Մեր զրուցակիցն է հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը

lragir.am – ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Զարուհի, Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը ինչ հետևանքներ կարող է ունենալ Ֆրանսիայի և ընդհանրապես Արևմուտքի քաղաքական որոշումների վրա, այդ թվում արժեհամակարգի շտկումների առումով:

Եկեք իսկապես հասկանանք, որ սա քաղաքակրթությունների բախում է, և այն, ինչ կատարվեց Ֆրանսիայում, հստակ սահմանագծում է մարդու իրավունքների, ժողովրդավարության ու խոսքի ազատության մասին պատկերացումների տարբերությունները: Դա մարտահրավեր է՝ քաղաքակիրթ և բարբարոս աշխարհների հստակ սահմանազատման: Այդ սահմանը լղոզվել, ուծացվել, կորցրել էր իր հստակությունը: Երբ արժեհամակարգային առանցքին ու համամարդկային սկզբունքներին փոխարինելու է գալիս շահ հասկացությունը, լինի դա տնտեսական, քաղաքական, թե անգամ ազգային շահ, իմաստները լղոզվում ու ուծացվում են՝ դրանից  բխող բոլոր արատավոր երևույթների շարունակական բարդացմամբ: Հիմքում դրվում էր շուկաների ձևավորման կոլոնիալ տրամաբանությունը, որով ամեն ինչ բացատրվում էր, ցանկացած քայլ՝ սկսած ավտորիտար ռեժիմների հաստատումն ու դրանց հետ համագործակցությունը, վերջացրած պսևդո-ժողովրդավարական պրոցեսները: Եվ այստեղ քաղաքակրթական բախումը չի վերաբերում զուտ կրոնական բաղադրիչին, որի մատնանշումը շատ ավելի ձեռնտու է ստվերելու համար այն հորիզոնական պրոցեսները, որոնց հիմքերը գցվել են «Գրավիր Ուոլ սթրիթը», «Գեզիի պուրակի» և նմանատիպ այլ շարժումներով: Դրանց հիմքում ընկած են հանրային ունեցվածքի բաշխման ու սոցիալական անարդարության բաղադրիչներ: Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում, Փարիզում և, ինչու չէ, մեր սահմանագծին տեղի ունեցող բռնությունները փաստում են մեկ բան՝ նեոկապիտալիստական տնտեսությամբ պայմանավորված հետքաղաքական ժամանակաշրջանի ավարտը, երբ կարելի էր շահի անվան տակ գնալ արժեհամակարգային խեղումների: Երկակի ստանդարտներն այլևս ակտուալ չեն ու սկսում են չգործել, հնչում են ծայրահեղ գնահատականներ ու կոչեր:

Այո, ահաբեկչությունից հետո հնչում են խիստ և արմատական պատասխան տալու մասին կոչեր, այդ թվում նշվում է, որ պետք է Ֆրանսիայից վռնդել մահմեդականներին: Կիսո՞ւմ եք նման մոտեցումը, եթե ոչ, ապա որը պիտի լինի Ֆրանսիայի արձագանքը:

Գիտեք, ամեն հասարակություն ինքը պետք է որոշի, թե ինչպես վարվել: Խիստ ռադիկալ մոտեցումը կարող է բերել ազգայնականության ու նաև ֆաշիզմի դրսևորումների, միևնույն ժամանակ անարձագանք թողնելու դեպքում քաոսն ու բռնությունը կխորանան ու կհասնեն անհավանական չափերի: Շատ նուրբ է այդ սահմանագիծը՝ ինչպես կանգնեցնել բռնությունն ու հստակ սահմանազատել քաղաքակիրթ ու բարբարոս աշխարհները, միևնույն ժամանակ հնարավորություն տալ մարդկությանը նոր սոցիալական փոխհարաբերությունների ու գիտակցության համար ձևավորել կայուն հենքեր: Հենքեր, որոնք հիմնված կլինեն ոչ թե տնտեսական շահի, այլ արժեհամակարգային հստակ շեշտադրումների վրա: Ամեն դեպքում, կարծում եմ, մարդկության բանական հատվածը կարող է հաղթահարել իրեն սպառած  պոստմոդեռնի ժամանակահատվածը: Խարիսխներ են գցվում նոր փոխհարաբերությունների:

Նաև տեսակետ է հնչում, որ նման ահաբեկչությունը մահմեդականների սրբությունները վիրավորելու թերթի քաղաքականության արձագանքն է: Այսինքն՝ անուղղակի արդարացվում է ահաբեկչությունը, թե մեզ չծաղրեիք, մենք էլ այսպես չէինք անի: Եվրոպան պետք է կո՞ւլ տա այդ շանտաժը:

Այդ տեսակետն ու պնդումը տիրաժավորում են նաև ռուսական լրատվամիջոցները, պնդելով, որ քրիստոնյա Արևմուտքը կորցրել է ժողովրդավարության ու խոսքի ազատության չափը, ու իրեն իրավունք է վերապահում ծաղրել այլոց սրբությունները: Նախ, աշխարհիկ հասարակության համար սրբություն հասկացություն գոյություն չունի, իսկ որքան էլ համարենք, որ Եվրոպան քրիստոնյա է, պետությունը հստակորեն տարանջատված է եկեղեցուց և խարսխված է մարդու իրավունքներից բխող օրենսդրական համակարգի վրա: Ի տարբերություն քաղաքակիրթ աշխարհի, մահմեդական երկրներում կրոնի դերը գերակա է, միևնույն ժամանակ այն վերահսկում է մարդկանց անձնական ու հասարակական կյանքն ու շատ հաճախ փոխարինում օրենքներին: Նաև՝ բարբարոս աշխարհի առանձնահատկություններից մեկն էլ սեփական անձին ու ինքնության բաղադրիչներին չափից դուրս լուրջ վերաբերելն ու հումորի զգացման բացակայությունն է: Ու դա կրոնական բաղադրիչի հետ այդքան էլ կապված չէ: Մենք ամեն օր փողոցում կարող ենք տեսնել սև հագուստներով ու մռայլ դեմքերով տղամարդկանց կռիվներ, երբեմն դրանք ունենում են անգամ ողբերգական ավարտ: Իսկ վեճերը ծագում են մեկ իրոնիկ խոսքից, որը կարող է վիրավորական թվալ մյուսի համար:

Հնարավոր համարո՞ւմ եք, որ սա կարող է սադրանք լինել, որի նպատակը ներգաղթյալների հանդեպ քաղաքականության խստացումն է, որն այլևս լուրջ հակազդեցության չի հանդիպի: Եվրոպայում էժան աշխատուժի խնդիրը մի քանի տասնամյակ առաջ լուծվեց մեծ քանակով միգրանտների, այդ թվում մահմեդականների ներհոսքով, որոնք ամենևին չեն կիսում եվրոպական արժեքներն ու չունեն մարդու իրավունքների ու ժողովրդավարության մասին այդ երկրներում հանրային պայմանագրի հիմքը հանդիսացող սկզբունքների ընկալումը: Դա կապիտալիստական տնտեսության պահպանման, նոր սոցիալական հարաբերությունների ձևավորման ընթացքից խուսափելու համար մտածված լուծումներից մեկն էր, որի արդյունքները տեսնում ենք այժմ: Մյուս կողմից, էներգետիկ գլոբալ համակարգի շուրջ ձեռքբերված համաձայնությունը քրիստոնյա և մահմեդական երկրներին ընդհանուր տնտեսական դաշտում համագործակցության հնարավորություն տվեց, ի շահ կորպորատիվ կառավարման համակարգերի: Նավթային շահերը վեր էին դասվում արժեհամակարգային տարբերություններից, ու նման սերտաճումը հանգեցնելու էր ինչ որ մի կետում այդ իրողության հետ ցավոտ առճակատման: Սակայն, եթե տնտեսական ու քաղաքական էլիտաներում այդ կոմպրոմիսը տալիս է որոշակի արդյունքներ, ապա հորիզոնական մակարդակում, սոցիալական անարդարության ու հասարակության տարբեր շերտերի բևեռացման պայմաններում մեծանում է լարվածությունն ու հանգեցնում էթնիկ ու կրոնական բախումների: Միևնույն ժամանակ, կան նախանշաններ, որ կարող են փոխվել նաև տնտեսաքաղաքական համաձայնություններն ու փոխհարաբերությունները կառավարող էլիտաների միջև: Արդեն պատմական փաստ է, որ վերջին 200 տարվա ընթացքում մարդկությունն ամեն 50 տարին մեկ փոխել է էներգետիկ հիմնական ու գլխավոր աղբյուրը, և այժմ ավարտվում է նավթային ժամանակաշրջանը: Նաև այդ է պատճառը, որ նավթարդյունահանող երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, անկախ նավթի գնի կտրուկ անկումից մեծացնում են արտահանման ծավալները: Այդ էներգակիրը շուտով այլևս ակտուալ չի լինի: Նման գլոբալ փոփոխությունների պարագայում քանդվում են նախկինում կառուցված համակարգերն ու հարաբերությունները, և երբ վերանում է շահի կոնկրետ գործոնը, արժեհամակարգի տարբերությունը սկսում է ցայտուն երանգներ ստանալ:

Մենք կանգնած ենք գլոբալ փոփոխությունների եզրագծին, որը նոր աշխարհակարգի հիմք կարող է դառնալ: Այստեղ նաև մեր խնդիրն է՝ որտեղ ենք մենք հայտնվելու և որն է մեր ընտրությունը հին ու նոր համակարգերի  միջև:

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert