«Թանաքագույն անմոռուկի ընտրությունն ալեկոծեց ողջ հայությանը: Հայոց Ցեղասպանության հավերժական խորհրդանիշը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, դուրս մղվեց, թեպետ հենց դրա հետ էր կապված Ցեղասպանության խորհրդանիշի հավաքական ընկալումը: … «երկնած» թանաքագույն անմոռուկը՝ համաշխարհային մասոնների հիշատակի խորհրդանիշը, պարտադրվեց որպես Հարյուրամյակի խորհրդանիշ՝ կարճ ժամանակ անց վերածվելով բիզնես-արտադրության եւ զարդարանքի առարկայի: Սակայն դա դեռ բոլորը չէր: Համացանցում «Հետք» կայքի հոդվածի տակ Վահան անունով մի օգտատեր գրեց. «Այս լոգոտիպը արդեն իսկ գողացված է կենցաղային քիմիայի ապրանքների ինտերնետ խանութից

 

Կազմակերպչական տապալում

Մաս երկրորդ

Սկիզբը՝ այստեղ

Իմ բոլոր արմատները Վանում են: 100 տարի առաջ իմ պապերը մարտնչել են այնտեղ. նրանց անունները Վանի հերոսամարտի էջերում են: Իմ նախնիներից ոմանք սպանվել են, ոմանք՝ տեղահանվել: Իմ անմիջական նախնիները եկել են Արեւելյան Հայաստան՝ Վան վերադառնալու անթաղ երազանքով: Եւ հիմա ես կրում եմ նրանց  բոլորի վիշտը, ընդվզումը, երազանքը: Ես հիմա 100 տարեկան եմ՝ հասակակիցն եմ նրանց վշտի, ընդվզման, երազանքի:

Այսօր 2015թ. մարտի 31-ն է. 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված 1.5 միլիոն հայերի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման եւ ոգեկոչման օրվան՝ Ապրիլի 24-ին, մնացել է 24 օր: Մոտեցող տարելիցն անողոքաբար ի ցույց է դնում Հարյուրամյակի տապալման՝ քաղաքական ահռելի ներուժի փոշիացման,  կազմակերպչական ու քարոզչական ձախողման ողջ ցավալի պատկերը: Հարյուրամյակի կազմակերպչական տապալումը նրա քաղաքական նպատակների փոշիացման պատճառներից է: Կազմակերպչական անհուսությունը եւ անպատասխանատվությունը Հարյուրամյակը վերածել են տարակուսելի եւ անընդունելի, անիմաստ եւ ապարդյուն միջոցառումների շարքի:

Հարյուրամյակի միջոցառումների, դրանց ֆինանսավորման մասին մեր հարցերը՝ ուղղված «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին, Հանձնաժողովի աշխատանքները համակարգող Վիգեն Սարգսյանին, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր տնօրինության տնօրեն Արման Ծատուրյանին, այդպես էլ մնացին անպատասխան՝ չնայած օրենքն արգելում էր նրանց քմահաճորեն վերաբերել դրանց: Հարյուրամյակի ֆինանսական միջոցների եւ ծախսերի հանրայնացումը կբացահայտեր այն ամոթալի բիզնես-ծրագիրը, որին վերածվել է տարելիցը: Իսկ միջոցառումների մասին ասելիք  առանձնապես չկար. մի քանի միջոցառում ապրիլի 22-24-ին, եւ նրանք բոլորը հանգիստ շունչ կքաշեն:

Հարյուրամյակի տապալման՝ արճճե ծանրության մեղքն ընկնում է պաշտոնական Երեւանի, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, նրա գմբեթի տակ անարգել գործող, գրված եւ չգրված օրենքներն արհամարհողների խմբի վրա:

«Հայկական ժամանակ» օրաթերթում այս հոդվածաշարի առաջին մասի հրապարակումից հետո ոմանք, համաձայնելով իմ մտահոգությունների հետ, խորհուրդ էին տալիս հոդվածաշարը տպագրել Ապրիլի 24-ից հետո, որ Հարյուրամյակի վրա ստվեր չընկնի: ՀՀ քաղաքացու, լրագրողի, հասարակական գործչի կոչումը եւ Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանում թաղված իմ նախնիների հիշատակը պարտադրում են ինձ՝

1. Ցեղասպանության 100-ամյա տարելիցի վրայից փորձել հեռացնել թանձր վարագույրը, որպեսզի կեղծիքը չդառնա Հարյուրամյակի անբաժան ուղեկիցը, 2. եւ օգնել փրկել Հարյուրամյակը անարգանքից:

Եթե դեռ հնարավոր է փրկել:

 

2011թ. ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվեց Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով (այնուհետեւ՝ Հանձնաժողով): Սարգսյանի նախագահությամբ 2011թ. մայիսի 30-ի՝ Հանձնաժողովի 1-ին նիստում Հարյուրամյակի կազմակերպչական աշխատանքների մեկնարկը տրվեց:

Չորս տարին միանգամայն բավարար ժամանակահատված էր Հարյուրամյակի քաղաքական նպատակների սահմանման, գաղափարախոսության մշակման, կազմակերպչական, քարոզչական-տեղեկատվական առանցքի ճշգրտման, ծրագրերի հերթագայության զատորոշման, այդ ամենի համար ֆինանսական միջոցների ներգրավման համար: Հարկ էր, որ Հարյուրամյակն իրականացվեր երեք հարթություններում՝ 1. քաղաքական, 2. կազմակերպչական, 3. ֆինանսական: Ոչ ոք չէր կասկածում, որ Հարյուրամյակի համար ֆինանսական ներդրումների պակաս չէր զգացվի: Մինչդեռ, երբ Ցեղասպանության 100-րդ տարելիցը տապալվում է առաջին երկու հարթություններում, կասկածահարույց է մնում, թե ո՞ւր են ֆինանսական հսկայական ներդրումները:

2012թ. սեպտեմբերի 20-ի Հանձնաժողովի 2-րդ նիստում Հարյուրամյակի ռազմավարության որոշ հարցեր քննարկվեցին, սակայն անարդյունք: 2013թ. մայիսի 30-ի 3-րդ նիստում Սերժ Սարգսյանը պատմեց իր եւ գերմանաբնակ 30-ամյա մի թուրքի նամակագրության մասին: Հանձնաժողովի գործունեության, Հարյուրամյակի նախապատրաստական աշխատանքների երկու տարին ապարդյուն անցան: Թեպետ երկու տարին եւ ներդրված ֆինանսական միջոցները միանգամայն բավարար էին համաշխարհային ճանաչման հավակնող գեղարվեստական եւ վավերագրական մեկական ֆիլմերի նկարահանումների աշխատանքները սկսելու համար:

Հարյուրամյակի «կազմակերպչական եւ նախապատրաստական մեծ աշխատանքների մասին» Սերժ Սարգսյանի հավաստիացումները վստահություն չէին ներշնչում. դրանց փաստական վավերացումները չկային:

2014թ. մայիսի 27-ին Հանձնաժողովը գումարեց 4-րդ նիստը, որը, հանուն Հարյուրամյակի փրկության, ավելի լավ էր չկայանար: Մայիսի 27-ի նիստի ավարտից հետո Հանձնաժողովի աշխատանքները համակարգող, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ավետեց՝ Հանձնաժողովին են ներկայացվել Հարյուրամյակի պաշտոնական խորհրդանիշը եւ կարգախոսը:

Հանձնաժողովի՝ 2015թ. հունվարի 29-ի 5-րդ նիստում հրապարակվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը եւ գործարկվեց Հանձնաժողովի պաշտոնական կայքը՝ զուրկ դինամիզմից եւ գրավչությունից։

Հարյուրամյակի պաշտոնական խորհրդանիշ էր ընտրվել թանաքագույն անմոռուկը, իսկ կարգախոս՝ «Հիշում եմ եւ պահանջում»: Վիգեն Սարգսյանի կողմից այդ տեղեկատվության հանրայնացումից հետո Հարյուրամյակի կազմակերպչական աշխատանքների  ձախողման կոչնակը հնչեց: Թանաքագույն անմոռուկի ընտրությունն ալեկոծեց ողջ հայությանը: Հայոց Ցեղասպանության հավերժական խորհրդանիշը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, դուրս մղվեց, թեպետ հենց դրա հետ էր կապված Ցեղասպանության խորհրդանիշի հավաքական ընկալումը:

Անմոռուկի (լատ. թարգմ.՝ մկնականջ) հանճարեղ փայլատակումը ծագել էր «Շարմ» հոլդինգի՝ երբեմնի Ուրախների եւ հնարամիտների ակումբի խմբի մոտ, որն էլ ներկայացված քսան աշխատանքների մեջ շահել էր երկու փուլով անցկացված մրցույթը: Թեպետ Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության հուշահամալիրն իր վեհությամբ եւ խոկունությամբ ջնջում էր ցանկացած մրցույթի անհրաժեշտությունը: Սակայն անհեթեթ գաղափարների պակաս չկար, եւ իր հնարամտության վրա վստահ՝ «Շարմը» առաջարկել էր ստանձնել Հարյուրամյակի կազմակերպչական բոլոր աշխատանքները: Ինչ-ինչ պատճառներով «Շարմը» մերժում ստացավ: Սակայն նրա «երկնած» թանաքագույն անմոռուկը՝ համաշխարհային մասոնների հիշատակի խորհրդանիշը, պարտադրվեց որպես Հարյուրամյակի խորհրդանիշ՝ կարճ ժամանակ անց վերածվելով բիզնես-արտադրության եւ զարդարանքի առարկայի: Սակայն դա դեռ բոլորը չէր: Համացանցում «Հետք» կայքի հոդվածի տակ Վահան անունով մի օգտատեր գրեց. «Այս լոգոտիպը արդեն իսկ գողացված է կենցաղային քիմիայի ապրանքների ինտերնետ խանութից: http://jobs.tut.by/employer/1361150»:

Անմոռուկի խորհրդանիշն այնքան օտար էր եւ անիմաստ, որ սկսեց ծանակվել եւ մերժվեց հայության հավաքական գիտակցության մեջ: Ծիծեռնակաբերդի բարձունքում վեհորեն փռված Հայոց Ցեղասպանության հուշահամալիրը մոռացվեց:

Զգալով, որ համահայկական խայտառակությունն ամբողջանում է, Վիգեն Սարգսյանն անմոռուկը վերածեց մանկապատանեկան խաղի՝ ընտանիքի անդամների հետ պատրաստելով դրանք եւ «ֆեյսբուքյան մարտահրավեր» նետելով՝ բազմացնելու եւ տարածելու անմոռուկի գաղափարը:

Կրթության եւ գիտության նախարարությունում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում որոշեցին, որ «մարտի 24-ին դպրոցների 5-12-րդ դասարանցիները կպատրաստեն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ ճանաչված անմոռուկներ։ 1,5 մլն անմոռուկները հետագայում կտրամադրվեն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրացող մեր հայրենակիցներին եւ օտարերկրյա հյուրերին» (http://www.1tv.am): (Թեպետ ավելի լավ էր Կրթության եւ գիտության նախարարությունը կազմակերպեր դպրոցականների այցը Հարյուրամյակի միակ իրական արժեքավոր ձեռքբերման վայր՝ նորաբաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ):

Անմոռուկի հետ կապված այս ծանակումը կարող էր եւ մոռացվել, եթե Հարյուրամյակի կազմակերպչական աշխատանքները զրոյական կետից առաջ ընթանային եւ միջոցառումները լրջության եւ զսպվածության հույս ներշնչեին:

Անմոռուկի գաղափարը «Շարմը» փաթաթեց նաեւ մայիսին Վիեննայում կայանալիք Եվրատեսիլի մրցույթին Հայաստանի ներկայացրած երգին: Փետրվարի 11-ին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու համար ձեւավորվել է Genealogy խումբը, որի հինգ անդամները հայկական արմատներ ունեցող կատարողներ են աշխարհի բոլոր մայրցամաքներից, իսկ վեցերորդ անդամը՝ Հայաստանից: Երգը կոչվելու է Don՚t Deny («Մի՛ ժխտիր»)։  Երգի գաղափարը լավն էր. մեկ բեմում միավորել հայերի նոր սերնդին, որոնց ընտանիքները սփռված են աշխարհում (խոսքերը՝ Իննա Մկրտչյանի, երաժշտությունը՝ Արմեն Մարտիրոսյանի): Եվրատեսիլում դրանով ներկայանալը միջազգային հնչեղություն կարող էր ապահովել: Սակայն Եվրատեսիլի պահանջով, նախ, փոխվեց երգի վերնագիրը՝ վերավանվելով Face The Shadow («Առերեսվի՛ր ստվերին»), ապա երգի անարժեք երաժշտությունն աստիճանաբար արժեզրկեց սկզբնական գաղափարը:

Հարյուրամյակի նախաշեմին ՀՀ Ազգային ժողովն 1-ին ընթերցմամբ ընդունեց «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումեր կատարելու մասին օրենքի նախագիծը, որով դեկտեմբերի 9-ը սահմանվում է Ցեղասպանությունների հիշատակի եւ կանխարգելման օր: Բացի այդ, Ապրիլի 24-ը վերանվանվում է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշի անտեսումից հետո Ապրիլի 24-ի նսեմացումը Հարյուրամյակի անարգման մյուս քայլն էր:

Թվում էր, որ Հարյուրամյակի նախաշեմին ամեն ինչ արվում է Հարյուրամյակի նշանակությունը ստվերելու, նրա հիմնական խորհուրդն ու խորհրդանիշները արհամարհելու, քաղաքական նշանակությունը փոշիացնելու, կազմակերպչական-քարոզչական աշխատանքները ձախողելու համար: Այնպիսի տպավորություն էր, թե ՀՀ իշխանական համակարգում հայտնված մարդիկ սկսել են իրենց լիազորությունները զանց առնել՝ գործելով  Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի դեմ:

Ապրիլի 24-ին մնացել է 24 օր, որը ոչ բավարար, սակայն ծայրահեղ կարեւոր ժամկետ է առնվազն վերանայելու մյուս միջոցառումները,  վերադարձնելու Ապրիլի 24-ի խորհուրդը եւ խորհրդանիշները եւ վերջնական անարգումից փրկելու Հայոց Ցեղասպանության Հարյուրամյակը՝ ի հարգանք ցեղասպանված եւ տեղահանված հայերի ժառանգների՝ Հայաստանում եւ ի Սփյուռս աշխարհի եւ ի հիշատակ 1.5 միլիոն հայ նահատակների, որոնց ոչ թե պետք է եկեղեցում սրբադասել, այլ Ծիծեռնակաբերդի բարձունքում խոնարհվել նրանց առջեւ:

Նարինե Մկրտչյան

շարունակելի

www.armtimes.com

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert