Աշխարհն` աշխարհով, Դաշնակցությունն իր սահմանադրական բարեփոխումների պահանջով:
Մեծ հաշվով փոփոխություններ պահանջելու մեջ ոչ մի վատ բան չկա, և սխալ չէ նաև այն պնդումը, թե դրանով ներկա իշխանությունները փորձում են հերթական անգամ վերարտադրվել ու պետք է ինչ-որ կերպ կասեցնել այդ ընթացքը: Սակայն ՀՅԴ-ն իր քայլերը հիմնավորելու համար շրջանառության մեջ է դրել փաստարկներ, որոնք ոչ միայն ծանրակշիռ ու համոզիչ չեն, այլև տպավորություն են ստեղծում, որ նպատակն ավելի շատ անձնավորված է, քան ընդհանրական:
Այս էլ որերորդ անգամ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատմյանը կրկնում է միևնույն նախադասությունը. «Մենք երեք նախագահ ենք փոխել, բայց համակարգը պահպանվել է: Սա չեն ուզում մարդիկ հասկանալ: Քանի այս համակարգը չի փոխվել, դա հենց վերարտադրման ուղիղ ճանապարհն է»:
Դժվար է ասել` մի մտքի մեջ այսքան սխալ Ռուստամյանն ակամա է անու՞մ, թե միտումնաբար, բայց նրա հետ ոչ մի գնով համաձայնել չի ստացվի: Մարդիկ շատ լավ էլ հասկանում են, նույնիսկ ավելին են հասկանում, քան կարող են պատկերացնել որոշ դաշնակցականներ: Նրանք ոչ միայն հասկանում են ու գիտեն, որ մեր նախագահական եռյակը այս երկրի փառավոր աստղաբույլը չէ, այլև այն, որ Դաշնակցությունն էլ մի բարի պտուղը չէ իր կարծեցյալ սրտացավությամբ ու բոլոր ժամանակների նախագահների հետ ունեցած ինտրիգային կենսագրությամբ: Ահա թե ինչու շատ էլ պարզ ու հասկանալի է, թե որտեղի՞ց է հնչում Ռոստամյանի ու մյուսների տարօրինակ հարցը. «Պարզ հարց եմ տալիս, մեկը թող ինձ բացատրի, թե ինչո՞ւ 3 նախագահից ժողովուրդն այս կամ այն չափով դժգոհել է, հիմա պիտի չդժգոհի՞ 4-րդից»:
Հարցն, ինչ խոսք, պարզ է և չունի ոչ մի գրամ տրամաբանություն: Այդ հարցին հեշտ է հակադարձել նույնական հարցերով: Օրինակ, մենք 13 վարչապետ ենք ունեցել, նրանցից ամեն մեկն իր չափով այս երկիրը հրեց դեպի կործանում: Հիմա ի՞նչ անենք, վարչապետությունը վերացնե՞նք: Նույնը (ավելի վատ գույներով) կարելի է ասել ԱԺ նախագահների մասին, առանձին նախարարների մասին: Ուրեմն ի՞նչ, պետական համակարգը ջնջե՞նք, անցնենք նախնադա՞ր:
Այսպիսի բաներ, ընկեր դաշնակներ: Թե չէ ձեր արևին փաստարկներ եք գտել, բարեփոխում եք ուզում, նախագահ եք հեռացնում… Եվ այս ամենն այն բանի համար, որ դաշնակների խելքը մտել է, թե պառլամենտական կառավարման դեպքում նրանք միշտ շանս կունենան կառավարության մաս կազմել, իսկ առավել երջանիկ պահերին էլ նաև ինքնուրույն ձևավորել այն, ինչպես 1918-1920 թվականներին: Աստված կարոտ պահի նման պատմական պահերից, քանզի Հայաստանն էլ փոքրանալու տեղ չունի: