Վազգենի նամակը Լևոնին

AP68391«Ես դեմ եմ առաջին հերթին իրավիճակի քաղաքական, ավելի ճիշտ՝ գաղափարական մեկնաբանմանը. – «Հանուն ժողովրդի» կարգախոսով նույն ժողովրդից ուզում ենք խլել տասնամյա, նույնիսկ հազարամյա դժվարագույն պայքարի ամենամեծ, թերեւս, միակ ձեռքբերումը՝ պատերազմական հաղթանակները: Ուղղակի թե անուղղակի պատճառաբանելով մեր բոլոր թերացումները սոցիալական, տնտեսական, քաղաքական հողի վրա պատերազմով՝ ժողովրդի հավաքական ընկալմամբ «Ղարաբաղյան չլուծված հարցով», մենք ժողովրդի ընչազուրկ մասի, ասել է թե՝ մեծամասնության մեջ թշնամանք ենք սերմանում իր մի մեծ հատվածի, պատերազմի եւ պայքարի նկատմամբ ընդհանրապես։ Իսկ պատերազմի նկատմամբ մասսայական ատելությունը հղի է համընդհանուր կործանման վտանգով։ Բանակի քայքայմամբ: – Մեր պայքարն առաջին օրվանից անհնարինը հնարավոր դարձնելու, հավատի, ոգեւորության, ոչ ստանդարտ լուծումների պայքար էր: Այլապես, երիցս ճիշտ էին 88-ի կոմունիստ ղեկավարները իրենց «իրատես», կրավորական քաղաքականությամբ: Այլապես, ինչի՞ համար էին այդքան զոհերն ու զոհողությունները: Ճի՞շտ էին Բագրատիչները իրենց հայտնի փիլիսոփայությամբ. «Լեւոն Հակոբիչը, Վազգեն Միխայլիչը… մի՜տք, ուղե՜ղ, ճանապարհը ճի՜շտ… միայն թե Ղարաբաղը չլիներ, մի քանի լկտի դեպուտատներ չլինեին»… Սա զավեշտ էլ կմնար, եթե այսօր քաղաքական մտածողություն դառնալու ողբերգական հեռանկար չունենար. – մեծագույն թյուրիմացություն է այս պատերազմը «ղարաբաղյան» անվանելը: Սա Ամենայն Հայոց Պատերազմ է։ Անկասկած վերջինը: Անկասկած ամենահաջողը մեր պատմության մեջ: Վերջին անգամ ե՞րբ է եղել, երբ մենք մեր կենաց-մահու պատերազմը մեր մայրաքաղաքների մատույցներում չմղենք… Այսօր Օմարի գագաթին կանգնած զինվորը, այո՛, Երեւանն է պաշտպանում: Մեր հայրենիքը, ցավոք, այնքան փոքր է, որ մեկ նորմալ պարտությունը ոչ թե Ստեփանակերտն է տակովը անելու, այլեւ Զանգեզուրն ու Սեւանը։ Եվ այս պայմաններում ատե՞լ մեր փաստորեն հաղթանակած պատերազմը… Ոչ մի ժողովուրդ, թերեւս, պատերազմ չի սիրել (մասնակի բացառություններով), բայց յուրաքանչյուր առողջ, ապրելու արժան ժողովուրդ պարտավոր է հարգել պատերազմը: – Վերջապես բերեք ամենասթափ հաշվարկով ծանրութեթեւ անենք, թե ի՞նչ է տվել եւ առել մեզանից այս չարչրկված պատերազմը: Բոլոր իմաստներով եւ կտրվածքներով վերարժեքավորենք: Մեղրու, Կապանի, Վարդենիսի ու Մասիսի՜ ազատագրումից սկսած մինչեւ Շուշի ու Լաչին… ազգային արժանապատվության վերականգնումից մինչեւ անկախ պետականության վերականգնումն ու պահպանումը, մինչեւ տարածաշրջանային ու գեոպոլիտիկ փաստ ու փաստարկ: Ձերբազատվե՞նք պատերազմից, ձերբազատվե՞նք Ղարաբաղից… Ինչպե՞ս, եթե դա արդեն մի ամբողջ սերնդի կյանք ու պատմություն է՝ պսակված տասնյակ հազարավոր զոհերի արյամբ ու հիշողությամբ, հարյուր հազարավոր մարդկանց՝ ճակատագիր ու կյանքի նպատակ: Հանուն ինչի՞, եթե մեր պատմության մեջ երբեք ավելի մոտ չենք եղել մեր վերջնական հաղթանակին, քան այսօր։ Եթե, ակնհայտ փաստ է, որ առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում գոնե, թշնամին ի վիճակի չի լինելու մեր նկատմամբ ռազմական գերակշռություն ունենալ: Եթե սպառված չեն, ամենեւին մոտ չեն սպառմանը՝ տնտեսական ու քաղաքական ակնհայտ քայլերը։ Այո՛, սպառված չեն: Տնտեսության, ներքին կարգ ու կանոնի վերականգնմանն ուղղված քայլերը նույնիսկ սաղմնավորման ընթացքի մեջ են եւ արդեն լուրջ արդյունք են տալիս: Կարող ենք վիճել այս մասին, բայց ակնհայտ է, որ տնտեսական քաղաքականության ուղղությամբ ոչ մի բարեփոխում չի կատարվել. նախկինում մեր աչքը Մոսկվայի պետպլանի վրա էր, այսօր՝ ՄԱՀ-ի: Եվ եթե պետպլանի փողերով Հայաստանը դարձավ հզոր արդյունաբերական, թեկուզ եւ, Սովետական Սոցիալիստական Հանրապետություն, ապա ՄԱՀ-ի փողերով մենք առ այսօր ոչ մի քար չենք ավելացրել մեր անկախ Հանրապետության շենքին: Եվ չենք ավելացնի, քանի դեռ չենք համոզվել, որ մենք նորմալ ներուժ ունեցող երկիր ենք եւ կարող ենք, պարտավոր ենք աշխատեցնել սեփական տնտեսությունը: Չէ՞ որ մենք էինք 88-ին ժողովրդին բացատրում, թե սարսափելի ոչինչ չկա, 7-8 գործարան աշխատեցնելով կարող ենք երկիրը պահել: Ոչ մի արտառոց բան չի պատահել. փակվեցին ադրբեջանական ճանապարհները, բացվեց պարսկականը։ Իսկ Թուրքիայի հետ հաղորդակցություն մենք երբեք չենք ունեցել: Ուկրաինան ու Վրաստանն ու մյուսները Ղարաբաղ ու բլոկադա չունեն, բայց մեզանից վատ վիճակում են: Ճիշտ լուծումների ու հետեւողականության, կարգ ու կանոնի խնդիր է վերջապես: Վախենում ենք միջազգային հանրության, աշխարհի հզորների կարծիքի՞ց… Բայց չէ՞ որ մենք ավելի մեծ ճնշումների ենք դիմացել։ Մեր խելացի, ճկուն արտաքին քաղաքականությունը 91-94 թթ. փոթորկալի տարիների միջից մեզ անվնաս հանեց խաղաղ ափ, որ հետո, մեր ներսի անհամաձայնությունների ու տնտեսական գծով նավավարի տեղակալների անպտուղ աշխատանքի պատճառով զինաթափի եւ հանձնի թշնամո՞ւն… Չենք ուզում հանձնվել: Աշխարհի հզորների ճնշումն էլ, վերջապես, կրիտիկական աստիճանի չի հասել։ Հասնի էլ, հերն անիծած, չէ՞ որ մենք էինք 88-ին ժողովրդին համոզում, որ մեր փրկությունը մեր հավաքական ուժի, դիմադրության մեջ է: Որ երբեք հայերիս նկատմամբ ավելի բարենպաստ միջազգային կարծիք, կարեկցանք չի եղել, քան 20-րդ դարասկզբին, բայց դա չխանգարեց, որ հենց 20-րդ դարի սկզբին մեզ միլիոնով կոտորեն։ Խլեն մեր երկրի մեծագույն մասը, եւ այսօր նույն միջազգային կարծիքը մշակեն՝ մեզ ագրեսոր ճանաչել… Որ վճռական մենակը բոլոր հնարավոր ելքերը գտնում է, որ պարտվողը կարեկցանք է նվաճում, իսկ հաղթողը՝ բարեկամներ… Եվ ճիշտ էինք ասում: Եվ այդ պատճառով մեզ, ավելի շուտ Ձեզ՝ հավատացինք: Ի՞նչ եմ առաջարկում… Ակնհայտ բաներ: Ակնհայտ ու պարզ բաներ: Համախմբվել ազգովի Հայրենիքում՝ Հայաստանում: Համախմբվել ազգովի Հայաստանի Հանրապետությունից դուրս: Կենտրոնացնել մեր տնտեսական, քաղաքական, մտավոր ներուժը ամբողջ աշխարհում: Եվ դա ուտոպիա չէ: Դա հնարավոր է եւ անհրաժեշտություն: Դրական տեղաշարժեր կան: Առավելագույնի հասցնել մեր համազգային, համաշխարհային դիմադրողականությունը :1 հոկտեմբեր, 1997թ.»

Առավոտ, 9 մայիս, 2001 թ.

www.aniarc.am

սկզբնաղբյուրը՝ http://archive.aravot.am/2001/aravot_arm/May/9/p02.htm

 


spodelime.com

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net