Պղնձամոլիբդենային կոմբինատ

hetq.am –  Վարազ Սյունի

Ծննդավայր մտնելիս սիրտդ միշտ է թրթռում: Սիրտը չի խաբում. ծննդավայրը միակն է. այնտեղ անգամ ծառերն են քեզ ճանաչում:

Կապան մտնելիս սրտիս թրթռոցը չեմ կարողանում լիովին զգալ. Արծվանիկի պոչամբարն է պատճառը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին» (ԶՊՄԿ) պատկանող ու Կապանից 14 կմ հյուսիս գտնվող այս պոչամբարն այնքան հսկա է, որ աշխարհի ամենամեծն է համարվում: Պոչամբարի կողքով անցնելիս միշտ նույն միտքն եմ ունենում՝ քաղաքակիրթ ազգն այսպիսի պոչամբար չի կարող ունենալ կամ հանդուրժել:

13 կմ այս միտքն է ինձ զբաղեցնում, երբ հասնում ենք մյուսին: Այս մեկը Գեղանուշի պոչամբարն է. պատկանում է «Դանդի Փրեշս Մեթալզ Կապանին» ու քաղաքից ընդամենը 1 կմ է վերև:

Սխալ կառուցված ու մահաբեր տասնյակ պոչամբարներ փոքրիկ Սյունիքում՝ մտածում եմ:

Կապան մտնելիս դիմացի սարից կախված հրաշք մառախուղը դանդաղորեն իջնում է (արդեն տարիներ չգործող) օդանավակայանի տարածք: Այս օդանավակայանը ժամանակին մարդաշատ էր՝ հիշում եմ:

Քաղաքում մի տեսակ տխուր է. ու գորշ: Հոգնած են բոլորն ինձ թվում՝ մարդիկ, ծառերը, շենքերը, շենքերին կպցրած տարբեր մեծության ու գույնի բալկոնները, անդուռ մուտքերն ու մուտքերին կպցված հաշվիչները, քանդված փողոցներն ու մայթերը, մայթերով անցնող գազի բարձր խողովակները, չաշխատող կամ խոտով ծածկված շատրվանները, շենքից շենք լվացքի գույնզգույն թառերը, թափառող շները, բաց աղբամանները, գետով անցնող խողովակները: Նույնիսկ գետի մեջ թափված աղբն է ինձ հոգնած թվում:

Կապանի քաղաքապետի 2012 թ. սեպտեմբերյան ընտրությունների ժամանակ Լիսկան՝ ԶՊՄԿ-ի այն ժամանակվա տնօրեն Մաքսիմ Հակոբյանի կողքին նստած, «մեկ տարուց լրիվ ուրիշ Կապան» էր խոստանում: Ահա և «լրիվ ուրիշ» Կապան՝ մտածում եմ:

Քաղաքապետի նույն այդ «ընտրությունների» ժամանակ էր, որ միակ թեկնածու մնացած (ՀՀԿ-ական) Աշոտ Հայրապետյանը քաղաքապետ դարձավ, իսկ Լիսկայի կողմից ստեղծված ՀԿ-ի նախագահ Ռուդոլֆ Սարգսյանը՝ փոխքաղաքապետ:

2012 թ. օգոստոսի 20-ին՝ տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ՝ Լիսկան հետևյալն ասաց.

«Ես պաշտպանելու եմ ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանին: Եվ իր թեկնածությունն այնքան էր ընդունելի, որ Քաջարանի կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի համար էլ դա ընդունելի դարձավ ու երկուսով միասին պաշտպանելու ենք Աշոտ Հայրապետյանին: Այս միասնական գործունեության արդյունքում շահելու ա Կապանը և Սյունիքը…Մեկ տարի հետո մենք ունենալու ենք լրիվ ուրիշ Կապան»:

Նույն հարցազրույցի ժամանակ Մաքսիմ Հակոբյանն էլ հետևյալն ասաց.

«Իմ դիրքորոշումը հստակ է և այն ձևավորվել է ԱԺ-ի ընտրությունների ժամանակ: Դուք լավ գիտեք, որ Արտուր Աթայանին (Կապանի նախկին դաշնակցական քաղաքապետը-հեղ.) նախորդ ընտրության ժամանակ աջակցել եմ: Այսօր իշխող կուսակցությունը դա ՀՀԿ-ն է…Դրա համար ես գտնում եմ, որ պետք է աջակցենք ՀՀԿ-ին: Կրկնում եմ՝ ես տեսա, որ ԱԺ-ի ընտրությունների ժամանակ խնդիրներ ենք ունենում: Դրա համար մենք պիտի ընտրենք իշխող կուսակցության անդամին»:

Ի՞նչ խնդիրներ պիտի ունենա մասնավոր մի ձեռնարկության տնօրեն ընտրությունների հետ՝ մտածում եմ:

Միջնադարում էլ քաղաքի կառավարչին ֆեոդալն էր նշանակում՝ մտաբերում եմ:

Հայաստանյան ընտրությունները Գինեսի գրքում է պետք գրանցել՝ նորից եմ մտածում:

Քաղաքի կենտրոնական հրապարակում եմ. այն Նժդեհի անունով է (Նժդեհի ամբողջական արձան քաղաքում այդպես էլ չկառուցվեց): Այս հրապարակով զգույշ պիտի անցնեմ՝ մտածում եմ: 2013 թ. մայիսին Կապանի քաղաքապետարանի և Քաջարանում գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» միջև պայմանագիր է կնքվել, ըստ որի՝ 25 ՏԱՐՈՎ՝ նույն այս հրապարակը (մոտ 2600 քառ. մետր տարածք) հանձնվել է ԶՊՄԿ-ին՝ «բարեկարգման ու կառուցապատման նպատակով»:

Այդ ո՞ր երկրում են քաղաքի հրապարակներ «հանձնում» մասնավոր ձեռնարկությունների՝ հարցնում եմ ինքզինքս:

ՀՀ Հողային օրենսգրքի 60 հոդվածի 6-րդ կետն եմ կարդում ՝ «բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր եւ ընդհանուր օգտագործման այլ տարածքներ)»:

Կապանի քաղաքապետի ու քաղաքապետարանի այս որոշումներից բան այլևս չեմ հասկանում: Նույնիսկ Լիսկան էր Կապանի ավագանու անդամներին հեգնում` ասելով՝ «ձեռքներն արդեն վեր բարձրացրած են ներս մտնում». ի նկատի ուներ, որ ամեն ինչի միշտ սուսուփուս կողմ են քվեարկում:

Քաղաքում տեղադրված հանքային ձեռնարկությունների գովազդային մեծ պաստառները «բարեկեցությունից» ու նման բաներից են խոսում: Հումք արտահանող երկրներում միշտ նույն մեթոդն են կիրառում. իբր տեղի բնակչությա՛ն  բարեկեցությունն են բարձրացնում: Բայց Աֆրիկան նույն Աֆրիկան է, Քաջարանը՝ նույն Քաջարանը, իսկ Կապանը՝ նույն Կապանը:

Կա՞ այս հանքային ձեռնարկություններում աշխատող մի կապանցի, քաջարանցի կամ մեղրեցի, որն իր աշխատավարձով բիզնես բացած կամ գնած լինի՝ մտածում եմ: Միջին դասակարգ չի ստեղծվում. ի՞նչ «բարեկեցություն»:

Կապանում էլ բիզնեսային օբյեկտներ բացում են հիմնականում (կամ բացառապես) նախկին ու ներկա պաշտոնյաներն ու իրենց հարազատները. կամ դրսում շատ փող աշխատած եզակի մարդիկ: Կապանի նախորդ քաղաքապետերն էլ նույն շարքից են: Քաղաքում միջին դասակարգ չկա ու չի ձևավորվում. արդար մրցակցություն ու հավասար պայմաններ չկան: Մե՛կ կուսակցական համակարգում տնտեսություն չի՛ զարգանում: Քաղաքը 2 մասի է բաժանված՝ հարուստների փոքր խումբ… ու օրվա հաց հայթայթողներ:

Քաղաքում (կամ պոչամբարների մոտ) ոչ մի պաստառ, որի վրա գրված լիներ՝ «Արծվանիկի կամ Գեղանուշի պոչամբարը մահացու վտանգ է»: Բայց արդյո՞ք քաղաքը քաղաքացիներինն է՝ կրկին հարցնում եմ ինքս ինձ:

Քաղաքապետարանը Կապանի մի քանի կանգառում ու փողոցում համեստորեն միրգ ու կանաչի վաճառող մարդկանց դեմ է «պայքարում». դա «վտանգ» է: Բայց  ահա ԼՈՒՌ է՝ սխալ կառուցված ու մեծացող պոչամբարների հարցում. դա «վտանգ չէ՞»:

Այս մտքերով եմ հասնում լքված տեղանքին. ժանգոտած ճաղերին մեծ պաստառ է կպցված՝ «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը»: Դեռ տարիներ առաջ այս բնակարանները Կապանում կառուցած պիտի լինեին. դրա պաստառն է: Բացմանը նույնիսկ Սերժ Սարգսյանն էր ներկա: Լավ PR… բայց ոչ մի շենք:

ՀՀԿ-ի պես միայն ՀՀԿ-ն է՝ մտածում եմ. կոմունիստները գոնե բան-ման սարքում էին. կոմունիստերը գոնե սեփակա՛ն փողերով էին երկիր փորձում ձևացնել- սոսնձել:

Շարժվում եմ դեպի մոտակա խանութ: Կապանում ինձ խիստ զգուշացրել են ծորակից ջուր չխմել. ծորակից ամեն ինչ է գալիս, բացի… ջրից: Սա Կապանի ներկա քաղաքապետի մյուս «նվերն» է քաղաքին. ջրամատակարարման համակարգը (էլի 25 ՏԱՐՈՎ) հանձնել են «պրոֆեսիոնալ» «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին:

90-ականները վերադարձել են Կապան. ամբողջ թաղամասեր օրական 1-2 ժամ ջուր ունեն նորից. դույլերով ջուր կրող կանայք կրկին հայտնվել են փողոցներում:

«25»-ը կախարդական է այսօրվա Կապանում: Քաղաքակիրթ-անկախ վայրերում  առավելագույնը գոնե 5 տարով են նման գործարքներ կնքում:

Խանութից ջուր եմ գնում. հոգնած դեմքով «խանութչին» չի ժպտում ու «շնորհակալություն» չի հայտնում: Քաղաքի պես հոգնած՝ մտածում եմ:

Գետի մյուս ափի կիսաքանդ մայթով հետ եմ գալիս ու մտածում՝ ոմանք, ժանգոտած ժամացույցի տկտկոցների պես, դեռ շարունակում են պարծենալ, որ «Կապանը հանքարդյունաբերական կենտրոն է»: Խոսում են հատկապես 19-րդ դարի 2-րդ կեսից հույների և ապա ֆրանսիացիների Ղափանում պղինձ արտահանելու մասին: Այս մարդիկ չեն հասկանում, թե արտադրության ի՜նչ ԾԱՎԱԼՆԵՐԻ մասին է խոսքն այսօր:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» ահա պատրաստվում է ավելացնել Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի արդյունահանման ծավալները` այն հասցնելով տարեկան 22 միլիոն տոննայի: 22 ՄԻԼԻՈՆ ՏՈՆՆԱ: Արդյո՞ք բոլորն են հասկանում, թե սա ինչ թիվ է. կամ սրա հետևանքները փոքրիկ Սյունիքի համար:

Այս կապակցությամբ 2015 թ. հոկտեմբերի 15-ին հանրային քննարկում էր Քաջարանում: Քննարկմանը ներկա գյուղապետերը՝ չգիտես ինչի համար՝ կոմունիստական ոճով ու հոտնկայս «շնորհակալություն» հայտնեցին ԶՊՄԿ-ին՝ կոնկրետ պահանջներ ու առաջարկներ ներկայացնելու փոխարեն, իսկ Կապանի քաղաքապետը՝ իրեն հատուկ ոճով՝ չեզոք բնույթի մի քանի նախադասություն ասեց՝ ի նպաստ ԶՄՊԿ-ի: Կարծես այդ ահասարսու՛ռ պոչամբարն իրենց քաղաքների ու գյուղերի մոտակայքում չլինի:

Քննարկման վերջում Քաջարանի բնակիչ Ռաֆիկ Խաչատրյանը հետևյալն ասաց․

«Ես ուզում եմ որպես Քաջարանի բնակիչ, որպես քաղաքացի հարցնել՝ մենք քաջարանցիների մահը դանդա՞ղ պահենք, թե՞ արագացնենք: Ավելացնելով հանքաքարի հանույթը՝ մենք արագացնում ենք քաջարանի բնակչի մահը: Դա ես իմ կաշվի վրա եմ զգացել. իմ ընտանիքի անդամների վրա եմ զգացել: Ժամանակին 9 մլն 200 հազար տոննա հանքաքարի հանույթը համարվում էր էկոլոգիական ճգնաժամ: Ժամանակին 9 մլն 200 հազար տոննա հանքաքարի հանույթը Ֆրունզե Պետրոսյանը համարում էր էկոլոգիական կատաստրոֆա Քաջարանի համար: ՀԽՍՀ Գերագույն խորհրդում. Ֆրունզե Պետրոսյանը. այն մարդը, որի արձանը կառուցված է: Էսօր մենք 22 մլն տոննայի մասին ենք խոսում: Այստեղ մեծամասնությունը Քաջարանում չի մնում: Մի անգամ դուրս եկեք բալկոն կամ փողոց և շնչեք էդ ծծմբային գազը… »:

ԶՊՄԿ տեխնիկական տնօրեն Աշոտ Մարգարյանի պատասխանը պարզապես  շշմեցնող էր՝

«Ես չէի ցանկանա նման միամիտ, երեխայի հարցերի պատասխանել: Մենք այսօր խոսում ենք ոչ թե քաջարանցու մահվան,այլ բարգավաճման մասին, այսինքն՝ 3 անգամ լավ ապրելու մասին: Մենք Քաջարանում աղետ չունենք. եթե դա քեզ չի հասնում… սու՛ս, տեղդ նստիր: Տեղդ նստիր, ասի… սու՛ս… դե լավ, ես քեզ կասեմ ինչի իրավունք ունեմ…»:

Ամենատխուրն այն է, որ քննարկմանը ներկա Քաջարանի (ՀՀԿ-ական) քաղաքապետ Վարդան Գևորգյանը բերանն անգամ չբացեց՝ ի՛ր քաղաքի քաղաքացուն սատարելու համար: Բայց արդյո՞ք Վարդան Գևորգյանը 3-րդ անգամ անընդմեջ Քաջարանի քաղաքապետ կդառնար, եթե հեռավոր կերպով գեթ մեկ անգամ հանդգներ ԶՊՄԿ-ի «պոչը տրորել»:

2015 թ. սեպտեմբերի 23-ին  Կապանի քաղաքապետարանում էլ հանրային քննարկում էր. Գեղանուշի պոչամբարն էր թեման: Օտարերկրյա «Դանդի Փրեշս Մեթալզ Կապան» հանքային ձեռնարկության օտարերկրացի տնօրեն Հրաչ Ջաբրայանը քննարկումն այս խոսքերով սկսեց.

«Որպես հիմնարկի գլխավոր տնօրեն հայտարարում եմ, որ Գեղանուշի պոչամբարն ընդլայնելու ծրագիր չկա… հստակորեն ասեմ. եթե այս հանրային լսումը պիտի դարձվի ներկա որոշ մարդկանց կողմից հիմնարկին հարվածելու կամ հիմնարկի հասցեին զրպարտանք տարածելու միջոց, ես անմիջապես անձնապես կասեցնելու եմ լսումը և լսում տեղի չի ունենա… »:

Ապշել կարելի է, որ հանրային լսումն այս նախագահող Կապանի քաղաքապետը Հրաչ Ջաբրայանին չընդհատեց ու չասեց, որ՝ ՀԱՆՐԱՅԻՆ քննարկումը մեկ մարդու կամքով-քմահաճույքով չի կարող դադարեցվել:

 

Այս քաղաքապետերն արդյո՞ք գիտակցում են, որ իրենք քաղա՛քի ու քաղաքի բնակիչնե՛րի շահերի պաշտպանության համար են աշխատավարձ ստանում: Արդյո՞ք հասկանում են քաղաքապետերն այս, որ քաղաքապետը քաղաքի հա՛յրը պիտի լինի, իսկ մեդալ բաժանել ու ժապավեն-տորթ կտրել բոլորն են կարող:

Այս հանքային ձեռնարկությունների տնօրեններին որտեղի՞ց այսքա՛ն ինքնավստահություն: Ո՞ւմ մեղքն է, որ հանքային ձեռնարկություններն այս պետության մեջ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ են դարձել:

Հետո հիշեցի, որ Կապանի քաղաքապետարանը նույնիսկ մեքենա չունի՝ ծառերի բարձր ճյուղերը կտրելու համար. դա էլ ԶՊՄԿ-ից են խնդրում:

Իսկ միգուցե ամբո՞ղջ քաղաքը (25 տարով) ԶՊՄԿ-ին «հանձնեն»:

«Ընտրությունների» վրա ծախսվող գումարով գոնե մի մեքենա գնեն՝ մտածում եմ:

Քաղաքում կառուցված մի քանի օլիգարխահոտ օբյեկտներ/«mall»-երի կողքով անցնելիս սիրտս չի տաքանում. ոչ էլ մեծ-պսպղուն քեֆի սրահներն են ինձ ներս գայթակղում (նույն կոմունիստական մտածելակերպով կառուցված՝ «կոլեկտիվն է կարևոր. անհատը երկրորդ տեղում է»): Այս «mall»-երը չեն քաղաքում միջին որակ կազմողը՝ համոզված եմ:

Հանկարծ հիշում եմ հովիվ Լորենզոյին. տարիներ առաջ Պորտուգալիայի հեռավոր -լեռնային մի գյուղակում եմ հանդիպել: Ինքն ու ոչխարի հոտն էր մնացել. անգամ հեռուստացույց  չուներ: Հարցնում եմ՝ ի՞նչն է քեզ պահում այստեղ: Պատասխանում է՝ սա իմ ծննդավայրն է. ես միայն այս հողից եմ էներգիա ստանում:

Մենք՝ հայերս, Լորենզո չենք՝ մտածում եմ: Մենք հեռանում ենք: Ընդունելի պատճառներ ունենալով հանդերձ՝ հեռանում ենք մենք. իսկ մեր տեղը գրավում են «փրկիչներն» ու գորշ-համակերպվող մարդիկ: Իսկ ծննդավայրը՝ մոր պես՝ տխուր սպասում է… իր զավակներին: Ու այդ ընթացքում՝ մեծն առաջնորդ Լիսկայի հետևից (մեկ շարքով) գնում ու նորից … «այո» են «քվեարկում»:

Մեծ պապիս տանն ապրող Նժդեհը վերջինիս մի անգամ հարցրեց՝ սյունեցին ե՞րբ է ոտքի ելնում: Մեծ պապս պատասխանեց՝ երբ նստած չի լինում:

Ծննդավայրից հեռանալիս սիրտդ միշտ է տխրում: Սիրտը չի խաբում. ծննդավայրը միակն է. միա՛յն այնտեղ կա երջանկություն: Դրա համար են բոլորն, ի վերջո, վերադառնում՝ անգամ հետմահու: Մահից հետո կյանք եթե լիներ, մահ չէր լինի:

Ամստերդամ

09.11.2015

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert