Երիտասարդությունը կյանքի շարժիչ ուժն է, խելացի, կրթված, նախաձեռնող, վճռական երիտասարդը՝ երկրի զարգացման հիմնաքարը: Փոփոխություններով լի ժամանակներում երիտասարդության դերը ավելի մեծ է, քանի որ նա է այն ուժը, որը կարող է արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի:
Երիտասարդությունն է ապահովում պետության զարգացումն ու առաջխաղացումը, իր ստեղծարար մտածելակերպով խթանում պետության գործունեության բոլոր ոլորտները: Պետության ժողովրդավարության գործում իր մասնակցությամբ մեծ դեր ունի երիտասարդը. չկա ակտիվ, պայքարող, սկզբունքային, չհամակերպվող երիտասարդություն, չկա նաև ժողովրդավար պետություն: Այսօրվա երիտասարդը վաղվա ղեկավարն է, պետության կառուցողը, սովորական քաղաքացի:
Եվ այն արժեքները, գաղափարները, որոնք կրում են այսօր դառնալու է վաղվա պետության արժեքային համակարգի հիմքը: Երիտասարդության ակտիվ մասնակցությունը, մտահոգ լինելը ժողովրդավար, իրավական երկրի կառուցման գործին նպաստում է ակտիվ քաղաքացիական հասարակության, քաղաքական մտքի ձևավորմանը: Երիտասարդությունն է, որ պետք է պայքարի իր իրավունքների, հասարակության մեջ տեղ գտած անարդար, արատավոր, շինծու երևույթների դեմ:
Խորապես մտահոգված եմ սերնդակցիս հարմարվողականությանը, ինքնաքննադատության բացակայությանը ստեղծված իրավիճակի նկատմամբ լուռ համաձայնությանը, անտարբերությանը, նրա՝ իշխող կուսակցությանը անդամակցելու մոլուցքը (որպես « ճշմարիտ ճանապարհ»):
Որքանո՞վ է այսօր երիտասարդությունը ներգրավված երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ կարևոր ոլորտներում, որքանո՞վ է նրա ձայնը լսելի, արդյո՞ք հաշվի են նստում երիտասարդության կարծիքի հետ: Ամենաքաննադատվող արձակագիրը կասեր. «… Այս երկրի բանակը պահում է մի հողակտոր, որի վրա ավելի քիչ բնակիչ է մնացել, քան հողը պահող զորքի թիվն է,… այդ երկիրը չորացնում է իր դուստրերի արգանդը, կոտրում իր արու զավակների մեջքը, զրկում է իրեն ապագայից…»:
Ինչևէ, վերջին իրադարձությունները (Բաղրամյան պողոտա) ցույց տվեցին, թե որն է երիտասարդության իրական ոգին: Երիտասարդություն, որը չի ուզում լքել իր երկիրը, չի վախենում ոստիկանի ոտտքի հարվածից, երիտասարդ, ով տեսնում է իր սերնդակցի մեջ ապրող ոչխարին, բայց չի ընկճվում, երիտասարդ, ով ուզում է ապրել ժողովրդավար և իրավական երկրում և երիտասարդ, ով ստրուկի բարդույթ չունի:
Մենք՝ երիտասարդներս ձեր ապագան չենք, մենք ձեր ներկան ենք՝ սահմանը վերահսկող զինվորից մինչև սահմանին կից հող մշակող երիտասարդ գյուղացի…
Շնորհավոր երիտասարդության միջազգային օր:
Ակամայից հիշեցի ԱՄՆ-ի նախագահ Հ. Հուվերի խոսքերը, որոնք արդիական են. «Երկար կյանք և արևշատություն մաղթենք մեր երիտասարդներին, քանի որ նրանք պետք է ժառանգեն մեր երկրի արտաքին պարտքը»:
Արևշատություն և անկոտրում կամք մեզ:
Հեղինակ՝ Մարիամ Ծատրյան
https://robananyan.wordpress.com