Ռաֆայէլ Համբարձումեան, Երեւան, 11 Մարտ 2016

Կը ներկայացնենք երկու յօդուածներ Սովետական շրջանի այլախոհ Պարոյր Հայրիկեանի մասին՝ Միհրան Թումաճեանի գրախօսականը «Hayrikyan Novel Will Delight Readers» եւ Հայրիկեանի երբեմնի գործընկեր պատմաբան Ռաֆայէլ Համբարձումեանի «Ուղերձ Պարոյր Հայրիկեանին»: Խմբ.

Ուղերձ Պարոյր Հայրիկեանին

Պարո՛յր, անընդհատ խօսում-դատափետում  ես  քո արածները դիտաւորութեամբ  մոռացողներին, նրանց մեղադրում կեղծիքների եւ այլնի մէջ : Ցաւով  եմ նշում, որ դա առաջին հերթին վերաբերում է հենց  քեզ, քանի որ նոյնը դու ես անում: Մտաւորականի համար պատմական ճշմարտութիւնը թաքցնելուց աւելի մեծ յանցանք չկայ աշխարհում: Երկա՜ր խօսում ես ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ թերթի գաղափարական դերակատարութեան մասին, բայց ոչ մի անգամ չես ասում, թէ ո՞վ էր  Ազգային Ինքնորոշում Միավորումի (ԱԻՄ) գաղափարական խնդիրները ՏՆՕՐԻՆՈՂԸ, հետեւաբար նաեւ թերթի պատասխանատուն….1987  թ. հոկտեմբերից մինչեւ 1988  թ. մարտի վերջերին քեզ կայսրութիւնից  արտաքսելը, ԱԻՄ-ը  իրար հետ ենք ղեկավարել:

Քո արտաքսումից  յետոյ, աւելի քան  մէկուկէս  տարի, ԱԻՄ-ի ղեկավարը Հայաստանում  ինքս էի, իսկ կազմակերպական գործի տնօրինութիւնը յանձնել էի Մեխակին : Քեզ ձերբակալելուց եւ երկրից արտաքսելուց յետոյ  եւ թերթը եւ թէ ԱԻՄ-ը   Հայաստանում  ինքս պահեցի եւ զօրացրեցի :  Իմ  բացառիկ  դերն  ու գործունէութիւնը  յիշեցնելու համար քեզ  յիշեցնում եմ գործունէութեանս  մի քանի դրուագնե՛րը միայն : Սրբագրիր  տեսաերիզներում,  գրքոյկներումդ եւ այլուր  թափառող կեղծիքները : Հաւատա՛, որ դա ոչ թէ ինձ է  պէտք, այլ  քե՛զ ,  որովհետեւ դրանով դու, ցանկութեան դէպքում, կարող ես  սկզբնաւորել  միւս գրուածքներիդ,  յատկապէս մեծածաւալ կենսագրականիդ խոտանազերծումը:

1987 թ. սեպտեմբերի սկզբին հանդիպեցինք, ասացիր մտադիր ես անկախութիւն պահանջող կազմակերպութիւն հիմնել, խնդրեցիր գործակցենք: Իբրեւ հիմնելիքդ կազմակերպութեան հետ գործակցութեան քաղաքական ուղեգիծ, առաջարկեցի Հայաստանի անկախութիւնը վերականգնելու ծրագրով մօտ 1973 թուից գործող գլխաւորածս կառոյցի քաղաքական ուղեգծերը՝ 1980 թ. անստորագիր հրապարակուած «Թուղթ ընդհանրական»ը եւ 1987 թ.օգոստոսին գրածս «Յորդորակ»ը: Մի քանի օր անց յայտնեցիր, որ լիովին ընդունում ես աշխատութիւնների հիմնադրոյթները: Որոշեցինք «Թուղթ ընդհանրական»ը եւ «Յորդորակ»ը լինեն մեր գործունէութեան ծրագրերը, մեր կառոյցները իրար միանան դաշնակցային սկզբունքով: Թէեւ ԱԻՄ նախագահ պիտի կոչուէիր դու, բայց կառոյցը ղեկավարելու էինք երկուսով. դու տնօրինելու էիր կազմակերպական գործը, ես, ո՛չ բացայայտ գործող իմ խմբի հետ, գաղափարականը:

Կազմակերպութեան պաշտօնաթերթի անունը առաջարկեցի դնենք «Անկախութիւն» (Թերթի անունը «Ինքնորոշում» էիր ուզում   դնես): Ստանձնեցի նաեւ բնապահպանական խնդիրների տնօրինութիւնը այն հաշւով, որ 1973 թուից գլխաւորածս խմբի վաղուց  նախատեսած բնապահպանական ցոյցը առաջիկայ մի քանի ամսում կազմակերպուէր ԱԻՄ-ի անունից: Այսպիսով, 1987թ.հոկտեմբերի կէսերին գլխաւորածս կառոյցի հետ միանալով «Ազգային Ինքնորոշում Միավորում» անուանեալ խմբին, ստանձնեցի ԱԻՄ գաղափարական եւ բնապահպանական խնդիրների եւ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ  թերթի տնօրինութիւնը:

Մինչեւ «Անկախութիւն» շաբաթաթերթի լոյս ընծայումը, 1987 թ. մայիսից  հիմնածդ «Քաղբանտարկեալների Պաշտպանութեան Հայկական կոմիտէ»ի անունով հրատարակւում էր մի քանի էջանոց  հայերէն եւ ռուսերէն «Տեղեկագիր» (Հայերէնի խմբագիր՝ Արա Ստեփանեան, ռուսերէն տարբերակի խմբագիր՝ Գէորգի Խոմիզուրի:  Չորրորդ համարից (1987 թ. նոյեմբերի 14) մինչեւ 1989 թ. յուլիսի վերջը,  Համազասպ ծածկանունով խմբագրում էի «Անկախութիւն» թերթը՝ կառոյցին տալով գաղափարական ու կազմակերպական  հզօր թափ եւ ազդեցութիւն:

1988 թ. մարտի 25-ին քո եւ միաւորման բացայայտ միւս երկու անդամների ձերբակալութիւնից եւ ապա՝  քո արտաքսումից  յետոյ կանխեցի կազմակերպութեան փլուզումը՝ 1988 թ. մարտի վերջից աւելի քան մէկուկէս տարի դառնալով  կառոյցի ղեկավարը Հայաստանում:  Այդ ընթացքում ԱԻՄ- ի  չորս-հինգ հոգիանոց  ԳՈՐԾՈՒՆ  անդամների քանակը  հասցրեցի յիսունի, համակիրների քանակը՝  երկու-երեք հարիւրի, իսկ գործուն հետեւորդները մի քանի  հազար էին: Ինձ օգնող բաւական յայտնի անձինք՝ հեռուստալրագրողներ Սամուէլ Սէդրակեանն ու Սամուէլ Գեւորգեանը, Տնտեսագիտական համալսարանի մաթեմաթիկայի դասախօս Գարեգին Մխիթարեանը, բժիշկ Արցախ Բունիաթեանը եւ ուրիշներ, գործում էին ոչ բացայայտ: Ինձ ըստ ամենայնի օժանդակում էին նաեւ իմ բազմաթիւ յայտնի մտերիմները՝ լեզուաբաններ Վարագ Առաքելեանից  ու Ռաֆայէլ Իշխանեանից սկսած, նկարիչներ Կարէն Սմբատեանով, Սէյրան Խաթլամաճեանով, գրող Յովհաննէս Մելքոնեանով, հանրային գործիչ Ալէքսանդր Մանուչարեանով եւ շատ ուրիշ  նշանաւոր մտաւորականներով, արուեստագէտներով, նա՛եւ ուսանողներով վերջացրած: (տե՛ս «Անկախութիւն» շաբաթաթերթ,1988թ., 23 մայիսի, թիւ 21/31, էջ 10-12; 1988 թ. մայիսի 28, թիւ 22/32, էջ 1-3):

Իբրեւ ԱԻՄ-ի ղեկավար, 1988 թ. ապրիլից սկսած նախապատրաստեցի, իսկ մայիսի 28-ին  կազմակերպեցի եւ Օպերայի հրապարակում անցկացրեցի Հայաստանի Հանրապետութեան 70-ամեակի տօնակատարութիւնը: Պատմական այդ հանրահաւաքը բացեց  ու վարեց Մ. Գաբրիէլեանը, գրածս երկու փաստաթղթերը կարդացին նաեւ  Մ. Գորգիսեանը: Հրապարակի հարթակում ծածանուեցին 7 եռագոյններ, որոնցից մի քանիսը  փակցնել տուեցի թատրոնի շքամուտքի դռներին: Եռագոյն էին նաեւ 30-ից աւելի բոլո՛ր ցուցապաստառները: Հանրահաւաքին բացառիկ նշանակութիւն տուեցին ազդեցիկ ու հեղինակաւոր մտաւորականներ Վարագ Առաքելեանի եւ Ռաֆայէլ Իշխանեանի ելոյթները:

Ազատագրական պայքարի հասունացումի համար բացառիկ էր Ղարաբաղ կոմիտէի 1988 թ. սեպտեմբերի 9-ի հանրահաւաքին ունեցածս ելոյթը, երբ հարիւր հազարից աւելի ներկաներին վանկարկել տուեցի ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ,  որը  այդ ժամանակների համար անհաւատալի բան էր, քանի որ Ղարաբաղ կոմիտէն եւ ընդհանրապէս մեզանից բացի գրեթէ բոլորը, կարծում էին, թէ անկախութեան պահանջը պիտի խափանի Արցախի միացումը:

www.keghart.com

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert