Պահը վճռական է, հայ ժողովրդից պահանջվում է պետականության բարձր գիտակցում:

Կոչ եմ անում ամբողջ հայությանը մի կողմ թողնել տարաձայնությունները, ընդդիմություն- իշխանություն առճակատումները, բոլոր այն խաղերը, որոնք այս պահին բացի թշնամու ջրաղացին ջուր լցնելուց, այլ բան չեն ներկայացնում:

Կոչ եմ անում նաև այն անձանց և խմբավորումներին, ովքեր ներկա պահին կարեւորագույնը թողած՝ ռուսատյացությունն ու արեւմտատյացությունն են կարեւորում, թողնել այդ անհեթեթություններն ու լծվել հայ ազգի բանակին, եթե ցանկություն կա ունենալ հայրենիք, քանզի հայրենիքի կորուստի դեպքում, չի լինի նաև իշխանություն, որի դեմ հարկ կլինի ընդդիմանալ:

Այսօր այն վճռական պահն է, երբ պետք է վերջնականապես որոշվի և լուծվի հայ ժողովրդի ազատ, անկախ և խաղաղ ապրելու իրավունքի հարցը:

Ամբողջ հայ ժողովուրդը մի բռունցքի պես պետք է դառնա հայոց բանակ.  յուրաքանչյուրը իր բնագավառում ու բնակավայրում կատարի հայ զինվորին վայել պարտականություն՝ լինի դա քարոզչական ու տեղեկատվական աշխատանք, թե մարդկային ու նյութական օժանդակություն:

Զոհված զինվորների ընտանիքները կարիք ունեն գուրգուրանքի և մխիթարանքի, հոգեւոր և այլ օժանդակությունների: Անհրաժեշտ է այցելել նրանց, չթողնել միայնակ. նրանց զավակները զոհվել են այն հայրենիքի համար, որի մասին բոլորս հաճախ կրկնում եք մեր «հայրենասիրական» երգերում ու ամպագորգոռ կոչերում: Թշնամու գնդակը չի ճանաչում օլիգարխ ու չարքաշ հայի, ինչպես որ երիտթուրքերը չճանաչեցին և ոչ մեկին, չտարբերեցին դաշնակ ու հնչակ, գյուղացի եվ բանվոր: Պետք է հասկանալ, որ թշնամու գնդակը դիպչում է հայրենիքի սրտին, մեր տանը, մեր բնօրրանին՝  այն մեզանից խլելու նպատակով:

Պահն է պատմության դառը փորձը չկրկնել: Մեկ դար առաջ հայ ժողովրդի «փրկիչ» կուսակցությունները եթե չընկնեին եվրոպացիների հետեւվից, փոխարենը կազմակերպեին ու ստեղծեին համազգային բանակ, չէինք ունենա ողբերգական ճակատագիր, այլ կունենայինք մեծ ու հզոր հայրենիք:

Արդեն բավական է սպասել, որ Ռուսաստանը կամ Արեւմուտքը մեզ հայրություն անեն. դրանից ստորացուցիչ բան չկա որեւէ ազգի համար:

Հարկավոր է ամբողջ ազգը դառնա բանակ, թե՛ Հայաստանում՝ Արցախը միացյալ, և թե՛ սփյուռքում:

Եվրոպական և ընդհանրապես արեւմտյան մամուլում թերի, հաճախ ոչ հայանպաստ, միակողմանի սխալ տեղեկություններ է տարածվում, որի միջոցով այդ հասարակությունների մոտ ստեղծվում է սխալ և ոչ ճիշտ կարծիք հայ ժողովրդի նկատմամբ: Արեւմտյան լրատվությունը ողողած այդ սխալ տեղեկատվությանը սփյուռքի կողմից համապատասխան արձագանք չի տրվում: Կոչ եմ անում Հայաստանի արտգործնախարարությանը, դեսպաններին, անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ծառայողական երկրներում տեղի համայնքի ղեկավարների, քաղաքական և հասարակական գործիչների հետ հանդիպումներ կազմակերպել ՝ կոորդինացնելու համատեղ աշխատանքները, տեղեկատվական և քարոզչական ճակատ բացել ամբողջ սփյուռքում:

Պահն է կիսատ թողած և ավարտին չհասցրած ծրագիրը ավարտին հասցնելու, այն է՝ Թալիշստանը ազատագրելու, Իրանի հետ սահմանը ամբողջ երկայնքով բացելու, ինչը ձեռնատու կլինի թե՛ Իրանին, և թե՛ Թալիշներին կազատի ադրբեջանական լծից ու կստեղծի հայերի համար տարածաշրջանում ամուր դաշնակից: Այդ հարցում քարոզչական աշխանքը կարեւոր է, ինչին կնպաստի Արցախում տեղակայված թալիշական լեզվով ռադիոյի նպատակաուղղված աշխուժացումը՝ մոբիլիզացնելու համար թալիշներին:

03.04.2016 թ. Գերմանիա

Երվանդ Խոսրովյան

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert