12274_b«Հայաստանյաց Առաքելական եկեղեցու առաջնորդները, եթե իսկապես հավատացյալ են և հավատում են Ավետարանին ու Քրիստոսի խոսքին, պետք է միջամտեն և իրենց դիրքորոշումը հայտնեն Սահմանադրության այդ դրույթի մասին, որը սահմանում է մարդու կյանքի իրավունքը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի նախկին առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը՝ անդրադառնալով Սահմանադրության փոփոխված և արդեն իսկ հրապարակված նախագծի այն դրույթին, որն իրավապաշտպանները համարում են խիստ վտանգավոր և անհանգստացնող:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հոդված 23-ը, որով սահմանվում է Կյանքի իրավունքը և Մահապատժի արգելք, նոր նախագծով ունի, այսպես ասած, բացառություն, համաձայն որի՝

«Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»։

Խնդիրն այն է, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը չի մանրամասնում, թե ինչ ասել է «բացարձակ անհրաժեշտություն», այսինքն, թե ո՞րն է այն «բացարձակ անհրաժեշտությունը», ի՞նչ է հասկացվում դրա տակ, որ այդ դեպքում ուժի գործադրումը և մարդուն կյանքից զրկելը համարվում է սահմանադրական:

«Կյանքում կան շատ հարցեր, որ ասում են՝ եկեղեցին խառնվելու իրավունք չունի, բայց սա այն դեպքը չէ, և անշուշտ եկեղեցին, կաթողիկոսը պետք է ասի իր խոսքը: Մեկ բան պարզ է, որ ոչ ոք իրավունք չունի որևէ մեկի կյանքը խլելու, և կաթողիկոսը պետք է արձագանքի: Պետք է խառնվի և իր կեցվածքն արտահայտի»:

Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյան

Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյան

Սրբազան Կյուրեղյանի խոսքերով՝ եկեղեցու առաջնորդներն արտահայտվում, այս կամ այն հարցի շուրջ կարծիք են ասում այն ժամանակ, երբ իշխանություններին պետք է, իսկ մնացած դեպքերում լռում են՝ պատճառաբանելով, որ եկեղեցին քաղաքական հարցերին խառնվելու իրավունք չունի:

Սրբազանն օրինակներ է բերում. երբ հոգևորականները մասնակցում էին կառավարության նիստերին ու քննարկում մեռելոցի օրերը ոչ աշխատանքային դարձնելու հարցը.

«Մեռելոցի մասին ես որպես հագևորական ասեմ, որ դեմ եմ, որ մեռելոցի օրերը ոչ աշխատանքային են Հայաստանում: Հայաստանի քաղաքներում մոտ մեկ-մեկուկես ժամ է տևում, որ աշխատանքից առաջ, հետո կամ ընդմիջման ժամանակ գնան և այցելեն ննջեցյալների գերեզմաններին: Բայց իշխանությունը եկեղեցու ղեկավարության հետ այդ հարցը քննարկեց և ցույց տվեց, թե դա այդպես պետք է լինի. պետք է ազատ օրերի թիվն ավելացնել: Նույնը կարող եմ ասել եկեղեցական օբյեկտները հարկերից ազատելու մասին օրենսդիրի նախաձեռնություններին: Ես զարմանում եմ՝ ԱԺ-ն ինչպե՞ս կարող էր նման օրենք քննարկելու մասին մտածել, կամ ինչպե՞ս կարող էին եկեղեցականները մտածել, որ տնօրինեն օբյեկտներ և հարկ չտան դրանից պետությանը. չէ՞ որ պետությունը հենց ժողովուրդն է»:

Սրբազանը եզրակացնում է, որ հանցավոր համագործակցություն է գործում ՀՀ քաղաքական և եկեղեցական վերնախավերի միջև:

«Սա այն է, ինչ տեսնում ենք, դժբախտաբար եկեղեցին և եկեղեցականներն ավելի վերնախավի հետ են, քան թե ժողովրդի հետ, սա այսպես է, և ոչ ոք չի կարող սա հերքել:

Հիմա ես ասում եմ՝ պաշտոնապես եկեղեցու ղեկավարությունը պետք է արձագանքի այս դրույթին՝ իրենք կողմ են, թե դեմ են, որ սահմանվի ու գործեն մարդուն կյանքից զրկելու սահմանադրական ինչ-որ նորմեր: Այս հարցին պետք է կաթողիկոսը նախ պատասխանի, քանի որ առանց կաթողիկոսի հրամանի այլևս ոչ ոք եկեղեցու առաջնորդներից իրավունք չունի խոսելու»,- ասում է Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը:

Քրիստինա Մկրտչյան

http://galatv.am/hy/news/118730/


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert