hetq.am -, Լևոն Խեչոյան

07.06.2000թ.) Աստված իմ: Լեզուներ չիմանալու պատճառով պապանձվել եմ, կրկին լռելու հնարավորություն տվեցիր:  Դարձյալ պարսատիկից արձակված քար եմ, թռչում եմ ամբողջ Եվրոպայի տարածքով, ինչպես տարիներ առաջ` լալկված թռչում էի պատերազմի միջով` չգիտենալով այդ լեզուն:

Լիսաբոնի Սանտ- Ապոլոնիա կայարանից գնացքը շառաչով սլանում է Իսպանիա: Շոգ է, տապ: Լեռնոտ դաշտերում սուրճի թե ձիթենու ծառեր են: Սլացքին ետընթաց, փայլատակող ճերմակի բռնկումներով, մի ակնթարթ աչքի դեմ, հետո թռչում է շատ ետ մնացած կանաչածածկ ֆոնի միջից, արևազարկ թփերի, ծառերի ստվերների ներսից սպիտակ  կովերի մեջքերն են ցցվում` անձրևից հետո դուրս լցված սնկերի նման:

Մի սպիտակ  բազե երկնքի կապույտում տեսա: Այդպիսի նրան կըրկին տեսել էի Օմարի լեռներում` պատերազմի ներսով անցնելիս:

Կամեցար` դարձյալ լռեցիր, ճանապարհներին կորոնեմ հորիզոնը… Պարսատիկի քարի նման արձակվել եմ ինքս ինձնից… Խինդոտ լռություն: Հողը դեղին է, կապույտ երկնքի շոգի  մեջ արագիլները պտտվում են` բացված անշարժ թևերի սահքով: Հեռվում, բազմաշերտ գունային երանգներով Գեղամա լեռնաշղթայի նման սարեր են, թվում է` քիչ էլ գնաս, կհանդիպես Սևանա լճին:

Ներսումս դանդաղ արթնանում է անհայտին ընդառաջ գնալու երջանկությունը, ինչպես մահվան վտանգն զգալու ուրախությունը:

Վեց ձի շոգի մեջ, քուռակը մեռածի նման տաք խոտերին է պառկած, սլանում են: Ճեպընթացը կանգնել է, հիմա նրանք են թռչում: Անշարժության մեջ երերում, հողը գնում է, կողքից կողք օրորվելով` փախչում է մարմինս, նրանից դուրս` ճոճքից հավասարակշռությունը կորցրած ուղեղս:

Կառամատույցներում, գնացքի միջանցքներում արդեն իսպանական չորս լեզուներով են խոսում:

Բազկաթոռի մեջ` դեղին մազերով գերմանուհին` ձյունաճերմակ, բաց մեջքով: Տողի մեջ, նախադասությունների կառույցում թե եղելության ներսում, կորցրի արագիլների զգացողությունը: Գնացքը կանգնել է, պատուհանից դուրս վեց կարմիր ձիերն ու քուռակը կարմիր շոգի մեջ կանգնած են անշարժ…

ճանապարհներ, չգիտակցված հեռու հորիզոն, դարձյալ գալիս եմ դեպի քեզ, դեպի քո մեջ: Շոգը ձիերի համար կարմիր է, ինձ համար` դեղին:

Դեմս քնել է աղջիկը, մեջքը բաց մի աղջիկ, կծկվել է, ինչպես արգանդի ներսում, ինչպես անհայտի մեջ: Բազկաթոռի վրա արթնացավ, մշուշոտ նայեց ինձ, տեղափոխվեց… այլևս չեմ տեսնում դեղին մազերը: Առարկաների երկրաչափական փոխակերպումը` այս թանձր արևի մեջ, պտույտը արագիլների, ձիթենիների, էլեկտրասյուների, ճանապարհացույց նշանների, երկար, կապտագույն ստվերները: Ծանր արևը կարմիր ձիերի, իմ դեղին շոգը…

Դարձյալ ու դարձյալ վերադառնում եմ, այս սլացքի հափշտակած թռիչքի մեջ, միտքս հիշում է իմ Կայենի ու իմ Աբելի կերպարները` մի անգամ այսպիսի անծայրածիր դաշտերով անցնելիս եղբայրը սպանել է եղբորը…

Մի՞թե այս արձակ տարածությունների միջով անցնող թնջուկավոր պաստառների ճանապարհը, որի վրա շառաչում է գնացքը, Կայենի ամայության դաշտերը չեն, երբ նա վեր կացավ Հաբելի վրա և սպանեց նրան, մի՞թե այս ճանապարհները Հիտլերի կանաչ երազանքների ուղին չէր, իմ Եվրոպա, որով ցանկանում էր նվաճել Ատլանտյան օվկիանոսից Խաղաղ օվկիանոս ցամաքը` մեծ գերմանական Ռայխը ստեղծելու համար: Երեկոյանում է, կապույտ է հեռու լեռների վրա: Երկնքի գույնը իջել է հողին, գեղանկարչական, լայնատարած մանուշակագույն է: 1936 -39 թթ. երկաթյա այս ճանապարհով  Իսպանիա էին գալիս մերի նման հատուկ նշանակության գնացքներ` բեռնված կամավորական զինվորներով` օգնելու ինտերնացիոնալ բրիգադներին:

Մոտենում ենք Մադրիդին, չգիտեմ ինչու, փոքր հասակից միշտ կարծել եմ, թե արևն այս երկրներում է մայր մտնում:

(08.06.2000թ.) Դարը, դարաշրջանները, քաղաքակրթությունները իրենց ժամանակի փրփուրից ստեղծում են հասարակարգերին կառավարող միտքը: Քարոզչության մեքենան հղկելով այդ թեթևը` դարձնում է իր հարյուրամյակի մակերեսի վրա ապրող առաջնային` պաշտամունք – գաղափարախոսությունը և հրապարակ է հանում անհրաժեշտ ժամին:

Գլոբալիզացվող Եվրոպայի համար ծնված «Գրական էքսպրես» միջոցառման կոնցեպտուալ նախագիծը, որ ջանում է մայրցամաքը մտցնել մեկ  մշակութային տարածության մեջ, ստեղծելով նրա ժողովուրդների մտքի փոխըմբռնման եզրեր` փորձելով գրականության հնարավորությունները դարձնել «Նոր Եվրոպա» գաղափարախոսության հիմքը, արդյո՞ք դարի փրփուրը չէ:

Չէ՞ որ Եվրոպան կարիճ է, կարիճ` գլխի և պոչի թշնամական օրենքով ապրող, ինքնաոչնչացման համար ամբարած եռացող թույնի մըշտական հակասություններով` կաթոլիկ, մահմեդական, առաքելական, բողոքական, հոմոսեքսուալիստական, կոմունիստական, եհովայական, ֆեմինիստական, հուդայական, դեմոկրատական, ֆաշիստական, ամերիկյան, ազգայնական, ինտերնացիոնալ հավատով և դավանանքով, որոնք անընդհատ եղել են նրա հանճարեղ մշակույթի և ինքնակործան ահեղ պատերազմների հիմքը, հենց սրանք էլ թույլ չեն տալիս այնքան էլ միանշանակ ընկալել եվրոպական  միասնական տան գաղափարախոսությունը:

Հնուց ի վեր հաստատված այս երկու, ծայրահեղ հակասական օրենքների` մակընթացությունների և տեղատվությունների միջև անվերջ, առանց դադարի լցվում և դատարկվում է Եվրոպայի մարդու գոյությունը: Կարիճի նման է Եվրոպան, մի բևեռում լուսապայծառ գլուխն է` կյանքը, մյուսում` մահաբեր խայթոցով պոչը: Նրա մեռնել-հառնելն անբաժան են իրարից, լուսնի լրման և նվազման փուլերի նման մակընթացությունը տեղատվության վերջն է, տեղատվությունը` մակընթացության, մեկը ծնում է մյուսին: Եվրոպայի անվերջ վերադարձի ճանապարհը արվեստն ու քաոսն է: Կմահանա առանց մեկը մյուսի:

Ֆրանսիական հեղափոխությունից հետո, մինչև օրս էլ, թեկուզ տեսականորեն, Եվրոպան բաժանված է երկու մասի` ձախերի և աջերի, ընդմիշտ լինելու է այս բաժանումը:

«Գլոբալիզացվում» է մինչև ո՞ւր, հորիզոնական նրա երկու թևերում երկու օվկիանոսներն են, ուղղահայաց` Ուրալյան լեռները, ինչքա՞ն պիտի նրանցից բարձրանանք, որ խոշոր երկնաքեր աշտարակի չնմանվի մեր գործընթացը:

Այս առեղծվածային գնացքով քառասունհինգ երկրների, քառասուն լեզուներով, հարյուր հիսուն ստեղծագործողներ` դեպի այնտեղ, գուցե վերադարձ` նորից անհայտը, դարի փրփուրը:

Ինչքան էլ արի լինեմ, չվախենամ, ինձ թվում է, այնուամենայնիվ, ԱՇՏԱՐԱԿԻ սիմվոլը մարդկության մտահորիզոնում պետք է տասնմեկերորդ պատվիրանը լիներ:

Մադրիդի փողոցները` զրնգացող, շառաչող դարերի ժխորով, լեզուներով, մահմեդա-քրիստոնեական ճարտարապետությամբ և ողողված մանուշակագույն թափանցիկ լույսով, մայթերի սրճարաններում նախադեպը չունեցող սուրճով:

Պրադո, ազգային թանգարան: Բելլինի, Բոտիչելլի, Բոսխ, Վելասկես, Գոյա, Մեմլինգ, Մուրիլո, Ռուբենս, Սուրբարան, Տինտորետտո, Տիցիան, Էլ Գրեկո…

Գույների ընկալման առաջին մակարդակը, ներսում` անորոշ մի տեղից, աստիճանաբար բարձրանալ-իջնելով, սառը և տաք հոսանքներով, իմ օդապարիկը  հասցնում է ինչ-որ նոր աշխարհներ, ուր դանդաղորեն խարիսխ եմ գցում:

Այս հանճարեղ կտավները, իրարից անկախ, որ դարում էլ ստեղծված լինեն, երբ մեկտեղ են հավաքվում, հայտնաբերում են  մարդկության առեղծվածը. գույների, ոճերի, կատարողական տեխնիկայի միջոցով շփման եզրեր գտնելով բացարձակի և իրական աշխարհի միջև եղած փոխհարաբերությունների շուրջ` ստեղծելով տիեզերական խորհրդին համադրվելու պատրանքներ…

Մեզ անընդհատ թվում է, թե սա այն ճանապարհն է, որ գնանք, մեզ տեղ կհասցներ, իրականում այդ ճանապարհի վրա նմանվում ենք ինքն իր պոչի ետևից շրջապտույտ վազող աղվեսի:

Անսահմանությունը, նրա մեջ երկրագնդի պտույտը:

Չեմ սիրում պատկերասրահների` ոտքերը հարող հոգնածությունը: Այսքան նկարներ` ներսով ու դրսով, նրանց երանգները տեսնել-լսելուց տխուր-ուրախ եմ: Դահլիճների բոլոր գույները, պարանը վիզը գցած երինջի պես, գալիս են ետևիցս:

(09.06.2000թ.) Այսօր նրանք, Պուշկինի արձանի առաջ արարողության ժամանակ, անբռնազբոսիկ էին: Ռուսական դեսպանատան և Պուշկինի գրական կենտրոնի աշխատակիցների հետ կատակում էին, լուսանկարվում, ձեռքները հորիզոնին պարզած` արտասանում: Կարծես ռուսներին բարեկամություն  ցույց տալու ժեստ է: Նաև գիտեն, որ Եվրոպային դուր է գալիս ժպիտը, մանկական անմեղ չարաճճիությունը: Օգտագործվում է, ինչն օգտակար է:

Իրենց թրքուհի թարգմանիչ-առաջնորդը սև, կանացի լայնեզր գըլխարկով է, սևի վրա կարմիր վարդ է ամրացված, կանաչ աչքեր ունի:

Ես պիտի խաղաղվեմ, սովորեմ նրանց` կողքիս լինելուն:

Ժամանակը դարձյալ այս լաբիրինթոսում պիտի կորսեցնի մեզ, տանի ու բերի, կանգնեցնի դեմ ու դեմ, տեսցնի իրար:

Չորս, հինգ ժամ թափառում ենք առնական բնավորությամբ, պատմական կնիքը ճակատին` նուրբ մայրամուտների Մադրիդում:

Թագավորների պալատներ են հառնում` լայնատարած  բակերով, հեծելազորի ոտքերի տակին հարմարեցված, սալարկված հրապարակներով, տերության և իշխանության, երբեմնի հզորության սիմվոլ–կոթողներով, ծառսած ձիերի մեջքերին երկաթակուռ հագուստ հագած արքաներով: Հրապարակներից մեկում Ֆիլիպ 3-րդ թագավորի ձիու ոտքի վրա անցք կար` պղնձաձույլ արձանի մեջ էր մտել լռությունը և ժամանակը: Նեղ փողոցներով հին քաղաքը` չորս լեզուների երաժշտական հնչողություն:

Վերադառնում ենք գրքի տոնավաճառ-ցուցահանդեսի շուկան: Գրողներն իրենց մայրենի լեզուներով բանաստեղծություններ են կարդում: Խոսելու տարբեր միջոցներ, ոչինչ հասկանալի չէ` հայտնի աշտարակաշինությունը: Սկսվում է մամուլի, հրատարակիչների և գրողների ասուլիսը: Պիտի մասնակցեմ, հրավիրում են բեմ` սեղանի մոտ: Տեսնում եմ նրանց, ահա առաջին բանը, որ կա կարմիր սեղանից անդին:  Սև գլխարկը` վարդով, նրա քայլքը` դեպի ինձ և ետ: Անբըռնազբոսիկ, շորորալով գալիս, հասնում է բեմ, կանաչ, անմեղ աչքերը հառած վեր` ջրամանից գավով ջուր խմում, գնում է տեղը:

Միշտ այդպես է լինելու` անընդհատ սեղանի խնդիրն է առաջանալու, Եվրոպայի կարմիր սեղանից օգտվելու հարցը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արևմտաեվրոպական պետությունները միմյանց առաջ բացեցին սահմանները` ստեղծելով «Նոր Եվրոպա» միասնական շուկայով և մի ընդհանուր դրամով (սրանով միաժամանակ ապացուցվեց, որ ամբողջ մայրցամաքը հետագայում հաջող միաձուլման երաշխիքներ ունի): Պետությունների «նոր» միավորումը անբաժանելի ամբողջություն դարձավ, և տնտեսական, և քաղաքական ոլորտներով: Այս ֆոնի վրա պիտի դիտարկենք մեզ և թուրքական պետությունը, որ ցանկանում է Եվրոմիության լիիրավ անդամ դառնալ: Եվրոպան, եթե որոշակի պայմանականություններով նրան իր կառույցում չի տեղավորում, այնուամենայնիվ, սահմանների բաց լինելու պատճառով, երկար տարիներ միշտ իր աչքի առաջ է ունեցել, և նրա պարն է տեսել, և նրա երգն է լսել: Բացի դրանից, տարբեր երկրներում մեր դիտարկումներից` մամուլի ասուլիսներում, օրաթերթերի հարցազրույցներում, վիճաբանությունների ժամանակ, հեռուստահաղորդումների ընթացքում պարզվում է, որ Եվրոպան ականջալուր է նրա ասելիքին: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը իրենց հարուստ փորձի շնորհիվ լավ է իրականացվում, մերը` վատ: Տեղեկատվական դաշտում մեր ասելիքի արժեքը ապահովելու գործում, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով շատ ենք ետ մնացել: Խոշոր տերությունները լռելյայն, նրա գլուխը շոյելով` հովանավորում են այդպիսի պետության գոյության տեսակին` հատկապես Գերմանիան:

Ժամանակները փոխվել են, և մեր ստրատեգիան համապատասխանաբար պիտի ուրիշ լինի:

Նրանց պատվիրակության կազմը վեց հոգի է` գումարած ֆրանսահպատակ բժշկին, գումարած երկու ադրբեջանցիներին: Ծրագրի կանոնակարգով, ամեն օր, առավոտից իրիկուն միասին ենք լինում, իսկ ես, առաջին հինգ օրն է անցել, չեմ կարողանում հաղթահարել երկար տարիներ իմ ու նրա միջև կանգնած երկնաքեր պատնեշը: Նրա մարդը այլևս մեր թշնամին պիտի չդիտվի: Տասնհինգ թվականի ֆիդայական պատերազմների ժամանակները հնացած են համաշխարհային թատերաբեմում, որովհետև երկրորդ աշխարհամարտից հետո ամեն մի տերություն իր հասանելիքը ստացել է ու հիմա ցանկանում է առանց զենքի շառաչի, խաղաղ, անաղմուկ ապրել: Չնայած հաջողությամբ էլ ապացուցեցինք, որ մեր երկիրը կարող ենք արժանապատվորեն պաշտպանել, բայց սա ահեղ պատերազմների անվերջ վերադարձի ճանապարհն է, որ վերջնական կհյուծեն տնտեսությունից զուրկ երկիրը, ինչպես դա պատահել է բոլոր մարտնչող պետությունների հետ անտիկ դարից մինչև մեր օրերը:

Այսօր Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը համեմատելու չէ մերի հետ: Նաև ռազմական ոլորտում ունի անգերազանցելի առավելություն` որպես ՆԱՏՕ -ի անդամ` մոդեռնիզացված զենքով և բանակ պահելու փորձով:

Մեր քաղաքացին պիտի վարժվի նրա բնակչին. չպիտի նմանվենք աստվածաշնչյան Ղովտի ընտանիքին, երբ Սոդոմից փախչող նրա տանեցիներին հրեշտակն արգելք է դնում ետ նայել` ահաբեկելով` աղի արձան դառնալու սպառնալիքով:

Այստեղ է, որ մեզ դարերի միջով ճամփա անցնելու փորձը և հորիզոններին հասնելու իմաստությունն է պետք, որպեսզի Ղովտի կնոջ նման, թիկունքից ձայներ լսելիս, չշրջվենք ու քարացած չկանգնենք անցյալի հիշատակների առաջ:

Նրանց վիճակն էլ հոգևոր կառույցի ոլորտներում այդքան բարվոք չէ, որովհետև աշխարհի պատմության մեջ պատմություն ներկայացնել, Արևմտյան Հայաստանը` Անատոլիան, համարելով իրենց հայրենիքը, այդքան էլ հեշտ չէ:  Հեշտ չի լինելու առաջին հերթին Կենտրոնական Ասիայից` իրենց  ծագումնաբանական հայրենիքից հրաժարվելու պատճառով, որովհետև, երբ հրաժարվում ես լեռան, գետի, անտառի, դաշտերի, ժայռերի ոգուց, ինչ որ քո տեսակի սնուցման ակունքն է եղել, ապա սրի քաշված օտար երկրի աշխարհագրությունը իրեն նմանակեցնելու կերպով նվաճում է նվաճողին:

Այդպես եղավ իսպանացիների երկրում արաբների հետ` ութ հարյուր տարի նվաճված աշխարհի նյութը պատժեց նրանց: Մեզ համբերատար առաջ գնալ է պետք: Քարտեզի ճշգրտությամբ պիտի իմանանք Թուրքիայի մեծ ու փոքր քաղաքների ճանապարհները: Միշտ ասում ենք` մեր ազգը հնուց ի վեր գենետիկորեն  գիտի առևտրի օրենքները, հասցրել է արվեստի ներդաշնակ գեղեցկության: Դե, թող բաց թողնենք այդ տեսակին` տնտեսագետին, տնտեսին, թող բզիկ-բզիկ անեն, բզկտեն նրանց տնտեսությունը, հարստությունը բերեն, լցնեն մեր ամբարները:

Ուզում եմ աստվածաշնչյան պատմության այս մի տողն էլ գրել… «Եվ արևը երկրի վրա ծագում էր, երբ որ Ղովտը քաղաք մտավ…»: (Ծննդոց):

Իսկ պահանջատիրության հարցը, ժողովրդի իմացած քաղաքագիտությունից վեր, պետության խնդիրն է լինելու: Եթե խելացի, հարուստ, ճիշտ կառուցած հայրենիք ունենանք, ինքը նրանց պետության հետ, միջազգային ատյաններում, միություններում, էլ որտեղ կցանկանա, թող այս սրբազան գաղափարի համար նորից ու նորից զարկվի: Իմ ելույթի հերթն է, մտքերս ընդհատվում են:

(12.06.2000թ.) Ահա շարժումը և ճռինչը Բաբելոնյան աշտարակի: Գրիչը, թուղթը, միտքը, տողը. ընկա նրանց մեջ: Այս գնացքը, դարձյալ նույն խնդիրը, արդեն հոգնել եմ նրանից, Աստված իմ, այսքան շու՞տ: Դեմքերը երևի նույն` հարյուր հիսուն դեմքերի` այսքան անգամ տեսնելը հոգնեցրեց: Գրողը մենության գործիք է, նա ի՞նչ անելիք կարող է ունենալ մյուս գրողների հետ, շատ են կուտակված, կուտակումը շատ է: Այսօր վատ քնելու պատճառով ցավում է գլուխս, բայց երջանկացնող զգացողությունը, որ մի օր գրելու եմ Կայենի և Աբելի մատուցած ընծաների մասին, անընդհատ ինձ հետ է: Այն շաղախը, որից արարվում է ընծան` տվյալ երկրի հողը, ջուրն ու երկինքն է, հաճախ մեծ եղբայրները սիրում են այն վերցնել փոքրերի ձեռքից, իսկ եթե այդպես պատահի այս անծայրածիր լեռ ու դաշտերում, Ատլանտյան օվկիանոսից մինչև Ուրալյան լեռներ, նրա սպանության համար Եվրոպան ո՞ր մեծ եղբորը պիտի հարցնի` ո՞ւր է քո կրտսեր եղբայրը: (Ամսի իննին Մադրիդում` գրքի միջազգային տոնավաճառ – ցուցահանդեսում, այս բովանդակությամբ ելույթ ունեցա: Մի երկու օր անց, շարադրանքի քիչ փոփոխությամբ, պատասխանեցի ֆրանսիական հեռուստատեսության հարցերին` թե ո՞վ եք դուք և ի՞նչ եք տալու «Նոր» Եվրոպային):

Իսկ ի՞նչ կտա մեզ «Նոր» Եվրոպան: Կոմունիստական հասարակարգից արդեն ծանոթ է մոնումենտալության գաղափարը. մեծ արշավանքների ժամանակ, օգտագործելով փոքրաքանակ ազգերի նյութական ու մարդկային ռեսուրսները, անընդհատ դեպի արևմուտք, անընդհատ նորանոր տարածքներ, անընդհատ գալիս էին մինչև այլուր…

Այս նոր, տիեզերածավալ «գլոբալիզացիայի» ճանապարհին միություններ, գաղափարական դաշնակիցներ, դավանաբանական տարածքներ ստեղծելիս վախենամ` դարձյալ փոքրաքանակ ժողովուրդները տուժեն:

Մեծ տերությունները մի խանդ էլ են ունենալու փոքրիկների նկատմամբ: Իրենց հզորության ընձեռած ապահով  անվտանգության պատճառով քնկոտ են լինելու, ավելի ալարկոտ, բարոյահասարակական հիվանդությունների չորս բոլորից խփող հարվածներին հաճախ ենթարկվող, որի պատճառով դանդաղելու է արյան շրջանառությունը` ծերության ուղեկցությամբ:

Իսկ փոքրաքանակ ազգերը, վերանալու մշտական ուղեկցող վտանգից սարսափած, ինքնապահպանման բնազդով, իրենց արյան մեջ անընդհատ կենսական ավիշ են ներարկելու, որը շատի, խոշորի, մեծաքանակի` կոտորակվելու հատկանիշին հակառակ, բազմապատկվելու հնարավորություն է տալու: Բնաջնջման մշտարթուն վախը հավերժորեն նրան երիտասարդ արյուն է մղելու, որ չուշանա, չդանդաղի, չնիրհի: Տանելու է ստեղծագործության մեջ` խիզախումների և կենսական գործեր արարելու: Ահա փոքրաքանակի ի վերուստ ստացած առողջ բնույթը, որը հովանավորվում է նրա ընծան ընդունելիս:

Դարձյալ արագության ու թռիչքի մեջ է մեր «աշտարակը»: Դեռևս միմյանց լեզու չենք հասկանում և աղյուսը աղյուսին ենք դնում, բարձրանում է պատը` նմանվելով բուրգին: Եռուզեռը այս ծանր շինարարության, նրա աչքը:

Ֆրանսիական տարածքներով ենք անցնում, հողը մաքրել են քարերից, խոտը` ավելորդ բույսերից: Ծառը, թուփը, լիճը, մարգագետինը, ժայռը այնպես է ձևավորված, կարծես մի մեծ հանրախանութի հագուստի բաժնում մանեկենների մեջ լինես, երբ ժպիտն այնքան քաղցր է, որ ծալքը ծալքի վրա մեղրի նման ծորում է: Մի գեղեցկուհի աղջիկ է… Դեռ գնացքում ենք:

(18.06.2000թ.) Դարձյալ շատ օրեր անցան. Բելգիայից մեկնում ենք Դորտմունդ:

Բրյուսելի եվրոպառլամենտականների շքեղ դահլիճում գրողներից համարյա ամեն մեկին երկուական րոպե տվեցին ելույթի համար: Կարծես թե բեմահարթակին ցուցադրական մրցումներ էին: Իհարկե` քաղաքականություն: Այդքան ելույթներից ոչինչ չեմ հիշում, բացի երկուսից, այն, որ ադրբեջանցին Եվրոպառլամենտին խնդրում էր.”Спасайте, пожалуйста, мою замученную родину” և հույն Գեորգիի աղաղակը. «Ազատություն Կիպրոսին»,

«Գրական էքսպրես 2000» ծրագիրը կամաց-կամաց երկիմաստ է դառնում:

Բայց թե չկորչել, երկրավոր կաղապարների միջով, այս շառաչուն սլացքի ընթացքում, Եվրոպայի անծայր երկաթե պաստառներին, լինել այն բանի խորքում, ինչը որ ներկայանալու, գոյատևելու և ոչնչանալու իրավունք ունի, միաժամանակ համադրել նրանց` երկրագնդի վրա մանանեխի հատիկի չափ փոքրիկ այն տեղը, որ զբաղեցնում է իմ գտնվելու վայրը: Զննել և ճանաչել կաթոլիկ հավատի երկնաքեր նիզակները, Լիսաբոնից մինչև Բեռլին` բարձրասլաց սյուները (շպիլները)` Հռոմի աշխարհածավալ գաղափարախոսության առհավատչյան` անգամ Տիեզերքում ներկայություն ապահովող կնիքը:

Աշխարհագրական զանազան տարածքների վրա բնակվող, տարբեր լեզուներով խոսող ժողովուրդների համընդհանուր այդ կրոնը` իր երկաթագիր սկզբունքները դարից դար փոխանցելով ազգերին, մշակութային միակերպության է հասել:

Գերազանցիկ-կոկիկ քաղաքներն անգամ նման են իրենց շուրջը պարտեզների ճշգրտությամբ խնամված, ծաղկեցրած խաչերի գերեզմանատներով:

Այս մտորումներին զուգահեռ մի հարց է ծագում, միայն թե չսխալվեմ, իսկ ի՞նչ կտա այսպիսի Եվրոպան մեր երկրին: Իմ գալուց արդեն տասնութ օր է անցել, այս հարցի շուրջ եմ մտածում:

Գուցե մահմեդական փակուղուց ե՞լք, դարերի ընթացքում ձևավորված բնաջնջման վախի բարդույթից փրկությո՞ւն: (20-րդ դարն ավարտվել, 21-ն է սկսվելու, մենք դեռ լինել – չլինելու շուրջ ենք խորհըրդածում: Ոչ մի երկրում, ինչպես նկատեցի, որևէ ազգ մեռնել-ապրելու համար չի տագնապում: Նրանք աշխատում են իրենց քաղաքացուն ավելի երջանիկ, ավելի բարեկեցիկ, ավելի երկարակյաց դարձնելու:

Ոչ վաղ անցյալում սոցիալիստական բլոկի Վարշավյան պակտի դաշինքը ձգտում և ծավալվում էր դեպի Արևմուտք, իսկ Արևմուտքը` միշտ Արևելք, սակայն կոմունիստական հասարակարգի փլուզումից հետո, մայրցամաքի վրա ուժերի նորովի վերադասավորությամբ, հորիզոններ բացվեցին Եվրոպայի ամբողջական կառույցի համար` նոր կասկածների, անվստահությունների և վախի ուղեկցությամբ:

Այնուամենայնիվ, գլոբալիզացիան, ստեղծելով փոխկապակցված աշխարհի մոդել, դրանով իսկ մեզ տալիս է անվտանգության երաշխիքներ, որովհետև տնտեսությունների միավորումով և հրաժարվելով ազգային դրամից, ազգային եկամուտների նկատմամբ արդեն գերակայունություն է ունենում միջազգային առևտուրը, ներդրումները և հզոր ֆինանսական համակարգը, որով և գոյանում է միավորվող երկրների ավելի սերտ տնտեսական ինտեգրացիան` հնարավոր բարձր տոկոսով բացառելով ազգամիջյան բախումների հավանականությունը:

Բայց այսքանը բավարար չէ «Նոր»` միասնական Եվրոպայի քաղաքացու մենտալիտետի և հոգևոր կառույցի համար, որովհետև արդեն պետք կլինի փրկվել համատարած նույնի կերպարից, ամբողջածավալ մտածելակերպի ձևից:

Չնայած ընդունված է համարել, թե եվրոպական քաղաքակրթությունը հիմնված է բանականության վրա, այնուամենայնիվ վախը հուշում է, թե ունենալով ֆիզիկական անվտանգության երաշխիքներ` հոգևոր կարգավիճակով ինչպիսի՞ն կլինենք… ¥գուցե հիմա էլ  բարդույթավորված հայի նման եմ մտածում. ամեն մի գաղափարի խորքում ինքնապաշտպանական բնազդի դրդմամբ` որոնելով ազգի վտանգվածությունը):

Մշակույթը միշտ ունեցել է սպիտակ դրոշի նշանակություն, հնարավոր է` մեր այս արձակված գնացքը խաղաղությամբ բացի պետությունների և լեզուների փակ սահմանները:

Բելգիայի կանաչ դաշտերը և սպիտակ կովերը, կարմրադեղնավուն, թրծված կղմինդրե կտուրներով մի գյուղը, երկրորդ գյուղը, երրորդը, չորրորդը… և իմ թափառական միտքը Կայենի և Աբելի մասին: Խոհերիս մեջ մշտապես փորձում եմ հասկանալ Եվրոպային. մենք, ինչպես երկու բևեռներ, վանվելով` հավերժ ձգտում ենք մեկս մյուսին:

Ոտքով ժամերով թափառում եմ իմ կայանած քաղաքների փողոցներով, աշխատում եմ ընկալել երբեմնի զգացմունքային Եվրոպայից մնացած ֆորմաները, գույները, քաղաքների հոտերը, պատկերասրահների` տաք կտավների միջից նայող տասներկուերորդ դարի տրուբադուրների ռոմանտիկ արժանապատվությամբ կեցվածքները, հարբածի հայհոյանքը, որը կարող է նաև ինձ ուղղված լինել: Աշխատում եմ ըմբռնել խոնավ ձիթապտղի սևով փայլատակող աչքերով արաբին, որ Բրյուսելի թաղերից մեկում, օրը ցերեկով, սրընթաց բազեի նման զարկեց լատիշ բանաստեղծ Մարիսի ուսին, պոկեց պայուսակը. հետո լռություն էր… Ինչպես գալը չկար, այնպես էլ հեռանալը չէինք տեսնում…

Աշխարհի չորս ծագերից Եվրոպան զսպաշապիկի նման իր մեջ է ներառել մահմեդական մարդուն, նրա մտածողության տեսակն ու հոգևոր կառույցը: Գուցե այս հասկացված է և տանում է միասնական Եվրոպայի փրկությունը գտնելու ճանապարհով:

Ճեպընթացը զարկվում է երկաթե պաստառներին, գնում ենք Հաննովեր:

(20.06.2000թ.) Այսօր Արաքսյայի թաղումն է, տխրում եմ, որ այսքան հեռու` կողքին չեմ:

Դորտմունդի ամենաբարձրակարգ հյուրանոցում իսպանացի բանաստեղծ Ալբերտոյի ամբողջ գումարը գողացան:

Դարձյալ  քառասուներեք երկրներից` հարյուր երեք հոգի, արդեն քսաներորդ օրն է` պայծառ լույսերով ողողված,  միևնույն ուղևորներով, նույն վագոնում ենք հայտնվում:

Եվ իրար դիմաց` բազկաթոռներին, Բաղաամի նման էշի համետի վրա` ծնկները լայն բացած, գլուխները ետ գցած, կիսաբաց բերաններով նիրհում են Եվրոպա «կանչված» գրողները, ինչպես պատմության մեջ, որ Աստվածաշունչը մեզ զրուցեց Բաղաամի ավանակի մասին, թե նրա էշը տեսել էր ճանապարհի մեջտեղը սուրը ձեռքին կանգնած հրեշտակին և ծռել ճամփան, գնացել էր դաշտերը, իսկ Բաղաամը դեռ չէր նկատել:

«Նրանք, սակայն, քնած էին: Մեռյալների նավարկության խաբուսիկ հմայքը դեմքներին»:

Նրանցից շատերը այդպես էլ ինձ անծանոթ մնացին: Ո՞վ գիտե, գուցե «կլոր սեղանների» շուրջ, բանավեճերի ժամանակ, վագոնների վերջերում`  փակ զուգարանների առաջ հերթի սպասելիս խոսել են ինձ հետ, բայց այդ նախադասությունները, բառերը հիմա այնքան հեռու են ինձանից` բացարձակ ոչինչ չեմ հիշում:

Հիսունօրյա անըմբռնելի մի ճանապարհորդություն` առեղծվածային այս գնացքով դեպի անհայտը: Նրա հանկարծազարկ ցնցումները պաստառների կցոնների, ճյուղավորումների վրա և տարաբնույթ կանգառները տեսնելը, աղմուկի լսելը, շարժումները, գույնի ընկալումը վեր են ածել  թմրության պատրանքի: Հողագունդը, նրա մոտ ամեն ինչ օրորվում է, ինչպես Մեռյալների նավարկության խաբուսիկ հմայքը: Աշխատում ենք միմյանց տանելի լինել: Տեսնենք` հետո ինչ կլինի:

Չեմ մոռանում Բրյուսելը` Եվրոպայի մայրաքաղաքը` կենտրոնական հրապարակի մանկական խաղալիք-կուբիկների ճշգրտությամբ կառուցված քառակուսին: Քանդակազարդ պատերը` հավատավոր վանականներով, զորավար` թագավոր-իշխաններով, պարարտ սագերով, շքեղ, ոսկեզօծ երկնասլաց սյուները (շպիլները) ճարտարապետական շքերթային շքեղությունը: Եվ հրապարակի կենտրոնում արևի տակ պսպղացող պղնձագույն գործիքների նվագախումբը Բեթհովենի սոնատներն էր նվագում:

Եվրոպայի երաժշտությունը քաղաքակրթության սանդղակի վրա մարդկությանը միանգամից բարձրացրեց մի քանի աստիճան և իրենով սկիզբ դրեց մինչ այդ անհայտ ոգեղեն արարման մեկ ուրիշ տեսակի: Պատմության մեջ եղել են դարաշրջաններ, երբ  ճարտարապետությունը, գրականությունը, աստղագիտությունը, կամ պատերազմներ վարելու արվեստը բարձր են եղել եվրոպականից, սակայն եվրոպական երաժշտության դարավոր պատմությունն իր հարուստ ձևերով և ոճերով ստեղծեց հնչողությունների այնպիսի մոգական համադրություն, որը բոլոր քաղաքակրթությունների գագաթը հանդիսացավ` արարեց եվրոպական մարդու` իր զգացմունքներն աստվածացնող հոգևոր խորքը, որով և սկզբնավորվեց աշխարհի նոր մշակութային կառույցը:

Կենտրոնից դուրս  արաբները, փողոցներով թղթեր փախցնող քամին, կեղտը, ջրանցքի` դեղնականաչավուն, իր հոսքի մեջ անշարժ հոսելը, շենքերի անկյուններում, ջրանցքի կամուրջներին հանդիպած մահմեդականների խաղաղ-վտանգավոր աչքերը, սևամորթների` թուխ-սևի միջից սպիտակավուն փայլատակող մաշկը և առանց ցուցանակների հար և նման փողոցները:

Ժամերով փողոցներում թափառելն օգնում է Եվրոպայի մասին երևակայական միտքը կողքի դնել և ճանաչել նրան` շրջակա մշակույթի և արվեստի ուսուցողական դիտարկումներով, միաժամանակ զուգորդելով` համեմատություններ մեր կոլորիտի, գողերի, իրար մեջ ծագած կռիվների, ծեծկռտուքների, եղբայրասպանությունների, մեր դուրսպրծուկների, անհաշտվողականության հետ:

Զարմանալով զարմանում եմ այս շքեղ երկրների և քաղաքների գեղեցիկ գոյությամբ, նրանց մեջ ապրող կախարդանքով:

Ինչպե՞ս են այս երկրներն իրենց ներսի հակադիր, տարամետ ուժերի հաշվեկշռված համերաշխության հասել, այո, կարելի է այսքան խոշոր, անթերի քաղաք կառուցել` բետոնով ու երկաթով, բայց որ նրա ներսում նաև լույսը զրնգա, դա հնարավոր է միայն ու միայն համազգային միաբանությամբ:

Նրանց կուսակցությունները, գործիչները, քաղաքական ասպարեզում սևի և սպիտակի մեկնաբանությամբ, չեն ժխտում մեկը մյուսին, լավագույնի ավանդույթն են իրար փոխանցելով` մարդկության գործը առաջ տանում: Ժամանակի ամբողջականությունը չեն կտրատում որևէ կուսակցության կամ քաղաքական առաջնորդի կամքով, նրանք,  ինչքան էլ հակադիր կուսակցություններ լինեն, այնուամենայնիվ, մի դրվագում, երբ խնդիրը վերաբերվում է իրենց ժողովրդին ու հայրենիքին, միաբան են: Մերոնց` կուսակցությունների և քաղաքական գործիչների, հակադրությունը մինչև վերջ է, աններում: Այս իշխանությունները չեն ներում նախկիններին, նախկինները` նախորդներին, նախորդներն էլ` իրենցից առաջ եղածներին: Մի թշնամանք, որ ուղեկցվում է թե գաղափարական, և թե ֆիզիկական ոչնչացման ճանապարհով: Իսկ ժողովրդի ամենամաքուր ոգին գտնվում է ամբողջական ժամանակի խորքում, երբ կտրտվում է ժամանակը, նրա հետ մասնատվում է ոգին: Այստեղ է, որ մեր տղաների ատամը չի կտրում, այստեղ է, որ քաղաքական գործիչը, ներքին զորություն չունենալու պատճառով, չի վերածվում մետաֆիզիկ մտածողի, ամբողջությունը բզիկ-բզիկ են անում` վերածելով մասերի, նրա ամեն մի հատվածում ցանում են իրենց` այդ միայն մեկ ժամանակի մարդու, օրախնդրի ու շահերի հունդը, և սերնդեսերունդ ընթանում են ներքաղաքական բռընցքամարտեր:

Դարվինի իմաստուն «Տեսակների ծագումը» աշխատության խելացի մտքերից մեկը մեզ ուսուցանում է, թե ինչքան էլ կուսակցությունները սկզբունքներով, ծրագրերով և գաղափարախոսություններով հակասեն իրար, այնուամենայնիվ, նրանց առաջնորդների տեսակի ծագումը նույնն է, նույնը կլինի և բանականությունը, հետևաբար, ոչ թե նրանք ինչով են իրարից տարբեր, այլ ինչով են իրար նման` իդեալների և ցանկությունների մեջ չկրելով էական տարբերություններ:

Պատերազմից վերադարձավ փառապանծ զինվորը, սակայն պետական և քաղաքական կառույցները չկարողացան դիվանագիտական ասպարեզում նրա հաղթած պատերազմը ավարտին հասցնել: Քառատված զինվորը, լեռ ու դաշտերից, ջուր ու հրից, տափաստանների տապից, ինչից կարող էր, կտրեց, ճղեց, ձևեց, կցմցեց, լայնացրեց, դարեր շարունակ պատերազմից սպասված արդյունքը տուն բերեց, իսկ այդ հաղթությունը ըստ արժանվույն ոչ մի տեղ չվավերացվեց, բացի գերեզմանատներից:

Չստեղծվեց հաղթության ոգին, հետո` կերպարը:

Ահա քայլում եմ Եվրոպայի միջով, բա որտեղի՞ց նրան, Լիսաբոնից մինչև Բեռլին, այսքան հաղթական կամարներ, առնականության սիմվոլ-սյուներ, եկեղեցիների բակերում` խոցված զինվորների վրա ոսկեփետուր թևերը տարածած, խոնարհված հրեշտակներ, ծառսած ձիերով` աշխարհի փորը թափած սպարապետներ:

Թող իմ ասածը նաև այնպես չհասկացվի, թե պատերազմ եմ քարոզում: Ինչպես որ եկեղեցին հավերժական արժեք է, որտեղից փառաբանում են Աստծուն, այնպես էլ պատերազմում տարած հաղթանակը ազգային արժեք է, մի հարստություն, որ պահվում է երկրի գանձարանում, որով փառաբանվում են սերունդները:

Հաղթանակած պետության ոգին չարարելու համար կուրորեն վրիպելու պատճառ կարող էր լինել դարձյալ քաղաքական դաշտի տկարությունը, քարոզչության միջոցով` կռված տղաների վարկը չհզորացնելը և քաղաքական ասպարեզում առաջնայնության հնարավորություն չտալը` հաճախ շփոթելով այն կարևոր հանգամանքը, որ զինվորը և նրա տարած հաղթանակը նույն բաները չեն, որ զինվորը սոցիալապես մահկանացու կատեգորիա է, իսկ նրա տարած հաղթանակը` ազգային մնայուն արժեք` հավասար մեր մնացած ունեցվածքներին…

Ինձ թվում է` մի կարևոր վրիպում էլ ունենք մեր ֆունդամենտալ կողմնորոշման մեջ, որը մեկ այլ դրսևորումով արտահայտվում է արվեստում` շատ հաճախ հայրենիքի սահմանները համարելով երկրագնդի չորս ծագերի վրա տարածված 29,8 հազար քառակուսի կիլոմետրը: Ասում ենք` իբրև թե, միայն իր թիկունքում խոշոր, լայնատարած երկիր ունեցող արվեստագետն է ընդունակ մեծ կտավի գործեր ստեղծելու: Իսկ ո՞վ է ասում, թե մեր հայրենիքը միայն հորիզոնական փռված, երկրաչափորեն հաշվարկվող այն տարածքն է, ինչը որ աչքն է տեսնում: Հայրենիքի չափը ուղղահայաց հեռուներում նաև երկինքն է, ինչքան որ մեր բանականությունը կկտրի: Անծայրածիր հողեր ու օվկիանոսներ ունեցող ամերիկացի Ֆոլկներին և Ուիթմենին համարժեք դա արել է Նարեկացին: Աշխարհագրական չափերին  գումարեց ևս երկինք բարձրացող խորությունները: Նարեկացին, Թումանյանը տեսցրին նաև անդինում գտնվող մեր Հայրենիքի ճանապարհը:

Դորտմունդում երեկ մեզ էքսկուրսիա տարան գեստապոյի նախկին բանտը: Խցերից մեկի պատին «Օլգա Ոսկանյան» էր գրված` բանտարկյալի գիրն էր: Երկար ժամանակ նստած էի աթոռին, այլևս ոչ մի տեղ չէի ուզում գնալ, շուրջս` օդի մեջ, ինչ-որ միայնակ բան կար, նա էլ ինձ ճանաչեց:

(շարունակելի)

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert