rus142225744752Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան,

Հյուր` Բագրատ Առաքելյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդ» շարժման Պրահայի մասնաճյուղի ներկայացուցիչ, տնտեսագետ Բագրատ Առաքելյանը:

-100-րդ տարելիցից հետո, երբ մեծ հաշվով Սփյուռքում ու Հայաստանում մեծ իրարանցում տեղի ունեցավ, սակայն կարծես թե այդ հետևանքները չենք կարողանում ծառայեցնել Հայաստանի խնդիրներին: Ի՞նչ պետք է անել, որ Հայաստանը դառնա նպատակ Սփյուռքի համար:

-Ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի հայությունը պետք է առաջին հերթին մտածի ոչ միայն այն մասին, որ բոլոր երկրների կողմից ճանաչվի Հայոց ցեղասպանությունը և Թուրքիան պատասխանատվության կանչվի, որովհետև այսօրվա դրությամբ Հայաստանը դեռ պատրաստ չի նրան, որ այդքան հզորություն ու ուժ ունենա իր մեջ, որ կարողանա Ցեղասպանության և դրա փոխհատուցման հետ կապված խնդիրները արդյունավետ բարձրաձայնի: Իմ կարծիքով Սփյուռքի ուշադրությունն այսօր առաջին հերթին պետք է գրավի հենց Հայաստանը: Ոչ թե այն խնդիրները, որ եղել են նախկինում, այլ հենց այսօրվա վիճակը, այսօրվա հնարավորությունները և այն, թե ինչ ապագա է սպասվում Հայաստանին: Որովհետև եթե Հայաստանն ինքն իրենով ապագա չունի, եթե մենք փաստացիորեն այսօր քայլեր ենք անում դեպի Հայաստանի անկախության կորուստ և դե ֆակտո արդեն կորցրել ենք, մեր իշխանավորները 100%-ով չեն տիրապետում իրավիճակին, չեն կարողանում հենվել միայն իրենց կարծիքի վրա, ապա ուշադրությունը հենց այդ խնդիրների վրա պետք է սևեռել: Փաստորեն մենք կորցնում ենք անկախությունը, իսկ դա նշանակում է, որ մնացած հարցերը ինքնըստինքյան էլի կորցնելու ենք, այնպես, ինչպես կորցրել ենք խորհրդային տարիներին:

Սփյուռքն ինչո՞ւ ընդհանուր առմամբ Հայաստանը չի դիտարկում իբրև նպատակ: Սփյուռքում Ցեղասպանությունից դուրս շատ դժվար է որևէ հարցի շուրջ մոբիլիզացիա, ինչո՞վ է դա պայմանավորված:

-Շատ ճիշտ հարցադրում է։ Դրա դրդապատճառները մի քանիսն են: Ամենակարևորը այն է, որ մենք՝ հայերս, չունենք պետական մտածողություն, այդ ունակությունն ինչ-որ տեղ կորցրել ենք երևի: Մենք շատ լավ անհատներ ենք, կարող ենք ստեղծագործել, բիզնեսով զբաղվել, երաժշտություն գրել, բայց պետական մտածելակերպը մեզ մոտ այսօր ճգնաժամ է ապրում:

Ի դեպ, այն ողբալի վիճակը, որ տիրում է Հայաստանում, ես դրանում առաջին հերթին մեղադրում եմ Սփյուռքին, որովհետև այսօր Հայաստանում ապրում է մոտ 2-3 մլն մարդ, իսկ Սփյուռքում՝ մոտ 8 մլն հայեր, որոնք կրթված են, հարուստ են, քաղաքական հնարավորություններ ունեն, և այսօրվա դրությամբ նրանց մեծամասնությունը փաստորեն ոչ մի քայլ չի ձեռնարկում, որպեսզի Հայաստանը դարձնի ուժեղ, ինքնաբավ պետություն, որն անկախ կլինի որևիցե հարևանից, սեփական ուժը կունենա ու տարածաշրջանում կդառնա ռեալ, ուժեղ խաղացող: Մինչև դա Հայաստանում չկատարվի և այն չդառնա հզոր պետություն, որի հետ հաշվի կնստեն, մեր բոլոր ցույցերը լուրջ հետևանքներ չեն ունենալու։ Անհրաժեշտ է ստեղծել մի պետություն, որը հնարավորություն կունեա իր հակառակորդին լուրջ խնդիրների արջև կանգնեցնել: Այսօրվա դրությամբ մենք այդ ամենը չենք կարող ներկայացնել ոչ Թուրքիային, ոչ էլ մնացած երկրներին: Մեր համար առաջնահերթը Հայաստանի ուժեղացումն է իբրև դեմոկրատական և տնտեսապես զարգացած պետություն, որի հետ հաշվի կնստեն մեծ ու հզոր երկրները:

Մենք տեսանք, որ նույնիսկ Ժիրայր Սեֆիլյանի ու նրա ընկերների ազատության համար պայքարին Սփյուռքից շատ քիչ մարդիկ արձագանքեցին, մինչդեռ հզոր ցույցեր եղան Ցեղասպանության հետ կապված հենց նույն ԱՄՆում: Սա նույնպես պայմանավորված է այն խնդրով, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը բնավ չի՞ անհանգստացնում Սփյուռքին:

-Դա շատ մեծ խնդիր է, խնդիր է Հայաստանի համար, ոչ թե այն քաղբանտարկյալների համար, որոնք ճաղերի հետևում են: Այդ տղաներն իրենց կյանքով ապացուցել են, որ հայ ազգի, հայ հողի պատրիոտներ են: Ես անձամբ գտնում եմ, որ գերագույն պատիվ է քո երկրի, քո երկրի ազատության, քո երկրի ապագայի համար բանտարկվելը, որովհետև եթե քեզ ձերբակալում են, ուրեմն քեզանից վախենում են, ուրեմն դու քեզանից ուժ ես ներկայացնում։ Ի դեպ, դա արձագանքվեց Սփյուռքում, պարզապես չունեցավ այն մասսայականությունը թե Սփյուռքում, թե Հայաստանում, որն անհրաժեշտ էր հենց Հայաստանի համար: Ես երեկ տեսա, որ մայիսի 1-ի կապակցությամբ կոմունիստները փողոց էին դուրս եկել կարմիր վզկապներով, կարմիր դրոշներով, որոնք ասում էին, որ Պուտինն իրենց հայրն է, որ Հայաստանը պետք է միանա Ռուսաստանին, որ եթե Հայաստանը միանա Ռուսաստանին, իրենք կուշտ փորով հաց կուտեն և նման անհեթեթություններ: Բավականին մարդ էր դուրս եկել փողոց, իսկ ահա Սեֆիլյանի, Մանուկյանի և մեր մյուս ազգային հերոսների ձերբակալման դեմ բողոքն այդքան մարդաշատ չէր: Դա մեր դժբախտությունն է: Հայաստանը, որի 2 մլն բնակչությունից 1 մլն-ն աղքատության մեջ է ապրում, որին ուրիշ երկրները կարող են կարգադրել, թե ինչ ուղի ընտրի, ինչ անի, դա մեր հսկայական խնդիրն է, որի մասին պետք է մտածի Սփյուռքը: Այն մեծ, հզոր, հարուստ, խելացի Սփյուռքը, որը դե ֆակտո անգործության է մատնված:

Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է փոխվի Սփյուռքի մեջ, որպեսզի միայն Ցեղասպանությունը չդիտարկեն որպես համահայկական խնդիր։ Ինչպե՞ս կարելի է այդ մտայնությունը փոխել, ի վերջո հատուկենտ սփյուռքահայեր, որ գալիս են, ներդրում անում Հայաստանում, հետո խաբվում ու գնում, բայց եթե միասնականություն լիներ, նրանց հնարավոր չէր լինի այստեղ խաբել կամ ընկճել:

-Ես համաձայն եմ Ձեզ հետ։ Իսկապես, շատերը պատճառաբանելով, թե ինչ-որ մեկը փորձել է ներդրում անել Հայաստանում, բայց խաբվել է, խուսափում են հայրենիքին ձեռք մեկնելուց: Բայց խնդրին մյուս կողմից է պետք մոտենալ: Հայաստանում հիմա կան ներդրումներ, բայց ապացուցվել է, որ ներկայիս իշխանությունների օրոք այդ ֆինանսական ներդրումները մեղմ ասած 100%-ով իրենց նպատակին չեն հասնում: Ես միշտ օրինակ եմ բերում Ցեղասպանությունը չճանաչած Իսրայելին: Եթե նայենք իրենց պետության կառուցմանը, ապա դա ազգի համախմբվածություն հետևանքն էր, որը դատարկ տեղից կարողացավ կառուցել այն հզոր պետությունը, որի հետ հաշվի են նստում, որից վախենում են, քանի որ մի քանի անգամ իր ուժն է ցույց տվել այդ տարածաշրջանում: Այդ ամենը իրենք կարողացան անել միմիայն այն բանից հետո, երբ կառուցեցին իրենց պետությունը:

Այսինքն, մինչև ներսում չկառուցենք հզոր երկիր, դրսից ակնկալիքներ չե՞նք կարող ունենալ։

-Բնականաբար, մինչև Հայաստանը չկառուցվի, մինչև Հայաստանը չդառնա հզոր քաղաքական պետական միավոր, մինչև Հայաստանը չունենա իսկական դեմոկրատական հիմունքներ, որի վրա հիմնվում է յուրաքանչյուր նորմալ պետության սահմանադրությունը և գործող օրենքը, Հայաստանը միշտ մնալու է սգի մեջ: Եթե մենք չզարգանանք որպես պետություն և չմտնենք հզոր, դեմոկրատական, առաջատար երկրների ցանկի մեջ, եթե մեզ վերաբերվեն իբրև տասներորդ սորտի պետություն, ապա մեր ձայնը ոչ մի տեղ չի հասնի: Դրա համար էլ այսօր Սփյուռքի առաջնահերթ խնդիրը Հայաստանի ներքին խնդիրների լուծումն է, հետո նոր մնացած, որոնք մենք, ցավոք, կուտակել ենք դարեր շարունակ:

http://www.1in.am/1612470.html

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert