Մինչ հալեբահայությունը տագնապալից օրեր է անց կացնում ու քաղաքում մնացած հայերը չունենալով շրջանից հեռանալու համար ֆինանսական նվազագույն միջոցներ ՀՀ իշխանություններից հերթականորեն աղերսում են օգնություն, ՀՀ Սփյուռքի նախարարությունը նրանց օգնության ձեռք մեկնելու փոխարեն, Աթենքի ՀՅԴ արբանյակ միության հետ կազմակերպել է երգչուհի Նունե Եսայանի մասնակցությամբ խրախճանքի երեկո՝ համերգ, միջոցառումը ձոնելով՝ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ»:

Մինչ, տարեսկիզբին, ՀՀ Սփյուռքի նախարարության հովանու ներքո հունահայ համայնքում կյանքի է կոչվել, գրեթե ոչինչ արտադրող «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100 ԱՄՅԱԿԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ», Սփյուռքի նախարարութան այս քայլը հակասում է ինքն՝ իրեն, անտեսելով իր իսկ հովանու տակ ստեղծված հանձնախմբի գոյությունը, միմիանց դեմ լարելով այդ հանձնախմբին մաս կազմող կառույցներին եւ  ընդհանրապես հունահայ համայնքի տարբեր հատվածներին:

ՀՀ Սփյուռքի նախարարությունը  անտեղի լարվածության հրահրելու փոխարեն ունի Սփյուռքի համայնքներում առկա հակասությունները մեղմելու պարտականություն և հանգամանք, բայց ավաղ սխալ ուղղությամբ են ծախսվում պետական միջոցներն ու հնարավորությունները: Նախարարությունը իր տրամադրության տակ եղող հնարավորությունները կարող է օգտագործել իր առջև դրված ծրագրերն ու նպատակները իրականացնելու համար, և նման դեպքում, ոչ թե հրահրած կլինի Սփյուռքի տարբեր հատվածների առկա լարվածությունը, այլ կվայելի բոլորի հարգանքն ու զորակցությունը:

ՀՀ Սփյուռքի նախարարությունը եթե չի հաջողում կամ չի ցանկանում իրենից սպասվող գործունեությունը իրականացնել Սփյուռքում, ապա թող բարի գտնվի և չմիջամտի հայ համայնքների ներքին կյանքում, քանզի նման գործելաոճով ավելի շուտ յուղ է թափում առանց այդ էլ առկա հակադրությունների կրակի վրա:

«Հայաստան» լրատու ցանց. Խոսք «Հայաստան»-ի

«Հայաստան» շաբաթաթերթ, Աթենք, 8 հունիս 2015թ., թիվ 926, Խմբագրական:

———————

Հիշեցնեք, որ Հունիսի սկզբին մեկնարկել է Նունե Եսայանի համերգային շրջագայությունը, որը նա կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ ու նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես BRAVO.am-ին հայտնել է երգչուհին, ամռան ու աշնան ընթացքում ելույթ կունենա այն երկրներում, որտեղ կա հայկական համայնք: Ցանկում արդեն ընդգրկված են Կիպրոսը, Հունաստանը, Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Անգլիան, Նիդերլանդները, Լիբանանը, Միացյալ Նահանգները, Կանադան եւ այլն:

Թե ի՞նչ կապ ունի Նունե Եսայանի համերգը ցեղասպանության 100-ամյակի հետ, կամ ինչ գաղափար է հետապնդում ընդհանրապես, դա հայտնի է միայն Հրանուշ Հակոբյանի: Անոռուկներից ու «Ծիծեռնակաբերդում» ծլվլացող հանրապետական ծիտիկներից, Քիմ Կարդաշյանից հետո հերթը հասել է սփյուռքին՝ Նունեի միջոցով 100-ամյակը հիշելուն. (Նոր Խոսք)

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert