Գիտությունների Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը երեկ մեզ հետ զրույցում ասել է, որ ռուս-թուրքական վերջին սրացումներից պետք չէ շատ ոգեւորվել, այլ անհրաժեշտ է զգուշավոր լինել: Նա խիստ ուշագրավ վերլուծություններ է արել:

Պարոն Մելքոնյան, ռուսթուրքական սրացման ֆոնին արդեն մի քանի օր է, որոշ շրջանակներում Կարսի պայմանագրի մասին են հիշել եւ խոսում են, թե ՌԴ նախագահը չի պատրաստվում վերակնքել այն: Նախ, այդ պայմանագիրը իսկապես վերակնքման ենթակա՞ է, թե՞ ոչ եւ ընդհանրապես, այս սրացման ֆոնին դրա նշանակությունը ո՞րն է:

– Մի փոքրիկ ճշգրտում. այնքան Կարսի պայմանագրի մասին չէ խոսքը, որքան Մոսկվայի պայմանագրի, որը կնքվել է 1921թ. մարտի 16-ին Բոլշեւիկյան Ռուսաստանի եւ Քեմալական Թուրքիայի միջեւ՝ առանց Հայաստանի մասնակցության՝ Հայաստանի շահերը ոտնահարելով: Այդ պայմանագրի կետերից մեկը նախատեսում էր Ռուսաստանի կողմից համանման պայմանագիր պարտադրել նաեւ Անդրկովկասյան 3 հանրապետություններին, որը տեղի ունեցավ արդեն Կարսում, 1921թ. հոկտեմբերի կեսերին: Խոսքը Մոսկվայի պայմանագրի մասին է, որովհետեւ Ռուսաստանը չի կարող չեղյալ հայտարարել Կարսի պայմանագիրը, քանի որ ինքը չի կնքել այդ պայմանագիրը: Ինքը կնքել է այդ պայմանագրի մայր տարբերակը, որը հետագայում ծնեց Կարսի պայմանագիրը: Մոսկվայի պայմանագրում եւ հետագայում նաեւ Կարսի պայմանագրում այն թարմացնելու կետ չկա: Բայց ցավալիորեն, դրանից 90 տարի անց՝ 2011 թ. մարտի 16-ին, երբ Էրդողանը եկավ Մոսկվա, Մեդվեդեւի հետ նրանք կարծես թե խորհրդավոր ձեւով վերաթարմացրին այդ պայմանագիրը՝ որպես նվեր փոխանակելով պայմանագրի տեքստը եւ Կարսի պայմանագրից լուսանկար, որը, իհարկե, շատ անընդունելի է: Ցավալիորեն մենք այն ժամանակ չարձագանքեցինք, երբ ուղղակի աղ լցրին մեր վերքի վրա. գիտենք, որ Մոսկվայի պայմանագրի արդյունքում մենք կորցրինք Կարսի մարզը եւ Սուրմալուի գավառը՝ Արարատ լեռնագագաթով հանդերձ:

Վերջին օրերի ռուսթուրքական սրացումների հետեւանքով Հայաստանը, այդ թվում Լեռնային Ղարաբաղը կարո՞ղ են տուժել, մասնավորապես, երեկ ՀՀԿ խոսնակը մեր զրույցում հայտարարել է, որ 3-րդ աշխարհամարտի շեմին ենք, աշխարհը 2 մասի է բաժանվում, եւ այդ գիծը գծվում է Հայաստանով, շատ վտանգավոր իրավիճակ է, ի՞նչ զարգացում ու ավարտ կարող է ունենալ այս սրացումը:

– Ցավն այն է, որ «Իսլամական պետություն» կոչվածը իրականության մեջ Թուրքիայի ստեղծածն է, իհարկե, Արեւմուտքի իմացությամբ եւ թողտվությամբ: Երբ Արեւմուտքը վերջնականապես գա այն համոզման (ՌԴ-ն վաղուց դրանում համոզված է), որ ԻՊ-ը եւ Թուրքիան նույն պետությունն է, աշխարհը ուղղակի շուռ կգա Թուրքիայի դեմ: Ես ենթադրում եմ, որ միեւնույն է, այդ ահաբեկչական գործողությունները ԻՊ-ը եվրոպական երկրներում շարունակելու է եւ դրանք չեն դադարելու երկար ժամանակ, քանի դեռ գոյություն ունի ԻՊ-ը եւ Թուրքիան, որը ձեւականորեն իբր թե պայքարում է ահաբեկչության դեմ, բայց ահաբեկչի գլխավոր պաշտպանն է: Այդ իմաստով այս կոնֆլիկտը, իհարկե, ընդլայնվելու վտանգ ու հեռանկար ունի, որովհետեւ, ի վերջո, կարող է վերածվել կոնֆլիկտի նաեւ Թուրքիայի հետ:

Ինչ վերաբերում է ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին, իհարկե, այստեղ որոշակի վտանգ գոյություն ունի. մենք ՀԱՊԿ անդամ ենք, եւ Ռուսաստանի պատերազմական վիճակի մեջ հայտնվելը որեւէ երկրի հետ մեխանիկորեն ենթադրում է նաեւ մեր մասնակցությունը այդ ռազմական գործողություններին: Ես պատահական չեմ համարում, որ սկզբում Չավուշօղլուն, հետո Դավութօղլուն մեկնում են Բաքու եւ հանդիպումներ ունենում Ադրբեջանի ղեկավարության հետ: Բնականաբար, տարածաշրջանում լարվածություն ստեղծելու առումով սրա մեջ եւս վտանգ գոյություն ունի, որովհետեւ Թուրքիային շատ ձեռնտու է, որ նորից մեր դեմ փորձեն օգտագործել ադրբեջանական գործոնը եւ տարածաշրջանում սրվածություն ստեղծելով, նոր դժվար կացության առջեւ կանգնեցնեն Ռուսաստանին, որը այս տարածաշրջանում անվտանգություն ապահովելու իմաստով, մասնավորապես մեր մասով որոշակի պարտավորություններ ունի: Դրա համար մենք պետք է չափից ավել զգուշավոր լինենք: Չափազանց ոգեւորությունը կարող է բումերանգի նման մեզ հարվածել: Բայց նաեւ պետք է ունենանք հայեցակարգային հստակ մոտեցումներ մեր ազգային, պետական շահերը պաշտպանելու տեսակետից:

Սովորաբար պատմության ընթացքում որքան ռուսթուրքական սրացումներ են եղել, վերջում իրենք հաշտվել են, արդյունքում Հայաստանն է տուժել, այս դեպքում

– Դրա համար ասում եմ, որ մենք պետք է շատ չոգեւորվենք: Օրինակ, ոմանք ոգեւորվել են, որ ռուսական կողմը ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը Պետդումա կարող է մտցնել: Ես, անկեղծ ասած, դրանից խանդավառ չեմ, իհարկե, բարոյական առումով լավ է, բայց եթե ՌԴ-ում ժխտողական դիրքերում կանգնած մարդկանց պիտի դատեն, դա մեր գլխավոր խնդիրը չէ: Մենք կորցրել ենք հայրենիք, մեր խնդիրը միանգամայն այլ է, այլ ոչ թե այս կամ այն մարդուն դատարան բերելը:

Ո՞րն է մեր խնդիրը:

– Մեր խնդիրը չափից ավելի զգուշավոր լինելն է, չեմ ասում՝ չեզոք, որովհետեւ, որպես ՀԱՊԿ անդամ, պարտավորություններ ունենք ՌԴ-ի նկատմամբ: Մենք մեր տեղը պետք է ունենանք եւ մեր ռազմավարական դաշնակցին հասկացնենք, որ Գյումրիի ռազմաբազան պետք է ամրապնդել, պաշտպանության նոր միջոցներ այնտեղ պետք է բերվեն, որպեսզի մենք տարածաշրջանում ավելի վստահ լինենք: Եվ այլեւս անթույլատրելի պետք է նկատել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք տրամադրելը, որը, կարծում եմ, հավասարազոր է Թուրքիային զենք տրամադրելուն: Տեսնում եք, ադրբեջանցիները եւս բավական զգուշավոր են, չեն փորձում արտահայտվել, խոսում են խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին եւ սահմանին շատ ավելի զսպված են իրենց պահում:

Այո, տարօրինակ է, որ սահմանային կրակոցներն էլ են քչացել:

– Միանգամայն հասկանալի է, որովհետեւ իրենց ավագ եղբոր նկատմամբ ՌԴ-ի այս կոշտ դիրքորոշումը ուղղակի ուղղվում է նաեւ Ադրբեջանի դեմ: Ադրբեջանը հպարտանում էր, որ Թուրքիան իր թիկունքին կանգնած երկիր է, եւ ինքը որեւէ խնդիր չունի՝ այս տարածաշրջանում Թուրքիայի նման հզոր թիկունք ունենալու պարագայում: Հիմա իր թիկունքը վտանգված է, եւ դրա համար էլ Ադրբեջանը շատ ավելի զգույշ է, պատերազմական հռետորաբանությունը բավական նվազել է:

Իսկ Կարսի պայմանագիրը վերանայման ենթակա չէ՞:

– Ես այդպես չէի ասի, որովհետեւ չմոռանանք, որ Կարսի պայմանագիրը չի կնքել ՀՀ-ն: Այն կյանքի է կոչել Խորհրդային Հայաստանը, իսկ մենք, որպես անկախ Երրորդ հանրապետություն, ուղղակիորեն դրա պարտավորությունը չենք վերցնում, եւ պատահական չէ, որ նաեւ պետական մակարդակով հաճախակի խոսվում է Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի մասին: Միջազգային իրավունքի տեսանկյունից, այսօր գործող պայմանագիրը, թեպետ այն չի վավերացվել, հանդիսանում է Վիլսոնի իրավարար վճիռը, ըստ որի, Տրապիզոնի, Էրզրումի, Բիթլիսի եւ Վանի վիլայեթների մեծագույն մասը համարվում են ՀՀ տարածք:

Որքանո՞վ է հավանական, որ դա իսկապես ուժ ստանա:

– Դա կախված է նրանից, թե ամբողջ աշխարհը որքանով կհակվի Թուրքիայի դեմ գործողություններ իրականացնելու: Ես համոզված եմ, որ եթե ԻՊ-ը շարունակի իր գոյությունը պահպանել եւս մի քանի տարի, դա կնշանակի, որ խոսքը Թուրքիայի կողմից ԻՊ-ին ամեն տեսակ օգնության մասին է: Առանց Թուրքիայի վերացման չի կարող վերանալ նրա ծնունդ հանդիսացող ԻՊ-ը: Եթե աշխարհը հակվեց դրան, ինչպես 1916 թ. անգլիացի եւ ֆրանսիացի դիվանագետներ Սայքս-Պիկոյի համաձայնագրով, որին միացավ նաեւ նրանց դաշնակից Ռուսաստանը եւ որոշվեց հիմնականում այդ 3 մեծ պետությունների միջեւ բաժանել Օսմանյան կայսրությունը, բայց հետո տեղի ունեցավ բոլշեւիկյան հեղափոխությունը, Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից եւ, ցավոք, այդ ծրագիրը մնաց թղթի վրա… Բայց ես համոզված եմ, որ այն ցանկացած պահի կարող է մտնել գործողության մեջ, որովհետեւ նույնիսկ ՆԱՏՕ-ի շատ անդամ երկրներ, նրանց նախկին շատ ղեկավար զինվորականներ հայտարարում են, որ ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիայի լինելը վարկաբեկում է այդ ռազմական կառույցը, եւ ժամանակն է Թուրքիային վտարել այդ կազմակերպությունից: Այ, եթե դա տեղի ունենա, կլինի նաեւ այն, ինչի մասին մենք խոսում ենք:

Բայց կարծես թե քիչ է հավանականությունը, որ դա կարող է տեղի ունենալ:

– Չեմ կարող ասել. չի բացառվում, հավանականությունը մեծ է, որովհետեւ Թուրքիան կայսրություն է, իսկ կայսրությունները, որպես պատմաբան եմ ասում, դատապարտված են փլուզման: Թուրքիան այդ առումով բացառություն չի կարող լինել: Քրդական պրոբլեմը եւ նրա հարեւան բոլոր երկրների հետ ունեցած փաստացի թշնամական վերաբերմունքը դրա վկայությունն են: Ես համոզված եմ:

http://armtimes.com/hy/read/75169

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert