Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ իշխանական կուլիսներում ՀՅԴ-ի հետ համագործակցության տեսլականի վերաբերյալ նոր սցենար է քննարկվում։ Ընդ որում, նույն աղբյուրների պնդմամբ, այս սցենարի վերաբերյալ Սերժ Սարգսյանի եւ ՀՅԴ ղեկավար կազմի, մասնավորապես, Հրանտ Մարգարյանի միջեւ նախնական համաձայնություն է ձեռք բերվել։
Ամիսներ առաջ, երբ ՀՅԴ-ն դեռ խորհրդարանական Հրաշալի քառյակի մաս էր կազմում, Սերժ Սարգսյանը հանդիպել է այդ կուսակցության վերնախավի հետ՝ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ։ Քննարկման թեման եղել է մեկը՝ համոզել, որպեսզի ՀՅԴ կուսակցությունը պոկվի քառյակից ու սատարի սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանը, ասել է թե` խորհրդարանում իրեն ընդդիմադիր հռչակած այս ուժը «ամբողջական համակարգային իշխանափոխության» պահանջի անվան տակ հանդես գա Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման ծրագրի օգտին։ Փոխարենը, ըստ մեր աղբյուրների, Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ին առաջարկել է ԼՂՀ նախագահի պաշտոնը, նաեւ մատնանշել կոնկրետ թեկնածու՝ ԼՂՀ ներկայիս փոխվարչապետ, ՀՅԴ-ական Արթուր Աղաբեկյան։
Այս տարբերակն իրագործվելու դեպքում, փաստորեն, ՀՅԴ-ն առանց ՀՀ իշխանությունների հետ կոալիցիա կազմելու ստանում է լուրջ պաշտոններ, եւ Ղարաբաղում դառնում է դե յուրե իշխանություն (իսկ եթե հաջողվի՝ մի քանի պաշտոն էլ ՀՅԴ-ն ձեռք կգցի Հայաստանի Հանրապետությունում՝ «ծառայեցնել յուր ուժերը հանուն հայրենիքի փրկության» ծրագրի շրջանակներում. այս ուղղությամբ եւս ՀՅԴ-ականները բավական ակտիվ աշխատանք են տանում)։ Պատահական չէ, որ ՀՅԴ բյուրոյի կազմում դաշնակցության Արցախի կառույցից որեւէ մեկն ընդգրկված չէ, ասել է թե՝ ՀՅԴ-ն արտաքուստ «մաքրվում» է Արցախից, որպեսզի նախապատրաստվի այնտեղ որպես առանձին միավոր իշխանություն վերցնելուն։
Պարզ է նաեւ Սերժ Սարգսյանի հաշվարկը. խորհրդարանում ՀՀԿ-ից բացի ունենալ եւս մի կուսակցություն, որ կպաշտպանի սահմանադրական փոփոխությունների իր նախաձեռնությունը։ Բայց ամենակարեւորը՝ Ղարաբաղը հանձնելով ՀՅԴ-ին, Սերժ Սարգսյանը կփորձի կարճ ժամանակ անց հենց նրանց ձեռքով ստորագրել ԼՂ խնդրի կարգավորման համաձայնագիրը (ինչպես հայտնի է, Հայաստանը պատրաստ է համաձայնվել ԼՂ հակամարտության կարգավորման այն տարբերակին, որին համաձայն են ԼՂՀ իշխանությունները, եւ իր ստորագրությունը դնել այն փաստաթղթի տակ, որտեղ կլինի ԼՂՀ ստորագրությունը)։ Ասել է թե` Սերժ Սարգսյանը ԼՂ խնդրի կարգավորման հարցում իր ձախողումները եւ դրա ողջ պատասխանատվությունը կգցի ՀՅԴ-ի ուսերին (դժվար չէ կռահել, որ Ղարաբաղի խնդրում Ս. Սարգսյանի իշխանությանը չի հաջողվելու հայանպաստ փաստաթուղթ ունենալ)։
Ամենայն հավանականությամբ, 1995-99թթ. ՀՀ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը, որ լրջորեն զբաղվել է ՀՅԴ-ով, մասնավորապես, «31-ի գործի» բացահայտմամբ, ուսումնասիրել է այդ կուսակցության պատմությունը եւ հիմա աչքի առաջ ունի 1920թ. պատմական փորձը։ Շատերին է հայտնի, թե ժամանակին Դաշնակցությունն ինչպես վարվեց Հայաստանի առաջին Հանրապետության հետ, երբ ստանձնեց 60 հազար քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Հայաստանի իշխանությունը եւ երկուսուկես տարի անց ստորագրեց մի փաստաթուղթ, որով Հայաստանին մնում էր 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Հիմա պատմությունը սպառնում է կրկնվել՝ մի փոքր խմբագրված տարբերակով։
Կարճ ասած, Սերժ Սարգսյանը փորձելու է քցել բոլորին՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ղարաբաղում, վերջին պահին նաեւ Դաշնակցությանը (միգուցե նաեւ ետ կանգնելով վերոհիշյալ խոստումներից)։ Բայց մինչ այդ, նա փորձելու է նախ եւ առաջ ամրապնդել եւ երկարաձգել իր իշխանությունը՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով։