ՀՅԴ-ն հալածում է ազնիվ եւ հանդուգն երիտասարդներին

ՀՅԴ-ն  օրերս հեռացրել է Ֆրանսիայի երիտասարդական կազմակերպության «Նոր Սերունդ»-ի կենտրոնական վարչության բոլոր անդամներին: Կառույցից  հեռացված երիտասարդները հայտարարություն են տարածել, որում կենտրոնական վարչության կազմից իրենց հեռացումը համարել են որպես ժողովրդավարական սկզբունքների ոտնահարում:

«Ահաւասիկ, մեր հեռացման պատճառ հանդիսացող քանի մը պարագաներ՝

Հ.Յ.Դ.ի հակաժողովրդավարական ընթացքէն զատ – որուն զոհը եղանք – այսօր մեր արտայայտուելուն մէջ քաղաքական պատճառներ ալ կան: Թուրքիոյ մէջ «Նոր Զարթոնք»-ի հայ գործիչները, «Քամփ Արմէն» որբանոցը հայ ժողովուրդին վերադարձնելու համար կը պայքարին: Հ.Յ.Դ.ն մեզի արգիլեց որ իրենց աջակցինք: Ան մեզի արգիլեց նաեւ, որ Հայաստանի ժողովրդավարական շարժումին աջակցինք: Մենք իբր Ֆրանսայի պայքարող երիտասարդութիւն, կը խորհինք թէ, լռակեաց չենք կրնար մնալ երբ Թուրքիոյ եւ Հայաստանի հայ երիտասարդութիւնը արդարութիւն եւ ազատութիւն պահանջելու համար ոտքի ելած են»,-նշել են Նոր Սերունդի կենտրոնական վարչության նախկին անդամները:

Հեղինակները նշել են նաեւ, որ իրենց արգելվել է աջակցել Թուրքիայում պայքարող իրենց ընկերներին:

«Դեռ աւելին՝ Հ.Յ.Դ.ն, 2 մարտ 2015-ին Թուրքիոյ Փարիզի դեսպանին վրայ «կեղծ արիւն» նետող եւ այս արարքին պատճառով ֆրանսական դատարանի մէջ դատուող, մեր ընկերներէն պահանջեց, որ ներողութիւն խնդրեն Ֆրանսայի մէջ Թուրքիոյ ներկայացուցիչէն, որպէսզի «այս խնդիրը շատ աղմուկ չհանէ»: Մեզի, հայ դատի պայքարող գործիչներուն համար, մեր ժողովուրդի ցեղասպանութեան եւ անոր ժխտման պատասխանատու պետութեան ներկայացուցիչէն ներողութիւն խնդրելը դաւաճանութիւն է: Մենք ոեւէ ձեւով ներողութիւն պիտի չխնդրենք. նոյնիսկ եթէ Հ.Յ.Դ.ն մեր վրայ ճնշում բանեցնէ:

Հ.Յ.Դ.ի Համաշխարհային Բիւրոյի անդամ եւ երկար տարիներ Հ.Յ.Դ. Ֆրանսայի ղեկավար եղած Ֆրանք Փափազեանի եւ Ֆրանսուա Հոլանտի անձնական յարաբերութիւնը – որ զուտ խորհրդանշական մի քանի արդիւնքներ տուաւ – արդեօ՞ք աւելի կ’արժէ քան Հ.Յ.Դ.ի քաղաքական գիծը:

Ինչպէ՞ս կարելի է յանդգնիլ, մեզմէ’ հայ դատի գործիչներէն պահանջել, որ թուրք ներկայացուցիչէ մը ներողութիւն խնդրենք»,-գրել են  երիտասարդ դաշնակցականները:

Բողոքելով Ֆրանկ Փափազյանի կամայականություններից, նրանք տրամաբանական հարց են բարձրացրել. «Հրանդ Մարգարեան Հ.Յ.Դ. Համաշխարհային Բիւրոյի նախագահը, արդեօ՞ք տեղեակ էր Հ.Յ.Դ. Համաշխարհային Բիւրոյի անդամ եւ Հ.Յ.Դ. Ֆրանսայի Կեդրոնական Կոմիտէի ղեկավար Ֆրանք Փափազեանի վարմունքէն. եւ արդեօ՞ք համաձայն է»:

Երիտասարդ կուսակցականները հիշեցրել են, որ սա երիտասարդության նկատմամբ հալածանքի առաջին դեպքը չէ ՀՅԴ եվրոպական կառույցներում. «15 տարիէ ի վեր Հ.Յ.Դ. Ֆրանսան, դաշնակցական գործիչներու հեռացումով, Հայ Դատի Պաշտպան Յանձնախումբի կառոյցի լուծարման պատճառով եւ 2002-2004թթ.-ին, Եւրոպայի մէջ հայ դատի խորհրդանշական անձնաւորութիւններու ձայնը կտրելով քայքայումի կ’ենթարկուի: Կարեւոր է, որ նոյնպէս նշենք, թէ Հ.Յ.Դ.ի ղեկավար մարմինները պայքարի առաջին գիծի վրայ գտնուող երիտասարդութիւնը հալածեցին: Նկատելի է որ Հ.Յ.Դ.ի ղեկավարները կը փափաքին մտաւորականներու, պայգարող գործիչներու եւ երիտասարդներու կենդանի կարոյցները տկարացնել»:

Հայտարարության հեղինակները վերջում նշել են, որ հավատարիմ են ՀՅԴ ծրագրին. «Մենք ամենայն լրջութեամբ կը յայտարարենք մեր հաւատարմութիւնը եւ նուիրուածութիւնը Հ.Յ.Դ.ի ծրագրին եւ արժէքներուն: Բայց այսօր կը հաստատենք, թէ ասոնք ոտնահարուած են անձերու կողմէ, որոնք հայկական ազգային շահը եւ իրենց անձնական շահը իրարու հետ կը շփոթեն: Մենք, մեր պարագային՝ Նոր Սերունդի մէջ կամ ուրիշ տեղ, պիտի շարունակենք պայքարիլ: Որովհետեւ մենք ոչ թէ անձերու, այլ’ գաղափարներու համար կը պայքարինք»:

azatamart.am

 

бутони за социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net