«Տղերքից շատերն ասում են` երանի զոհվեինք, բայց էս ձևի երկիր չտեսնեինք»

hetq.am -Մարինե Մարտիրոսյան

Երևանյան հանրակացարաններից մեկի կաթնագույն միջանցքում, կարծես, հանդարտություն է: Մեր ձայնը մերթընդմերթ արձագանքում է: Մենք գնում ենք ազատամարտիկ Էռնեստ Շեկյանի մոտ: Դուռը բացում է նրա եղբայրը, Էռնեստը շտկվում է տեղում՝ մահճակալին նստած: «Ծերո՞ւկ, ո՞նց ես»,- հարցնում է նրա մարտական ընկերներից Հովսեփը: Էռնեստը ժպտում է, իսկ նրա ժպիտի մեջ բարի բան կա, աչքերում` խիտ տխրություն: «Ես խոսել չեմ սիրում պատերազմի մասին»,- անշտապ ասում է մեզ՝ պատուհանից այն կողմ նայելով, ի՞նչ պիտի ասեմ, ուսերը թոթվելով՝ ավելացնում է: Արևի մի քանի շող կաթում է նրա դեմքին: Հայացքը դարձյալ մեզ է դարձնում: Չգիտեմ էլ ինչ ասեմ, ժպտում եմ: Սենյակում մի քանի վայրկյան այնպիսի լռություն է, որ ոչ թե դատարկ տարածությունից կամ խոսելու նյութ չունենալուց է, այլ՝ հակառակը:

Քիչ անց ձայնագրիչս միացնում եմ, դնում սեղանին: Հարցնում եմ՝ արմատներով որտեղից է: Ասում է՝ Աշտիշատից է, ծնվել է Ղարաբաղում, մեծացել է Եղվարդում, իսկ ապրում է Հովտաշենում (ԼՂՀ Մարտակերտի շրջան):

«Ես զոհեր չեմ հաշվում, իրենք զոհված չեն»

«90 թ. ամառվանից գնացի Մարտակերտի և Շահումյանի շրջան, զենք-զինամթերք էի տեղափոխում գաղտնի ճանապարհով՝ համ հայերից էինք փախնում, համ թուրքերից, համ ռուսներից»,- ասում է Էռնեստը: Մինչ այդ սովորում էր Մոսկվայի լեռնային ինստիտուտում, մասնագիտությամբ ստորգետնյա շինարարության ինժեներ է: Ավարտելուց հետո Մեղրաձորի հանքում էր աշխատում: Հենց այդ ժամանակ էլ սկսեց զենք-զինամթերք տեղափոխվել Ղարաբաղ: Մանրամասներ չի նշում: 90-ականներին, ասում է, իրավիճակը լարված էր սահմաններին: 1992թ.-ին դաշնակցական Վահան Հովհաննիսյանի խորհրդով անցավ Դաշնակցության վաշտ, որն այնուհետ կոչվեց Շուշիի առանձնակի գումարտակ:

«4 եղբայր էինք, մեկին տունը թողեցինք, բայց նա էլ փախավ-եկավ»,- ասում է Էռնեստը: «Փաստորեն, 4 եղբայրներով մասնակցե՞լ եք պատերազմին»,- հարցնում եմ նրան: «Փաստորեն, այո»: «Ընտանիքում ո՞նց հաշտվեցին այդ լուրի հետ»,- հետաքրքրվում եմ նրանից: Մեղմ ժպտում է: Ասում է՝ մայրը 1981 թ.-ին մահացավ, իսկ հայրը հասկացավ իրենց: «Պապս ժողովրդի թշնամին էր՝ 25 տարի աքսորի մեջ էր, 10 տարի՝ ձայնազուրկ: Հայրը դաշնակցական էր, դրա համար աքսորեցին, ինքն էլ գերի ընկավ պատերազմում ու փախավ, փախավ Շառլ դը Գոլի բանակ»,- բացատրում է նա:

Իսկ պատերազմի թեժ մարտերն սկսեցին 92-ի փետրվարի 5-ից՝ Մանիքլու, Կարաչինար, Բաշ Գյունեփայա, Ջանյաթաղ… Մարտերը դեմ առ դեմ էին: Հարցնում եմ, թե այդ մարտերին քանի զոհ ունեցանք, անկեղծ ասած, չհասկացա էլ, թե ինչու հարցրեցի այդ մասին: «Ես զոհեր չեմ հաշվում, իրենք զոհված չեն»,- պատասխանում է զրուցակիցս: Էռնեստի հայացքում տխուր աչքերը փոքրանում են, մի քանի նուրբ կճիռներ են փնջվում աչքերի շուրջ. կարծես, հեռու տեղերից ինչ-որ բան է հիշում, ինչ-որ բան է վերապրում:

«93-ին վերցրել ենք Ղուբաթլուն, Ջաբրայիլը, հետո վերադարձանք Աղդամ, հետո նոյեմբերին գնացինք Զանգելան, որտեղից եկանք Ֆիզուլի: Ամենադաժան մարտեր էին Ֆիզուլիում՝ 93-ի դեկտեմբեր-94-ի հունվար: Էդ ժամանակ էլ վիրավորվեցի, Ֆիզուլիում՝ 94-ի հունվարի 31-ին զույգ ոտքերիցս վիրավորվեցի, եթե ապարանցի Պավլիկը լիներ՝ կասեր 4 ոտքերից»,- ծիծաղում է, ծխախոտի գլանակն է հանում: Ծխելուց հաճախ է նայում պատուհանից այն կողմ, որտեղ չորացած մի ծառ է երևում: Նրան տեղափոխել էին Երևան, ոտքի վիրահատություն էին արել՝ ծնկի մեջ տեղադրելով պլաստմասսա, ինչպես ինքն է ասում, իսկ մյուսում մինչ օրս 2 բեկոր կա, որ չի հանել: Ասում է՝ նեղություն չի տալիս, հանելը կարող է վտանգավոր լինել, քանի որ նյարդի մոտ է:

Պատերազմից հետո

1994 թ. մայիսի 14-ի հրադադարից 10 օր անց Էռնեստը վերադարձավ գումարտակ: Ասում է՝ հրադադարի լուրը Երևանում լսեց, բայց եթե հրադադար չլիներ, ու իրենց չխանգարեին, առաջ կգնային: Իսկ դա, ըստ նրա, մեծ պետությունների խաղեր էին: «Պատերազմը դեռ չի վերջացել ինձ համար, հայ ազգի համար պատերազմը երբեք չի վերջանա, որովհետև խաչմերուկում ապրող ազգ ենք»,- ասում է նա:

Հարցնում եմ, թե կային արդյոք մարտեր, երբ հաղթելը դժվար էր թվում: Ասում է, որ երբեք չի մտածել, թե թշնամին իրենից ուժեղ է: «Թուրքն ինձ համար շարժվող թիրախ էր, որին խփել էր պետք: Բայց, օրինակ, եթե ասեն՝ կենդանի մորթի, չեմ կարող»,- շեշտում է ազատամարտիկը: Պատերազմում կորցրածի, ձեռքբերածի մասին ենք խոսում: «Կորցրեցի լավ մարդկանց»,- սա ասելուն պես, նրան ընդհատում է ընկերը, թե «ձեռք չբերեց կին»: Ծիծաղում ենք, իսկ Էռնեստը լուռ է: «Ֆիդային իրավունք չունի ամուսնանա, Աղբյուր Սերոբի պատմությունը կարդացեք, կիմանաք»,- նկատում է նա:

Ասում է՝ պատերազմի տարիներին մարդկություն կար, որ այսօր չկա: Հիմա էլ հիմնականում շփվում է իր մարտական ընկերների հետ: «Հողի և ընկերներիս հետ եմ շփվում հիմնականում: Որ հանդիպում եմ, ոնց որ ներվային համակարգս հանգստանա: Միշտ էդ ենք հիշում, ծերացել ենք, անցյալի հուշերով ենք ապրում»,- նշում է նա: «Ասում են՝ հումորը նույնիսկ պատերազմի դաշտում էր, տղերքից շատերը անեկդտոներ են պատմում այդ տարիներից: Ճի՞շտ է»,- մեր խոսակցությունը սոսնձելու համար եմ հարցնում: Սկսում է ծիծաղել, թե էնքա՜ն շատ են եղել էդպիսի դեպքերը: Հովսեփն ավելացնում է, որ ամեն մարտից հետո տղերքի անեկդոտների շարան էր լինում, թե ով ոնց պահեց իրեն կռվի ժամանակ:

«Մի բուռ» հումոր՝ մարտի դաշտից

«93-ի գարնանն էր, Քյուրդլարը Աղդամի շրջանում էր, որ գրավեցինք, տղերքից մեկը մի թուրքի գերեզման էր գրկել, թե՝ մամ ջան, մամ ջան: Խմած էր: Սաքոն թե՝ այ գյադա, էդ թուրք ա, մերդ չի: Գիտեր, թե իր մոր գերեզմանն էր:

Մեկ էլ հիշում եմ՝ 93-ի վերջերն էին, Սպիտակից մի Նորիկ ունեինք՝ Ռեմբո էինք ասում, ծանր զենքերը մերն էր դե, հակատանկային ֆագոտի օպտիկան շրջել էր մեր ԴՇԿ-ի կողմը, թե՝ թուրքի ԴՇԿ եմ ճարել: Հրազդանցի Գուգոն էլ գնաց-կանգնեց, ասաց՝ կարո՞ղ ա ես էլ թուրք եմ, հըլը նայիր: Գառնիկն էլ ասաց՝ լավ ա տանկը չի տեսել, թե չէ նաղդ կտար-կսպաներ մեր տանկը»,- պատմում է Էռնեստը: Փոքր սենյակը լցվում է մեր ծիծաղի ձայներով, բոլորս ծիծաղում են: Հերթով սկսում են պատմել մարտի դաշտից անեկդոտները, երբեմն իրար լրացնում են, երբեմն ուղղում տարեթիվը կամ վայրը:

«Երևանից տղերք էին եկել բանակումներ անցկացնելու, մեր ընկերներից մեկը՝ պարսկահայ Արմիկը, լավ սպորտսմեն էր, թաեքվոնդոյի չեմպիոն: Բացատրում է, որ ցանկացած արկի պայթյունից բեկորները 30 աստիճանով են թռնում, որ եթե մի քանի մետր հեռու պառկած լինես, հնարավոր է՝ վանսվածք չունենաս: Գրանատը մոտն էր, ասում է՝ եթե հիմա քաշեմ… Էս էրեխեքը սկսում են ծիծաղել, քաշում է, թե՝ պիտի պաշտպանվեք, ինքը պառկում է, մնացածն սկսում են ծիծաղել… Մարտակերտից մի օր գալիս եմ Շուշի, տեսնում եմ էրեխեքը ձեռքները փաթաթած (նռնակի պայթյունից են վիրավորվել- հեղ.), նստել են, ասացին՝ Արմիկը բանակումներ է անցկացրել: Էդքան ժամանակ մենք էնքան վիրավոր չտվեցինք մարտական գործողություններում, պատերազմական լինիայից 100-քանի կմ հեռու էդքան վիրավոր տվեցինք»,- Հովսեփի պատմելուց հետո Էռնեստն ավելացնում է. «Վերջում հայհոյում է [Արմիկը], ասում է՝ լավ եմ արել: Հաջորդ օրն էլ տեսա՝ հակատանկային ականները դրել էր, ասացի՝ էսօր քանի՞ զոհ ես ունենալու, ասաց՝ երեկ զոհ չի եղել, վիրավոր է եղել, բաբամ»:

«Ծերուկ, դու ինձ հիշեցնում ես Էռնեստ Հեմինգուեյին»

1994-ից մինչ 2003 թ. Էռնեստը ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում: 1995 թ.-ին Եղվարդից տեղափոխվել է Հովտաշեն, մեկ տարի՝ 95-96 թթ. եղել է Հովտաշենի ութամյա դպրոցի տնօրեն: Ասում է՝ 27 աշակերտ ունեին, մանկավարժները բարձր կրթությամբ էին:

Իսկ ծառայությունից դուրս է եկել 2003 թ.-ից՝ առողջական խնդիրների պատճառով: Ասում եմ՝ Ձեր առողջությունը թողել եք մարտի դաշտում: Հովսեփը լրացնում է խոսքս, թե փոխարենը հայրենիք է ձեռք բերել: «Հայրենիք դեռ ձեռք չեմ բերել»,- ասում է Էռնեստը:

Ծառայությունից դուրս գալուց հետո հաշմանդամության երկրորդ կարգը դարձրել են երրորդ: «Փող չտվեցի, երևի դրա համար»,- պարզաբանում է զրուցակիցս: Ասում է՝ էնքան տղերք գիտի, որ փող են տվել հաշմանդամության կարգ վերցրել, բայց երբեք չեն եղել պատերազմում: Պատմում է մի դեպք, երբ ոտքը կտրած ազամարտիկին մի քանի անգամ տարել-բերել է հանձնաժողովը, մարդն այնքան է զզվել, որ ասել է՝ կարո՞ղ է գիտեք՝ ոտքս ծառ է, ջրեմ, աճելու է:

Չորս եղբայրներից մեկը մահացավ 2005 թ.-ին՝ սրտի կաթվածից: «Սրտին ամեն ինչ մոտ էր ընդունում, չդիմացավ»,- նշում է Էռնեստը: Եղբայրներից միայն մեկն է մինչ օրս ծառայում բանակում: Երկրի ներկայից եմ ուզում հարցեր տալ, բայց հրաժարվում է, ասում է՝ ոչինչ էլ չի մտածում երկրի մասին, իր համար կարևորը Հայ դատն է: «Դառնանո՞ւմ եք ինչ-որ բանից»,- շարունակում եմ հարցս:

«Կարող ա վատ զգամ, բայց չարտահայտվեմ: Մենք մեզ ենք մեղադրում, որովհետև մենք էս ձևի երկիր չէինք ուզում ունենալ, տղերքից շատերն ասում են, էլի, երանի զոհվեինք, բայց էս ձևի երկիր չտեսնեինք,- սա բաց նյարդ էր, որը միանգամից փոխեց սենյակում քիչ առաջ զվարթ մթնոլորտը:- Կռվի տարիներին մարդկություն կար, կռվողի համար կուսակցություն նշանակություն չուներ»: Իսկ հիմա… Հիմայի մասին խոսել չի լինում, որովհետև այս մարդկանց հիման լցված է անցյալով:

«Մարդու ճակատին ինչ գրված է, էն էլ կլինի»,- ասում է զրուցակիցս: «Ծերուկ, դու էս պահին ինձ հիշեցնում ես Էռնեստ Հեմինգուեյին»,- վրա է բերում Հովսեփը՝ շարունակելով. «Նման էլ ա, չէ՞»: «Բայց ես սամալյոտից չեմ ընկնելու»: «Չէ, դու գնալու ես ծով՝ ձուկ բռնելու»:

Ձայնագրիչն անջատելուց հետո դեռ խոսում ենք: Նրանք մեզ խնդրում են սպասել, որ սուրճ հյուրասիրեն: Հրաժարվում ենք: Էռնեստը հասնում է հանրակացարանի դռան մոտ, ժպտում է, իսկ ժպիտի մեջ բարի մի բան կա: Միայն մեր զրույցից հետո եմ իմանում, որ Էռնեստը քաղցկեղով հիվանդ է:

Հ.Գ. Էռնեստ Շեկյանը գիտի իր հիվանդության մասին: Նա այժմ Երևանում է բուժման նպատակով:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի և Հակոբ Բերբերյանի

 

 

бутон за социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net