White-BackgroundՀՅԴ-ն օրերս հեռացրել է Ֆրանսիայի երիտասարդական կազմակերպության «Նոր Սերունդ»-ի կենտրոնական վարչության որոշ անդամների: Կառույցից հեռացված երիտասարդներից Թալին Քոչարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց կուսակցությունից իրենց հեռացման բուն պատճառների մասին:

Թալինի խոսքով՝ հիմնականում երկու-երեք պատճառ է եղել, երբ կուսակցության ղեկավարության կողմից դրսևորվել է հակաժողովրդավարական վարք և փորձ է արվել ճնշել երիտասարդների ազատ արտահայտվելու, ազատ գործելու իրավունքը:

«Առաջին խնդիրը ծագեց այն ժամանակ, երբ մեր երիտասարդներից մեկը Թուրքիայի դեսպանի հետ կապված խնդիր ունեցավ, որից հետո Դաշնակցությունից մեզ պարտադրեցին, որ մենք ներողություն խնդրենք, բայց մենք ասացինք, որ չենք կարող Թուրքիայից ներողություն խնդրել, մանավանդ որ՝ մենք չէինք մեղավորը: Մենք «ոչ» ասացինք, որը մեծ խնդիր առաջացրեց, բայց ավելի մեծ խնդիր էր այն, որ Դաշնակցությունը պարտադրում էր ներողություն խնդրել Թուրքիայից, թրքական դեսպանից: Մեզ՝ հանուն Հայ դատի պայքարող երիտասարդների համար հայ ժողովրդի ցեղասպանության և նրա ժխտման պատասխանատու պետության ներկայացուցչից ներողություն խնդրել պահանջելը դավաճանություն է: Մենք որևէ ձևով ներողություն չպետք է խնդրենք, նույնիսկ եթե ՀՅԴ-ն մեզ վրա ճնշումներ գործադրի»,- ասաց Թալինը:

Հաջորդ խնդիրն առաջացել էր այն ժամանակ, երբ «Նոր Սերունդ»-ի դաշնակցական երիտասարդները փորձել են միանալ Թուրքիայի «Նոր Զարթոնք» շարժման հայ գործիչներին, ովքեր պայքարում են «Քամփ Արմէն» որբանոցը հայ ժողովրդին վերադարձնելու համար: «Սակայն ՀՅԴ-ն մեզ արգելեց, որ իրենց աջակցենք, միանանք իրենց ակցիաներին կամ ուրիշ ակցիաներ անենք, բայց մենք կարծում ենք, որ մենք, մեր երիտասարդությունը չի կարող լռակյաց նստել՝ ինչ-որ քաղաքական խնդիրներից դրդված, երբ իր ընկերները պայքարում են»,-հավելեց Թալինը:

Իսկ երրորդ խնդիրն առաջացել էր այն բանից հետո, երբ Դաշնակցությունը արգելել է երիտասարդներին մասնակցել Երևանի Բաղրամյան պողոտայում «Էլեկտրիկ Երևան»-ի պայքարին: «Մեզ արգելվեց ոչ ցույց անել, ոչ ակցիա, ոչ միանալ մեր ընկերներին՝ միայն այն պատճառով, որ ՀՅԴ-ի Համաշխարհային Բյուրոյի անդամ և երկար տարիներ ՀՅԴ-ի Ֆրանսիայի ղեկավար Մուրադ Փափազյանը հայտարարել էր, թե Դաշնակցությունը ընդդիմություն է, և որևէ նման գործընթացի մեջ չպետք է մտնենք: Բայց մենք որպես երիտասարդ չենք կարող խնդիր տեսնելով՝ չմտնել, չպայքարել այդ խնդրի լուծման համար»,- ասաց Թալին Քոչարյանը՝ հավելելով, որ ուրիշ շատ այլ մանր խնդիրներ են առաջացել այն պատճառով, որ կուսակցության ղեկավարությունը մտածում է միայն անձնական շահերի, սեփական բիզնեսի հարմարավետության տեսանկյունից:

Մեր զրուցակցի խոսքով՝ ՀՅԴ Ֆրանսիայի կառույցի ղեկավարությունն իրենց արգելում է խոսել, քննադատել ֆրանսուա Օլանդին, որը, Թալինի ձևակերպմամբ, Ադրբեջանին, Թուրքիային ավելի մոտ է, քան Հայաստանին: Սակայն իրենք չեն կարող քննադատել Օլանդին, քանի որ Մուրադ Փափազյանն Օլանդի հետ բավական լավ հարաբերություններ ունի, բիզնես ունի, որի ֆոնին Հայ դատը, Հայ դատի պահանջատիրությունը ստվերվում է և մղվում երկրորդ պլան:

Թալին Քոչարյանն ասաց, որ կուսակցությունից իրենց հեռացնելուց չեն ընկճվել, հիմա իրենք ավելի ազատ են իրենց գործողություններում և վերջապես կարող են իրական գործ անել: Անել այն, ինչ որ իրականում պետք է անի Դաշնակցությունը:

«Մեզ հեռացրել են կուսակցությունից, վկայական չունենք, բայց մենք հիմա հայտարարում ենք, որ մենք իրական դաշնակցականներ ենք և կանենք այն գործը, որը Դաշնակցությունը չի անում իրականում: Եվ ասեմ, որ խնդիրը Դաշնակցությունը չէ, խնդիրը իրենց ղեկավարներն են: Ֆրանսիայի մեր կառույցում անգամ անցած տարվանից կենտրոնական մարմնի անդամների ընտրությունը վերացրեցին և սկսեցին նշանակել կամայական մարդիկ, ովքեր իրականում իրենց մարդիկ են ու կամակատարներ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

եղինակ՝ Սոնա Հարությունյան

http://www.1in.am/1687288.html

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert