Ես ռեալիթի շոուների սիրահար չեմ: Մեղմ ասած: Այլոց, այդ թվում եւ՝ աստղերի, անձնական կյանքն ինձ չի հետաքրքրում: Հեռուստաաշխարհում, ինչպես եւ իրական կյանքում, ինձ հետաքրքրում են նախեւառաջ հասարակականքաղաքական իրողությունները եւ զարգացումները: Հայոց Ցեղասպանության 100-ամյակից գրեթե անբաժան դարձող ամերիկյան ռեալիթի շոուի հանրահռչակ աստղ Քիմ Քարդաշյանի՝ համաշխարհային աղմուկ հանած այցը Հայաստան ինձ հետաքրքրում է հենց այդ իրողությունների եւ դրանց առաջ բերած հարցադրումների առումներով: Առաջին. ինչպե՞ս եւ ինչո՞ւ են մարդու, տվյալ դեպքում՝ միանգամայն այլ՝ ամերիկյան քաղաքակրթության մեջ ծնվածմեծացածհռչակ ձեռք բերած 34-ամյա այս հեռուստաաստղի մոտ արթնացել եւ հանգիստ չեն տալիս «Ո՞վ եմ ես, որտեղի՞ց եմ գալիս եւ դեպի ո՞ւր եմ գնում» հարցերը, որոնց պատասխանները գտնելու համար է նաեւ, որ նա եկավ «իր նախնիների երկիրը»՝ Հայաստան: Թերեւս առանց այդ հարցերի պատասխանները գտնելու ապրելն ավելի ու ավելի բարդ է դառնում: Մեկ այլ օրինակ՝ աշխարհահռչակ կինոբեմադրիչ Անրի Վերնոն՝ Աշոտ Մալաքյանը, իր «Մայրիկ» հանրահայտ ֆիլմով կարծեք ճչում է՝ «Ես հայ եմ», չնայած նա ամբողջությամբ եվրոպական մշակույթի ծնունդ է:

Հաջորդ հարցադրումը, որ առաջ է բերում Քարդաշյանի այցը, հետեւյալն է՝ արդյո՞ք արժեր, որ Ցեղասպանության Հարյուրամյակի մասին խոսելու առիթը Քարդաշյանի այցը դառնար՝ Հայաստանում եւ աշխարհում նրա ոչ միանշանակ գնահատվող համբավի առումով: Արդյո՞ք հայ ժողովուրդը նրա հույսին էր մնացել: Թերեւս ոչ, սակայն՝ «Ձայն բազմաց, ձայն Աստծո»: Քարդաշյանն իր այցով Հայաստան բերեց ամերիկյան շնչառության եւ ազդեցության հզորությունը՝ իր այցը եւ դրանով Հարյուրամյակի հանրայնացումը աշխարհում դարձնելով կարեւոր թեմա, փաստ, որն անտեսելը իրավիճակի գնահատման լավագույն խորհրդատուն չէ:

Երրորդ հարցադրումը, որ ծագում է Քարդաշյանի այցի առիթով (թեպետ նրա օրինակը լավագույնը չէ), ամենակարեւորն է՝ ինչո՞ւ Հայաստանում եւ հայկական միջավայրում անհատականությունները չեն աճում, չեն համաշխարհայնացվում, ավելին՝ դուրս են մղվում թե՛ տվյալ ոլորտից, թե՛ զարգացումներից ընդհանրապես: Սակայն այս հարցադրումը Հայաստանում երբեւէ օրակարգային չի եղել:

Հայկական միջավայրն ընդհանրապես, Հայաստանը՝ մասնավորապես, անհատականությունների դրսեւորման, կայացման եւ զարգացման համար բնավ ապահով վայր չէ: Այստեղ նորածիլ բողբոջների, կանաչ շիվերի, ծաղկած ծառերի մեջ աճած որոմն արագորեն տարածվում է՝ խեղդելով նրանց բոլորին: Հայկական հանրային արտի մշտարթուն այդ որոմն անվերջ խժռում է հայկական միջավայրի կենսանյութերը՝ այն դարձնելով անապատ՝ մտքի, գաղափարի, տաղանդի, անհատի համար: Այդ իսկ պատճառով այդ միտքը, գաղափարը, տաղանդը կրող անհատը կամ կորչում է հայկական միջավայրում կամ հեռանում է այնտեղից՝ մտքի, գաղափարի, տաղանդի իր սերմերը ցրելով գնահատանք, ճանաչում, համբավ պարգեւող, սակայն՝ օտար հողում: Հայկական միջավայրում այդ մահացու որոմն արմատախիլ չի արվում, սակայն նույն միջավայրը ծափահարում է այն հայերին եւ հպարտանում նրանցով, ովքեր հայկական միջավայրից դուրս են իրերի, դեպքերի, հանգամանքների բերումով կամ ամենակուլ որոմի պատճառով:

«….Եւ վատն ու չարը՝ լլկում են, տանջում/ Մի բուռ լավերին այս վատ աշխարհում,/ Եւ կյանքի արտում որոմն է աճում», – Աբու Լալա Մահարու շուրթերով իր դառնությունն արտահայտող Ավետիք Իսահակյանը թերեւս հենց հայկական միջավայրը նկատի ուներ:

Հայոց Ցեղասպանության Հարյուրամյակը առիթ դարձավ, որ Հայաստանում վերհիշեն-խոսեն-գրեն-ընթերցեն աշխարհահռչակ հայերի մասին: Այս դեպքում, իհարկե, հանրահռչակ հայերի ընտրության չափանիշները տարբեր են՝ ըստ ճաշակի եւ պատկերի յուրում: Սակայն այն հանրահռչակ հայերի, որոնցով անխտիր հպարտանում են ամենատարբեր ճաշակի բոլոր հայերը, նրանց վերհիշելը անանց հպարտության հետ մեկտեղ առաջ է բերում անխուսափելի հարցադրումներ՝ արդյո՞ք նրանք կհասնեին համաշխարհային բարձունքների իրենց ոլորտում, եթե ապրեին Հայաստանում եւ հայկական միջավայրում: Պատասխանը դառնահամ է. բնա՛վ, քանի որ հայկական միջավայրում գլխատվում են վեհ ձգտումները, մեծ նպատակները խեղդվում են անձուկ միջավայրում, տաղանդը ստորադասվում է միջակությանը կամ տգիտությանը, շնորհալի, հեռանկարային, տաղանդավոր անհատականությունները կորչում են առօրեականության պղտոր հորձանքում: Աշխարհահռչակ հայերով հպարտանալու առիթը թեպետ նրանց հայկական ծագումն է, սակայն նրանց ձեւավորվելու, կայանալու եւ հանրահռչակ դառնալու համար հայկական միջավայրը որեւէ դեր չի ունեցել:

Տարիներ առաջ, երբ Վիեննայում պատահական անցորդից հարցրեցի մետրոյի ամենամոտ կայարանի տեղը, վերջինս հետաքրքրվեց, թե որտեղից ենք: Լսելով պատասխանը՝ «Հայաստանից», անցորդի դեմքը մեկեն պայծառացավ եւ նրա արձագանքից հպարտությունը պարուրեց ինձ. «Օ՜, Արամ Խաչատրյան»: Դուստրս, որ այդ ժամանակ 14 տարեկան էր եւ երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրի դասարան էր հաճախում, հարցրեց ինձ. «Կլինե՞ր Արամ Խաչատրյանը Արամ Խաչատրյան, եթե Հայաստանում ապրեր»: Այն ժամանակ ես նրան պատասխանեցի, թե Հայաստանը շատ փոքր է Արամ Խաչատրյանի համար, այդ իսկ պատճառով նրա երաժշտությունը միայն մեծ երկրում կարող էր այդքան հզոր լինել: Իրականում ես այլ բան էի մտածում, ես համոզված էի, որ երկրի չափերը բնավ կարեւոր չեն: Արդյո՞ք Արամ Խաչատրյանի երաժշտությունն այդքան հզոր, ընդգրկուն, ազգային ու միաժամանակ համամարդկային կլիներ, եթե նա ապրեր եւ ստեղծագործեր Հայաստանում, եւ ամենակարեւորը՝ արդյո՞ք նա կհասներ համաշխարհային բարձունքների, եթե Հայաստանում եւ հայկական միջավայրում ստեղծագործեր: Թեպետ Մոսկվայում էլ նրա վերելքը դյուրին չի եղել, սակայն դա ստեղծագործական-գաղափարախոսական խորհրդային համակարգի դժվարությունների հետեւանք էր, այլ ոչ թե այն հանրային եւ պետական մերժողականության, որը գրեթե միշտ առկա է Հայաստանում:

Ալեքսանդր Սպենդիարյան: ժորժ Կառվարենց: Առնո Բաբաջանյան: Շարլ Ազնավուր (Վաղինակ Ազնաուրյան): Միշել Լեգրան: Շեր (Շերլին Սարգսյան): Ալան Հովհաննես (Ալան Չախմախչյան): Սերժ Թանկյան: Մայքլ Առլեն (Տիգրան Գույումճյան): Վիլյամ Սարոյան: Արտավազդ Փելեշյան: Սերգեյ Փարաջանով: Ռուբեն Մամուլյան: Անդրե Աղասի: Դավիթ Նալբանդյան: Քըրք Քրքորյան: Քիմ Քարդաշյան:

Աշխարհահռչակ հայերի այս ցանկը կարելի է շարունակել, սակայն այն հարցը, թե կլինեի՞ն նրանք հռչակավոր իրենց գործունեության ամենատարբեր ոլորտներում՝ երաժշտություն, երգարվեստ, կինո, գրականություն, սպորտ, գործարարություն եւ այլն, եթե ստեղծագործեին եւ գործեին Հայաստանում կամ զուտ հայկական միջավայրում: Ո՛չ, քանի որ հայկական միջավայրը միայն կարող էր խոչընդոտել նրանց զարգացմանը՝ աշխարհը զրկելով այդ անուններից:

Հայաստանում եւ հայկական միջավայրում ստեղծագործելու, գործելու, փառքի եւ համբավի հասնելու, միով բանիվ՝ անհատականությունների, տաղանդների կայացման խոչընդոտները, արգելքները մի քանիսն են:

Առաջին հիմնական արգելքը արդարության պակասն է կամ դրա բացակայությունը հայկական միջավայրում: Արդարությունը Հայաստանից բացակայել է բոլոր ժամանակներում, բոլոր համակարգերի եւ իշխանությունների օրոք: Խորհրդային եւ ետխորհրդային Հայաստանում, հայկական պետականության գոյության եւ դրա բացակայության ողջ դարերի եւ տարիների ընթացքում: Արդարության բացակայությունն անհնար է դարձնում նաեւ արդար մրցակցությունը եւ առաջընթացը: Անարդարության պայմաններում ծաղկում են միջակությունը, տգիտությունը, հասարակական մտածողության արատները դուրս են մղում արժանիներին՝՝ ճանապարհ բացելով անարժանիների համար: Հասարակության համար այդ անարդարությունը գուցե եւ անընդունելի է, սակայն հանրության անդամների մի մասը կամ հեռանում է երկրից, կամ հարմարվում անարդարությանը՝ երբեմն դառնալով անարդարության գործիք:

Բացի այդ: Արդարության բացակայությունը ծնում է հասարակական արատներ, այլափոխում հանրային մտածողությունը եւ կեղծ, անընդունելի արժեքներն ու գաղափարները դարձնում ընդունելի եւ գործնական: Իրական, բարձր արժեքներն ու գաղափարները ճզմվում են համընդհանուր կեղծիքի եւ խաբեության մթնոլորտում: Կեղծ արժեքների ու գաղափարների եւ դրանց կրողների գերակայությունը ծնում է նույնպիսի իշխանություն, եւ նրանք բոլորը միասին պայքարում են տաղանդավոր, շնորհաշատ, մեծ ձգտումներ եւ նպատակներ ունեցող անհատականությունների դեմ: Սա էլ հայկական միջավայրը ապականելու, այնտեղից հեռանկարային անհատներին դուրս մղելու երկրորդ պատճառն է:

Նմանօրինակ իրավիճակը ծնում է երրորդ պատճառը՝ Հայաստանում եւ հայկական միջավայրում հասարակական հարաբերությունների կոշտությունը, որը մի քանի բաղադրիչ ունի. ա. հանրային եւ պետական մակարդակով  մերժողականությունը, բ. վստահության բացակայությունը, գ. հանրային շահի անտեսումը կամ դրա ստորադասումը անձնական շահին, դ. չարությունը, չկամությունը, նախանձը տաղանդավորի, շնորհալիի, խելքի եւ գիտելիքի հանդեպ: Այսպիսի բարքերի գերիշխանության պայմաններում հողի մեջ ընկած տաղանդի սերմը ոտնատակ է տրվում կամ դուրս նետվում:

Հաջորդ հանգամանքը, որն արգելակում է անհատականությունների առաջընթացը եւ նրանց համաշխարհայնացումը, հայկական հասարակական, քաղաքական փակ համակարգն է: Այդ համակարգը ազգայինը, ինքնությունը կորցնելու վախից, անհարկի ավանդապաշտության եւ նորացող աշխարհի հրամայականները չտեսնելու պատճառով փակում է առաջընթացի ճանապարհը, գոցում է հայկական միջավայրում ներգրավվածների երթեւեկությունը դեպի համաշխարհային զարգացումների լայն հրապարակներ: Հայկական փակ համակարգը ճահճացման է դատապարտում անհատականություններին՝ նրանց արգելելով աշխարհի հետ սերտորեն համագործակցել, ընթանալ դեպի համաշխարհային զարգացումներ կամ Հայաստանը եւ հայկական միջավայրը այդ զարգացումների մի մասը դարձնել: Նման փակ համակարգի մեջ ծնվում են եւ գործում նաեւ հայկական կուսակցությունները: Այդ իսկ պատճառով հայկական միջավայրը՝ Հայաստանում, թե նրանից դուրս, միջազգային մակարդակի եւ ոչ մի քաղաքական գործիչ այդպես էլ չտվեց: Փակ համակարգում փակվում-նեղանում են նաեւ քաղաքական գործիչների մտածելակերպը, աշխարհընկալումը, քաղաքական գործելակերպը դառնում է երկչոտ եւ կաշկանդված: Մինչդեռ քաղաքականությունը հզոր երեւույթ է, եւ այստեղ միջակությունն ու ճղճիմությունն ավելի վանող են, մերժելի, անընդունելի, քան մարդկային գործունեության մյուս բոլոր ոլորտներում: Հայաստանը եւ հայկական միջավայրը կուսակցությունների, քաղաքական գործիչների ձեւավորման լավագույն վայրը չեն եղել եւ դեռ երկար կմնան այդպիսին:

Հայկական միջավայրում չկայանելու, առաջընթացի եւ վերելքի չհասնելու հինգերորդ պատճառը հայ ժողովրդի օտարամոլությունն է՝ քաղաքական, հասարակական, պետական կյանքում, որը մի կողմից արգելակում է ներհասարակական զարգացումը, սեփական ուժերը, ունակությունները, անհատներին գնահատելու կարողությունը, մյուս կողմից ստիպում է տաղանդներ եւ լուսավորյալ անձիք փնտրել հայկական միջավայրից դուրս: Օտարամոլությունը դառնում է գործող հասարակական-քաղաքական համակարգի մի մասը՝ դուրս մղելով հայ եւ հայկական ծագմամբ բոլոր շնորհալի, տաղանդավոր, հեռանկարային անհատականություններին, որոնք կհեռանան կամ կվերադառնան միայն, երբ օտար, սակայն տաղանդի ծաղկման համար բարենպաստ հողում դառնան մեծահամբավ: Եւ այդ ժամանակ հայկական միջավայրում բոլորը նրանցով կհպարտանան ու կծափահարեն նրանց. թեպետ այդ միջավայրի  ամենակուլ որոմը կհասցնի ավերել հայկական արտի բոլոր մնացյալ մարգերը: Եւ հայկական ծառի սերմերը դարձյալ օտար ափերում կծլարձակեն:

Սա մի անկանգ պատերազմ է, որ մղվում է Հայաստանում առաջադիմության եւ հետադիմության, վեհանձնության եւ նեղսրտության, լայնախոհության եւ նեղմտության, համաշխարհայնացման եւ ներփակման միջեւ: Հայաստանում հաղթողը միշտ էլ հետադիմությունն է, նեղսրտությունը, նեղմտությունը, ներփակվածությունը:

Հայաստանյան կյանքի արտում հայտնված որոմը հասցնում է խեղդամահ անել անհատականության, հանրության, պետության հեռանկարը՝ տաղանդը խեղդելով բնում: Եւ այդպես կլինի միշտ, անդադար, քանի դեռ Հայաստանը եւ հայկական միջավայրը չեն վերացրել իրենց հոշոտող ամենակուլ որոմը:

Նարինե Մկրտչյան

www.armtimes.com

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert