Երիտասարդական միջոցառումների զարմանալի առատություն է: Բավական է սեղմես հեռուստավահանակի առաջին պատահած կոճակը և երանության մեջ հանգրվանես: Քանզի ամենուր ծափ-ծլնգոց է, անհամար բանակումներ, հանդիպումներ երկրի ճանաչված քաղաքական դեմքերի հետ` անբռնազբոս ու հոգեթով միջավայրում, մարզական թնդուն հաղթանակներ, մշակութային շողարձակումներ և… ուրիշ ոչինչ: Երիտասարդությունը վարագույրի հետևում է` պարփակված իր անլուծելի խնդիրներով:
Հանրապետության նախարարություններից մեկի անվանման մեջ երկար տարիներ առանձնահատուկ շեշտվում էր «երիտասարդական»-ը: Կարծես այսօր էլ խորհրդարանական հանձնաժողովներից մեկի գործառույթներում հատուկ նպատակակետ է երիտասարդությունը: Համենայն դեպս պետական ռազմավարական գերակայություններում մեր վաղվա օրը կառուցողները անմասն չեն: Սակայն զուտ փաստաթղթային-շրջաբերական ձևադաշտում: Իրականությունն այլ է: Երիտասարդությունը, ըստ ամենայնի, կորստյան է մատնված: Չափազանցում է, բնավ: Ինչը, ցավոք, հաստատվում է բազմաթիվ իրապատումներով:
Սակայն, մեր սկզբունքներին հավատարիմ, խոսենք փաստերով: Այսօր ունենք շուրջ 70 բարձրագույն ուսումնական հաստատություն: Հավանաբար նույնքան էլ քոլեջ, ուսումնարան և այլն: Ու եթե մեր իրականությանն անծանոթ ես, ապա վստահաբար Հայաստանը քեզ կպատկերվի որպես համաշխարհային առաջատար` երիտասարդական աշխատաշուկայի բնագավառում:
Բայց ի՞նչ է նախաձեռնում նորավարտ, իր մասնագիտությունը դեռ դպրոցական տարիներից փափագած երիտասարդը, աղջիկը կամ տղան: Նախաձեռնում է… ոչինչ ու տրվում բախտի քմահաճույքների հարահոսին: Եթե, անշուշտ, մեծավոր թիկունք չունես: Բայց քանիսը կարող են ընդհանուրից մշտական և հեռանկարային աշխատանք գտնել ընտանեկան բիզնեսում կամ ամենազոր հովանավորչությամբ գրավել աշխատաշուկան առկա մեկ-երկու պատվաբեր աշխատատեղերը` համաձայն դիպլոմում նշված որակավորման: Գուցե 1-2 տոկոսը, լավագույն դեպքում: Իսկ մնացա՞ծը: Չէ՞ որ վերարտադրող մասնագիտական և մարդկային ռեսուրսը համալսարանի շեմից դուրս անմիջապես վտանգվում է, հայտնվում խաղից դուրս:
Այսօր ցանկացած պետական քիչ թե շատ տարողունակ հիմնարկ կամ գերատեսչություն ղեկավարող պաշտոնատարների ծոցագրպանում գաղտնախորհուրդ մի ցուցակ է պահվում, ուր արձանագրված են գերատեսչական վերադասի, բարեկամ-խնամու, ազգակցական և այլ, զուտ գործնական կապերով առնչվող մարդկանց հովանավորյալների ազգանունները: Դե արի ու տեղ մի գտիր նրանց համար:
Մայրաքաղաքի կարևոր կառույցներից մեկի ղեկավարը մի օր խոստովանեց, որ եթե պաշտոնաթող լինի, ապա միայն գլուխն այս խարդավանքներից ազատելու նպատակով: Ըստ նրա պատմածի` անգամ շարքային աշխատակցի ճակատագիրն է տնօրինվում նախարարության մակարդակով: Եթե, իհարկե, աշխատանքը քիչ թե շատ արժանի աշխատավարձով է ապահովված:
Զուգահեռաբար թափուր են մնում հարյուրավոր աշխատատեղեր` քաղծառայության խորհրդի կողմից յուրաքանչյուր շաբաթ ներկայացվող ծառայողական բյուլետեններում: Գործընթացն առաջին հայացքից բավականաչափ քաղաքակիրթ է և առաջադիմական: Ու, անկասկած, համապատասխան Եվրոպայի պահանջատիրական քմահաճույքներին: Այսպես. հրապարակվում են շուկայում (գլխավորապես պետական հատվածում) առկա աշխատատեղերը, նշվում պաշտոնին համապատասխան պահանջները: Թվում է` ամեն բան բանականի ու բնականի սահմաններում է և, եթե երիտասարդ ես, վստահ ես ձեռք բերածդ գիտելիքների ամրությանը, հանձնիր խնդրեմ առկա քննությունը և զբաղեցրու երանելի աշխատատեղերը համբավավոր մի կազմակերպությունում: Սակայն թափուր աշխատատեղերը ամիսներ ու տարիներ շարունակ մնում են արհամարհված: Եվ պատճառը մեկն է` չափազանց ցածր աշխատավարձը: Ցածր և նվաստացուցիչ: Նվաստացուցիչ այն աստիճան, որ երիտասարդը առանց այլևայլության համլետյան հարցի առջև է հայտնվում. տարագրվե՞լ, թե՞, այսուհանդերձ, բախտը փորձել հայկական հավերժ կազմավորվող շուկայի հորձանուտում: Եվ եթե սպասարկվող անձնակազմի մի վիրտուալ ստուգարք անցկացվի ու ներկայացվի միջազգային ատյաններ, պարզ կդառնա, որ Հայաստանը զարմանահրաշ երկիր է նաև այս տեսանկյունից: Զարմանահրաշ և խորհրդավոր: Քանզի կպարզվի, որ հյուրատներում, պանդոկներում, սրճարաններում, բենզալցման կայաններում… նաև վարսահարդարման սրահներում և տարասեռ առևտրային բուտիկներում ամենացածր նիշն զբաղեցնող աշխատակազմը իր բացարձակ մեծամասնության մեջ բարձրագույն կրթական ցենզով է ապահովված: Եվ ահա, տարակուսանքն ու մտահոգությունը կփոխարկվի հիացմունքի` առանց այլևայլության: Պատկերացրեք միայն` Արարատյան Հանրապետությունում, Մասիսների շուքի տակ մտավոր-էներգետիկ մի այնպիսի հզորագույն դաշտ է ձևավորել, որ անգամ վարսահարդարը պիտի նվազագույնը դիպլոմավոր ճարտարագետ լինի, վաճառողուհին կենսաբան, իսկ շարքային հավաքարարը պճնված լինի առնվազն բանասերի վկայականով:
Զավե՞շտ է: Անկասկած: Բայց ելքն այդպես էլ չի ուրվագծվում:
***
Հինգ տարի շարունակ սերունդն (խոսքը չի վերաբերում արտոնյալ խավերի գերարտոնյալ զավակներին) ուսումնական հաստատություն է ուղևորվում և տուն դառնում ճմլված երթուղային տրանսպորտում: Մասնագետները վաղուց են եզրակացրել` կիսանստած, առավել ևս կռացած վիճակում տարիներ շարունակ երթևեկող սերնդի կենսադաշտում էական փոփոխություններ են իրականանում, նրանց ապագա զավակը կողմնորոշված է մեղկության, ստրկամտության և այլն:
Սա իր հերթին: Բուհական ուսումնառության տարիներին, մեծամասնության համար բավականաչափ անտանելի ուսումնական վարձը վճարելով, աշխատաշուկայի ապագա զոհերն ընկնում են կաշառատվական «համացանցի» խորխորատները: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ խորհրդային տարիներին մեր բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական համակարգը կոռոզիայի է ենթարկված: Կոռուպցիան այսօր ոչ միայն չի լքել դիրքերը, այլև առավել պատվավոր տեսք է ընդունել: Քանզի ազատական հասարակարգ է` ազատ կրքերի ու բարիքների խրախճանք:
***
Զարմանալի է մեր իրականությունը. յուրաքանչյուր տարի տասնյակ հազարավոր երիտասարդ մասնագետներ են համալրում մեր անկախ և ինքնիշխան միջավայրը: Եվ մնում ձեռնունայն: Այսպիսով` ուսումնական հաստատությունների ճնշող մասը բացահայտորեն ժամանակավրեպ է, դրանք ընդամենը կայուն վարձատրվող աշխատատեղեր են ապահովում պրոֆեսորադասախոսական կազմի համար: Այսինքն` այս ճանապարհով պետությունը պարտավորությունների յուրատեսակ մի բեռ թոթափում է ուսերից` աշխատանքով ապահովելով մտավորականության մի հատվածին, սակայն պարտավորության մի հսկա բեռը մեկեն թափվում է վար, պետական ատյանները, ըստ էության, որևէ քիչ թե շատ հիմնավոր պարտավորություն չեն ստանձնում սերնդի լավագույն, առաջավոր խավի առջև: Սակայն չէ՞ որ աշխատանքով ապահովված լինելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է: Եվ պետության (այլ կերպ ասած` իշխանությունների և կառավարության) սահմանադրական պարտականությունը:
***
Ելքը գտնված է ի սկզբանե, շրջաբերականները թափառում են նախարարություններից գերատեսչություններ, ամրագրվում բյուրոկրատական աներեր դրույթներով և հեղափոխաշունչ-բարոյակրթիչ նշանաբանների ներքո վայրէջք կատարում քաղաքացու սեղանին. շուկա է և շուկայական լիակատար ազատություն, ինքներդ գտեք ելքը (պետք է հասկանալ, գլխներիդ ճարը տեսեք):
Խորհուրդներին մեծագույն ախորժակով հայհոյում ենք: Հայհոյում և պարսավում տեղի-անտեղի: Ավելի հաճախ անտեղի: Բայց չէ՞ որ այն «կարմիր օրերին» անգամ ամենաետին գյուղն ի զորու էր անհրաժեշտ մասնագետ ունենալու հեռանկարով (օրինակ գյուղատնտես, անասնաբույժ, բժիշկ և այլն) առաջավոր աշակերտին գործուղել բուհ: Հաճախ, օրենքի պարտադրանքով գյուղական երիտասարդությունը ետ էր դառնում, շենացնում հայրական օջախն ու հայրենի բնակավայրը:
Իսկ այսօ՞ր: Կարծես անտերության և անտարբերության համախտանիշներով է ողջ Հանրապետությունը տառապում: Բայց մինչև ե՞րբ ու մինչև ո՞ւր:
***
Մենք պետք է պետական գերակայություն հաստատենք երիտասարդության մասնագիտական զբաղվածության հարցը: Խնդիրը իհարկե դյուրին չէ: Նաև գաղտնիք չէ, որ շատ մասնագիտություններ ապահովված չեն համապատասխան աշխատատեղերով: Թերևս նախ աշխատատեղերի ընդգրկուն համացանց ստեղծել, ինչը հնարավոր է հիմնականում միջին գործարարության բազմապատկման դեպքում: Եթե ազգային-պետական գերակայությունների թվում ապագա մասնագետների աշխատատեղերի հարցը իր բնականոն հունի մեջ ընկնի, վստահաբար կշահեն նաև գործատուները: Հակառակ պարագայում պարզվում է, որ մենք, իսկապես, հաճախ բարձրորակ մասնագետներ ենք պատրաստում այլ երկրների համար: Չի կարելի չնշել երկրի գործող նախագահի որոշակի քայլերը երիտասարդությանը Հանրապետությունում պահպանելու իմաստով: Մասնավորապես շատ տեղին է սոցիալական բնակարանաշինարարական ծրագրում երիտասարդ ընտանիքների ընդգրկումը, սակայն չէ՞ որ երիտասարդ մասնագետի համար գլխավորը աշխատանքն է: Կարծում են, որ այս իմաստով ամենևին ուսումնասիրված չէ Սփյուռքի ներուժը: Ասենք Ռուսաստանում կամ Ֆրանսիայում հնարավոր է որոշակի ժամկետում աշխատանքով ապահովել երիտասարդ մասնագետների որոշյալ քանակություն: Թեկուզ և տվյալ երկրների չափանիշներով ավելի համեստ վարձավճարով: Սա հնարավորություն կընձեռի և մասնագիտանալ նախընտրած գործում և որոշակի գումար տնտեսել և օգտակար լինել հյուրընկալող երկրին:
Աշխարհը հարափոփոխ է, զարգանում է խիստ դինամիկ, միաժամանակ լի է անկանխատեսելի հետևանքներով, ասենք տնտեսական կամ քաղաքական նորանոր ճգնաժամերով: Հենց այս ամենին պետք է պատրաստ լինի վաղվա մեր ճակատագիրը տնօրինող ներկա երիտասարդությունը:
Սվետլանա Հակոբյան
բանաստեղծ, նկարիչ