Lragir.am – ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Հավանաբար քչերը կենթադրեին, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակից 2 ամիս առաջ Հայաստանի շատ կուսակցությունների օրակարգում այդ թեման նույնիսկ երկրորդական տեղի չի զբաղեցնելու: Հայաստանում կուսակցությունները զբաղված են ինչով ասես, միայն թե գլոբալ գործընթացի մասնակից չդառնան, որի մասն է Հայոց ցեղասպանության 100-ամյակը:

Հայկական կուսակցությունների այդպիսի վարքն առաջացնում է ոչ միայն հայկական սփյուռքի ու Արեւմուտքի, այլ նաեւ այն երկրների զարմանքը, որոնք ամեն ինչ անում են ցեղասպանության 100-ամյակի միջազգային հնչեղությունը համահարթելու եւ հայերի պահանջների օրինականացումը թույլ չտալու համար:

Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների հանձնաժողովի անդամ են ՀՀԿ ու ՀՅԴ ներկայացուցիչները, սակայն չկան այլ կուսակցությունների անդամներ: Այդ կուսակցությունները պաշտոնապես չեն միացել Համահայկական բանաձեւին, որով առաջին անգամ հղում է արվում Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին ու Սեւրի պայմանագրին:

Կամ կուսակցություններն են վախենում միանալ գործընթացին, որպեսզի չմեղադրվեն ռեժիմի հետ «հաշտվելու» ու պայմանավորվելու մեջ, կամ էլ բոլորը հասկանում են, որ պահանջների առաջադրումն առաջին հերթին նշանակում է ռուս-թուրքական պայմանագրերի չեղյալ հայտարարումը: Իսկ հայկական կուսակցությունները պարտավորվել են պահանջներ չներկայացնել Ռուսաստանին:

Հայաստանի հանրային վայրերում կարելի է տեսնել «Լռության 100 տարի» լուսանկարների ցուցահանդեսը: Առաջին հարցն այն է, թե ինչու են հայերը 100 տարի լռել: Ո՞վ չի թույլ տվել հրապարակային հայտարարել պահանջների մասին, դատարան դիմել: Ինչու՞ է ձախողվել Արա Աբրահամյանի նախաձեռնությունը, ով դեռ 2001 թվականին հայտարարել է միջազգային դատարան դիմելու համար իրավական փաթեթ պատրաստելու մտադրության մասին: Ո՞վ է նրան խորհուրդ տվել անել դա եւ ո՞վ է կանգնեցրել գործընթացը:

Հայաստանը, որ Խորհրդային պետության կազմում էր, հետո էլ «ռուսական ազդեցության գոտում», չի կարող դատարաններում վիճարկել այն պայմանագրերը, որոնք Մոսկվան ստորագրել է Թուրքիայի հետ, Հայաստանի բաժանման վերաբերյալ: Սա 100 տարվա լռություն ու վախ է Ռուսաստանի առաջ: Դատելով հայկական կուսակցությունների վարքից՝ լռությունը շարունակվում է:

Ցեղասպանության 101-րդ տարելից չի լինելու: Դա բոլորն են հասկանում: Մեկ տարի հետո իհարկե հայերը նորից կայցելեն Ծիծեռնակաբերդ, որպեսզի հարգեն զոհերի հիշատակը: Սակայն ցեղասպանության քաղաքական նշանակությունը կկորչի: Կամ հայերը կօգտվեն պահից ու կճեղքեն լռությունը, կամ էլ վերջնականապես իրենց կամազուրկ տարածք կճանաչեն, որը բաժանվել է Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ:

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert