10463026_6149941ռռ25289174_7702709308659859241_nՃիշտ կլիներ ասել. տաք հակամարտության սառը դատողությունը: 1994 թվին, երբ ադրբեջանը պարտադրված համաձայնվեց զինադադար հայտարարելու, հայերը որպես հաղթող կողմ՝ զինադադարի պայմանագրի ժամանակ նստեցին պարտվողի աթոռին, մինչդեռ հենց այդ ժամանակ էր այն հարմար «պահը»՝ պարտվողին թելադրել ցանկացած պաճանջ: Այն ժամանակ ադբեջանը իր թոլացած դիրքերի բերումով ավելի հեշտ կհամաձայնվեր Արցախի անկախության ճանաչման կամ դրա Հայաստանին միացնելու փաստի հետ: «Պահը» ձեռքից տվեցին, ինչի հետեւից երկուտասնյակ է ման են գալիս: Դրանից հետո ընկան ԵԱՀԽ-ի ՄԽ-ի հետեւից, կարծելով թե «ստատուս քվուն» հավերժ պահ է տրված իրենց, չհասկանալով, որ «նավտադոլլարները» մի օր իրենց գործը կանեն: Իրատես լինելու փոխարեն, սկսեցին ֆանտազիաներ հորինել, թե. -«ադրբեջանը եթե պատերազմ սկսի, Բաքուն ձեռից կտա», միեւնույն ժամանակ բանակցություններ էին վարում Մեղրին Արցախի հետ փոխել… Քաղաքական ու դիվանագիտական սնանկությունը, ի չիք դարձրեց ոչ միայն հաղթանակն ու ձեռքբերումը, այլեւ փակուղի մտցրեց հայկական քաղաքականությունն ու դիվանագիտությունը: «Մի գիժ քար գցեց հորը, հարյուր խելացի չկարողացան դուրս բերել» ասացվածքիը հայերի քաղաքականության դիպուկ բնորոշումն է… (Նոր Խոսք)

 

Ստորեւ ներկայացնում ենք Մարիամ Ծատրյանի «տաք հակամարտության սառը հետքերով» խորագրված հոդվածը.

Հայաստանի քաղաքական գործընթացներում,բանավեճերի մեջ Լեռնային Ղարաբաղի հարցը կատալիզատորի դեր է կատարում և կարծում եմ քաղաքական այդ գործընթացները պայմանավորող գործոն է: Այլ հարց է, թե խնդրին ինչքանով է ծանոթ կուսակցությունը, մտավորականությունը, անհատը, կամ խնդիրը նրա աշխարհայացքի մեջ ինչ տեղ է գրավում: Վհատեցնող է անգամ  ճիշտ հարցադրումներ գտնել, քանի որ հայ քաղաքական կյանքը լեցուն է պարադոքսներով:

Ղարաբաղը մի հարց է, որն ի մի է բերում արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը, ներքին քաղաքականությունը, տնտեսությունը: Ղարաբաղը և ներշնչանքի աղբյուր է՝ իր պատմությամբ, պայքարի բնույթով, բովանդակությամբ և մտահոգության պատճառ՝ իր չկարգավորված վիճակով:

Այդպես էլ չեմ հասկանում, ինչ է ասել «Ղարաբաղը ծախեցին»: Իսկ ինձ թվում է, որ ձեռք բերված հաջողությունը ծախեցին: Միթե քաղաքական միտքը այնքան հետընթացի մեջ է, որ դիվանագիտական հաղթանակները գնահատել և շարունակել հնարավոր չէ:

Ազգային-պետական ծրագրի չգոյությամբ, օգտվելով անկախության անմիջական արդյունքների բացակայությունից, շահագործվեց անցման շրջանին բնորոշ սոցիալ-տնտեսական դժվարությունները և որդեգրվեց հրաշքներ խոստանալու, անիրատես ծրագրերի քաղաքականությունը՝ ուղեկցվելով պիտակավորումներով:

Խնդրի լուծման համար որդեգրված ճանապարհը առավել քան շահավետ էր:

  1. Քայլ առ քայլ կարգավորման մեթոդոլոգիա:
  2. 1993թ. նոյեմբերին հայկական դիվանագիտությանը հաջողվեց ազատագրված տարածքներից առանց նախապայմանների ետքաշման միջազգային հանրության պահանջը զուգակցել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի շրջափակումների վերացման քայլերի, որը տեղ էր գտել ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի վերամշակած խաղաղարար ծրագրում:
  3. 1994թ. մայիսից սկսած ԼՂՀ-ը վերջնականապես ճանաչվեց որպես հակամարտության լիարժեք կողմ, որը արդեն իր պարտադիր  մասնակցությունը ունի ցանկացած մակարդակի  բանակցություններում:
  4. 1994թ. դեկտեմբերին դիվանագիտական մակարդակով լուծվեց նաև ԼՂՀ-ի բնակչության անվտանգության ապահովման խնդիրը, ԵԱՀԽ-ի բուդապեշտյան գագաթնաժողովը որոշում կայացրեց հակամարտության գոտում միջազգային խաղաղարար ուժեր տեղակայելու մասին, որը փաստորեն Ղարաբաղի խնդրի քաղաքական կարգավորման բոլորովին նոր փուլ էր նշանակում:
  5. Բուդապեշտյան գագաթնաժողովը նաև վերջնականապես համադրեց ԵԱՀԽ-ի և Ռուսաստանի միջնորդական ջանքերը՝ հիմք ստեղծելով միջազգային հանրության կողմից ԼՂՀ-ի հակամարտության կարգավորման միասնական ծրագիր մշակելու համար, առանց որի խաղաղության գործընթացը կտապալվեր:
  6. Ղարաբաղյան խնդրի «փուլ առ փուլ» լուծման մոտեցման ձևակերպում, երբ բանակցությունները ընթանում էին հարցերի առաջին կարգի և այդ կարգին առնչվող լուծումների իրականացման շուրջ, ապա անցնում հարցերի երկրորդ կարգին:

Դիվանագիտությունից հեռու մարդկանց համար գուցե սա է Ղարաբաղ «ծախելը»: (1992թ.-ին Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության չճանաչելը նշանակում էր Ղարաբաղը ծախել, սակայն նույնը չէր 1998թ.-ին):

Եվ որն է ռազմավարությունը: Մոռանում են, որ լավ ռազմավարությունը ներառում է ճիշտ պահի ընտրություն, երբ ձեռքիդ լավագույն խաղաթղթերն են, բայց ըստ իրենց որևէ պահ ճիշտ պահ չէ, հարվածում է մեր ազգային շահերին, փոխզիջման մասին խոսք անգամ չկա (փոխզիջում բառը արագ քաղաքականացվեց, մինչև հստակեցվելը):

Իհարկե պարզ է, որ ազգային շահի սահմանողը ղեկավարի պետական մտածողության քննությունն է, ապահովումը՝ դիվանագետներինը, իսկ նրանք, ովքեր բավականաչափ  հեռու են այս խնդրից դառնում են գաղափարախոսներ: Գաղափարախոսություն, որի դեպքում ցանկալին և իրականը նույնանում են: Նրանք, ովքեր կարծում են, որ պետք չէ զիջումների գնալ, ուզում են ամեն ինչ ու միանգամից, հագնում են հայրենասերի պատմուճանը և ուրիշներին մեղադրում Ղարաբաղը ծախելու մեջ:

Հայաստանը միջազգային օրենքի առջև պատասխանատվություններ ունի, որը Ղարաբաղը չունի, քանի որ չի ճանաչվել որևէ կառավարության կողմից իբրև ինքնիշխան պետություն: Հայաստանի իշխանությունը և ոչ թե Ղարաբաղի ղեկավարությունն է պատասխանատու լինելու միջազգային հանրության և պատմության առջև, թէ ինչ կպատահի Ղարաբաղին:

Հակամարտության չլուծված վիճակը Հայաստանին  դարձնում է առավել խոցելի: Հարկավոր է հասկանալ, որ չլուծված հակամարտությունը մսխում է (կամ արդեն մսխել է) մեր քաղաքական ներուժը, քայքայում հասարակության հիմքերը և խնդիրը դարձնում լուսանցքային:

Քաղաքականապես թույլ և դիվանագիտության մեջ մեկուսացված Հայաստանը ի վիճակի  չի լինելու Ղարաբաղի տարածքի կամ ժողովրդի պաշտպանության համար: Իրական խնդիրներով զբաղվելու անկարող քաղաքական գործիչները աղճատում են տրամաբանությունը՝ հարցերի հետ վարվելով այնպես, կարծես հակամարտություն գոյություն իսկ չի ունեցել:

Հակամարտության չլուծված վիճակը, սպառազինությունների շարունակվող մրցավազքը թուլացնում է Հայաստանի տնտեսությունը և նրա կախումն ավելի խորացնում արտաքին ուժերից,որն էլ բացասաբար է ազդում հավասարակշռված արտաքին քաղաքականության վրա:

Չեմ կարծում, որ Հայաստանի և Ղարաբաղի հայերը ակնկալում են մեկ անգամ ևս զոհաբերելու իրենց կյանքը՝  իրականացնելու համար ոմանց նվիրական  երազանքները:

հեղինակ՝ Մարիամ Ծատրյան

robananyan.wordpress.com

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert