ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՓՈՂՈՑ ԵՎ ԱՂ ՈՒ ՀԱՑՈՎ ԴԻՄԱՎՈՐԵԼ «100-ԱՄՅԱԿՆ ԱՌԱՆՑ ՌԵԺԻՄԻ» ՇԱՐԺՄԱՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՎԵՏԱԲԵՐՆԵՐԻՆ

«Հայկական վերածնունդ» շարժման բոլոր մասնաճյուղերը իրենց ընդվզումն ու անհամաձայնությունն են հայտնում վերջին մի քանի օրերին Արցախի իշխանական շրջանակների և որոշ կառույցների կողմից հնչող հայտարարությունների վերաբերյալ, որոնք անիրավ կեցվածքով ցանկանում են խոչնդոտել հունվարի 31-ին «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման դեպի Արցախ ծրագրված իրազեկման ավտոերթին:

Մենք լավ գիտենք մեր հերոս արցախցուն և կարողանում ենք իշխանական սադրանքները տարբերել ժողովրդի ձայնից:

Որևէ պետական մարմնի կամ նրա կողմից հրահրված այլ իշխանամերձ կազմակերպության արհեստականորեն կազմակերպված գործողություն, որը կխանգառի «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման գաղափարական-բացատրական խաղաղ երթին, մեր կողմից կբնութագրվի որպես նենգարկու քայլ և աներկբայորեն կարժանանա մեր խիստ հակաքայլին: Մեր հայրենիքի արցախյան շրջանում և առհասարակ հայրենի տարածքի որևէ հատվածում ազատ տեղաշարժվելու և մեր սահմանադրական իրավունքներից օգտվելու իրավունքը տրված է մեր երկրում ապրող յուրաքանչյուր քաղաքացու և որևէ պետական կամ պետականամերձ միավորմանը բացարձակապես իրավունք չի վերապահված մեր փոխարեն որոշելու մեր սիրելի հայրենիքին ծառայելու կարգն ու ձևաչափը:

Մենք`  «Հայկական վերածնունդ» շարժման մասնաճյուղերս,  ողջունում ենք  «Հիմնադիր խորհրդարանի» դեպի արցախյան շրջան կատարելիք իրազեկման ավտոերթի անհրաժեշտ նախաձեռնությունը և հաստատակամորեն հայտնում, որ դրա ընթացքի կասեցումը մեր կողմից միանշանակորեն կընկալվի որպես Արցախ աշխարհի անջատում Հայաստանի Հանրապետությունից: Դա Արցախի իշխանություններին խաղք ու խայտառակ կանի և նրանց միանգամից կհավասարեցնի վաղուց արդեն թքակոծ արված ՀՀ նախագահի և կառավարության գետնային մակարդակին:

«Հայկական վերածնունդ» շարժումը զորակից է իրազեկման ավտոերթին և կոչ է անում բոլոր կարծեկից և ազնիվ արցախցիներին` հունվարի 31-ին դուրս գալ փողոց և աղ ու հացով դիմավորել երևանյան ավետաբերներին, որոնց մեջ նրանք կտեսնեն իրենց գյուղերն ու քաղաքները ազատագրած բազում նվիրական դեմքեր:

 

26 հունվարի 2015թ.

Հարգանքներով`

«Հայկական վերածնունդ» շարժում

Ստորագրությամբ`

 

ՀՎ-Լոս Անջելեի մասնաճյուղ

ՀՎ-Մոսկվայի մասնաճյուղ

ՀՎ-Փարիզի մասնաճյուղ

ՀՎ-Տորոնտոյի մասնաճյուղ

ՀՎ-Պրահայի մասնաճյուղ

ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ

ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ

ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ

ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ

ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ

ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert