2015 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցավ Թեհրանի Հայոց Թեմի հերթական Պատգամավորական Ժողովի նիստը, որտեղ քննարկվեցին տարբեր հարցեր ու տրվեցին տարբեր գնահատականներ: Առանձնացնում ենք դաշնակցական պատգամավոր պրն.  Սեթրակ Գյումջյանի խոսքերը, որ պարզորեն արտահայտեց ու իր գնահատականը հնչեցրեց Անթիլիասի ու Էջմիածնի հոգևորականների մասին: Նախ` նա իր զայրույթը հայտնեց այն հարցի կապակցությամբ, թե իբրև Թեհրանի Հայոց Թեմի Պատգամավորական Ժողովում կան այնպիսի մարդիկ, որոնք ավելի շուտ համակրում են Էջմիածնին, այլ ոչ թե Անթիլիասին: Նրա կարծիքով,  նման մարդկանց տեղը ԹՀԹ-ի Պատգամավորական Ժողովը չէ: Այնուհետև նա արտահայտեց իր «փայլուն» միտքը, իբր Անթիլիասի բոլոր հոգևորականները ազգային են, իսկ Էջմիածնի հոգևորականները` ապազգային, ու նրանք հեռու են ազգային լինելուց: Ցավալի է լսել այսպիսի եզրակացություն դաշնակցական պատգամավորից: Նման անհիմն ու գռեհիկ գնահատականը կարող է հնչեցնել միայն Էջմիածնի դեմ չարությամբ լցված հասարակ մեկը, ով կարիք ունի  Հայաստանի դաշնակցականների ուշադրությունը գրավելու:

Ստորև կանդրադառնանք միայն մի քանի հարցերի, որպեսզի բացահայտվի այդ անհիմն ու պարզունակ գնահատականի բնույթը:

  1. Նման ընդհանուր գնահատականի արծարծումը հասարակ, բայց ոչ հասարակական ու քաղաքական սկզբունքներին ծանոթ մի անձնավորության գնահատական է, որից պետք է խուսափեն մեր հայ ազգային ու հասարակական գործիչները:
  2. Ղարաբաղում ու ընդհանրապես Հայաստանում բազմաթիվ հոգևորականներ կան, որոնք գտնվելով Արցախյան պատերազմի առաջին գծում, իրենց կյանքն են վտանգի ենթարկել, մինչդեռ Անթիլիասից նման հոգևորականների գտնելը շատ դժվար կլինի: Հիմա նման անձնազոհ հոգևորականներին ապազգային պիտակ փակցնելով պրն Գյումջյանը արդյո՞ք իրեն վատ չի զգում:
  3. Իրանում և սփյուռքում, Անթիլիասին պատկանող շատ հոգևորականների կարելի է հանդիպել, ովքեր հոգևորական դաշտը օգտագործել ու օգտագործում են իրենց անձնական շահերի համար. արդյո՞ք նրանց բոլորին անվանել ազգային ու էջմիածնականներին ոչ ազգային, ճիշտ է: Իհարկե նման երևույթներ երկու կողմերում էլ կարելի է տեսնել, սակայն այստեղ մեկին լավ, մյուսին վատ ներկայացնելն է այդ կուսակցականի խնդիրը:
  4. Հայտնի չէ, թե ինչ նպատակ է հետապնդում մեր հարգելի պատգամավորը նման արտահայտություն անելով:
  5. Ցավ է պատճառում այն հանգամանքը, թե ինչո՞ւ ԹՀԹ-ի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը այդ նիստին ներկա լինելով, որևէ ձևով չի արձագանքել այդ մտքին ու իր լռությամբ հաստատել է նման թեթևամիտ գաղափարը:

Այս հարցին պիտի արձագանքեն մեր Էջմիածնի ու Անթիլիասի առողջ հոգևորականները ու թույլ չտան, որ մի կուսակցական պատգամավոր մեր ամբողջ հոգևորականների համար նման դասակարգում սահմանի, նաև պետք է դատապարտեն այդպիսի մոտեցումը: Առաջին մարդը, որ պետք է արձագանքեր այս «փայլուն» գաղափարին, Թեհրանի թեմի առաջնորդն էր, ապա  նրա ղեկավար՝ Արամ վեհափառի պարտականությունն է  սաստելը:

Դոկտ. Ռուբիկ Սարդարյան,  Թեհրան

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert