«Երբ դու աղքատ երկրի վարչապետ ես, երբ քո ժողովուրդդ աղքատ է, երբ քո ժողովրդի մեծամասնությունն իրենց երեխաներին նույնիսկ քաղցած են քնացնում, ապա սա ուղղակի բացատրելն անհնարին է, – ասաց Փոստանջյանը:
Ավելի քան 50 հազար դոլարը, ի դեպ, ծախսվել է միայն չվերթի համար: Թե ինչ հյուրանոցում է հանգրվանել կամ ինչ այլ ծախսեր է կատարել Հովիկ Աբրահամյանը՝ առայժմ հայտնի չէ։
Օտարերկրյա այս ճոխ այցերի հարցում ներկայիս վարչապետը գրեթե չի զիջում իր նախորդին։ Անհարկի շռայլությունների համար Տիգրան Սարգսյանին հաճախ քննադատող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հովիկ Աբրահամյանի ծախսած միլիոններին առայժմ հրապարակավ չի անդրադարձել։
Վարչապետի հետ խնամիական հարաբերությունների մեջ գտնվող Գագիկ Ծառուկյանի կուսակցության խոսնակը, սակայն, վստահեցնում է,որ իրենք միշտ քննադատել և կշարունակեն քննադատել բյուջեն անարդյունավետ ծախսողներին՝ անկախ անձերից, կուսակցական ու այլ կապերից։
ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի խոսքով ինքը տեղյակ չէ, թե ինչ նպատակով է Հովիկ Աբրահամյանը մեկնել Մոսկվա և ինչ կարևորության փաստաթղթեր է ստորագրել այնտեղ։
Դիտարկմանը, թե եթե ինչ-ոչ շահեկան պայմանագրեր են ստորագրվել, արդյոք չի համարվի այս ծախսը շռայլություն, Ուրիխանյանն արձագանքեց․ – «Ձեր հարցը հռետորական է, պատասխանը ակնհայտ է»:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ընդհանրապես հրաժարվեց խոսել Հովիկ Աբրահամյանի ծախսած միլիոնների մասին, նշելով որ հիսուն հազար դոլարը փոքրիկ թեմա է։
«Երկիրդ է ձեռքից գնում, 50 հազար մարդ է կորում», – ասաց Մանուկյանը:
Կան արդյոք Հովիկ Աբրահամյանի չվերթների մեջ կոռուպցիոն ռիսկեր, թե ոչ, «Թրանսփարենսի Ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնը դեռ չի ուսումնասիրել։ Փոխարենը փորձագետները փաստում են, որ կառավարության էլեկտրոնային կայքից անհետացել է անցած տարվա ողջ տեղեկատվությունը՝ պետական գնումների, պաշտոնյաների ծախսերի ու շրջագայությունների մասին։
Կենտրոնի գնումների փորձագետ Արտակ Մանուկյանի խոսքով, սա արդեն 1 տարվա մեջ 3-րդ դեպքն է։ Ընդ որում, անհետացած արխիվները վերականգնելուց հետո գրեթե անհնարին է դառնում ստուգել ՝ փոփոխություններ եղել են, թե ոչ։
«Այդուհանդերձ, բարեբախտաբար, մենք կարող ենք ընդհանրան, քանի որ մենք մոնիթորինգ ենք անում, ես կարող եմ որոշակի թվային պատկերներ ներկայացնել: 2014 թվականին տեղի է ունեցել շուրջ 11 հազար 1 անձից գնում», – ասաց Մանուկյանը:
Հովիկ Աբրահամյանը Մոսկվա էր մեկնել այս ամսվա սկզբին՝ ԵՏՄ վարչապետների առաջին հավաքին մասնակցելու։ Ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանը պնդում է՝ եթե հատուկ չվերթի նպատակն էր ցույց տալ իր կարևորությունն ու Հայաստանի հեղինակությունը, ապա ինչու էր Հովիկ Աբրահամյանը Դմիտրի Մեդվեդևի հետ ճեպազրույցի ժամանակ ստորադասում մայրենի լեզուն:
«Եթե ուզում էր ընդգծել, որ ինքը անկախ պետություն է ներկայացնում, կամ ինքը այնքան կարևոր պաշտոն է զբաղեցնում, շատ ճիշտ կլիներ գոնե հայերենով ելույթ ունենար էդ ճեպազրույցի ժամանակ», – ընդգծեց Փոստանջյանը: