Նախօրեին Հայաստանի ամերիկյան համալսարանում «Ճարտարապետության քաղաքականությունը եւ քաղաքականության ճարտարապետությունը» թեմայով հանդիպում էր հայտնի երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ, ում խոսքը լսելու էին եկել հարյուրավոր մարդիկ, հիմնականում՝ երիտասարդներ։ Այն խանդավառությունն ու ոգեղենությունը, որ փոխանցեց Մեսչյանը ներկաներին, անպատմելի է։ Ու թեեւ հանդիպումը բաց էր, բայց ԶԼՄ-ների ներկայացուցիչներ դահլիճում գրեթե չկային, ուստի փոքրիկ կրճատումներով, առանց միջամտության, ներկայացնում ենք Արթուր Մեսչյանի խոսքը․
«Տարբեր առաջարկներ եղան՝ ինչ կարելի է դնել Լենինի արձանի փոխարեն Հանրապետության հրապարակում, ես խորհուրդ կտամ ժամանակավոր դնել Սամուել Բեքետի արձանը, ինքն աբսուրդի թատրոնի հիմնադիրն է։ Իսկ ի՞նչ է աբսուրդի թատրոնը․ կան դերասաններ, նվագախումբ, դահլիճ, լույսեր, ամեն ինչ, բայց չկա սցենար, դրա համար Սամուել Բեքետը դառել է այսօր ամենաակտուալ հայը։
Ես այսօր դասախոսություն չեմ կարդում։ Ես այսօր ձեզանից մեկն եմ, ուղղակի այնպես է ստացվել, որ հիմա ես եմ բեմի վրա, բայց, ձեզ պես, ես էլ շատ բաներ չեմ հասկանում։ Եկեք փորձենք միասին հասկանալ, թե ինչ է կատարվում։ Ճարտարապետություն՝ ամենախոսակցական, ամենահայհոյված թեման, ճարտարապետներն էլ ընդհանրապես ազգի «դավաճանն» ու «թշնամին» են, բայց արդյոք մեր այսօրվա եւ վաղվա ճարտարապետները չունե՞ն այն բնական տաղանդը, որ պետք է ճարտարապետն ունենա, իհարկե՝ ունեն։ Բայց երբ ճարտարապետն ընկնում է աբսուրդի թատրոնի մեջ, ինքը չգիտի ինչ անի։ Դու կարաս լինես շատ լավ դերասան, բայց ընկնես մի խայտառակ ներկայացման մեջ ու լինես, բառի բուն իմաստով՝ խայտառակ, իսկ ի՞նչ է ներկայացումը ճարտարապետության մեջ․ դա ճարտարապետության քաղաքականությունն է, դա նա է, ինչից ամենն սկսում է։
Շատ են ասում՝ մեր հին Երեւանն ավերեցին, հա, ավերեցինք, ու սա չի կանգնելու, քանի դեռ չկա գլխավոր նպատակը, թե ինչի համար ենք մենք քաղաքը կառուցում, նրա համար, որ բիզնե՞ս անենք, թե՞ որ այդ պարգեւած միջավայրի մեջ ապրենք մեր կյանքը։ Պրիարիտետ չկա։ Բայց եթե համեմատենք մեր քաղաքը մյուս եվրոպական քաղաքների պատմության հետ, մեր քաղաքն ինձ համար նորածին է, բայց դա արդյոք արդարացնո՞ւմ է այն, ինչ անում ենք ճարտարապետության մեջ․ դժվար թե։
Ոչ մի քաղաք, ոչ մի պետություն ժողովրդավարության հիմքի վրա չի ստեղծվել, որովհետեւ քաղաքաշինությունն առաջին հերթին պահանջում է ուժ եւ պարտադրիչ մեխանիզմներ, քաղաքը քանդելու եւ վերակառուցելու ժամանակ մեծ ժողովրդական զանգվածների հեղափոխություն է սկսում։ Այն, ինչ որ ասում եմ ճարտարապետության եւ ճարտարապետության քաղաքականության մասին, մեկը մեկին՝ դա քաղաքականության ճարտարապետությունն է։ Ես ֆանտաստիկ հակադեմոկրատ եմ, ասում են՝ շատ բարի եմ, մի քանի հատ գիրք եմ կարդացել, լիքը սխալ բաներ եմ արել, ինչ-որ բաներ էլ արել եմ, բայց ես գիտեմ մի բան, որ հայրենյաց տաճարը կառուցելու համար այն սուտ հնարած ժողովրդավարական սիստեմը, որ ամեն օր կապում են մեր վզին, բացի չարիքից, մեզ ոչինչ չի բերում։
Բայց այստեղ հարց է ծագում․ տղերք, եթե մենք չենք խոսում ժողովրդավարության մասին, ապա ովքե՞ր են լինելու այն մարդիկ, ովքեր պետք է ճակատագրեն մեր կյանքի բախտը։ Եթե նրանք են, ում դուք արդեն ճանաչում եք, ազգանուններ չասեմ, գիտեք, ուրեմն, կոպիտ ասած, մենք շատ խորը այն նյութերի մեջ ենք, որ Փարիզում 3-րդ հարկից լցնում էին մարդկանց գլխին։ Բա ի՞նչ անենք։ Պետք է արվի այն, ինչ որ արդեն սկսել է արվել՝ դուք եք, իսկ դուք ապագա Հայաստանի վերնախավն եք։ Դա այն է, որի բացակայության դեպքում երկիրը, որպես երեւույթ, չի գոյատեւում, քանդվում է։ Իսկ ո՞նց է ստեղծվում վերնախավը՝ կառավարության որոշումներո՞վ, միտինգներո՞վ, տարբեր կուսակցություններին հարել կամ չհարելո՞վ․ ստից բաներ են դրանք բոլորը։ Վերնախավն սկսվում է նրանով, որ ամեն մեկն իր տեղում մանրամասն, ազնվությամբ, շնորհքով ու տաղանդով կատարում է իր գործը։ Սկսում ենք շատ պարզ, 1-ինը՝ սկսում ենք լավ սովորել, 2-րդ՝ լիքը բան կարդալ, եւ 3-րդ՝ ամենակարեւորը, ստեղծում ենք միջավայր, որովհետեւ վերնախավն ու ազնվականությունն առաջին հերթին միջավայր է։ Մի հոգին, երկուսը, հինգը, տասը ոչինչ չեն անի, պետք է միջավայր, երբ ստեղծում եք միջավայրը՝ միտինգ, թե դու գնա, մենք կգանք, սաղ կփոխենք… տո, ոչ մի բան էլ չե՛ք փոխի, ով էլ գա, լինելու է գրեթե նույնը, որովհետեւ ամենակարեւոր դաշտը, որի վրա սերմը պետք է աճի ու ծիլ տա, ազգային վերնախավն է, որ ձեւավորվում է այսօր։ Բայց մեր բախտը չի բերել, հենց մեր վերնախավն սկսել է ինչ-որ չափով ձեւավորվել, մեր պատմության մեջ տեղի են ունեցել բավականին տխուր դեպքեր, ընդհուպ մինչեւ ֆիզիկական ոչնչացում։
Տղերք, մենք չկարողացանք Կոմիտաս վարդապետ պահել, երեկ ֆիլմ էին ցույց տալիս, 7 օր, 7 գիշեր Փարիզի եկեղեցում հազարավոր մարդիկ գալիս էին հարգելու նրան։ Տղերք, մարդա մի դոլար գցեիք, որ առաջին հիվանդանոցից 2-րդ հիվանդանոցը, որ բոմժանոց էր, չտանեին։ Պահել նրան այդ բոմժանոցում, եւ սխալ կոշիկի համարի պատճառով ինֆեկցիա մտնի ոտքը, ու դրանից մեռնի, դուք դա ում ասեք… խնդրում եմ, ոչ մեկի չասեք, դա մեզ համար ամոթ է, բայց մենք պիտի իմանանք դրա մասին, թե ոնց ենք վերաբերվում մեր մեծերին, այ, սենց զիլ թաղում ենք։ Իսկ ոնց որ մենք վերաբերվում ենք Կոմիտաս վարդապետին, նույն ձեւով վերաբերվում ենք մի եկեղեցու, նույն ձեւով վերաբերվում ենք Աբովյանի փողոցի վրա ինչ-որ մի կերպ չքանդված կառույցի, Աֆրիկյաններին, այսինքն՝ այս բոլորը շղթա է, տղերք։ Մեր կյանքում ոչ մի բան առանձին-առանձին չի արվում։ Եթե ուզում եք ձեզ ստուգաբանել, նայեք ձեր հարակից տարածքները, դրա շշմելու օրինակը ճարտարապետությունն է։
Քաղաքը նման է կնոջ, կարող ես նրան սիրել եւ կեղեքել։ Ովքեր ջահել են, չեն հիշում, ես շատ լավ հիշում եմ ինչ ծառուղի կար, երբ գլխավոր մուտքից՝ Պրոսպեկտից, մտնում էիր Օպերա, աջ կողմից հրաշալի ծառուղի կար, իմ մանկությունն այնտեղ եմ անցկացրել։ Ի՞նչ կատարվեց… եկան «օսմանները», առաջին սրճարանը դրին, դե, որ առաջինը դրին, արդեն տարածքը կուսությունը կորցրեց, ու գնաց կաշը։ Հիմա որ նայում ես, ամբողջ Օպերայի տարածքը սրճարաններ են։ Իսկ հիմա ամենակարեւորը՝ ո՞վ է մեղավոր։ Մեղավոր է այն անձնավորությունը, որ այդ սրճարանն այնտեղ կառուցե՞լ է՝ ոչ մի դեպքում, որովհետեւ գեղեցիկ կին տեսնելուց ցանկացած տղամարդ ուզում է այդ կնոջը սիրել։ Ուրեմն պետք է լինի մեխանիզմ, որ թույլ չտա դա լինի, շատ էլ ուզում ես, շատ էլ գծել են՝ թույլ չեմ տալիս։ Ո՞րն է այդ կազմակերպությունը, որ ասում է՝ թույլ չեմ տալիս, ո՞նց է պատահում, որ աշխարհի բոլոր քաղաքներում նման իդիոտ բաներ չի կատարվում։ Ուղղակի կան խաղի կանոններ, կա օրենք, նստած են 12 հոգի գրագետ մարդիկ, որոնց առջեւ քեզ տալիս են 20 րոպե ժամանակ, ու դու պետք է պաշտպանես քո նախագիծը։
Արդյոք մենք չունե՞նք այն կազմակերպությունը, որ ասի՝ չի կարելի։ Իհարկե ունենք, եւ կոչվում է քաղաքաշինական խորհուրդ, որտեղ նստած է մի ծերակույտ, հոգնած, դեմքերին նայում ես, նախագիծը քննարկելու ժամանակ արդեն մեռնելները գալիս է, ուզում ես մի հատ դեղ տաս՝ լավ զգան իրանց։ Եվ ամենակարեւորը․ քաղաքաշինական խորհուրդն ունի խորհրդատվական իրավունք՝ խորհուրդ է տալիս Տարոնին, ասում է՝ պարոն քաղաքապետ, մենք խորհուրդ ենք տալիս սա չանել։ Տարոնն էլ ասում է՝ ո՞նց չանենք, մեր տղերքն են։ Նույն դեմքերը, որ նստած են քաղաքաշինական խորհրդում, նստած են նաեւ Ճարտարապետների միության նախագահությունում, նույն դեմքերը որ նստած են Ճարտարապետների միության նախագահությունում, նստած են Էջմիածնի ճարտարապետական խորհրդում։ Տղերք, հերիք չի՞, էսքան ջահել ճարտարապետներ կան, շնորհքով էրեխեք, զիլ տղերք, ժամանակը չի՞ ինչ-որ բան փոխվի։ Ամեն անգամ անցնելով Ճարտարապետների միության շենքի կողքով, դուք չեք ամաչում, որ կա շենք, բայց մեջը կյանք չկա։ Ինչպես որ այսօր լիքը եկեղեցիներ են կառուցում, որտեղ Աստված չկա ու չի էլ լինելու, այդ ժամանակ հարց է առաջանում․ ինչո՞ւ ես, շեֆ ջան, եկեղեցի կառուցում, որտեղ Աստված չի լինելու, որ քեզ մեջը թաղե՞ն, դե, մի կերպ կթաղենք, էլի…, սա նորից աբսուրդի թատրոնի է նման։
Ամեն ինչն ունի լուծում, ուղղակի պետք է լինեն մասնագետներ, եւ պետք է լինի ցանկություն։ Ամենակարճ ճանապարհն այն է, որ ամենավերեւում ամենավատն է, լավ, տղերք, բա մենք ի՞նչ ենք, մենք կարո՞ղ ենք ինչ-որ բան անել, կարո՞ղ ենք ինքնակազմակերպվենք, ինչ-որ փոքր բաների համար փորձեր եղան, ու ստացվեց, չէ՞, բայց ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի, դա բավարար չի։ Քաղաքացի լինելը դա մշտական ու ամենաբարդ աշխատանքն է, թե չէ այդպես էլ բնակչություն կմնանք։ Մենք այսօր բնակչություն ենք, մենք մինչեւ քաղաքացի չդառնանք, պետություն չենք կարող կառուցել։ Հետո ասում են՝ մեր պետությունը վատն է, բայց դու դեռ պետություն չունես, որ լավը կամ վատը լինի, պետությունը կառուցվում է, ոնց որ անկախությունը։ Ասում են՝ մենք անկախացանք, չէ, չե՛ս անկախացել, որովհետեւ եթե ինչ ունես-չունես, էս կոշիկներն էլ ռուսը տանի, ու դու ման գաս, ասես՝ ես ազատ եմ, անկախ եմ… դուք ձեզ ձե՞ռ եք առել, ո՞նց կարելի է նման բան, մենք արժանի՞ ենք բա դրան, տղերք, մեր երեխաներն արժանի են Հայաստանով քայլելիս զիբիլակույտերի միջից մեկ էլ մի փլատակ եկեղեցի տեսնեն, այն ժամանակ, որ իրար վրա դզած-փչած եկեղեցիներ են կառուցվում։ Դրա տեղը դիր՝ 2 հատ եկեղեցի վերականգնի, փող դրեք՝ այդ զիբիլները մաքրեք։
Իսկ ի՞նչ է եկեղեցին, դա ժողովրդական հավատքի, քրտինքի, աշխատանքի հետեւանք էր։ Գյուղում 2 հատ ձու, 2 հատ երկաթի, քարի կտոր հավաքվելով՝ կառուցվում էր եկեղեցի, սենց միանգամից չէր կառուցվում, այլ ամեն մի շարքը հղկելուց հետո այդ հղկած քարերը հանում էին, ձեթի ամանների մեջ եփում էին 7 օր, 7 գիշեր, աղոթքներ կային, որ ասում էին, հետո 7 օր, 7 գիշեր էլի այդ աղոթքներով չորանում էր, նոր այդ քարերը շարում էին։ Դրա համար մեր բոլոր եկեղեցիների ծակոտկենությունն այնքան քիչ է, որ չի փչացել, իսկ այս նորակառույց շենքերի վրա 2 տարի հետո տուֆը չի մնում, որովհետեւ տուֆը վերաբերմունք է պահանջում, դա գյուղի կողմից կառուցված Աստծո հետ կապի մի միջոց էր, ապրված էր, սիրված։ Այսօր ով փող ունի, եկեղեցի է կառուցում, միակ խերն այն է, որ այդ եկեղեցու վրա աշխատող քարտաշները չեն գնա Ռուսաստան, այդքան բան»։
Շարունակելի