’ ծնկում և լիզում ոտքերդ սրբազան,
չի’ տալիս զենքերն իր անպետք
և վաղուց դուրս եկած պայքարից` եղկելի,
և ծաղրը շարժող աշխարհի`
գրիչն ու հոգին հանճարի…
և լքյալ ու սոված և մեղկ,
և ՄԵՂՔ մի որպես`
նա խորթ է մնու աշխարհին
և դուրս է մնում աշխարհից…
ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ