Բաց նամակ Հայաստանի

Հանրապետության Նախագահ՝

Պրոն Սերժ Սարգսյանին

Մեծարգո Պարոն Նախագահ,

Ես գիտեմ, որ անօգուտ է ձեզ բաց նամակ գրելը, գիտեմ, որ այն Ձեզ չի հասնելու և դուք այն չեք կարդալու: Գիտեմ նաև, ինչ որ գրելու եմ, դուք այդ բոլորից ավելի լավ գիտեք, գիտեք դրանց պատճառները, գուցե և որպես հայ, որպես հայր, որպես Արցախի ազատագրական պատերազմում Ձեր մեծ ավանդի պատճառով, շատ եք անհանգստանում, սակայն ելք չեք տեսնում, կամ Հայաստանի վերնախավը և Ձեր շրջապատը այնքան են Ձեզ ներքաշել իրենց մեքենայությունների ոլորտում, որից դուրս գալը այլևս անհնար է, գուցե և այդ պատճառով անհանգստանում եք, բայց որևէ ելք, կամ ուղղումների հնարավորություն չեք տեսնում: Նման եզրակացություն ինձ մոտ, և ոչ միայն ինձ մոտ, առաջացավ և ամրապնդվեց Ձեր Բեռլինում, տեղի հայության հանդիպման ժամանակ, արած ակամայից խոստովանությունը լսելուց հետո: Իմ այն քննադատությունից հետո, «որ Հայաստանում անօրինականությունների առկայության պատճառով, սփյուռքահայերը չեն կարողանում այնտեղ ներդրումներ անել», դուք պատասխանեցիք.

«Եկեք, ես ձեզ կնշանակեմ պատասխանատու անձ, մի օր էլ չեք դիմանա:»

Իրոք որ Ձեր ակամայից արած նման անկեղծ խոստովանությունը շատ բան է ասում, շատ ճշմարտությունների վրա է լույս սփռում: Դրանից կարելի է եզրակացնել, որ վերևներում անձերի միջև, այս կամ այն իշխանական աթոռը զբաղեցնելու, իշխանություն, ազդեցություն բանեցնելու և երկրում հաստատվելիք այս կամ այն օրենքի ընդունման և գործադրման ընթացքում, անողոք պայքար է գնում: Թեև այդ պայքարի անմիջական զոհը՝ հասարակ ժողովուրդն է, բայց նրան երբեք հնարավորություն չի տրվում, հաղորդակից լինել կուլիսների ետևում թաքնված այդ պայքարի ընթացքին և հարկ եղած դեպքում, երբ այդ պայքարը վնասում է երկրին, փորձել միջամտել: Որովհետև նրա միակ իրավունքը՝ ընտրությունների միջոցով ազդեցություն բանեցնել այդ պայքարի ընթացքին, տարբեր մեթոդներով խլված է նրանից, որը հատուկ է ոչ դեմոկրատական երկրներին: Իսկ բոլորը գիտեն, հենց դա էլ չարիքներից մեծագույնն է, որը կարող է պատահել մի երկրի քաղաքական մթնոլորտի, տնտեսական զարգացման և ապագայի համար: Կատարվում է այն, ինչը չպետք է կատարվի: Իշխանությունների կողմից խափանված և տարեց- տարի ավելի է խափանվում այն մեխանիզմը, որը որպես ժողովրդի անձեռնմխելի իրավունք, սահմանադրությաբ հաստատված է, որին ժողովուրդը կարիքի դեպքում պետք է որ գործադրի, այն է իր քվեի միջոցով և խաղաղ պայմաններում, հասնել ինքնամաքրման, իշխանափոխության:

2015 Թվականի տարեմուտին հիշենք Պարուր Սևակի պատգամը.

«Մաքրություն է պետք, մաքրություն բոլորին»:

Մի քանի տարի առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում դուք հայտարարեցիք.

«Արդեն իսկ ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքը, որը հնարավորություն կտա ապահովել 600-ից ավելի բարձրաստիճան հանրային ծառայողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման հրապարակայնությունը, շահերի բախման հայտնաբերումն ու էթիկայի կանոնների պահպանումը»:

Նաև ՝

«Մենք սովորում ենք լսել ու հարգել միմյանց կարծիքը:

Սովորում և մեզանում քայլ առ քայլ արմատավորում ենք, որ իշխանությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն, և պարտադիր չէ, որ ուժեղն իր ուժը ցույց տալու համար անպայման տրորի դիմացինին»:

Մենք հանդուժողականություն ենք սովորում և երկխոսության մշակույթ ձևավորում:

Սովորում ենք վիրավորանքին վիրավորանքով չպատասխանել ու կարևորագույն հարցերի շուրջ շատերի կարծիքը հարցնել:

Սովորում ենք մեծարել ու գնահատել նախկին առաջնորդների վաստակը և չենք ամաչում առողջ քննադատությանն ականջալուր լինելով փոխել մեր իսկ կայացրած որոշումները:

Մենք սովորում ենք ապրել այլ կանոններով:

Ո՛ղջ հասարակությամբ ենք սովորում:

Այո, այո, իսկ որո՞նք են այդ կանոնները: Բոլոր հնարավոր միջոցներով, փոխե՞լ սահմանադրությունը: Այո, համաձայն եմ, Երկրում պառլամենտական իշխանության հաստատումը, ավելի դեմոկրատիա է նշանակում: Սակայն բոլորը գիտեն, թե դա ինչու և ինչպես է արվում: Ժամանակին գերմանացի մեծ սոցիալ- դեմոկրատ՝ Վիլի Բրանդը, որպես նոր ընտրված Կանցլեր, խորհրդարանում հայտարարեց.

«Ավելի շատ դեմոկրատիա համարձակվել»:

Բոլորը հասկացան նրան: Այո, արժե, երկրի զարգացման և ժողովրդի բարօրության համար, համարձակվել, ավելի շատ դեմոկրատիա կիրառել: Հենց դա էլ նկատի ուներ նա: Ի՞սկ Ձեր հավակնութունը: Իսկ ինչո՞ւ սահմանադրության փոփոխություն: Այն ի՞նչ գաղափար, միտում, կամ հեռանկար է իր մեջ պարունակում:

Դուք Եվրոպայի խորհրդարանում հայտարարում եք նաև.

«Մշակվում է 2012-2014 թվականների դատաիրավական բարեփոխումների ծրագիրը, որը պետք է իսկապես լուծի դատարանների անկախության երաշխավորման` առաջնահերթ համարվող խնդիրը:»

Ժամանակին որոշ միամիտներիս մոտ այն հույսն էր առաջացել, որ նախագահի վերոհիշյալ խոսքերը, ասված Եվրոպական այդ բարձր ատյանում, միայն խոսքեր չեն մնալու: Կարող է լինել, որ դրանց ետևում թաքնված լինեն լուրջ մտադրություններ, կարող է լինել, որ որոշ գործողություններ հետևեն այդ խոստումներին, սակայն կյանքը ցույց տվեց, որ այո, կարելի է նաև այդպես: Դրսում Եվրոպայի երկրներին գեղեցիկ խոսքերով հավատացնել, որ մտադրություններ կան, թե հետո ի՞նչ կլինի, ո՞վ է դա հետևելու: Ի՞սկ հայ ժողովուրդը, դե ի՞նչ կարևոր է նա: Ո՞վ է նրան հաշվի առնում: Կարևորը Եվրոպայի խորհրդարանի պատգամավորների աչքերին թոզ փչելն է, կարևորը, նրանց կարծիքն է, նրանց վստահությունը և դրա հետևանքով նրանց օգնություն ստանալն է, թե երկրում ինչպիսի՞ իրական պայմաններ են տիրում, ոչ ոքին չի էլ հետաքրքրում:

Այդ երեք տարի առաջ էր, դուք Ձեր մի հարցազրույցում, անդրադառնալով մամուլում հայտնված հայկական բանակին վերաբերող որոշ լուրերին, ասում եք՝

«ես հպարտանում եմ մեր բանակով»:

Այդտեղ Դուք ասում եք նաև, որ դուք զզվում եք չարակամ մարդկանց ասեկոսներից, փորձում եք ելք գտնել և բանակում տիրող բացասական երևույթները կապում եք հասարակության հետ, ասելով՝ «Բանակը հասարակության հայելին է», շատ ճիշտ եք: Ուրեմն բանակում էլ են տիրո՞ւմ այն բոլոր բացասական երևույթները, որ տիրում են երկրում, ուրեմն բանակում էլ է տիրություն անում կաշառքը, զոռբաների մահակը և թույլերի, խեղճերի, անօգնականների ճիչը երկինք հասնում: Դուք՝ չանդրադառնալով, ակամայից, այդ Ձեր մի նախադասությամբ, շատ բան եք խոստովանում և արդեն ընթերցողին հայտնի է դառնում, թե իրոք, ինչ իրավիճակ է տիրում բանակում:

Ինչ խոսք, կյանքը Ձեր նկատմամբ ավելի բարյացակամ է գտնվել և դուք Ձեր այլևայլ շնորհքների, կարողությունների պատճառով, դարձել եք Հայաստանի Հանրապետության Նախագահ, նաև ի-պաշտոնե, հայկական բանակի գլխավոր հրամանատար և շատ ավելի լավ պետք է իրազեկ լինեք, թե ի՞նչ  է կատարվում հայկական բանակում, թե որքա՞ն են իրականին համապատասխանում նման ասեկոսները, որոնցից, Ձեր ասելով, դուք զզվում եք: Դուք իրավունք ունեք, ոչ միայն դուք, այլև յուրաքանչյուր հայ պետք է հպարտանա հայկական բանակով, ավելի շուտ այն անձնազոհության պատրաստ մարդկանցով, որոնցից մեկն էլ դուք էիք, որ ստեղծեցին այդ բանակը և դեռ լրիվ չկազմակերպված, Արցախում նման փայլուն հաղթանակ տարան: Ու նաև ամեն մի հայ պետք է զզվի չարակամ մարդկանցից և բանակի հեղինակությունը վնասող, ստահոգ լուրեր տարածողներից: Այստեղ ոչ ոք Ձեզ առարկել չի կարող, բայց յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում, հասարակությունը իրավունքն և պահանջն ունի, ճշմարտությունը լսել, իրավունքն ունի իր պատգամավորների միջոցով, հարցումներ ուղղել պետական համպատասխան կառույցներին և ազնիվ, ճշմարիտ պատասխան ստանալ: Միայն այդ պարագայում է, որ կլռեին չարակամները, կվերանային ասեկոսները, այն, ինչը Հայաստանում հնարավոր չէ անել և չի արվում:

Ի՞նչ կասեք դրան, սա հո բամբասանք չէ, սա հո չարակամ մարդու  ասեկոսներ չեն:

-Իրականում դուք նման պայմանների բացակայությունից պետք է զզվեիք:

-Պետք է զզվեիք այն մթնոլորտի առկայությունից՝

-ուր, առողջ, շինիչ, ազատ քննադատական խոսքը տորբետահարվում է.

-ուր, միայն իշխանության մոտ կանգնած անձինք՝ ասելու, ապրելու, կառուցելու, երկրի հարստություններին տիրանալու հնարավորություն ու իրավունք ունեն.

-ուր, այնպիսի աղաղակող սոցիլական ճնշում ու կարիք գոյություն ունի, որ հայ կանայք այլ ելք չեն տեսնում, բացի լքել ամեն ինչ, ամենին՝ հայրենիք, ազգ, երեխա, ընտանիք, պատիվ և այլ երկրներ մարմնավաճառության գնալ:

Դուք պետք է զզվեիք նաև նման իրականությունից և երկրում ազատ խոսքի բացակայության, իշխանությունների ոչ թափանցիկ  քաղաքականության և իհարկե նաև ոչ անկախ դատարանի և ի-վերջո ոչ անկախ գործադիր մարմինների առկայության պատճառով: Որպեսզի աշխատավորների, խեղճերի, թույլերի, անօգնականների, կարիքավոր երեխաների, մայրերի և ծերունիների աղաղակները և օգնության կանչերը անպատասխան չմնային: Որպեսզի երկիրը չդատարկվեր, որպեսզի գյուղացիները մասսայաբար չլքեին այն հողը, ուր նրանց նախնիները, նույնիսկ օսմանյան և պարսկական դաժան ճնշման պայմաններում, մշակել են կարողացել, որոնք էլ անասելի ծանր զրկանքների, բռնությունների պայմաններում կարողացել են պահել ազգը, լեզուն, երկիրը և ներկա սերնդին և Ձեզ են հասցրել:

Եթե չեմ սխալվում Շիրվանզադեն ասել է.

«Ազգը և լեզուն պահում են գյուղացիները»:

Իսկ ռուս գրող՝ Իվան Վասիլիևը գրում է.

«Գյուղի կործանումը, նշանակում է երկրի կործանում»:

Արդյո՞ք երբևէ հետաքրքրվել եք, թե ի՞նչ վիճակում են գտնվում հայկական գյուղերը սահմանային գոտիներում և այլուր: Այդ ե՞րբ էր, որ դուք հայտարարեցիք. «Աշնանը մենք կանգնելու ենք հայ գյուղացու կողքին»: Այդ էր Ձեր խոստացածը՞, Թուրքիայից լոլիկ, այլ մթերքներ, ապրանքներ ներմուծե՞լ և այդպիսով սնանկացնե՞լ  Հայաստանի գյուղացիությանը, հայ արհեստավորին:

Այս ամենը տեսնելով, ապրելով, հապա հայ ժողովուրդը ի՞նչ անի, ո՞ւմ դուռը թակի, ո՞ւմ մոտ գանգատի գնա…

Այո մեծարգո պարոն նախագահ, դուք իրականում պետք է անհանգստանայիք և զզվեիք այդ ամենից, ինչպես ամեն մի քաղաքացի և ամեն մի հայ, ով հետաքրքրված է հայության և Հայաստանի ապագայով: Եվ քանի որ դուք եք զբաղեցնում երկրի ամենաբարձր իշխանական աթոռը և օժտված եք ամենալայն իրավունքներով, ապա նա սպասում է, որ դուք այն գործադրեիք և գործադրեք նրա բարօրության համար, հոգ տանեիք, որ Հայաստանը դառնար մի երկիր, որտեղ ապրել կցանկանային, ոչ միայն հայերը, այլ, նաև օտարերկրացիներ, և եթե Ձեզ խանգարողներ լինեին, ապա պետք է որ Ձեր հենարանը լիներ ժողովուրդը և Ձեր թիկունքում ունենայիք նրան և շահեիք նրա աջակցությունը:

Երբեմն ցանկանալով Հայաստանի իշխանություններին արդարացնել, Դուք, ասել եք, որ երկիրը փոքր է, աղքատ և պետությունը միջոցներ չունի: Սա հեշտ փախուստ է, իրականությունը չխոստովանելու համար: Հապա ինչպե՞ս է լինում, որ հենց այդ աղքատ երկրում, որոշները մի քանի տարում՝ ապարանքներ են կառուցում, այլոք միլիոնատեր դառնում, իսկ շատերը մնում են օրվա հացի կարոտ:

Ոչ ոք չի կարող Հայաստանի իշխանություններից պահանջել, որպեսզի նրանք անսխալ աշխատեն, բայց յուրաքանչյուր հայ սպասում է և իրավունքն ունի պահանջել, որ նրանք ճշգրիտ և ճշմարիտ լինեն, թե բանիվ և թե գործիվ, ինչպես նաև ազնիվ լինեն, իրենց կատարած աշխատանքների ընթացքում:

Այս տարի, երբ համայն աշխարհի հայությունը նշեց եղեռնի 100- ամյակը, ապա հրամայական պարտավորություն է դրվում բոլորիս, նաև Ձեր վրա, անդրադառնալ նաև այն եղեռնագործությանը, որը անկախությունից հետո, Հայաստանի իշխանությունների և նրանց հովանու տակ անցած, որոշ անձնավորությունների կողմից, իրագործվել և իրագործվում է երկրի բնակչության, բնության, ընդերքի ու էկոլոգիայի նկատմամբ: Թե ինչո՞ւ զարմանալի անտարբերությամբ և շահամոլությաբ քսանհինգ տարի է ինչ հետդարձ քայլ է արվում, հասարակ աշխատավոր ժողովրդի, գյուղացիության՝ կենսմակարդի, կրթության, սոցիալ- կենցաղային, բնակարններով ապահովման բնագավառներում: Քանդվել և քանդվում է անցյալը, փոխարենը ոչ մի առաջընթաց քայլ չանելով: Տիպիկ հայկական բնավորություն: Միթե՞ պետք է հայ վերնախավը ավելորդ անգամ  աշխարհին ցույց տա, փաստի, որ ինքը երբեք իվիճակի չի եղել և իվիճակի չէ, երկիր ունենալ և երկիր կառավարել…

Ինձ թվում է մենք ազգովի խարխափում ենք մթության մեջ և եթե փորձենք անաչառ լինել, ապա միշտ էլ այդպես է եղել, նաև հարյուր տարի առաջ, նաև այսօր, եղեռնի հարյուրամյակի տարում: Հայաստանի իշխանավորները պետական հանձնախումբ են ստեղծում, հռչակագիր են գրում, համայն մարդկությանը պահանջներ են ներկայացնում, մյուս կողմից, հենց իրենց բանեցրած քաղաքականության պատճառով, դատարկվում է Հայաստանը, Արցախը, որի ազատագրման համար այդքան երիտասարդ զոհեր պահանջվեցին և օր-օրի վտանգվում է այդ երկու երկրամասերի ապագան: Նրանք «արի տուն» կոչեր և ամպագոռգոռ ճառեր ու գրություններ են հղում առ աշխարհ, սակայն հենց իրենց աչքի առաջ անզոր են գտնվում, Սիրիահայերին պաշտպանել պետական չինովնիկների ոտնձգություններից, կեղեքումներից: Դուք և Հայաստանի մյուս իշխանավորները պետք է իրենց հարց տան, թե ինչո՞ւ է սփյուռքահայը կարողացել ու կարողանում, աշխարհի բոլոր ծայրերում ներդնումներ անել, հաստատվել, բայց Հայաստանում չի կարողացել ու չի կարողանում:

Մյուս կողմից սփյուռքի պատմագետները, հարգելի պրոֆեսորները հատորներ են գրում, եղեռնը փաստելու, մարդկության խիղճը վկայակոչելու, թուրքին պահանջներ ներկայացնելու համար, սակայն միևնույն ժամանակ չեն ցանկանում տեսնել, թե ինչ է կատարվում Հայաստանում, կամ էլ տեսնում և լռում են, Ձեզանից և մյուս հայ իշխանավորներից չեն հարցնում, թե այդ ի՞նչ եք անում, դեպի ո՞ւր եք գլորում երկիրը և հայ ժողովրդին, չլինի թե Ձեր և մյուս իշխանավորների «խաթրին» դիպչեն, չլինի թե՞…

Թե ինչո՞ւ եմ այս ամենը Ձեզ գրում, լավ իմանալով, որ դա ոչ մի դրական արձագանքի չի արժանանա: Իրականում սա մենության պահի անզորության ճիչ է: Այն գիտակցության արգասիքը, որ դուք էլ բոլոր ոչ դեմոկրատ երկրների իշխանավորների նման, փորձեր եք անում, բոլոր հնարավոր միջոցներով, կառչել իշխանական աթոռին: Վերջին քվեարկության գործողությունը դա է հուշում, իսկ դա երկրին ոչ մի լավ բան չի խոստանում, իսկ իրերի նման ընթացքը, ոչ մի երկրում լավ ապագա չի ունեցել: Բոլորիս պարզ է, որ այդպիսով ներկայիս հայության և երկրի ապագան վտանգող պայմանները, շարունակվելու և հակասությունները ավելի են խորանալու: Նման հեռանկարից տագնապած, մեզ՝ սփյուռքահայերիս ոչ մի այլ միջոց չի տրված, որպեսզի մենք կարողանանք այդպիսով մեր բողոքը հայտնել: Ուրեմն մեզ մնում է վերջին անհույս քայլը՝ բաց նամակով դիմել հանրությանը, հոգ չէ, թե այն իր հասցեատիրոջը չի հասնելու

 

Հարգանքներով՝

Սամվել Հովասափյան

Բեռլին, դեկտեմբեր 2015

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert