10463026_614994125289174_7702դ70930865985դֆդֆ9241_n
Երկրի բարօրության միակ պայմանը արժեքների գնահատումն ու պահպանումն է: Ժողովրդի ազատությունը և սեփական երկրում արժանապատիվ, ապահով ապրելու իրավունքը յուրաքանչյուր պետության համար կենսական, ազգային կարևորագույն գերխնդիրն է:
Մարիամ Ծատրյան, 13.03.2015

Պատմական փորձի ռացիոնալ յուրացման և անցյալի սխալները չկրկնելու առումով կարծում եմ վաղուց ժամանակն է իրերն ու երևույթները գնահատել սառը դատողությամբ՝ հրաժարվելով զգայական ընկալումներից և հոգեբանական պայմանականություններից: Հաճախ կարելի է հանդիպել տեսակետի, որ մեր նորանկախ երկրի ծանրագույն շրջանին, անկախ ունեցած հաջողություններից, տրվում է «ցուրտ ու մութ տարիներ» որակումը: Հետադարձ հայացք գցելով անցալին, այն մի ամբողջ դար է թվում՝ հագեցած պատմական իրադարձություններով, պատերազմով, շրջափակումներով, տագնապներով, սպասումներով, կորուստներով ու սխրանքներով:

Ժողովուրդը մեկ յուրահատկություն ունի՝ տեսնելու վայրկյանը, ժամը, բայց ոչ ժամանակի ընթացքը, դեռևս չի ձևավորվել այն գիտակցումը, որ պետությունը օրերի ընթացքում չի կերտվում, վայրկայններում տնտեսություն չեն ստեղծում, պատերազմներն էլ չեն անցնում լուսավորության ու ջերմության պայմաններում: Երբ խոսվում է ձեռքբերումների մասին, մոռացվում է, որ իսկական հրաշքն արդեն կայացել է, քանզի վերջին հարյուրամյակում քիչ նորանկախ պետությունների է հաջողվել այդպես սահուն անցնել առաջին տարիները. գրեթե ամենուրեք եղել են անիշխանության պահեր, քաղաքացիական հաշվեհարդաներ, հեղաշրջումներ ու ներքին բախումներ:

Անկախությունն ամենաբարձր արժեքն է՝ անքննելի ու սակարկման ոչ ենթակա: Մենք աշխարհին ապացուցեցինք, որ հիանալի օգտագործեցինք անկախության վերականգնման հնարավորությունը, մի բան, որ տեղի չունեցավ 18-20 թվերին, երբ մեր հարևաններն ավելի պատրաստ գտնվեցին, քան մենք: Երկրի բարօրության միակ պայմանը արժեքների գնահատումն ու պահպանումն է: Ժողովրդի ազատությունը և սեփական երկրում արժանապատիվ, ապահով ապրելու իրավունքը յուրաքանչյուր պետության համար կենսական, ազգային կարևորագույն գերխնդիրն է:

Ազատությունն այն պայմանն է, որ ապահովում է ցանկացած անհատի, ցանկացած ժողովրդի երջանկությունն ու բարօրությունը: Չգիտեմ՝ երբ և որտեղ, բայց անկասկած իմաստուն մի մարդ հայտնաբերել է, որ ազատությունն ու ժողովրդավարությունը շատ նման են ընձուղտի՝ ով երևէ այն տեսել է, երբեք չի մոռանա և ոչնչի հետ չի շփոթի: Մի քիչ ժողովրդավարություն չի լինում, ինչպես չի լինում մի փոքր հղիություն, ժողովրդավարություն կամ կա, կամ չկա և նրան փոխարինել չեն կարող ամենագեղեցիկ խոսքերը նրա մասին: Թվում է՝ այսօրվա Հայստանում մի փոքր հղիություն է…

Խոսելով անհատի ազատության, հասարակության ազատության և ժողովրդավարության մասին, դրան զուգահեռ չենք կարող հասնել ազգային համերաշխության և կառուցել ազգային գաղափարախոսություն, սա ռոմանտիզմի մի դրսևորում է: Միության իմ ընկալումը հետևյալն է. ժողովրդավարական երկրում լիակատար միաբանություն չի լինում. (Ժամանակին այս միտքը հնչեցվել է և խիստ քննադատվել): Ժողովրդավարությունից ենք խոսում, սակայն մենք ինքներս պետք է պատրաստ լինենք ենթարկվել նրա առաջարկած կանոններին, ցրտից ու մթից ծնված քսանչորսամյա անկախությունը՝ որպես մեր նորագույն պատմության ամենամեծ ձեռքբերում, պետք է գիտակցվի և արժևորվի հասարակության կողմից:

Մեր՝ անկախության սերնդի ուսերին դրված է մի մեծ պարտականություն՝ հաղթահարելու բարքերի անկումը, վերականգելու մարդկանց բնական կապվածությունը հայրենի հողին, որ հայրենիքը, ընտանիքը լքելու երևույթը չդառնա ընդամենը առօրյա խոսակցական նյութ: Ու որ անկախության կերտման դժվարագույն տարիները որակվեն ոչ թե ցրտի ու մթի, այլ ազատության, վերածննդի տարիներ:

10463026_614994125289174_7702դ70930865985դֆդֆ9241_n

հեղինակ՝ Մարիամ Ծատրյան

robananyan.wordpress.com

 

 

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert