10393683_10152823327463837_17249773483431324_nԿինոռեժիսոր Արշակ Զաքարյանը YouTube-ում տեսանյութ է տեղադրել, որը վերնագրված է այսպես՝ «Սիրիահայերի «Դե դավա՛յ ստուց» ծրագիրը, կամ «Էկել ես, որ ինչ անես»-ը»:

Կինոռեժիսորը մի յուրօրինակ նախաձեռնությամբ է հանդես գալիս, որի մասին ԳԱԼԱ-ն ավելի վաղ անդրադարձել էր: Նա բանակցում եւ օգնում է, որպեսզի սիրիահայ ընտանիքները տեղափոխվեն եւ բնակություն հաստատեն Արցախի ազատագրված տարածքներում, ասում է, որ ՀՀ իշխանությունները բացարձակ անգործություն են դրսեւորում ու ստեղծում բյուրոկրատական այնպիսի քաշքշուկներ, որ տրամագծորեն դեմ է «Արի տուն» կարգախոսին, իսկ սփյուռքի նախարարությունը պարզապես գումարներ յուրացնող կազմակերպություն է եւ ուրիշ ոչինչ:

Զաքարյանն արդեն 3 ընտանիքի օգնել է, որ տեղավորվեն Արցախում՝ Քաշաթաղի շրջանում՝ ամերիկահայ ընտանիքների հովանավորությամբ: Ամերիկահայ ընտանիքները եւս աջակցել են կինոռեժիսորի միջնորդությամբ: Մեկ տարի ժամանակով թոշակ կստանան սիրիահայ ընտանիքները, մինչեւ կարողանան հիմնավորվել Արցախում:

Կինոռեժիսորի խոսքերով՝ միակ դժվարությունը ՀՀ-ում գործող կառույցներն են ստեղծում: Նրա միջնորդությամբ հայրենիք վերադարձած սիրիահայ դիպուկահար Արթին Ալմաժյանը, ով որոշեց գալ բնակություն հաստատել Արցախում, ամուսնացավ հայրենադարձված հայ աղջկա հետ ու Քաշաթաղում Արցախի իշխանությունների կողմից 10-15 րոպեում տուն ու հողամաս ստացավ, հիմա արդեն 4 ամիս՝ չի կարողանում քաղաքացիություն ստանալ:

«Արդեն 4 ամիս է՝ ասում են չի լինում: Քաղաքացիության համար ասում են՝ եկեղեցուց թուղթ բեր: Արթինը, որ քաղաքում որ բնակվել է, հայկական եկեղեցի հիմա չկա, թեեւ ինքը կնքվել է Հայ առաքելական եկեղեցում: Այդ իսկ պատճառով հունական քրիստոնեական եկեղեցուց թուղթ բերեց: Հիմա ասում են՝ չի լինում:

Բացատրեցի, որ իր եղբայրը՝ նույն հորից եւ նույն մորից, արդեն իսկ ստացել է ՀՀ քաղաքացիություն: Արդյոք սա բավարար չէ՞, որ ապացուցվի՝ այս մարդը հայ է, եւ արդյոք հայոց եկեղեցու թուղթը ավելի հզո՞ր է, քան այն, որ հայրը, մայրը եւ եղբայրը հայ են: Ասում են՝ այդպես չէ, պետք է թուղթը բերվի»:

Կինոռեժիսորը բացատրում է, որ սիրիահայերի փաստաթղթային խնդիրները ՀՀ ԱԳՆ-ի հետ է: Կառույցն այս հարցով 4 աշխատանքային օր ունի, ամեն օր 2 ժամ է աշխատում: Ամեն անգամ գնալուց տեսնում են հերթեր, իսկ ամենադժվարն այն է, որ մարդկանց ասում են՝ գնա, վաղը արի:

«Փորձեցի իրենց ղեկավարության հետ խոսեմ, բայց այնտեղ ոնց որ Սպիտակ տուն են սարքել, հնարավոր չէ: Երբ որ աշխատողներին բացատրում ես, որ այս մարդն այստեղ չունի մնալու տեղ, ինքը Արցախից է՝ Իշխանաձորից, ինչ դժվարություններ է հաղթահարում, ոչինչ չեն հասկանում, ասում են՝ հետաքրքիր չէ»:

Զաքարյանն օրինակ է բերում. Թբիլիսիում մեկ մեծ գրասենյակ է գործում եւ բոլոր հարցերը՝ մեկ պատուհանից սկզբունքով, գնալով համոզվում է, որ ՀՀ-ում հին սովետական բյուրոկրատական համակարգ է գործում:

«Ընդունելությունը չորս օր է՝ ժամը՝ 10-12-ը, ոնց որ շաբաթվա մեջ մեկ աշխատանքային օր: Հարց՝ ԱԳՆ-ն այդքան աշխատող ունի ու եսիմ ինչ էլ չի անում, որ անի, կտեսնենք, հիմա այդ մարդկանց ինչո՞ւ են այդ օրը գցում: Այսօր ահավոր վիճակ է, սիրիահայերի ներհոսք կա Լիբանանից, Հալեպից, ինչո՞ւ նորմալ չեն աշխատում»:

Կինոռեժիսորի խոսքերով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալը սիրիահայերի համար կարեւոր է, որովհետեւ չնայած այն բանին, որ Արցախում շատ արագորեն կազմակերպել են բնակարանի, հողամասի խնդիրները, մարդիկ պետք է գործ սկսեն, աշխատեն, որ կարողանան ապրել:

«Տուն տվեցին, հող տվեցին, այդ ամենը պիտի օրինականացվի, էս մարդը պիտի կարողանա վարկ վերցնել, որ հող մշակի, տրակտորին տա, ցանի, անասուն պահի, ամեն ինչ շատ բարդ է, չորս ամիս է չի կարողանում մի փաստաթուղթ հանի, որովհետեւ տարբեր փաստաթղթեր են ուզում:

Տնահան եղած մարդուն նորից էս վիճակում ոնց են կարողանում դնել, ես զարմանում եմ»:

Զաքարյանն ասում է, որ երբ տեսանյութ է տեղադրել ու խոսել, որ «Արի տուն» ծրագրի հակառակ տրամաբանությամբ ծրագիր են անում, սփյուռքի նախարարությունից դժգոհել են՝ բացատրել են, որ այդ ծրագիրը երեխաների հետ է կապված ու բոլորովին այլ ծրագիր է:

«Ասում են՝ «Արի տուն»-ը ուրիշ ծրագիր է, երեխաների հետ է կապված, այսինքն փաստորեն պետությունը չունի նման ծրագիր, 12 օրով որ երեխաներ են բերում, դա է: Փաստորեն ասում եք՝ Արի փողերդ ծախսի ստեղ, գնա, բալի՛կ ջան, հա՞:

Ես չեմ հասկանում այսօր հայրենադարձության կոնկրետ ծրագիր կա՞: Թող սփյուռքի նախարարությունը լուծարեն, որը դե ֆակտո ոչինչ չի անում եւ սփյուռքի նախարարության վրա ծախսվող միլիոնները ծախսեն հայրենադարձության համար: Անիմաստ նախարարություն է, ոչինչ չի անում, այդ նախարարության փոխարեն 2-3 հոգին բավարար են, որ կոնկրետ գործ անեն»:

Զաքարյանի խոսքով՝ պետք է հատուկ գրասենյակ բացել ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Քաշաթաղում, որովհետեւ ներգաղթող հայերին այնտեղ են տեղավորում:

«Թող այնտեղ գրասենյակ լինի, որ այն մարդիկ, որոնք գալիս են ու ոչինչ չունեն, ավելորդ անհարմարությունների մեջ չընկնեն: Աշխատող էլ գրասենյակների թող սիրիահայերի դնեն, որ մարդիկ համ լավ հասկանում են գործից, համ էլ աշխատանքով կապահովվեն, ոչ թե միլիոններ հատկացնեն պետական բյուջեից մի ամբողջ կառույցի ու ոչինչ չանեն»,- ասում է Զաքարյանը:

Նրա խոսքերով՝ ինքն օրինակով ցույց տվեց, որ ցանկություն ունի եւ հնարավոր է օգնել հայրենադարձվող քույրերին ու եղբայրներին, բայց Հայաստանում էլ կոնկրետ օրինակներով ցույց են տալիս, որ ՀՀ ղեկավարության համար դա ցանկալի չէ:

 

http://galatv.am/hy/news/113336/

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert