(Գուցե դեմքով շրջվե՞նք դեպի մեր սեփական ցավը)

Կխնդրեի, որ կարդան բոլորը, իմ 2525 ֆբ-ի ընկերները և իրենք էլ իրենց հերթին տարածեն այն հասկանալով, որ ամեն վարկյան օգնության ակնկալիքով մեզ են սպասում մեր հայրենակիցները, ովքեր ճակատագրի բերումով հայտնվել են ծանրագույն կացության մեջ:

Թուրքիան պառակտման եզրին է: Համենայն դեպս սա է շատերի, առավել ևս` հայերիս գերագույն իղձը: (Թուրքիայի հյուսիսում հնչող կրակոցներն արդեն լսելի են Արարատյան դաշտում) Սակայն իրականությունը շատ ավելի դառն է և դաժան բաներ է մեզ հուշում, թուրքերը այսօր էլ հայոց սպանդ են իրականացնում, այս կամ այն չափով: Ահա Սիրիայի թուրքական սահմանի մոտ գտնվող մի վայրում, հայ ընտանիքում, որդու աչքի առջև գնդակահարվում է նրա հայրը, ընդ որում բացահայտ և լրբենի ձևով: Այսինքն թուրքը քրդերի հետ կենաց-մահու ոչ թե կռիվներ, այլ պատերազմ մղելով, ակնթարթ անգամ չի մոռանում իր գերագույն նպատակի մասին, հայկական հետքը բնաջնջել հայոց հողից: Ընդ որում չկա որևէ երաշխիք, որ այս տեղայնացված նախճիրը չի ընդարձակի իր սահմանները: Իսկ ի՞նչ են անում հայ մեծահարուստները, (հատկապես արևմտահայ նախնիներ ունեցողները) ինչո՞վ են նրանք փորձում (գոնե փորձում, ոչ ավելի), սատար կանգնել ըստ էության յաթաղանի առջև կանգնած արևմտահայությանը նրա բնակեցման տաճկական հատվածում, ավելի ստույգ` Հայաստանից բռնագրավված տարածքներում, գոյատևող իրենց հայրենակիցներին: Չէ որ երբեմն քար ծակող (այսինքն այս պարագայում ամենազոր), փողն է, որը կարող է խնդիրներ լուծել: Իսկ Սիրիայի հայությունը, որը կորցրել է գույքն ու կայքը և այսօր կորցնում է կյանքը մոլորված է, կորցրել է հույսն ու հավատը, մայր հայրենիքում նրանց և նրանց խնդիրները շահարկում են:

* * *

Առաջին հերթին մայր եմ (երեք տղաների և ութ թոռների) և չեմ կարող անտարբեր մնալ ներկա իրականության հանդեպ, որտեղ երեխաներ են նահատակվում, ջրասույզ լինում փախնելով նախճիրից: Անչափելի է վիշտը նրանց հարազատների, չգիտեմ ինչ անել, ինձ մնում է տագնապ հնչեցնել ցեղասպանության 100-ամյա տարելիցը հավուր պատշաճի արժևորելուց զատ, ի՞նչ եք անում, ինչո՞վ եք թև-թիկունք կանգնում մեր միս և արյուն հայրենակիցներին: Չէ որ հսկայական գումարներ եք այսօր մսխում խաղատներում և այլ զվարճավայրերում: Եվ չէ որ դրանց ընդամենը մի մասը լիուլի բավարար է ազգային խնդիրը լուծելու. խնդիր, որն այսօր կիզակետվել է Մերձավոր Արևելքում ապրող մեր եղբայրների և քույրերի վրա: Միաժամանակ Ձեր այս վարքով Դուք մի՞թե անտերության չեք մատնում հենց ձեր պապերի և տատերի անթաղ ոսկորները: Նրանք մի՞թե երկնքից արցունքոտ աչքերով չեն նայում մեզ, հատկապես իրենց անմիջական հետնորդներին, իրենց միս և արյուն ժառանգներին:

* * *

Ինքս հիմնարար ծրագրեր իրականացնող ԴԱՐ տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի նախագահն եմ, ՌԴ-ում ծավալած մեր գործարարության արդյունքով բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել Հայաստանում: Այսօր էլ շարունակում ենք մեր հնարավորությունների սահմաններում նպաստել Երկրի կայացմանը` Երկրաշինությամբ: Այնպես որ, ձայնս, հաստատ տաք տեղից չի գալիս: Իսկ արածների մասին կլռեմ, հավատարիմ մնալով հավատո հանգանակիս. Աջ ձեռքը չպիտի իմանա, թե ինչ է անում ձախը…

Այնպես որ ճիշտ ժամանակն է հուռռա՜ հայրենասիրական պատվանդանները լքել և նեցուկ լինել բանաստեղծի նշած. «…մեր տառապանծ ու փառապանծ», սակայն այսօր անպաշտպան ու մոլորված, յաթաղանի առջև հայտնված ազգակիցներին:

Թող ուղերձիս կտրուկ տոնը չվիրավորի որևէ մեկին, ցավում է սիրտս, կցանկանամ, որ ձերն էլ ցավի … Եվ մղի մեզ իրական հայրենասիրական գործերի:

Սվետլանա Հակոբյան

նկարիչ, բանաստեղծ

http://www.magaghat.am

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert