Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«Հայոց ցեղասպանության ճանաչումից վախեցողներն ամենից առաջ, ինչպես հանգուցյալ Յաշար Քեմալն էր ասում՝ «հանրապետության սնած տզերն են», որոնք հայերի ունեցվածքը, հողերը, առանձնատները մեջ-մեջ էին արել, բայց աչքները դեռ չէր կշտանում:
Ցեղասպանության ճանաչումից, անշուշտ, միայն նրանք չէ, որ վախենում են: Հայոց ցեղասպանության սկիզբը համարվող ապրիլի 24-ին Չանաքքալեի մարտերի տոնակատարության օր հայտարարած ու միջազգային հիշատակի միջոցառում կազմակերպել ցանկացող նախագահն էլ է շատ վախենում ցեղասպանության ճանաչումից:
Հայոց ցեղասպանության 100-ամյակին 2 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել: Որքան այդ ժամկետը սեղմվում է, ճանաչումից վախեցողների ձայնն ավելի է բարձրանում: Իրոք, ո՞վ կվախենար Հայոց ցեղասպանության իրողությունից: Սրանից 100 տարի առաջ սպանված, անգամ գերեզման չունեցող մարդկանցից ինչո՞ւ են վախենում: Այս հարցի պատասխանը գտնելն այնքան էլ դժվար չէ երևի:
Նախագահն էլ շատ լավ գիտի, որ այն պետությունը, որը ղեկավարում է ինքը, Հայոց ցեղասպանության արյան վրա է կառուցվել: Ցեղասպանության ողջ իրողությունն իր ողջ մերկությամբ ի հայտ գալն այդ պետության հիմքի փլուզման պատճառ է դառնալու: Նախագահը դա գիտի և այդ ահից է, որ Ապրիլի 24-ն անամոթաբար ցանկանում է վարագուրել:
Բանվոր դասակարգի քրտինքով իրենց ունեցվածքը բազմապատկած, միլիոնավոր մարդկանց քաղցի մեջ պահողները Ցեղասպանության ճանաչումից նաև դրա համար են վախենում:
Իրականության բացահայտվելու դեպքում «իրականում նրանք են մեզ սպանել: Եթե վերադառնան, այստեղ մեզ չեն թողնի ապրենք: Նրանք մեր ամենամեծ թշնամիներն են» ստերը, աշխատավորների երակները լցված ռասիզմը, ազգայնականության թույնն արդեն բավարար չի լինելու, և աղքատների զայրույթն իրենց է ուղղվելու:
Իհարկե, ոչ միայն նա. խոշոր նավթային ընկերությունները, զենքի ընկերությունների ղեկավարներն էլ նույն վախն են կիսում:
Միլիոնավոր մարդկանց կյանքի գնով, խոշոր երկրները հողին հավասարեցնելու գնով իրենց շահերի կորստից են վախենում…
Հայոց ցեղասպանության իրողությունը ճանաչելուց չվախեցողներ էլ կան: ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգի նման, որի ճանաչումով ԱՄՆ-ի՝ Ցեղասպանությունը ճանաչած նահանգների թիվը 43-ի հասավ: Ուրուգվայի, Կիպրոսի, Արգենտինայի, Ռուսաստանի, Կանադայի, Հունաստանի Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեդիայի, Իտալիայի, Վատիկանի, Շվեյցարիայի, Սլովակիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Գերմանիայի, Վենսուելայի, Լիտվայի նման շատ երկրների խորհրդարանների նման, որոնք Հայոց ցեղասպանությունը ճանաչել, մի մասն էլ դրա ժխտումը քրեականացրել, իսկ մի մասն էլ դասագրքերում է ներառել»: