ՀԱՅ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ 1860- Armenisch-Akademischer Verein 1860 e.V.

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՅ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՆԵՐԿԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայոց աշխարհի երիտասարդ ճարտարապետները Նոր Արշակավան են կառուցում` 21-րդ դարի ինքնօրեն և ազատախոհ մեր Ազատաստանը:

Արշակ արքայի ոգին ու վեհությունը այսժամ վերականգնվում է Երևանի Ազատության և Գյումրու Թատերական հրապարակներում, Վանաձորում, Սիսիանի, Կապանի, Օհանավանի, Ուշիի փողոցներում:

Իսկ երկրի գավառամիտ և անկուշտ կառավարությունը, տուգանքներն ու հարկերը գրպանող նրա ամբաստանակից արբանյակները, Բաղրամյան արքունիքի համեղ ուտեստներից սնվող ոստիկաններն ու երկրի ավատատիրական ողջ խավը այսօր բոլոր միջոցներով փորձում են կանխել ազատ մտքի զարգացումը Հայոց աշխարհում, կոտրել հայ քաղաքացու կամքը, խաթարել նրա ինքնությունը`մինչև որ ժողովրդին տանեն ավատատիրական վերջնական ճորտացման:

Իսկ ի՞նչ է անում սփյուռքը, որպեսզի Ղափանի ու Սիսիանի դեռևս փոքրազոր ցույցերը արագ վերածվեն Շինուհայրի ու Հալիձորի, կամ Շիրակի ու Լոռվա Մարզպետունիները <<Կաքավաբերդում չմնան իրենց տասնինը զինվորներով>>:

Այս անգամ, կարծես, սփյուռքահայ համայնքներն ու միություններն են փակվել իրենց հեռավոր ամրոցներում և սպասում են, թե ինչով կավարտվի ընդվզումը։

 

Հարգելի´ սփյուռքահայ երիտասարդներ,

մենք կարծում ենք, որ այսօր հայրենիի վիճակն այլևս այնքան օրհասական ու տագնապային է, որ ոչ´ «Մի ձեռը ծափ կտա» և ոչ´ էլ «Մի ծաղկով գարուն կգա»:

Արտերկրում ապրողներս այսօր, առավել քան երբևէ, պետք է դաշնակից դառնանք շահագործող դասակարգին ենթարկվելու հրահանգը մերժած, մարդկային ու ազգային արժանապատվությունը կրող հայրենապահ երիտասարդներին և միասնաբար կերտենք Հայոց նոր իրականությունը: Հայրենիքը բոլորինս է և բոլորս ենք պարտավոր կառուցել, շենացնել ու գուրգուրել նրան: Անտարբերությունն ու անհոգությունը մեծագույն չարիք է հատկապես ներկա վտանգված Հայաստանի Հանրապետության համար:

Մենք զորակից ենք հայրենի բարիկադների վրա ներքին հագարացուն մերժող զորականներին և Սփյուռքի մեր երիտասարդ հայրենակիցներին հորդորում ենք ամրացնել «Ո՛չ թալանին» հասարակական նախաձեռնության թիկունքը, նեցուկ լինել նրա գոյապարքարին: Մեր երկրասեր պարմանուհիներին, ծաղկահասակ պատանիներին ու արիասիրտ երիտասարդներին արտերկրից  սատարելու միջոցները բազմազան են և յուրաքանչյուրիս բազկակցելու մեծ ընտրություն է տրված:

Նորահրաշ Արշակավանը պետք է արագ բարգավաճի և պերճանա:

Վաղվա Հայաստանի Հանրապետության սոցիալական անաղարտ հիմքերը հիմա են դրվում, որի դիմադրական ներուժը պետք է համալրել ու ամբողջականացնել իր բնական դաշնակից Սփյուռքով:

 

Հարգանքներով`

Գերմանիայի Հայ Ակադեմիականների Միության վարչություն

25 հունիսի 2015թ., ք. Բոխում, Գերմանիա

Armenisch-Akademischer Verein 1860 e.V.

Postfach 250 110

44739 Bochum

Germany

Հ.Գ. Սույն հայտարարությունը թող դիտվի նաև որպես խարան ՀՀ բոլոր այն դեսպոտ իշխանավորների ճակատին, ովքեր 2015թ. հունիսի 23-ին և դրանից առաջ մեր հայրենիքում բռնությունների իրականացման հրամաններ են արձակել:

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert